«Սոդոմը ընդմիշտ լքելու» վճռականությունը
20.12.2019 | 00:03
...Եվ քանի որ հրեշտակները տղամարդկանց տեսք ունեին, դրանից երևում է, թե ինչ զազրելի այլասերվածությամբ էին վարակված Սոդոմի բոլոր բնակիչները, երիտասարդից մինչև ծեր, ամբողջ ժողովուրդը միասին պաշարեցին տունը (Ծննդ. 19; 4)։
Արդար Ղովտը կատարելով հյուրասիրության ավանդական օրենքը, թույլ չտվեց իր հյուրերին նեղացնել, այլ առաջարկեց իր երկու դուստրերին, որոնց «տղամարդ չի մոտեցել» (Ծննդ.19; 8):
Սակայն այլասերվածները, պիղծ ցանկությամբ բորբոքվելով, փորձում էին բռնաբարել նաև Ղովտին, «Հիմա քեզ ավելի շատ կչարչարենք, քան նրանց» (Ծննդ.19; 9):
Արևմուտքի ժամանակակից հասարակությունը, քրիստոնեական արմատներից զրկվելով, փորձում է իրեն «հումանիստ» մարդասիրական ցուցաբերել միասեռականների նկատմամբ` կոչելով նրանց բարոյապես չեզոք «սեռական փոքրամասնություն» բառով: Իրականում դա ոչ թե հումանիստական, այլ, կարելի է ասել, ավելի դաժան վերաբերմունք է: Պատկերացրեք, եթե բժիշկը «բարեսիրտ» ձևանալով սկսի ներշնչել ծանր հիվանդին, որ նա առողջ է, պարզապես բնությամբ նման չէ ուրիշներին, ապա նա մարդասպանից քիչ է տարբերվում: Սուրբ Գիրքը մատնանշում է, որ Աստված «Սոդոմ և Գոմոր քաղաքները մոխրի վերածելով` դատապարտեց` օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար» (Բ Պետր. 2; 6): Նա խոսում է ոչ միայն հավիտենական կյանքը կորցնելու վտանգի մասին, այլ նաև հոգու ամենածանր հիվանդությունից բժշկվելու հնարավորության մասին: Պողոս առաքյալը ոչ միայն խիստ հանդիմանում էր կորնթացիներին ամոթալի մեղքերի համար, այլ նաև հույս է տալիս իրենց իսկ միջավայրից վերցրած օրինակներով. «Եվ ձեզնից ոմանք այդպիսին էին, սակայն մեղքերից լվացվեցիք, սրբագործվեցիք և արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով» (Ա Կորնթ. 6; 11):
Սուրբ հայրերը նշում են, որ բոլոր կրքերի (նաև մարմնական) ծանրության կենտրոնը գտնվում է մարդկային հոգու ոլորտում, հոգու ապականվածության մեջ: Մեղքերն ու մոլությունները Աստծուց մարդու հեռանալու արդյունք են և որպես հետևանք առաջացնում են մեղսական այլասերվածություն: Դրա համար էլ ապաքինման ելակետը պետք է լինի «Սոդոմը ընդմիշտ լքելու» վճռականությունը: Երբ հրեշտակները Ղովտին իր ընտանիքով դուրս էին հանում Սոդոմից, նրանցից մեկն ասաց. «Փրկի՛ր կյանքդ, հետ չնայես» (Ծննդ. 19; 17): Այս խոսքերում բարոյական փորձություն կար: Այլասերված քաղաքի վրա հրաժեշտի հայացք նետելը կնշանակեր համակրանք հայտնել քաղաքին, որին Աստված դատապարտության վճիռ էր կայացրել: Ղովտի կինը հետ նայեց և դարձավ աղի արձան, որովհետև հոգով չբաժանվեց Սոդոմից: Սողոմոն Իմաստունը գրում է Ղովտի կնոջ մասին` որպես անհավատ հոգու հիշատակ կանգնած աղի արձան (Իմաստ. 10; 7): Նաև մեր Տեր Հիսուս Քրիստոս զգուշացնում է իր աշակերտներին. «Այն օրը, երբ Ղովտը դուրս եկավ Սոդոմից, երկնքից կրակի ու ծծմբի անձրև թափվեց և կործանեց բոլորին... Հիշեցե՛ք Ղովտի կնոջը» (Ղուկ. 17; 29-32): Ոչ միայն նրանց, ովքեր սեփական փորձով անցան կործանարար անդունդը, այլև բոլորին, ովքեր արդարացնում են այս արատը, պետք է հիշեցնել Ղովտի կնոջ օրինակը: Իրական անկման ուղին սկսվում է մեղքի արդարացումից: Պետք է զարհուրել հավիտենական կրակից, և այն ժամանակ այս զազրելի մեղքի արդարացման և «իրավունքի» վերաբերյալ բոլոր լիբերալ խոսքերը կեղծապատիր կթվան: Որովհետև, ինչպես գրված է. «Ամեն անօրեն պիղծ է Տիրոջ առաջ, իսկ արդարների հետ է Նրա հաղորդությունը» (Առակ. 3:32):
Ամենից առաջ պետք է մտնել Եկեղեցու շնորհաբաշխ ոլորտը: Անհրաժեշտ է պատրաստվել (առանց հետաձգելու) հիմնավոր խոստովանության և անցնել այն: Այսօրվանից պետք է սկսել կատարել այն, ինչ Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ առաջարկում է իր զավակներին` մշտապես մասնակցել խոստովանության և հաղորդության խորհուրդներին, ներկա գտնվել մեծ տոների և կիրակնօրյա աստվածպաշտության ժամերին, կատարել առավոտյան և երեկոյան աղոթքները, պահպանել պահքի օրերը, արթուն լինել սեփական անձի նկատմամբ, որպեսզի մեղքից հեռու մնանք: Այնժամ կհասնի Աստծո ամենակարող զորությունը և արմատապես կբժշկի մեզ ծանր ախտից:
«Տարբեր փորձություններից, հոգեկան և մարմնական կրքերից սեփական տկարությունը ճանաչողը սկսում է ճանաչել նաև Աստծո անսահման կարողությունը, Նրան սրտանց աղոթողներին ազատագրող զորությունը: Եվ այնժամ աղոթքը քաղցրանում է մարդու համար: Տեսնելով, որ առանց Աստծո ոչինչ չի կարող անել և զգուշանալով անկումից` նա մշտապես ձգտում է մնալ Աստծո հետ: Նա հիանում է և զարմանում, թե ինչպես Աստված ազատեց նրան այդչափ փորձություններից ու կրքերից և գոհանում ու փառաբանում է Ազատագրողին և իր երախտապարտության համար ընդունում է խոնարհությունն ու սերը, և այսուհետ ոչ մեկին այլևս չի արհամարհում` իմանալով, որ ինչպես Աստված իրեն օգնեց, այդպես էլ կարող է օգնել նաև ուրիշներին, երբ կամենա» (Պետրոս Դամասկացի):
Թարգմանությունը` ռուսերենից
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ
Դարբասի հոգևոր հովիվ
Մեկնաբանություններ