ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հայկ Նահապետը ճշմարիտ աստվածպաշտության լույսի կրողն էր

Հայկ Նահապետը ճշմարիտ աստվածպաշտության լույսի կրողն էր
23.10.2018 | 00:31

«Իսկ Ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում» (Մատթ. 5;44)։


«Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ. 12;21)։
Հիսուս Հորից ելավ, եկավ, բարության սերմը ցանեց մարդու հոգում և նորից բարձրացավ Հոր մոտ: Լինել բարի, չի նշանակում լինել խեղճ:
Քրիստոսի Խաչը անզորության նշան չէ, այլ սիրո և զորության խորհրդանիշ: Քրիստոնեության ողջ իմաստն ու նպատակը բարիով չարին հաղթելն է: Ոչ թե հարևանի կամ հարազատի հոգում ծվարած չարին, այլ սեփական հոգում բույն դրած չարին ու խավարին հաղթելը: Քրիստոս զինված հեղաշրջում չկազմակերպեց, ոչ էլ թավշյա հեղափոխություն: Նա քայլեց մինչև Գողգոթա և բարձրացավ Խաչը: Սակայն պետք է նախ և առաջ զանազանել, թե որն է բարին, իսկ որը` չարը: Մենք գիտենք, որ սեփական փառքը հետապնդելը չար է, իսկ Աստծո փառքը հետապնդելը` բարի, սեփական անձը բարի համարելը չար է, իսկ Աստծուն որպես Միակ Բարի ընդունելը` բարի: «Չար է անգամ բարին իմանալը, բայց չկատարելը» (Հակ. 4;17): Սեփական արդարության գիտակցումը մեծագույն մեղք է, որից ծնվում են շատ այլ մեղքեր: «Ամենայն ինչ, որ հավատից չէ, մեղք է» (Հռ. 14;23): Եթե մենք չենք ջանում բարիով հաղթել չարին, ուրեմն մենք Քրիստոսից մաս չունենք: Այսինքն, մենք պետք է հստակ զանազանենք, թե ինչն է մերը և ինչը` Աստծունը: Ինչպես շատերը համոզված են, որ իրենց մարմինը իրենց է պատկանում և կարող են այն տնօրինել ինչպես ցանկանան, այնինչ Աստծո Խոսքը մեզ ուսուցանում է, որ մեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, և եթե մեկն այդ տաճարը ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի: Մեր պայքարը մարմնի և արյան հետ չէ, այլ օդում տիրող չար ու պիղծ ոգիների, իսկ այդ ոգիների դեմ հաղթանակի միակ կերպը մեր նմանների հետ Աստծո սերը կիսելն է: Քրիստոս պատվիրում է չարին հակառակ չկանգնել, չարին չարով չհատուցել: Մեզ ապտակողին ապտակելով` մենք ավելացնում ենք չարը, պարտվում ենք չարից: Սակայն մյուս կողմից ասում է. «Մի՛ տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները մի՛ սփռեք խոզերի առաջ, որպեսզի չկոխոտեն և, ետ դառնալով, չպատառոտեն ձեզ» (Մատթ. 7; 6): Սրբությունը Աստծուց մեզ տրված ավանդ է, մեզ Աստծուն կապող գրավականը, որը մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք:


Քրիստոնեությունը սովորական մարդկային տրամաբանության մեջ չտեղավորվող տարամիտությունների վարդապետություն է: Շատերը, հատկապես մերօրյա հայ հեթանոսները պնդում են, որ քրիստոնեությունը դարձավ մեր ունեցած երբեմնի փառքի, զորության, տարածքների կորստի պատճառ: Այդ մարդիկ չգիտեն կամ չեն ուզում ընդունել այն փաստը, որ հենց քրիստոնեությունն էր, որ մեր ազգային կյանքի ամենաօրհասական ժամին պահեց հայ ազգին` որպես ազգ ընդհանրապես և որպես հայ ազգ մասնավորապես: 405 թ. Մաշտոցի սխրանքով` հայ գրերի գյուտով, դրվեցին մեր անկախության հիմքերը, 451 թ. «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» պայքարող Մամիկոնյանների սխրանքով մենք տարանք փայլուն հաղթանակ, և պարսից փղերի ոտքերի տակ տրորված և հերոսների արյունով ոռոգված հողը մնաց աննվաճ, ճշմարտությունը ճանաչած և ճշմարիտ ազատության ու Ազատարարի քաղցր համը տեսած մեր ժողովրդի հոգին մնաց աննկուն: Մենք այսօր հայերեն ենք խոսում, և հենց այն փաստը, որ առայսօր համաշխարհային բազմագլուխ վիշապը ամեն կերպ ջանում է կուլ տալ մեզ, բայց չի հաջողում, արդեն իսկ փաստում է, որ քրիստոնյա դառնալու, լինելու ու մնալու մեր որոշումը ճիշտ էր, և մեր հավատի հայր սուրբ Լուսավորչի ճգնությունները մեր հավատի անդաստանում տվեցին իրենց առատ բերքը:


Մենք, անշուշտ, չենք ուրանում ո՛չ Արտաշես Մեծի հայրենաշեն գործունեությունը, ո՛չ Տիգրան Մեծի նվաճումները, բայց հայոց դիցերը չէին այդ ամենի ապահովողը, այլ Տիեզերքի Միակ, Իրական Ճարտարապետը: Շատերը թյուրիմացաբար մեր Հայկ նահապետին ևս հեթանոս են համարում, այն դեպքում երբ Հայկը ճշմարիտ աստվածպաշտության լույսի կրողն էր և խավարամիտ Բելի դեմ հաղթանակով դրեց մեր ազգի լուսաշող գալիքի հիմքը: Մենք այս ապականացու աշխարհի որդիները չենք, այլ Հավիտենական ու Սուրբ Աստծո հարազատ զավակներն ենք:

Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2198

Մեկնաբանություններ