Ես իրենց գալուց մեկ տարի առաջ եմ ասել իմ համայնքին, որ մեծ դավադրություն է կազմակերպված ՀԱՅ ՏԵՍԱԿԻ հանդեպ
24.04.2020 | 00:12
«Իրատեսի» հարցերին պատասխանում է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ։
-Վեհափառի հայտնի հայտարարությունից հետո չեն դադարում իշխանական շրջանակներից նրան և եկեղեցուն ուղղված քննադատությունները։ Ինչու՞ կաթողիկոսի խոսքը նման արձագանք ունեցավ։
-Քանի որ հարցազրույցը նաև համացանցում պետք է հայտնվի և տարբեր մակարդակի, իմաստության կամ տկարամտության սահմանների մարդիկ պետք է ընթերցեն, ուստի թող նախ կարդան այս պատմությունը և իրենց սրտում կհասկանան` ինչ որ կգրեն, կասեն, կխոսեն իմ ասածի վերաբերյալ վերջ-առաջ իրենց տուն են տանելու ու դրանցով են լցնելու իրենց տունը ու թող հետո ոչ մեկից չբողոքեն:
Մի վանական հասնում է մի գյուղ, որտեղ մարդիկ են հավաքվում, հայհոյում, չար ու վատ բաներ ասում, վանականը լուռ լսում է, ապա թե. «Գիտե՞ք, քիչ առաջ հարևան գյուղում էի, մարդիկ անուշահամ մրգեր հյուրասիրեցին, ես դրանք չվերցրի, ի՞նչ եք կարծում ի՞նչ արեցին նրանք այդ մրգերը»։ Մարդիկ պատասխանում են. «Ի՞նչ պետք է անեն, իրենց տուն են տարել»։ Ի պատասխան վանականն ասում է. « Բա դու՞ք ինչ եք տանելու ձեր տուն, հայհոյություններն ու ձեր զրպարտանքնե՞րը»:
Ամեն մարդ օրավերջին որոշակի բան է տանում իր հետ իր իսկ տուն, ոմանք` հայհոյություններ, ոմանք` սուտ ու կեղծիք, ոմանք` անառակություններ, ոմանք` օրհնություններ… ու այդ ամենով լցնում իրենց տունը: Ով խելք ունի, թող հասկանա:
Անդրադառնալով հարցին` ասեմ, որ հետաքրքիր է շատ այն ամենը, ինչ տեղի է ունենում Վեհափառի հայտարարությունների հետ կապված. հորդորում են, որ քաղաքական հայտարարություն չանի, ոչինչ չասի, պարզապես կույր ձևանա: Ես էս կարգի անմիտներին հետ խոսեմ ավետարանի տողերով: Հովհաննես Մկրտիչը Հերովդեսին ասում է. «Քո եղբոր կնոջը քեզ կին առնելը օրինավոր չէ» (Մարկ. 6; 18), Հովհաննես Մկրտչի խոսքը` ուղղված Հերովդեսին, քաղաքակա՞ն է, թե՞ ոչ, երբ Քրիստոս Հերովդեսին ասաց. «Գնացե՛ք, ասացե՛ք այն աղվեսին… երրորդ օրը գործս կավարտեմ» (Ղուկ. 13; 31-33)։ Քրիստոս քաղաքական հայտարարությու՞ն արեց, թե՞ ոչ: Թող պատասխանեն:
Վեհափառը Հովհաննես Մկրտչի խոսքերով ընդամենը ասել է` օրինավոր չէ այս պանդեմիայի ժամանակ ռիսկային տարիքի մարդկանց պահել բանտում, որպես օրինակ շեշտադրելով ՀՀ երկրորդ նախագահի անունը: Վեհափառը ամբողջական իրավունք ունի նաև հենց Քրիստոսի օրինակով դիմելու, և թող ոչ ոք իր աղիների գալարումով ու տկարամտությամբ չվայրահաչի:
Կամ ո՞վ է ասել, որ աղանդապաշտ ու աղանդավոր, այլասերված, օտարների փողով հայի դեմ պատերազմի ելած անհայրենիք տականքները, որոնք օտարների շահերն են սպասարկում, ռուսերեն է լավ հնչում. спящие армии сатаны, որ պատեհ առիթով կարող են հառնել, ճանապարհներ փակել, պետք է պետական ու գործադիր բարձր պաշտոններ զբաղեցնեն, Ամենայն Հայոց Վեհափառը իրավունք չունի ասելու` խոցելի խավերի հանդեպ հետևողական եղիր:
Ի գիտություն տգիտամանիայով տառապող բանականությունը կորցրած երկոտանի բանսարկուների. մենք` հոգևորականներս, ունենք մի բան, որ այս աշխարհում ոչ ոք չունի. դա մեր խոսքն է, ու թող զգուշանան, ես կասեի` շա՜տ զգուշանան:
-Դուք այս քննադատությունների մեջ տեսնու՞մ եք ուղղորդված քաղաքականություն Հայ առաքելական եկեղեցու հանդեպ։
-Ինձ երբեմն իմ համայնքի մարդիկ հարցնում են. «Տեր Հայր, հայ մարդը քար կնետի՞ մեր ինքնությունը պահպանած Հայ եկեղեցու, եկեղեցականի վրա»։ Ես ասում եմ` իհարկե ո՛չ, իսկ ո՞վ ասաց որ հայերն են քար նետում...
Հետաքրքիր մի փաստ արձանագրենք. Թուրքիայում մի այսպիսի ծրագիր գոյություն ուներ. մարդիկ, որոնք ուզում էին իմանալ իրենց պապերի, ծագումնաբանության մասին, գենետիկ թեստ էին հանձնում և իմանում, անգամ, եթե չեմ սխալվում, այդպիսի կայք էլ գոյություն ուներ, ու գիտե՞ք ինչ պարզվեց. նրանց, ովքեր գնացել էին ճանաչելու իրենց նախնիներին, մեծամասնությունը հայկական ծագում ուներ, փակեցին այդ ծրագիրը խայտառակությունից խուսափելու համար։ Հիմա ես կառաջարկեի, որ հայրենասեր մարդիկ մի այնպիսի օրենք ընդունեն, որ ով ցանկանում է հայոց երկիրը ղեկավարել, թող գենետիկ թեստ հանձնի, դե մենք ունեցել ենք արաբական, մոնղոլ-թաթարական, սելջուկ թուրքական… արշավանքներ, ո՞վ իմանա, ի՞նչ սերուցքից են, գուցե ոմանց գենի մեջ նման հիշողությու՞ն կա, որ պատեհ առիթի գլուխ է բարձրացրել:
Վերջում ասեմ, որ նման խելագարությունները առավել են զորացնում Եկեղեցին: Ինչպես մեր երրորդ դարի սրբերից մեկն է ասել. «Նրանք կարծեցին, թե մեզ հալածելով, դատարան քարշ տալով, սպանելով կպրծնեն մեզանից, բայց նրանք չհասկացան, որ մենք սերմեր ենք ու բազում պտուղներ ենք տալիս»։
Հա, ի դեպ, Հայ Առաքելական Եկեղեցին այն քրիստոսահաստատ արմատն է, որտեղ Քրիստոս իջավ, և Վաղարշապատը կոչվեց Էջմիածին, ինչպես Սուրբ Գիրքն է վկայում. «Եվ ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, նրան կճզմի» (Մատթ. 21; 42-44)։
Նրանք ովքեր չարամտությամբ հարձակվում են Աստծո օծյալների` Վեհափառի, քահանաների, Հայ Եկեղեցու վրա, թող լավ իմանան հայտնի խոսքը, թե. «Երբ Աստված ուզում է մեկին պատժել, սկզբում խելքն է առնում»:
Մի իրական պատմություն հիշեցի. «Սովետ Միության այսպես կոչված հեղափոխության ավարտին սկսվեց հալածանքը եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ, շատ նման չէ՞… Մի խումբ մարդիկ ուղղորդված մտնում են տաճար, պոկում նկարները և գոռում` ու՞ր է Աստված, աստված չկա, եթե կա, թող պատժի: Ժողովրդի միջից մեկն ասում է. «Պատժել է արդեն, խելքներդ է առել», հետագայում պատժվեցին շատ դաժան ու խիստ: Աստվածաշունչն է ասում. «Անզգամի կործանումը հանկարծակի է լինում», այսինքն` նա չի սպասում դրան:
-Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո հոգևորականները հիասթափված են, ընդգծելով. «Հայաստանում որքան ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, արժեքներ է փորձում սերմանել, այնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգևոր կյանքի սակավությունը և գաղափարների և արժեքների սերմանման հարցում ունի մեծ բացեր, ինչը առաջացնում է լրջագույն հիասթափություն, դիսկոմֆորտներ: Մենք շատ դեպքերում տեսնում ենք ավելի շատ հոգևորականության գործունեության մեջ երբեմն քաղաքականություն, քաղաքական ինտրիգներ, քան Աստվածաշնչից և նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն»: Ինչպե՞ս եք վերաբերվում երկրի ղեկավարի նման գնահատականին և Ձեր դիտարկմամբ, այդ ի՞նչ «արժեքներ» է իշխանությունը սերմանում։
-Հիասթափվա՞ծ: Ծիծաղելի է: Իսկ ի՞նչ արժեքներ են դավանում նրանք, դուք գիտե՞ք, տրանսգենդերային այլասերվածությա՞ն, աղանդավորությա՞ն: Դրանց դեմ խոսելը, քննադատելը քաղաքականությու՞ն է: Կամ իրենց աղանդավորներին կարելի է քաղաքական պաշտոններ զբաղեցնել, իսկ մեզ քննադատել` ո՞չ:
Ես իրենց գալուց մեկ տարի առաջ եմ ասել իմ համայնքին, որ մեծ դավադրություն է կազմակերպված ՀԱՅ ՏԵՍԱԿԻ հանդեպ, և այսօրվա հակաքրիստոսի խամաճիկը պիտի լինի ղեկավար, անունն էլ եմ ասել: Ս. Սարգսյանի սահմանադրական բարեփոխմանը, ես կասեի` չարափոխմանն էլ եմ դեմ եղել ու իմ համայնքին ասել եմ, որ սա հայակործան ծրագիր է, և ով կողմ քվեարկի, իր ընտանեկան սրբության դեմ է քվեարկում, չէի սխալվում: Դե անունը դնենք ընտրություն, հասկացողը կհասկանա: Այդ հանրաքվեի ժամանակ Գորիսը 2-րդ տեղը բռնեց։
Նաև ասել եմ, որ այս ներկայիս «սահմանադրական փոփոխություն» կոչվող խեղկատակությունը հայասպան գործունեության տանող ուղի է, ինչի համար Վեհափառի կարգադրությամբ նկատողություն եմ ստացել, բայց ես դա ՊԱՏՎՈԳԻՐ եմ անվանում, որովհետև գիտեմ` որ մի Հուդան է մատնել իմ խոսքերը. նա, ով իմ ձեռից Հաղորդություն ստացավ, և շատ ուրախ եմ, քանի որ անհայրենիքների ճնշման արդյունքում է եղել: Սրանից ժամանակներ առաջ ես նաև իմ համայնքին ասել եմ` մեծ համաճարակ և մեծ պատերազմ է սպասվում, տարեկան հաց ունեցեք, նախանցած տարի, եթե չեմ սխալվում… որովհետև տեսել եմ, էլ չշարունակեմ:
Ես տեսել եմ իրենց գալը, տեսել եմ նաև իրենցից ոմանց դառը վախճանը: Այնպես որ ապաշխարեք, պարոնա՛յք, ապաշխարեք, ապաշխարելով հանդերձ դուք բոլոր հնարավորություններն ունեք ստուգելու իմ ասածի իսկությունը, նաև այն բաների մասին, որ շատ վախենալու են, բայց հիմա չեմ ասի, որովհետեւ հավատում եմ` ապաշխարությունը կփրկի:
Իսկ քահանաներին ծնկի բերելու տկարամիտների արտահայտություններին ժպիտով եմ մոտենում: Ի դեպ, քահանաներին դատի տալը հատուկ է աղանդավորներին: Քրիստոնյա համայնքը պետք է խորհի այդ մասին:
Մենք հիմա մասնակից ենք խեղկատակների թատրոնի: Քաղաքականության մասով արդեն խոսեցի Ձեր նախորդ հարցերից մեկում: Իսկ ի՞նչ եք կարծում, ոմանք իրենց Պապ թագավոր պետք է հռչակեն, այլասերվածներին, աղանդավորներին, օտարերկրյա հայատյաց հուդաների պետք է սեփական պաշտպանության տակ առնեն, բարձր պաշտոնների նշանակեն, հարձակում գործեն Եկեղեցու, ավանդական ընտանիքի և այն ամեն սուրբ բանի վրա, որ ՀԱՅ-ի հետ է կապված, ամեն սրբության վրա… փորձեն երկիրը կործանել, իսկ հայ հոգևորականը կողքից պետք է նայի, թե ինչպես է կործանվում Հայոց երկիրը և լռի՞։ Կարծում եմ, որ նոր Վարդանանք է հասունանում Հայոց մեջ, բայց այս անգամ ոչ թե պարսիկ Շապուհի բռնի կրոնափոխության, այլ ներսի շապուհիկների դեմ:
Ի դեպ, Աստվածաշունչն ասում է. «Անզգամի կործանումով իմաստունն ավելի իմաստուն է դառնում»: Դե, Պապը անզգամ էր, նրա կործանմանը նայելով` պետք է առավել իմաստուն լինել: Մեկ ուրիշ տեղ էլ. «Անմիտների զվարճանքը սխալ գործելն է, իսկ իմաստությունը խոհեմի ուրախությունն է» (Առակներ 10։ 23)։
«Արդարների լեզուն ընտրյալ արծաթ է, իսկ չարի մտքերը անարժեք են: Շատերը սնվում են արդարների բերանից, իսկ հիմարները մեռնում են խելքի բացակայությունից» (Առակներ 10: 20-21)։
-Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո ծնվեց «նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, դրան հաջորդեց կաթողիկոսի փոփոխության մասին ԱԺ փոխխոսնակի հայտարարությունը, այսինքն իշխանությունը փորձում է հոգևոր կյանքու՞մ էլ «հեղափոխություն» անել։
-Կորուստից առաջ գնում է գոռոզությունը, և կործանումից առաջ՝ ամբարտավան հոգին» (Առակաց 16: 18)։
Ամբարտավանությունը հպարտության ծնունդ է: Իսկ գիտե՞ք ինչ է նշանակում հպարտությունը: Հպարտությունից, որ «հ» տառը հանենք, կմնա պարտությունը, սրբերն ասում են հրեշտակի պարտություն, որովհետև առաջին հպարտը սատանան էր: Այ այստեղ է «հպարտ քաղաքացի» ասվածի միջի թակարդը: «Հպարտ քաղաքացի», այսինքն ԱՍՏԾՈՒՆ պարտված և սատանայի առջև կորացած քաղաքացի: Ինչպես ասում են` սատանան մանրուքների մեջ է:
Ամենայն Հայոց Վեհափառի, Եկեղեցու վրա հարձակումը հարձակում էր ամբողջ ՀԱՅ ազգի վրա «հպարտ քաղաքացու» կողմից։ Հիշու՞մ եք ինչպիսի խրախճանք էր սարքել դիվահարված ամբոխը Վեհարանում, սա քահանաներին ծնկի բերելու հայտնի շարքից է։ բայց շուտով մենք շատերին ծնկի եկած կտեսնենք: ՀԱՅ ՔԱՀԱՆԱՆ ՆԱՀԱՏԱԿՎԵԼ, ԲԱՅՑ ԾՆԿԻ ՉԻ ԻՋԵԼ թուրքի, արաբի… առջև, հիմա մի քանի սրբապիղծ ուզում են քահանային ծնկի՞ բերել... Ջիվանին կասեր` խելքի աշեցե՜ք...
