Ճանաչեք գործերի պտուղներից
07.04.2020 | 00:05
Մեղքի տարածումը, կամ այլ կերպ ասած` «վարակը», հնարավոր է ոչ միայն այն դեպքում, երբ մարդ գիտակցաբար և իր ցանկությամբ է հակվում մեղքին, այլև...
Մեղքը իր մեջ կրող և մեղքին ստրկացած մարդու հետ շփվելու ինքնին փաստը հոգևոր ոլորտում կարող է բերել նույն հետևանքին, ինչ վարակիչ հիվանդությամբ տառապող մարդու հետ անմիջական շփումը:
Մեղքին ստրկացած մարդու հետ շփվելու արդյունքում կարելի է հաղորդակից դառնալ այն մեղքին, որով մեղավորը վարակված է և տառապում է: Երեխաները, անկասկած, ոչ միայն վարակվում են ծնողներից մեղքով, այլ նաև տառապում են այն հիվանդություններով, որոնք այդ մեղքերի հետևանք են: Երեխան, քանի դեռ փոքր է, պատասխանատվություն չի կրում Աստծո առաջ` իր յուրացրած մեղսական հակումների համար: Տարօրինակ է պահվածքը այն ծնողների, որոնք փորձում են արմատախիլ անել իրենց երեխաներից այն մեղքերը, որոնցով հենց իրենք են քաղցրանում, եթե ոչ գործով, ապա մտքերով:
Չբավարարված մեղքի տանջանքն անցնում է, երբ կատարվում է մեղքի պահանջը, և մարդ ստանում է որոշակի հանգստություն, թեթևություն: Սակայն այդ կեղծ հանգստությունը բերում է ոչ թե մեղքի իշխանությունից ազատագրում, այլ ավելի ստրկացնում է նրան և կախվածություն առաջացնում: Յուրաքանչյուր մարդ, այս կամ այն չափ գիտակցելով մեղքի տգեղությունը, փորձում է թաքցնել այն:
Մեղքը կարելի է բացահայտել գործերի պտուղներից` արդյունքներից, որոնք լինում են դառը և վնասակար: Այս արդյունքներից է մարդ եզրակացնում իր մեջ առկա, սակայն չնկատված մեղքերի մասին: Ինչպես ասում են Սուրբ հայրերը, մարդ պատժվում է նրանով, ինչով մեղանչում է: Մեղքը մարդու բնությանը խորթ է և ճիշտ չէ ասել. «Ես ագահ եմ», որովհետև դրանով հաստատվում է մարդու վրա մեղքի իշխանությունը, որը խորթ է նրան: Իսկ ասելով «կա իմ անձը և ինձ հակառակվող մեղքը», դրանով իսկ դրվում է սկիզբը մեղքից առանձնացվելու: Այդպես էլ մարդ ստիպվա՛ծ չի գործում բարին, քանի որ առաքինությունը բնական է մարդու համար: Ավելի ճիշտ է ասել, որ մարդ պայքարում է ոչ թե իր անձի, այլ իր դեմ պատերազմող դևերի դեմ, և ոչ թե ստիպում է իրեն բարին գործել, այլ դիմադրել չարին դրդող մեղքերին:
Մեր կյանքի տարբեր հանգամանքները մեզ տրամադրում են հավասար պայմաններ` ծառայելու մեղքին կամ առաքինությանը: Այսպես, վտանգավոր դրության մեջ մարդ կարող է դրսևորել ինչպես քաջություն, այնպես էլ վախկոտություն, խնջույքի սեղանին` չափավորություն կամ որկրամոլություն: Մարդ միշտ ի զորու է վերցնելու իր վրա որևէ պարտավորություն` ազնվություն, պարտաճանաչություն, հավատարմություն, կամ` ստություն, նենգություն, անպատասխանատվություն: Իսկ երբ մարդ դիմադրում է կրքերին, այնժամ համոզվում է սեփական անզորության և Նրանի՛ց օգնություն ստանալու անհրաժեշտության մեջ, Ով կարող է պաշտպանել և սրբագործել: Այո, սա պատերազմ է, և ինչպես ցանկացած պատերազմ, բերում է ոչ միայն և ո՛չ անպայման հաղթանակ, այլ նաև զրկանք, տառապանք ու չարչարանք:
