Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Չարին չարով մի հատուցեք, այլ բարիով հաղթեք չարին»

«Չարին չարով մի հատուցեք, այլ բարիով հաղթեք չարին»
29.03.2019 | 00:04

«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև ա՛յդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթ. 7;12)։
Ոսկե օրենքը մեզ հրահանգում է մեզ նմանի հետ վարվել այնպես, ինչպես կուզենայինք, որ մեզ հետ վարվեն ընդհանրապես:


Այսինքն մենք պետք է «ավանսով» մարդկային լինենք, ոչ թե սպասենք օրինակի կամ նախադեպի: Որովհետև, եթե մենք արժանի կերպով չվարվենք մարդկանց հետ, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի մարդ` ծանոթ կամ անծանոթ, «ստիպված կլինի ձեռք բերել» մեզ արժանին հատուցելու համար անհրաժեշտ որակներ: Հասկանու՞մ ենք ողջ ողբերգությունը: Մեզնից յուրաքանչուրից պահանջվում են ջանքեր և քաջություն` դուրս գալու մեղքի կախարդված շրջանից: Պատվիրանապահության գործում մեր ապիկարությունը մեր ինքնարդարացման թուլության ֆոնին գծագրում է Աստծո անզորության ուրվապատկերը` որպես մեր անձնագրի նկար: Եվ մարդիկ մեր ներկայացմամբ տեսնում են ոչ թե Ամենազոր Կատարյալին, այլ Նրա` հնարավորինս անհաջող նմանակումը: Մի քայլ առաջ ենք շարժվում, երկու քայլ` ընկրկում. թող ուրիշն անի, թող նա սկսի, իսկ եթե ինձ շահագործե՞ն: Վախեր, կասկածներ, տարակուսանք, ափսոսանք, մարմնավոր մտածողություն և հոգևոր սխրանքի տրամադրվածության իսպառ բացակայություն. «Մի՛ վախեցեք. Ես հաղթեցի աշխարհին»:

Եթե վախենում ենք, ուրեմն չենք հավատում, իսկ վախկոտների և անհավատների վախճանը կրակե լճի մեջ է: Իսկապես էլ` ամենահեշտ գործը չէ հավատալը, այլ սխրանք. սեփական չնչինության ու անկարևորության համոզմունքի կամ սեփական ամենազորության պատրանքի հանդեպ վստահության կաշկանդող կապերը խզելու վճռականություն: Հավատը մեծահոգության հաղթանակն է փոքրոգության դեմ: Դեռևս մարդկության մանկության ժամանակ եղբայրասպան Կայենին Աստված հայրաբար հորդորում, խրախուսում, գոտեպնդում է` ասելով. «Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատվել, դու ի վիճակի ես այն հաղթահարելու» (Ծննդ. 4;7), իսկ այժմ, երբ ունենք Շնորհը, որքան առավել և ամենակարող է մեր կամքը` հաղթահարելու սեփական եսի կաշկանդումները և հաղթելու մեղքին: Մեղքին մենք կարող ենք հաղթել պատվիրանապահությամբ` Աստծո պատվիրանների հանդեպ հնազանդությամբ: Անհնազանդությունը մեղք է, իսկ մեղքը` անօրինություն: Այսինքն, որևէ գործողություն ինքնին մեղք չէ, այլ միայն որպես Աստծո պատվիրանի և սեփական խղճի դեմ գործված զանցանք: Եթե օրենքը չի արգելում (արգելող օրենք չկա), իսկ խիղճը չի դատապարտում (բավարար հոգևոր գիտակցություն չկա), արարքը, որը այլ պայմաններում կարող էր դիտվել և գնահատվել որպես մեղք, որպես այդպիսին չի դիտվում: Սակայն Ավետարանի լույսի տակ ամեն բան պարզորոշ է և հստակ: Ոսկե օրենքը պարզեցնում է մեր առաջադրանքը` մեզ ազատելով նաև առանձին պատվիրաններ հիշելու պարտավորությունից. տուր մարդկանց այն, ինչ կուզեիր ստանալ նրանցից: Սակայն պարզ է և այն, որ մեզ այդ օրենքով չի արտոնվում մարդկանց հանդեպ մարդկային լինել որևէ ակնկալիքի դիմաց, այլ պարզապես հաստատում է մեզ մեր սեփական մարդկային կերպի ու նկարագրի մեջ: Մարդ լինելու դիմաց ինչ-որ ակնկալիք ունենալը, փոխադարձաբար մարդկային վերաբերմունք պահանջելը ուրիշ մարդկանցից անհեթեթ է ու նվաստացուցիչ: Մեր մարդկային նկարագիրը չպետք է պայմանավորված լինի մեր հանդեպ ունեցած այլոց վերաբերմունքով: Մենք պետք է դառնանք բացառումը, ժխտումը, հերքումը, մերժումը այն ամենի, ինչ դատապարտում ենք ուրիշների մեջ. «Չարին չարով մի հատուցեք, այլ բարիով հաղթեք չարին»: Սակայն, որպես կանոն, մենք ճիշտ հակառակն ենք անում` սրտնեղելով կամ չարախնդալով. «Ես նրան դեռ ցույց կտամ, ինքը ո՞վ եղավ, որ...»: Մի թյուրըմբռնում էլ է տարածված մարդկանց մեջ, որոնք անակնկալի են գալիս, երբ իրենց բարերարությունից օգտված մարդիկ ապերախտ են գտնվում իրենց հանդեպ: Այդ քրիստոնյաները թերևս, չգիտեն, որ «հատուցումը» տեղի է ունենում ո՛չ թե մարդ-մարդ, այլ մարդ-Աստված-մարդ սխեմայով:

Նրանք մոռանում են նաև, թե ինչպես հատուցեց Բեթհեզդայի ավազանի մոտ բուժված անդամալույծը մեր Տիրոջը` իր և ողջ մարդկության Բարերարին (ըստ Սրբազան ավանդության, նա մեկն էր նրանցից, ովքեր թքում էին Նրա երեսին, ապտակում և ասում. «Քրիստո՛ս, իմացիր` ո՞վ է Քեզ խփողը» (Հովհ. 5; 1-15, Մատթ. 26;67-68): Քրիստոս ոչ մեկին երբևէ որևէ վատություն չէր արել, բայց մենք` մեղավորներս, պետք է հիշենք, որ եթե անգամ մեր հանդեպ երախտամոռ են գտնվել, ուրեմն մենք ևս այդպես ենք վարվել ինչ-որ մեկի հետ, ոչ պարտադիր կերպով հենց այդ մարդու, պարզապես մեզ հարմար չէ այդ մասին մտաբերելը: Եթե մարդկային չենք անխտիր բոլորի հանդեպ, ինչո՞վ է պատճառաբանված մեր գոյությունը, և եթե անշնորհակալ ենք ուրիշի երախտիքի հանդեպ, ինչո՞վ է արժևորված մեր մարդկայնությունը: Ահա այդպիսին է Ոսկե օրենքը. իսկական լակմուս խղճի համար:


Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեցկին
Գորիս

Դիտվել է՝ 2134

Մեկնաբանություններ