Իսկ հանկարծ, եթե Վեհափառ Հայրապետը, քահանաները իրենց համայնքներին ասեն. «Սիրելի՛ ժողովուրդ, այսօր Հայ Եկեղեցու և ամեն հայ քրիստոնյայի դեմ դևերի խամաճիկների կողմից մեծ պատերազմ է սկսվել, Եկեղեցի, որ պետականազրկության ողջ ընթքացքում` Արշակունյաց թագավորության անկումից` 428-ից մինչև Աշոտ Առաջին` 885 թ. որի ժամանակ քիչ-քիչ փոշիներից վեր հառնեց Հայոց թագավորությունը, և 1045-ից մինչև Կիլիկյան թագավորություն (1080-1375 թթ.), այնուհետև էլի մինչև առաջին հանրապետություն, եղել է հայ տեսակի հարատևման երաշխավորը: Բազմադարյա այս մեծ շրջանում, պետականություն չունենալու պայմաններում ՀԱՅ տեսակին ՀԱՅ պահած, Հայոց Մեծ Վարդապետ Մեսրոպ Մաշտոցի աստվածհայտնությամբ ստացած Հայոց գրերի գյուտից հետո Եկեղեցու ծոցում ծնված դպրոցի (առաջացել է եկեղեցական աստիճանակարգության դպիր` գրագիր բառից), Հայ եկեղեցու Պատմության, Հայոց Լեզվի, Հայ գրականության, Հայոց պատմության դեմ մեծ արշավանք է սկսված անհայտ գենային կոդ ունեցող, սակայն հայախոս մի զանգվածի կողմից: Մենք նորովի պետք է կերտենք մեր հայրենիքը, նախնի մեր տեսակին հարիր, սա Վարդանանք է, մի նոր Վարդանանք, և մենք պետք է հավաքվենք ու անհայրենիք, հայասպան հուդաներին ուղարկենք իրենց հայրենակիցների մոտ` Արաքսից այն կողմ` Թուրքիա:
Դուք պատերացնու՞մ եք ինչ տեղի կունենա, սրանք Թուրքիա էլ չեն հասնի, Արաքս էլ չեն կարող հասնել:
Վեհափառին փոխե՞լ են ցանկանում, Վեհափառը կմնա, բայց այ իրե՞նք…
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է. «Երկինք քար նետողի գլխին կընկնի քարը, ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի փոսի մեջ, ցանկապատ քանդողին կխայթի օձը», Սողոմոն Իմաստուն. համարը և գլուխը մտածված չեմ ասում, որ խելամիտները փնտրեն, կարդան, առավել իմաստնանան:
-Նիկոլ Փաշինյանը ժամանակին իրեն համեմատեց Հիսուսի հետ, դրանից հետո համացանցում շատ ենք տեսնում նրան Աստծո պատկերով ներկայացնող կոլաժներ։ Սա ինչի՞ վկայություն է, և որքանո՞վ է դա աստվածահաճո ու բարոյական։
-Ժամանակին կայսրերը իրենց կիսաստված էին համարում, ու՞ր են նրանք, գոնե նրանց գերեզմանի տեղը գիտե՞ք, ովքե՞ր են նրանց սերունդները, գիտե՞ք, իհարկե ո՛չ: Համաշխարհային պատմության ընթացքում այսքան թագավորներ, իշխաններ, մեծահարուստներ են եղել, շքեղաշուք պալատներ կառուցել, հիմա ու՞ր են նրանց պալատները, ու՞ր են նրանց գերեզմանները, ու՞ր են նրանց սերունդները, բայց ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ` ՀԱՐՈՒՑՅԱԼ ՓՐԿՉԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԿԱ ԵՎ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՆՈՒՅՆՆ Է ԱՅՍՕՐ, ՄԻՇՏ, ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ:
ՔՐԻՍՏՈՍ ԻՐ ժամանակին ասել է. Զգույշ եղեք, չխաբվեք. որովհետև շատերը կգան իմ անունով և կասեն` թե ես եմ Քրիստոսը և թե` ժամանակը մոտեցավ. Նրանց ետևից չգնաք»
(Ղուկասի ավետարան, 21: 8)։ Սա ես չեմ ասում, այլ ԱՎԵՏԱՐԱՆԸ:
Դրան զուգահեռ բազում աղանդավորներ կան, որոնք ասում են` ուզու՞մ եք Քրիստոսին տեսնել, եկեք մեզ մոտ և կտեսնեք: Այնպես որ թեթև ենք տանում:
-Ո՞րն է պատճառը, որ հոգևոր արժեքները, եկեղեցու հանդեպ հարգանքը, արժեհամակարգային խնդիրներն այսքան խորթ են Հայաստանի իշխանություններին։ Ի վերջո, ու՞ր ենք հասնելու նման հասարակությամբ և իշխանությամբ։
