«Ինչո՞վ են մարդիկ տարբերվում կենդանիներից» հարցին յուրաքանչյուրն իր պատասխանն ունի:
Ոմանք կասեն` բանականությամբ, ոմանք` ազատ կամքով, ուրիշները` զգացմունքայնությամբ, այլք` բարձր արվեստ ստեղծելու ունակությամբ: Սակայն այս ամենից որոշակի տարրեր կան և՛ կենդանիների, և՛ այլ արարածների մեջ: Իրականում գլխավոր տարբերությունը մարդու և կենդանիների միջև նրանց ստեղծման նպատակն է: Կենդանիները, «որոնք ի բնէ որսի և մորթվելու համար են» (Բ Պետրոս 2;12), սերունդ թողնելով, լուծում են տեսակի պահպանման հարց: Մարդիկ, սերունդ թողնելով, ընդամենը լուծում են քանակի պահպանման հարցը կամ, որ նույնն է, ամեն մարդու ծնունդով տեսակը ստեղծում են նորովի` բոլորին նման և յուրատիպ, օժտված մինչ այդ անհայտ և որևէ կերպ չդրսևորված յուրահատկություններով: Իսկ այդ կերպ ստեղծված տեսակը չի կարող հարատևել սերունդ թողնելով, այլ միայն` ապրելով սեփական կյանքը, որովհետև ամեն մի մարդ անհատականություն է, հոգևոր, անվախճան, անլուծարելի էություն է, տիեզերք է, որն իր մեջ կրում է ընդհանուրը և անկրկնելին:
Աստծո արարչության մեջ ամեն գոյ անզուգական է, և անգամ ձյան մի փաթիլը իր նույնականը չունի միլիարդավոր իր նման փաթիլների մեջ: Սա արարչական հրաշք է: Մարդը անկարող է չհիանալ բնությամբ` իրեն էլ համարելով բնության վերջավոր կամ վերածնվող, վերարծարծվող տարր: Մինչդեռ իրարից տարբերվող փաթիլներն ու եղնիկները, որոշ մարդկանց համար աննման, հավատարիմ, անփոխարինելի ու թանկ տնային կենդանիները, աղբյուրները, ջրվեժներն ու աստղերը ստեղծված են մարդու համար` մեկ, թե մեկ միլիարդ, արդեն կարևոր չէ, որովհետև մարդն ինքնին արժեք է, իսկ մնացյալը արժեքավոր են այնքանով, որքանով:
Այդուհանդերձ, մարդու գոյության նպատակը բնությամբ հիանալը կամ այն պաշտպանելը չէ միայն: Եվրոպայում վաղուց օրենսդրորեն ամրագրված է մարդասիրության և մարդակերության նույնականությունը: Շվեդիայի կանաչների գիտական թևը լրջորեն մտածում է, որ մահացած մարդիկ կարող են ողջերի համար ծառայել իբրև բարձրակարգ սպիտակուցով հարուստ կերակուր և առաջնակարգ պարարտանյութ: Այդպես նրանք ուզում են փրկել բնությունը... Մարդու կյանքը ինքնանպատակ չէ, և գործունեությունը` փակ շրջան:
Մարդը մահվանից հետո չի վերածվում լոկ հումուսի և հիշատակի: Երբ մարդը իր ստացած արժեքները պահում է իբրև «ամանաթ» և, առանց այդ արժեքի հետ որևէ առնչություն ունենալու, այն փոխանցում է հաջորդ սերնդին, այդ արժեքը դառնում է կուռք, իսկ նրա ծիսապաշտամունքային արարողակարգին սերնդեսերունդ նորանոր սնապաշտություններ են կարկատվում: Այդ դառը ճակատագրին քրիստոնեությունն է արժանացել մեզ մոտ: Այն վերածվել է «ազգային արժեքի» (որովհետև այն կրողները և մեզ փոխանցողները եղել են ազգընտիր և ազգանվեր մարդիկ), սակայն չի վերածվել կյանքի, կամ դադարել է կյանք լինելուց ազգային արժեքի վերածվելուն պես (այդ արժեքը իրապես կրողների ի Տեր ննջելուն պես): Մինչդեռ քրիստոնեությունը նախ և առաջ կյանք է, որ պետք է ապրվի յուրովի յուրաքանչյուր հոգու կողմից: Իսկ մենք չենք ապրում, մենք ստանում ենք ու փոխանցում:
Սերունդ ենք թողնում, որ այդ սերնդին թողնենք քրիստոնեություն-առեղծվածը, որին վերաբերվել ենք սրբասարսուռ զգուշավորությամբ, նրբանկատությամբ ու հոգատարությամբ. այն մեր կյանք չենք ներառել, կենցաղում էլ հեռու ենք մնացել: Եթե որևէ արժեք` թեկուզև վկայված այլոց կողմից, մենք ինքներս չենք դավանում և կյանքով չենք վկայում, ապա այն ենթակա է նույն ճակատագրին, ինչ շատ արժեքներ, որոնք ենթարկվում են հարափոփոխ աշխարհի օրենքներին: Եթե քրիստոնեությունը` իբրև արտաքին աշխարհը վերափոխելու միտված և կարող ներքին զորություն, չի դարձել մեզանից յուրաքանչյուրի սեփականությունը, ձգտումների առանցքը և ուղղությունը, ապա մենք չենք կարող խոսել որևէ կայուն, հաստատուն և իրապես արժեքավոր արժեքի կամ արժեհամակարգի մասին: Ապրել են սուրբ Գրիգոր Լուսավորիչը, սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Նարեկացին և մյուսները, իսկ մենք մեր սերունդներին ընդամենը պատմում ենք, որ նրանք ապրել են: Ժամանակի գիտական, կրթական, մշակութային միտումները, ընդհանրապես, հուշում են, որ գալիք սերունդները չեն ձգտելու անգամ լսել մեր պատմվածքները (որովհետև նախորդների կողմից արձանագրված մեր հավաստի պատմությունը նրանց հասանելի չի լինելու ո՛չ նյութապես, ո՛չ հոգեպես):
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս