Անհեթեթ գաղափարներ հրամցնող հերթական աղանդավորական շարժումը, որ ձեզ կներկայացնենք, հոգեգալստական շարժումն է:
Ինչպես գրեթե բոլոր աղանդները, այն ունի իր արմատները վաղ քրիստոնեական շրջանում, երբ եկեղեցու ուղղափառ դավանանքի հաղթանակի համար եկեղեցու աստվածաբան հայրերը պայքարում էին մոնտանականության դեմ:
Նախկին քուրմ, նորադարձ փռյուգիացի Մոնտանը իրեն ներկայացնում էր որպես խողովակ, որի միջոցով վերջին օրերի մասին հայտնությունները փոխանցվում էին աշխարհին: Մոնտանը իր օգնական «մարգարեուհիների» հետ ենթագիտակից վիճակում արտաբերում էին ինչ-որ խոսքեր, իսկ ներկաները գրի էին առնում դրանք՝ իբրև «նոր հայտնություն»:
Այս կարգի աղանդներ Մոնտանից հետո պատմության մեջ հիշվում են արդեն 17-18-րդ դարերի ռեֆորմացիոն շարժումներից հետո: Այս շրջանում ծնունդ են առնում և ծավալվում զանազան շարժումներ, որոնք հավաստիացնում են, որ մարդը կարող է լուսավորվել, հոգևոր գիտելիք ստանալ անմիջապես շնորհաբաշխ Աստծուց` Սուրբ Հոգուց, և կարիք չկա ո՛չ Սուրբ գրքի, ո՛չ հոգևորականի:
19-րդ դարում ծնունդ առած և այդ բոլոր շարժումներից իր մեջ տարրեր ներառող հոգեգալստական շարժումը շեշտը դնում է շնորհներից հատկապես լեզվախոսության վրա, որը պարտադիր է համարվում «հավատացյալների» համար: Հավանաբար քչերին է հայտնի, որ «լեզվախոսությունը» հեթանոսական դիվապաշտությանը բնորոշ երևույթ է: Հեթանոս քրմերն ու մոլեռանդ ժողովուրդը իրենց «պաշտամունքի» ժամանակ դիվահարվում էին և սկսում էին անհասկանալի լեզուներով ինչ-որ բաներ բարբաջել և դա համարում էին «աստվածներից տրված հայտնություն»: Այդ երևույթը առկա է նաև մեր օրերում դեռևս գոյատևող հեթանոսական կրոններում: Սակայն այսօր ո՛չ հեթանոսներն են համարվում դիվապաշտ, ո՛չ քրիստոնյաներն են հանդիսանում ճշմարիտ աստվածապաշտ: Հավատի ներքին բովանդակության հստակ ընկալման և ճշմարիտ Աստծո պաշտամունքի, Իր Եկեղեցու հետ Նրա կենդանի ու հարակայուն հարաբերության վերաբերյալ ստույգ պատկեր կարող ենք ստանալ միայն Սուրբ գրքի միջոցով: Պողոս առաքյալը, խոսելով Սուրբ Հոգու շնորհների մասին, շատ պարզ ասում է. «Մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք, մյուսին՝ գիտության խոսք՝ նույն Հոգուց, մյուսին՝ հավատ՝ նույն Հոգով, մյուսին՝ բժշկումների շնորհ՝ նույն Հոգով, մյուսին՝ զորավոր գործերի կարողություններ, մյուսին՝ մարգարեություն, մյուսին՝ հոգիները զանազանելու շնորհ, մյուսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խոսելու շնորհ, մյուսին՝ լեզուների թարգմանության շնորհ» (Ա կորնթ.12.8-10, 28 ): «Եվ ում որ Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներ, երկրորդ՝ մարգարեներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զորավոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներով խոսելու շնորհներ, լեզուների թարգմանության շնորհներ» (Ա Կորնթ.12. 28): Ինչպես կարող ենք նկատել, լեզվախոսությունը Սուրբ Հոգու ամենաառաջնային և կարևոր շնորհը չէ: Առաքյալի խոսքից հասկանալի է դառնում նաև, որ եկեղեցին, որպես այդպիսին, ուղղակիորեն «ազատամիտ» հավատացյալներից բաղկացած համայնքը չէ, այլ Սուրբ Հոգու կողմից որոշակի շնորհներ ստացած, որոնցով և հստակ պարտավորություններ ստանձնած անդամներից բաղկացած մարմինը Քրիստոսի, որը գլուխն է այդ մարմնի: Հոգեգալստական շարժումը ունի ևս մեկ տարբերակ` խարիզմատիկ շարժումը, որը շեշտը դնում է ոչ միայն լեզվախոսության, այլև շնորհների բազմակողմանի դրսևորման վրա:
Հոգեգալստական շարժումը Հայաստան ներթափանցել է Ռուսաստանից և ՈՒկրաինայից:
Հոգեգալստականները միայն իրենց են համարում ճշմարիտ քրիստոնյաներ, մնացածը մոլորվածներ են և չեն հասկանում ճշմարտությունը, այսինքն՝ Սուրբ Հոգով մկրտությունը: Հոգեգալստականների գաղափարները հասկանալու համար պետք է պարզել, թե ինչ է նշանակում՝ մկրտվել Սուրբ Հոգով: Հոգեգալստականները դա հասկանում են միայն լեզվախոսության շրջանակներում: Նրանց միացնողը ոչ թե Հիսուս Քրիստոսն է, այլ իրենց կողմից շնորհների սկիզբ ու վերջ հանդիսացող լեզվախոսությունը, այս հիմքով միավորվածները հեշտությամբ բաժանվում ու ճյուղավորվում են, և արդյունքում ստացվում են այնքան աղանդներ, որքան կարծիքներ կան:
Հոգեգալստականների գաղափարներին ավելի ծավալուն կանդրադառնանք հաջորդիվ, ինչպես նաև կփորձենք պարզել, թե իրականում որն է Աստծուց մարդուն տրված մեծագույն և կարևորագույն շնորհը:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեցկին