Մարդիկ սխալ են ըմբռնում կամ չարաշահում են Աստծո ողորմությունը
14.01.2020 | 00:16
ՈՒ՞ր է Նրա գալստյան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց հետո ամեն ինչ այն նույն ձևով է մնում, ինչպես էր արարչագործության սկզբից (Բ Պետրոս 3;4)։ Ծաղրանքով հարցնում են մարդիկ, որ կարծում են, թե իրենք բավական ժամանակ կունենան ապաշխարելու, քանզի ուշանում է Տիրոջ երկրորդ գալուստը: Սակայն նախ պետք է իմանալ. «Տիրոջ համար մեկ օրը՝ ինչպես հազար տարի է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր: Տերը չի ուշացնի Իր խոստումը, ինչպես կարծում են ոմանք, թե ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն» (Բ Պետրոս 3;8-9): Հետո էլ` մեծ մտավոր ջանքեր պետք չեն հասկանալու համար, որ եթե Տերը նույնիսկ միլիարդ տարի հետո էլ գա, մեր յուրաքանչյուրի ապաշխարության համար սահմանված Նրա ողորմության ժամկետը շատ կարճ է` մեր երկրավոր կյանքը:
Ժամա՞նց, թե՞ կյանք. սա մի երկընտրանք է, որի լուծման հրատապությունը որևէ կասկած չի հարուցում:
Այդ լուծումը, սակայն, կախված որևէ մարդու գիտակցության և ինքնագիտակցության մակարդակից, շատ հաճախ լինում է ո՛չ կյանքի օգտին:
Կյանքը մեր ծննդյան պահից մինչև մեր մահվան պահը ընկած մի ժամանակահատված է, գիտակցական կյանքը սկսվում է ծննդից շատ ավելի ուշ, իսկ ինքնագիտակցական կյանք ոչ բոլորին է հաջողվում ապրել, շատ շատերն էլ, ցավոք, իրենց և այլոց կյանքը վերածում են մի ամբողջ կյանք տևող ժամանցի:
Երբ մենք սխալ ենք ծախսում ժամանակը, մենք այն վատնում ենք, իսկ երբ սխալ ենք ապրում կյանքը, մենք այն կորցնում ենք, քանի որ նրա ամեն մի վայրկյանը անդառնալի է, և ոչ միայն. այս երկրավոր կյանք-ուռկանը հավիտենական կյանքը որսալու համար է մեզ տրված, և եթե այն չպահենք ու չպահպանենք պատշաճ կերպով, կպատռվի, և մեր որսը կլինի ոչ թե հավիտենական կյանքը, այլ մի մեծ, անդառնալի կորուստ:
Այս կյանքի իմաստի, նշանակության և բուն նպատակի թյուրըմբռնման հիմնական պատճառը հոգու անմահության, հանդերձյալ կյանքի և Երկնքի արքայության հանդեպ թերահավատ վերաբերմունքն է: Մարդիկ ձգտում են «իմաստալից» ապրել իրենց կյանքը, արդյունքում պարզապես ուրախ ժամանակ են անցկացնում, ժամանակ, որ առանց լրացուցիչ օժանդակության էլ բավական արագ է անցնում, ժամանակ, որ հենց իրենց կյանքն է:
Մյուս գլխավոր պատճառն այն է, որ մարդիկ սխալ են ըմբռնում կամ չարաշահում են Աստծո ողորմությունը: Աստված սիրում է մարդուն և ողորմած է մեղավոր մարդու հանդեպ, սակայն անզիջում ու անողոք է բուն մեղքի հանդեպ: Եթե որևէ մեկը կամենում է Աստծո ողորմությանը արժանանալ, պետք է ինքն իրենից զատի մեղքը, որովհետև անհնար է, որ ողջերի երկրում տեղ ունենա մահը, կամ նրա պատճառը (մեղքը) կրողը: Անհնար է այս կյանքում աշխարհին նվիրվել, իսկ այն կյանքում` Քրիստոսին, անհնար է այս կյանքում աշխարհը վայելել, իսկ հանդերձյալում` Աստծո արքայությունը: Եթե մենք ուզում ենք Աստծուն հասնել, պետք է նախ գնանք առ Աստված և պետք է ընտրենք ճիշտ ճանապարհը. «Մի՛ խոտորվիր ո՛չ դեպի աջ և ո՛չ էլ դեպի ձախ. ոտքդ ե՛տ դարձրու չար ճանապարհից: Դեպի աջ տանող ճանապարհները գիտի Աստված, բայց դեպի ձախ տանող ճանապարհները մոլոր են, և Աստված Ինքն էլ կուղղի քո շավիղները և խաղաղությամբ քեզ կառաջնորդի քո ճանապարհներով» (Առակ. 4;27): Դեպի աջ տանող ճանապարհը ինքնարդարացման ճանապարհն է, դեպի ձախ տանող ճանապարհը` անզգամության ու ամբարտավանության ճանապարհը, սակայն առ Աստված կարելի է հասնել միայն ուղիղ` ապաշխարության ճանապարհով:
Մեր անցնելիք ճանապարհը լայն, ասֆալտապատ մի պողոտա չէ, այն դժվարանցանելի մի զառիթափ է: Մեր ճանապարհը վերելքի ճանապարհ է` կյանքի ճանապարհ, որով քայլե՛լն է հենց մեր կյանքի նպատակը, քանզի այն կյանքից կյանք տանող ճանապարհ է, և ափսոս չէ այն անցնելու համար տրամադրել այն ամբողջ ժամանակը, որը հենց մեր կյանքն է:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Մեկնաբանություններ