Աղանդները անօրեն ու անբարո նկարագիր ունեն
31.03.2020 | 00:09
Ընդհանրապես աղանդը հոգևոր հյուծախտ է և աղվեսադրոշմ այն ընդունողի ճակատին, լինի դա անհատ քաղաքացի, թե հոգևորական, ազգ, թե Եկեղեցի:
Քրիստոնեական Եկեղեցու կյանքում միշտ էլ եղել են աղանդներ, աղանդավորներ ու աղանդապետեր, բայց դժվար թե նրանք հետապնդած լինեն կոմերցիոն նպատակներ: Այն մարդիկ, ում ճակատին Եկեղեցին և պետությունը աղվեսադրոշմ էին դնում, առավել անկեղծ էին իրենց մոլորության մեջ, քան այժմյան աղանդավորները կամ նրանց ղեկավարները:
Ահա արդեն տասնյակ տարիներ մեր փոքրիկ երկրում «խղճի ազատություն» կեղծ կարգախոսի տակ բանտվում են մարդկային խիղճն ու հոգին, և նրանց է պատվաստվում մակաբույծ աղանդը: Կասկածելի բարոյականության ու ֆինանսների տեր աղանդապետերն ուռճացնում են իրենց քսակները մարդկային խեղված ճակատագրերի, կործանված ընտանիքների և անժամանակ ընդհատված կյանքերի հաշվին: Նրանք երկուհազարամյա քրիստոնեության դեմ ունեն իրենց «ճշմարտությունները», որոնք հմտորեն հրամցնում են երկմիտ, հավատի և անհավատության միջև տատանվող հոգիներին: Աղանդները այնքան անօրեն ու անբարո նկարագիր ունեն, որ հեռավոր կերպով անգամ չեն հիշեցնում բարոյական բարձր չափանիշներով ապրող քրիստոնեությունը: Հայ ժողովուրդը դարեր ի վեր թուրքի յաթաղանին և օտարների քաղաքական խարդավանքներին դիմակայել է քրիստոսավանդ սուրբ հավատի և մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ համախմբվածության շնորհիվ: Իսկ այսօր ինչ-ինչ դրսեկներ մեր ազգի և Եկեղեցու զավակներին են փակցնում իրենց հիմնած մոլորությունների անբարեհունչ, գիտությանը և մարդկային պարզ տրամաբանությանը հակասող վայ-անվանումները և հայի սրտում ճշմարտության ցորենի կողքին ցանում են իրենց բարձրորակ որոմը, որ ըստ իրենց ոչնչով պակաս չէ: Այն ժամանակ, երբ խաբված հայը կարծում է, թե վերջապես հասել է իր փնտրած ճշմարտության գիտությանը, օտարազգի «ղեկավարը» իր փողերն է հաշվում բանկում:
Այս ամենին քաջատեղյակ լինելով` մենք զգաստության կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին, որոնք նոր են ցանկանում ոտք դնել հավատի հողի վրա, որպեսզի ընտրեն երկու հազար տարիներ ի վեր հային մարդ ու հային հայ պահած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Ինչպես աստվածային ճշմարտության, այնպես էլ սատանայական անհեթեթության գործելու միակ բանալին մարդու հավատն է առ դրանցից յուրաքանչյուրը, և քանի դեռ մարդը հավատում է կամ մեկին, կամ մյուսին, դրանք պիտի գործեն իր կյանքում, սակայն, ամեն դեպքում, աստվածային ճշմարտությունը պետք է հաղթի, քանզի նա, ի տարբերություն սատանայական անհեթեթության, ուժեղ է ոչ թե մարդկային հավատի շնորհիվ, այլ այն Հոգու, որ կենդանություն է տալիս մարդկային հավատին:
Ճշմարտությունն այն է, որ կա միայն մեկ ճանապարհ, որ տանում է դեպի կյանք: Մարդու կյանքում Աստված ներգործում է այնքանով, որքանով մարդն ինքը համաձայնեցնում է իր կամքը իր կյանքում ներգործել կամեցող աստվածային կամքի հետ: Աստծո ձեռքը միշտ պարզված է դեպի մարդը, և վերջինս իր կամքով կարող է որոշել` բռնե՞լ այդ պարզված ձեռքը, թե՞ բաց թողնել կամ ընդհանրապես չբռնել: Նույնպես և մարդն է որոշում` Աստծո իրեն պարզած ձեռքից բռնելուց, այն է` ճշմարտությունն ընդունելուց հետո, անցնե՞լ դեպի կյանք տանող միակ ճանապարհը, թե՞ ոչ։
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Մեկնաբանություններ