Ավետարանի լույսը նրանք ծագեցրին ողջ աշխարհում
28.04.2020 | 00:05
Քրիստոս իր քարոզության ընթացքում ընտրեց 12 աշակերտներ, որպեսզի մշտապես իր հետ լինեն, փրկության Ավետարանը քարոզեն, բժշկումներ ու հրաշքներ կատարեն:
Այս պարզ ու աղքատ այրերը արժանի եղան մոտիկից տեսնելու Քրիստոսին:
Նրանք լսեցին Աստծու խոսքը Իր իսկ բերանից: Նրանք առել էին Քրիստոսի աստվածության անուշ բուրմունքը, փարվել նրա կրծքին, շոշափել Կենաց Բանը և կերել Երկնքից իջած Հացը:
Քրիստոս եկել էր Տիրոջ ընդունելի տարին հռչակելու: Եվ ինչպես տարին 12 ամիսներով է զարդարվում, ճոխանում ու պսակվում, այնպես էլ Փրկչի տնօրենության ու Տիրոջ ընդունելի տարին 12 առաքյալներով է ամբողջանում ու պսակվում: Տերն ասում է. «Ցերեկը 12 ժամ ունի, ով ցերեկն է քայլում չի սայթաքում» (Հովհ. 11; 9): Քրիստոս Իրեն ցերեկ ու լույս կոչեց, իսկ 12 առաքյալներին` ցերեկվա 12 ժամեր, քանի որ Ավետարանի լույսը նրանք ծագեցրին ողջ աշխարհում: Ինչպես որ 12 առաքյալների քարոզությանը հավատացողները փրկություն գտան, այնպես էլ չհավատացողները դատաստանի ժամանակ հենց նրանց կողմից պիտի դատապարտվեն հավիտենական տանջանքների: Առաքյալները նորաստեղծ Եկեղեցու հիմնաքարերը եղան. Տերը Պետրոսին «Վեմ» կոչեց, քանի որ Պետրոսի բերանից հռչակված հավատքի դավանությունը եղավ Եկեղեցու հիմնաքարը: Նա Քրիստոսի հետ անկեղծ սիրով էր կապված. սա երևում է այն ժամանակ, երբ Տիրոջ խիստ խոսքերից հետո շատերը հեռանում են, սակայն Պետրոսն ասում է. «Տեր, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, մենք ու՞ր պետք է գնանք» (Հովհ. 6; 69): Քրիստոս վկայեց, որ Պետրոս առաքյալը ամենից շատ էր սիրում Իրեն: Առաքյալն ունեցավ նաև անկումներ, երեք անգամ ուրացավ Տիրոջը, սակայն հրաշափառ Հարությունից հետո 3 անգամ խոստովանելով` ջնջեց իր ուրացումները: Հոգեգալստյան օրը Պետրոս առաքյալի մի քարոզից 3 հազար հոգի դարձի եկան, Սուրբ Հոգու կենդանարար զորությունը բազմաթիվ անգամներ հրաշքներ գործեց Պետրոսի խոսքով: Նրա խոսքն օժտված էր արժանավորներին ապրեցնելու և անարժաններին մեռցնելու զորությամբ: Այծեմնիկը, ով իր բարեգործությունների համար հավատացյալների սերն էր վայելում, Պետրոս առաքյալի աղոթքով հարություն է առնում: Իսկ սրան հակառակ Անանիան և Սափիրան, ովքեր արծաթասիրության պատճառով Սուրբ Հոգուն ատել էին, Պետրոսի խոսքերով մահվան են դատապարտվում` արժանանալով աստվածուրաց Հուդայի ճակատագրին: Պետրոս առաքյալի մեծագույն գործերից մեկը եղավ աստվածային տեսիլքով նորակազմ Եկեղեցու մեջ ընդգրկել նաև հեթանոսներին (հմմտ. Գործք գլ. 10): Մտահափշտակության մեջ նա տեսնում է երկնքից կախված մի սփռոց` լի ամեն տեսակի կենդանիներով, և մի ձայն է լսում. «Վե՛ր