-ՀԱՅԻ մոտ ՔՐԻՍՏՈՍ է իջել և գնալու ենք ՔՐԻՍՏՈՍԻ մոտ:
Հոգևոր արժեքները պղծել ցանկացողները կխորտակվեն պատմության փոշիների մեջ:
Աստված օրհնի մեր Եզնիկ սրբազանին, մեզ Հայրաբանություն էր դասավանդում, այդ առարկան մինչև հիմա գրեթե անգիր հիշում եմ, հիմա մի պատառիկ ներկայացնեմ: Երկրորդ դարում գնոստիկների շարժում էր ձևավորվել քրիստոնեության դեմ, հուժկու շարժում էր իր ժամանակին, դրանց առաջնորդը Մարկիոն անունով մեկն էր, երբ հանդիպում է սուրբ Իգնատիոս Անտիոքացուն, ասում է. «Ողջույն»։ Իսկ Իգնատիոս Անտիոքացին, որը ձեռնադրվել էր Հովհաննես առաքյալի ձեռամբ, պատասխանում է. «Ողջույն, անդրանիկ որդի սատանայի»: Հիմա ու՞ր է Մարկիանոսը, գուցե դժոխքու՞մ, իսկ Եկեղեցին մեծագույն սուրբ Իգնատիոսի հիշատակն է տոնում` որպես հաղթանակած եկեղեցու անդամի:
Այնպես որ, երկինք քարը նետված է, ուրիշի համար փոսը` փորված, маски сброшены, ցանկապատը քանդվելու վրա է, խոսքը… այստեղ էլի բազմակետ: Ինչպես ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ Է ԱՍՈՒՄ. «Ով խելք ունի, թող հասկանա»:
Ասում են` մի ծեր առյուծ իր մոտ է կանչում աղվեսին և ասում, որ գնա իր տիրոջ տան մոտ արածող էշը բերի իր մոտ, որ ուտի: Աղվեսը գալիս է էշի մոտ և ասում. «Ինչու՞ ես էս չոր տարածքում արածում, տե՛ս հեռվում ինչ կանաչ է, դրախտավայր է պարզապես, այնտեղ քեզ լավ օրեր են սպասում, արի գնանք այնտեղ, անհոգ ապրիր կյանքդ: Այսպես, էշին համոզելով, տանում է առյուծի մոտ, առյուծը ցատկում է էշի վրա, որ բռնի, բայց էշը խույս է տալիս և փախչում:
Առյուծը նորից է կանչում աղվեսին և պատվիրում, որ գնա էշին իր մոտ բերի: Աղվեսը, գալով էշի մոտ, նորից դրախտային և անհոգ կյանքի մասին է խոսում, պատմում, թե ինչ լավ է այնտեղ, իսկ նա չոր խոտ է ուտում, նրան բարձում են` տաժանակիր կյանքի դատապարտելով, մինչդեռ դրախտում անհոգ կարող է առատ խոտ արածել և պառկել արևի ճառագայթների տակ:
Էշը համառում է, ասում է, որ այնտեղ առյուծ կա, հազիվ պրծավ նրա երկար ճանկերից, ինչին ի պատասխան աղվեսն ասում է. «Դու նրա ուրվականից ես վախեցել, այնտեղ առյուծ չկա։ Այդպես ենք մենք բոլորս խաբված, վախենում ենք նրա ուրվականից` մտածելով, թե նա գոյություն ունի»:
Էշը խաբվելով կրկին գնում է աղվեսի հետևից, հասնում են նշված վայրը, առյուծը հարձակվում է էշի վրա, բռնում և ուտում:
Այդ ընթացքում աղվեսը ուտում է էշի սիրտն ու ուղեղը:
Առյուծը երբ հասնում է էշի գլխին, տեսնում է ուղեղը չկա, ապա սիրտը չի գտնում, և ասում է աղվեսին. «Աղվես, ու՞ր են էշի սիրտն ու ուղեղը»,- աղվեսն ասում է. «Չկան, էշը սիրտ ու ուղեղ չի ունեցել»: «Ինչպե՞ս թե չի ունեցել»,- բարկանում է առյուծը, ինչին ի պատասխան աղվեսն ասում է. «Սա որ սիրտ ու ուղեղ ունենար, երկրորդ անգամ կգա՞ր այստեղ»:
Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը մի առիթով ասել է. «Այն թշնամին, որ մեր մէջէն կգործէ, այն թշնամին, որ մեր քրիստոնէական հավատին մէջ կտկարացնէ, այդ թշնամին է որ ամէնէն վտանգավորն է, որովհետև այդ թշնամին կնմանի ծառին մեջ գործող որդին, որ կուտէ ավիշը, կչորացնի ծառը»:
Նժդեհն ասում էր. «Հայերի դժբախտությունն այն չէ, որ թուրքեր կան, այլ որ թրքանման հայեր կան»:
Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