Խոստովանության խորհուրդը մեր խղճի քննությունն է
24.12.2019 | 00:13
Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք` սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է:
Այս է երկնային մեծ շնորհի խոստումը բոլոր համբերողներին:
Մեր ամբողջ կյանքը երկրի վրա լի է ցավերով ու վշտերով ` չարախոսություններից, զրպարտություններից, նախատինքներից և այլ նեղություններից ու անարդարություններից: Վտանգներ թշնամիներից, վտանգներ արյունակիցներից, վտանգներ նաև սուտ եղբայրներից: Հատկապես ծանր են հոգու ապրումներն ու ցավերը, երբ մեր ամենավեհ հոգևոր ձգտումները մնում են չհասկացված, այսինքն այն, ինչ որ Տերն ասաց. «...ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն»:
Օրինակ, դուք, տեսնելով ձեր մերձավորների (երեխաների, ամուսնու, հարազատի) նեղությունը, շտապում եք դեպի Աստծո տաճար` եկեղեցի, գիտակցելով, որ ձեր աղոթքով կարող եք օգնել նրանց, իսկ նրանք, ում համար դուք արցունք թափելով աղոթք էիք անում, տանը դիմավորում են ձեզ նախատինքներով կամ բարկացկոտ հայացքով, ջղային ձայնով, միայն նրա համար, որ դուք մի քանի ժամով բաժանվեցիք տնային ունայն գործերի անվերջ հոսքից: Ինչպիսի դառնություն, ցավ ու կսկիծ է սրտին այսպիսի անհասկացությունը: Կամ եղել է, որ դուք անշահախնդիր կերպով, խղճմտանքից ու կարեկցանքից ելնելով, հանուն Քրիստոսի օգնել եք ինչ-որ մեկին ձեր աշխատանքով, սակայն ձեզ զրպարտել են` անխղճորեն մեղադրելով շահասիրության, անազնվության մեջ, կասկածել չգիտես էլ ինչ աղտի մեջ: Իրապես, ծանր է տանել նման զրպարտութունը: Դուք ձգտել եք ինչ-որ բանով ի սրտե ծառայել և օգտակար լինել Աստծո տաճարում, վանքում, ներդրել եք ձեր տաղանդը, ֆիզիկական և հոգևոր ընդունակությունները, իսկ ձեզ համառորեն հրաժարվել են հասկանալ, ձեզ հալածում են, ստորացնում` ֆիզիկապես և բարոյապես: Որքան արիություն է պետք, որպեսզի չթողնենք սկսած գործը, չսառենք, չհուսահատվենք, և ամենակարևորը` չատենք մեզ հալածողներին: Եվ որքան դեռ շատ կան անհասկացություններ, սխալ պատկերացումներ, անիմաստ մեղադրանքներ` հոգուն տառապանք ու տանջանք պատճառող, կտտանքներ, որոնք գերազանցում են անգամ նահատակների չարչարանքներն ու անցնում քրիստոնյա ճգնավորների հոգու սխրանքները:
Ահա մենք մոտենում ենք խոստովանության ավարտին, որը կառուցեցինք ըստ տասը պատվիրանների և ինը երանիների: Եվ երևի մեզնից յուրաքանչյուրը, ով անկեղծորեն ապաշխարում և զղջում էր, հասկացավ, որ «դատարկ է» և «մերկ» հոգևոր առաքինություններից: Կարծես կարելի է հուսահատվել՝ ասելով. «Ի՞նչ անենք մենք՝ անհույս մեղավորներս»: Մենք ոչ մի լավ բանի ընդունակ չենք, Ո՛վ Տեր: Մենք զուրկ ենք խոնարհությունից, չունենք ո՛չ հեզություն, ո՛չ սրտի մաքրություն, ո՛չ էլ անգամ լաց մեղքերի համար: Ի պատասխան այս հուսաբեկ հարցին` ճգնավոր հայրերից մեկը պատասխանում է. «Եթե չես կարող ընծայել Տիրոջը ուրիշ ոչինչ, ապա ընծայիր Նրան քո կյանքի խաչը և քո չարչարանքները»: Տառապանքների օգտակարության մասին կարելի է շատ խոսել:
Խոստովանության խորհուրդը մեր խղճի քննությունն է, հոգևոր բուժարանն է և բաղնիքը, որ մաքրում է մեր սրտի աղտերը, ուստիև պետք է այժմ սրտանց խոստովանենք Տիրոջ առաջ, որ չենք կարող համբերությամբ, քրիստոնեաբար տանել վիրավորանքներ, անախորժություններ և անարդարություն: Մենք բոլորս էլ մեծագույն տրտնջացողներ ենք: Մեզնից ո՞վ է ուրախությամբ ընդունում նեղությունները, որպես մաքրողական դեղ` Տիրոջից ուղարկված, իսկ վիրավորողի մեջ տեսնում իր բժշկին: Ների՛ր մեզ, Տե՛ր, մենք շատ փոքրոգի ենք: Մենք անչափ սրտնեղվում ենք անգամ մինչև առողջությանն ի վնաս, խիստ նեղանում ենք մեզ վիրավորողներից, դառնում խստասիրտ, անհամբեր մարդկանց նկատմամբ, որովհետև մենք ագահաբար հարձակվում ենք այս կյանքի հաջողության, ունայն, դատարկ, կարճատև երազի նման բաների վրա: Այն ավելի բարձր ենք դասում Աստծուց, Եկեղեցուց և Քրիստոսի սիրուց, դրա համար էլ վերահաս դժբախտությունը անպատրաստ վիճակում է գտնում մեզ ` խստացնում և կոշտացնում է մեր սրտերը: Այն, թե սրտի և հոգու ինչպիսի տրամադրությամբ ենք տանում նեղությունները, մեր հոգևոր աճի և հասունության փորձաքարն է հանդիսանում: Փորձության մեջ արիություն և պատրաստակամություն ցուցաբերելը ուղիղ և արդար հոգու ցուցանիշն է: «Որովհետև մեր թեթև նեղության առժամանակյա տառապանքը մեր մեջ առաջ է բերում հավիտենական փառք, որ գերազանցում է ամեն ինչ» (Բ Կորնթ. 4,17): Եվ ոչ միայն դրսից եկող տառապանքներ, այլ նաև ամեն հոգևոր ճիգ, ամեն կամավոր զրկանք, հրաժարում, զոհողություն անմիջապես վերածվում են մեր մեջ հոգևոր հարստության: Տե՛ր, ներիր մեզ՝ հոգով տկարներիս: Իսկ հնարավոր է ձեզնից մեկը, չդիմանալով փորձությունների ծանրությանը, մտածել է ինքնասպանության մասին, մտքով փնտրել եք ձեր տառապանքներին վերջ դնելու միջոցը` սեփական կյանքին վերջ դնելով: Զղջացե՛ք Տիրոջ առջև:
Ցավոք, բոլորս ապրում ենք ունայնության մեջ, ցավ է մեզ համար ամեն տեսակ նեղություն և տառապանք, մենք միշտ ձգտում ենք երկրավոր հանգստի և բարեկեցության, իսկ երբ վրա է հասնում նեղությունը` իսկույն դառնում ենք վատասիրտ և փոքրոգի: Պողոս առաքյալը, քրիստոնյայի տառապանքների իմաստը բացատրելով, ասում է. «որպեսզի ոչ միայն հավատաք Քրիստոսին, այլ Նրա համար չարչարվեք» (Փիլիպ. 1,29): Լսեցի՞ք: Տրված է չարչարվել հանուն Քրիստոսի` որպես մեծ ողորմություն, տրված է հավատալ ու չարչարվել` ինչպես ասում է սուրբ Իսահակ Ասորին. «Ամեն տեսակ աղոթքից ու զոհից ավելի թանկ է Տիրոջ առաջ տառապանքը հանուն Նրա, և բոլոր անուշահոտություններից ավելի` նրա քրտինքը»: Առաքյալը գրում է նաև. «Սիրելինե՛ր, տարօրինակ մի համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թե մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ: Այլ, որպես Քրիստոսի չարչարանքների մասնակիցներ, ուրախ եղեք, որպեսզի Նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծաք և ուրախանաք» (Ա Պետր. 4;12-13): Այսպիսով, չկա երկրի վրա ավելի գեղեցկագույնը, քան տառապանքը հանուն արդարության, չկա ավելի մեծ փայլ, քան անմեղ տառապանքի փայլը: Այսպես են մտածում արիասիրտ և հզոր քրիստոնյաները:
Տե՛ր, ներիր մեզ՝ մեղավորներիս: Որքան ենք մենք հեռու քրիստոնեական կյանքի այս տեսակ ընկալումից: Իսկ յուրաքանչյուրս մեզնից ցանկանում է փրկված լինել: Սբ Հովհան Ոսկեբերանի խոսքի համաձայն, քրիստոնյայի համար փրկվելու երեք պայման կա. առաջինը` մեղք չգործել, երկրորդը` մեղանչելուց հետո ապաշխարել, երրորդը` ով լավ չի ապաշխարում, թող համբերությամբ տանի հասնող նեղությունները: Իսկ մեզնից ո՞վ կարող է ասել, որ լիարժեք և սրտանց է ապաշխարում: Ապաշխարությունը գործած մեղքի չափին համարժեք պիտի լինի: Իսկ եթե չկա մեղքի համապատասխան գիտակցում, չկա ուժ տանել գործնական, լուրջ ապաշխարություն, ապա պետք է խոնարհությամբ ընդունել պատահած նեղությունները և գոհություն հայտնել նրանց համար, որպես Աստծո ողորմություն և հոգատարության նշան մեր նկատմամբ: Անհամար է բազմությունը մեր մեղքերի, թերի են մեր պատկերացումները հոգևոր կյանքի և քրիստոնեական աշխարհընկալման մասին: Իսկ Հոգևոր բուժարան Մայր Եկեղեցու դեղատունը` իր հոգևոր դեղատոմսերով, մեր մեղքերի ախտերի դեմ անսպառելի հարուստ է:
Ո՛վ Տեր, այժմ ամեն մեկը Քեզ պիտի բերի իր հաստատակամությունը` մեղքից հրաժարվել, ատել մեղքը, վերափոխել իր կյանքը: Եվ այդ որոշումը պիտի հաստատի երդումով, համբուրի Խաչն ու Ավետարանը, խոստանա այդ որոշման մեջ ուղղել իր կյանքը: Ո՛վ Տե՛ր, ես սրտանց ցանկանում եմ և խնդրում Քեզնից, օգնի՛ր ինձ երդումս կատարել: Տե՛ր, ընդունի՛ր իմ աղոթքը: Խնայի՛ր ինձ, Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ մեր: Տո՛ւր ինձ ժամանակ՝ ապաշխարության պտուղներ բերելու: Վերացրո՛ւ իմ մեջ ապրող մեղքը: Ե՛կ, բնակվիր իմ մեջ, Անմա՛հ Տեր, որպեսզի ոչ կյանքը, ոչ էլ մահը երբեք չբաժանեն ինձ Քեզնից: Ամեն։
Ռուսերենից թարգմանեց
Դարբասի հոգևոր հովիվ Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ
Մեկնաբանություններ