կաց, մորթի՛ր և կե՛ր»: Պետրոսը պատասխանում է, որ ինքը մանկուց որևէ պիղծ բան չի կերել: Աստված ասում է, որ ինչ Ինքը սրբել է, չպետք է պիղծ համարել: Ահա այս տեսիլքով վերանում է հրեական ազգային արգելքը և հեթանոսները մկրտվելով դառնում են քրիստոնյա: Քրիստոսի կանխասացության համաձայն Պետրոս առաքյալը նահատակվում է գլխիվայր խաչվելով, քանի որ իրեն արժանի չի համարում Տիրոջ նման մեռնել: Նրա նշխարներն այսօր սփռված են ամբողջ աշխարհով մեկ և իր անվամբ բազմաթիվ եկեղեցիներ կան, իսկ գերեզմանի վրա կառուցվել է աշխարհի ամենամեծ եկեղեցին` Հռոմի Սբ Պետրոս եկեղեցին:
Տասներկու առաքյալների շարքում հիշվում է նաև Պողոսը` իբրև 13-րդ առաքյալ: Իրապես, Պողոսը գերազանց առաքյալ է և բոլոր ժամանակների մեծագույն քրիստոնեական քարոզիչն ու գործիչը: Թեև Քրիստոսին իր երկրավոր կյանքում չէր տեսել, սակայն նրան ճանաչեց մի երկնային տեսիլիքի մեջ: Եթե նախկինում քրիստոնեական հավատի հալածիչ էր, հետո դառնում է ճշմարտության քարոզիչն ու պաշտպանը: Պողոսն իր ժամանակի երեք գլխավոր մշակույթների համադրությունն էր. ծնունդով ու կրոնով հրեա էր, ուսմամբ ու լեզվով հույն, քաղաքացիությամբ` հռոմեացի: Այս բոլորին ավելանում է Քրիստոսի Ավետարանի լույսը: Պողոսն իրավամբ դառնում է մեծագույն քարոզիչը հրեական, հունական և հռոմեական շրջանակներում: «Գործք առաքելոցում» ասվում է, որ Ստեփանոս Նախավկայի քարկոծումին մասնակից էր նաև Պողոսը: Սբ Ստեփանոսն աղոթում էր իրեն չարչարողների համար` ասելով. «Տեր, մեղք մի համարիր նրանց համար» (Գործք Է 59): Թերևս հենց նրա աղոթքի արդյունքը և սուրբ արյան գինը եղավ Պողոս առաքյալը: Այնուհետև, վերջինս իր ողջ կարողությունն ու զորությունը դնում է ի սպաս Աստծո արքայությունը քարոզելու, դառնում է «Ծառայ Յիսուսի Քրիստոսի», ինչպես սիրում է իրեն կոչել իր թղթերի սկզբում: Նրան հաջողվում է նոր կրոնին հաղորդել տիեզերական ու համամարդկային բնույթ: Որքան նախկինում հալածել էր քրիստոնյաներին, այնքան և ավելի ինքը հալածվեց հետագայում հանուն Քրիստոսի: Սակայն, երբեք ոչինչ չկարողացավ նրան հեռացնել Քրիստոսի սիրուց. «Ո՛չ հուրը, ո՛չ սուրը, ո՛չ հրեշտակները, և ո՛չ մի այլ արարած չի կարող մեզ հեռացնել Քրիստոսի սիրուց» (Հռոմ. Ը 38-39):
Պողոս առաքյալի ոչ միայն ամբողջ կյանքն է մարտիրոսություն, այլ նաև իր մահկանացուն կնքեց Քրիստոսի անվան համար նահատակվելով` գլխատվելով Ներոն կայսեր կողմից: Հայոց եկեղեցում սբ Պետրոս և Պողոս առաքյալները տոնվում են երկու անգամ, մեկ` Սուրբ Ծնունդին նախորդող ավագ տոների շարքում, երկրորդ` 12 առաքյալների հետ:
Տ. Միքայել վարդապետ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տաթևի վանքի վանահայր
Մեկնաբանություններ