ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Վատագույն սցենար, որ պատուհասել է հայ եկեղեցուն

Վատագույն սցենար, որ պատուհասել է հայ եկեղեցուն
12.06.2018 | 00:30

Երևանյան փողոցներում այս օրերին կարելի է հանդիպել մի քանի օծյալ ու կարգալույծ արված հոգևորականների, որոնք, ոգևորված հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձություններով, մեծագույն ոգևորությամբ «մերժում» եզրույթն են վանկարկում՝ հոգևոր աշխարհի ներկայացուցչին ոչ հարիր պահվածք դրսևորելով: Վերջիններս Վեհափառ հայրապետի հրաժարականն են պահանջում՝ ասելով, թե մտահոգված են հայ եկեղեցու ճակատագրով: Ըստ նրանց՝ եկեղեցին բարենորոգության կարիք ունի, բայց այդ նորոգումը մեկ ուրիշը պետք է իրականացնի: Թե ով, չեն ասում:

Գուցե իրենք կամ էլ աշխարհիկ դասի այն ներկայացուցիչները, որ կանգնել են վերջիններիս կողքին ու «Գարեգին, հեռացի՛ր» են վանկարկում: Երևի մտածում են՝ ի՞նչ է եղել, որ, արագ-արագ կձեռնադրվենք, պահքի շրջան կանցնենք, վարդապետության աստիճանները կհաղթահարենք մի շնչում, կհասնենք ծայրագույն վարդապետի աստիճանի, սուրբ հոգու ներկայությունը կզգանք ակնթարթորեն ու կհամալրենք եպիսկոպոսաց դասը: Իսկ հետո՝ նոր բարքեր, նոր ժամանակներ ու նոր ընտրություններ: Սա, թերևս, վատագույն սցենարն է, որ կարող է պատուհասել հազարամյա հայ եկեղեցուն: Վատագույններից է, սակայն, այն սցենարը, որ այս օրերին բեմադրվում է մայրաքաղաքի փողոցներում, եկեղեցամերձ տարածքներում, սոցիալական ցանցերում և այլն: Կաթողիկոսին գահընկեց անելու պատրաստվող մարդիկ այնպիսի «փաստեր» են ի ցույց դնում, որ, մեղա Աստծո, նույնիսկ Ֆոլքների «գիտակցության հոսքի» մեջ չեն տեղավորվում: Ի՞նչ ասել է «Կաթողիկոսի հրաժարական», ո՞վ իրավունք ունի նման բան պահանջելու, բացի Ազգային Եկեղեցական ժողովից: Կամ` ի՞նչ ասել է, թե Տերը պատժեց սպարապետ Վազգեն Սարգսյանին, և նա սպանվեց, քանի որ վերջինիս միջամտությամբ Գարեգին Երկրորդը ընտրվեց կաթողիկոս և այլն:


Անխոս, հայ եկեղեցին, ի դեմս մի շարք հոգևորականների, սարկավագների, քահանաների, աբեղաների, վարդապետների, եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների, բարենորոգության կարիք ունի: Հայ հոգևորականները, իրավամբ, պետք է ժուժկալության ու ճգնակեցության ոգուն համահունչ ապրեն, մոտ լինեն իրենց հոտին, աղոթեն զօր ու գիշեր՝ ի բարօրություն Հայաստան աշխարհի ու աշխարհով մեկ սփռված հայերի: Օրինակ լինեն սակավախոսության, ծնողասիրության, մեղքերից զերծ մնալու ու, առհասարակ, Տիրոջ տված պատվիրանների կատարման: Կարճ ասած, հոգևորականը պետք է սիրի ու գուրգուրի իր յուրաքանչյուր զավակին, առանձին-առանձին՝ հայրական սիրով ու որդիական նվիրվածությամբ: Ինչ խոսք, առաքելական եկեղեցու սպասավորներից ոչ բոլորն են այս կերպ մտածում, ինչը, այո, խնդիր է և շուտափույթ լուծում է պահանջում: Սակայն այսօրինակ խնդիրների լուծմանը հասնելու համար պահանջել Ամենայն Հայոց Հայրապետի գահընկեցությունը, մեղմ ասած, կոռեկտ չէ: Խնդիրների լուծման համար ճանապարհներ ու ելքեր են անհրաժեշտ, որոնք, հուսով ենք, եկեղեցին կգտնի մոտ օրերս:


Մինչ այդ նշենք, որ իր զավակներին ավելի մոտ գտնվելու համար առաքելական եկեղեցին, ի դեմս Գարեգին հայրապետի, մոտ տասը տարի առաջ նախաձեռնեց Հայ առաքելական եկեղեցուն կից երիտասարդաց միությունների ստեղծումը, որի գերագույն նպատակը երիտասարդների ու եկեղեցու միջև ամուր կապ հաստատելն էր: Թե որքան հաջողեց այդ ծրագիրը, քննարկման այլ առարկա է (չնայած եկեղեցասեր երիտասարդների միությունները գործում են մինչ օրս), և խնդիրն այստեղ այն է, թե ովքեր ստանձնեցին այդ կառույցները ղեկավարելու պարտականությունը: Ասեմ՝ դրանք այն երիտասարդներն էին, որոնք այսօր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը: Ավելին՝ երիտասարդաց եկեղեցասերների համահայկական միությունների առաջին ատենապետն է այժմ կանգնած բողոքավորների առաջին շարքում: Առաջին շարքում են նաև թեմական երիտասարդաց միությունների ատենապետները, որ մինչև վերջերս ղեկավարել են այդ կառույցներն ու «աղոթել» մեր հոգևոր դասի բարօրության համար: Բայց եթե մինչև այժմ նրանք «աղոթել» են, ապա հիմա ուղղակի «մերժում են» նրանց, իսկ թե ինչի համար, թերևս, միայն Աստծուն է հայտնի:


Փակագծերը բացելով ասեմ, որ այդ միությունների ղեկավարները պարբերաբար գումարներ են ստացել այդքան «մերժելի» եկեղեցուց՝ ուխտագնացությունների, միջոցառումների և այլնի համար: Նրանք ամառային հանգիստն են անցկացրել թեմապատկան ճամբարներում, եկեղեցականների հետ սեղան են նստել ու հաց կիսել, իրենց հատկացված բյուջեն ծախսել են այնպես, ինչպես կամեցել են, միայն իրենց ու իրենց շրջապատի համար են կազմակերպել ուխտագնացություններն ու ճամբարային հանգիստը: Բայց հիմա, արի ու տես, հենց այդ երիտասարդներն են եկեղեցականների վարքը քննարկման թեմա դարձնում ու պախարակում վերջիններիս:


Հարց է ծագում՝ ուխտագնացություններ ու միջոցառումներ կազմակերպելու, ճամբարներում հանգստանալու և այլնի համար եկեղեցուց որոշակի գումար ստանալիս այդ երիտասարդներն ինչու՞ չէին մտածում հոգևոր դասին «մերժելու» մասին, թե՞ այն ժամանակ եկեղեցին բարենորոգության կարիք չուներ: Ի՞նչ բարոյական իրավունքով են քար նետում մի աղբյուրի մեջ, որից տարիներ շարունակ ոչ թե բաժակով, այլ դույլերով են ջուր խմել:
Վերջում ընդամենը հիշեցնեմ, թե ինչ ասաց Խոր վիրապից դուրս ելած Գրիգոր Լուսավորիչը Տրդատ արքային. «Դուք ճանաչեք Ձեր Արարչին՝ երկնքի և երկրի ստեղծողին, Նա՛ կարող է Ձեզ բժշկել»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