Նեղություններն ու տառապանքները, այդ թվում նաև հիվանդության պատճառով, ուղարկվում են մարդուն երեք դեպքերում` որպես պատիժ, որպես խրատ և` երկնային վարձքի արժանանալու համար: Պատիժը ստիպում է տառապել և տրտմություն է առաջացնում, խրատվում է նա, ով փնտրում է իր տառապանքի պատճառը և ուժը այն հաղթահարելու, իսկ նա, ով ուրախությամբ է տանում ժամանակավոր չարչարանքները, հնարավորություն է ստանում հավիտենական պարգևներ վաստակելու իր արժանավոր վարքի համար:
Երբ մարդ թաքցնում է որևէ մեղք և մնում է կապված նրան, հոգին, լինելով նրբազգաց, խոցվում է, և կամա թե ակամա դա արտահայտվում է մարդու մեջ բացասական էմոցիաներով, որոնք կախված չեն մարդու կամեցողությունից` լարվածություն, կախվածություն, կասկածամտություն, շփոթություն, ամոթ, վախ, բորբոքվածություն: Նման զգացումները ուղեկցում են ցանկացած մեղք: Իսկ առաքինությունը հոգուն բերում է հանգստություն, ուրախություն, պարկեշտություն, ազատություն, պարզություն, վստահություն` հեռացնելով մարդուն ցավից, հիվանդությունից ու մահվանից: Մահից հեռացնել` նշանակում է մոտեցնել կյանքին, հետևաբար ամեն առաքինություն կենսագործող է: Դա հավասարապես վերաբերում է բոլոր առաքինություններին: Սակայն, ինչպես գիտենք, առաքինությունը անհնար է առանց սիրո, և Աստված Ինքն է Սերը, որ կենդանագործում է ամբողջ Տիեզերքը: Դառնալ առ Աստված` նշանակում է վերադառնալ Կյանքի Աղբյուրին, Որը միշտ պատրաստ է ընդունելու Իր մոտ եկողին, նաև` որ դարձն առ Աստված պահանջում է հրաժարվել մեղքից և մաքրվել նրանից ապաշխարությամբ, որը և ազատում է մեղքի հետևանքներից, կամ ուժ է տալիս` հաղթահարելու այդ հետևանքները:
Հիվանդներից շատերը այցելում են եկեղեցի, խոստովանում և զղջում են, սակայն բաց են թողնում ուշադրությունից այն մեղքերը, որոնք իսկական պատճառն են իրենց դժբախտության: Ինչքան էլ զղջանք և ապաշխարենք ագահության ու որկրամոլության համար ծուլությունն ու բղջախոհությունը չեն պակասի:
Մարմնի վիճակը կախված է հոգու վիճակից. մեղքը կարող է բերել ոչ միայն հոգեկան, այլև մարմնի հիվանդության ու մահվան: Մարդիկ պատրաստ են ավելի շուտ հսկայական գումարներ ծախսելու «հրաշագործ» դեղեր հայթայթելու, արտաքին հարմարավետ պայմաններ ստեղծելու համար, քան ընդունելու հիվանդության ձևավորման պատճառը` սեփական կամքի մասնակցությունը, և աշխատել` փոխելու ներքին հոգեկան վիճակը: Չէ՞ որ այդ փոփոխությանը կարելի է հասնել միայն ապաշխարության միջոցով, իսկ դրա համար անհրաժեշտ է ընդունել սեփական մեղքը, ինչը ժամանակակից մարդու համար չափազանց դժվար է և ըմբոստություն է առաջացնում: Ժամանակակից բժշկագիտության մեջ ընդունված բուժման մեթոդները մեծ մասամբ վերացնում են ո՛չ թե հիվանդության պատճառները, այլ նրա արտահայտությունը: Չի կարելի սպասել բժշկական օգնությունից այն, ինչ բժշկությունը տալ չի կարող:
Թարգմանությունը ռուսերենից`
Տեր Ընծա քահանա Միրզոյանի
Դարբասի հոգևոր հովիվ
Մեկնաբանություններ