ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Կուսակցամոլների բերած վնասներն ու մեծամեծ վտանգները (ըստ Նժդեհի)

Կուսակցամոլների բերած վնասներն ու մեծամեծ վտանգները (ըստ  Նժդեհի)
23.03.2018 | 00:16

«Կուսակցամոլը թշնամին է իր ժողովրդի, բարեկամը՝ իր ժողովրդի թշնամիների» (Նժդեհ, Կուսակցամոլութիւն):
Եթե ասենք, թե քաղաքականությունն ամենևին հոգևորի հետ կապ չունի, սխալված կլինենք, որովհետև ճշմարիտ հոգևորով է ազգային մշակություն իրականացվում: Նաև հոգևոր մշակությամբ է միայն հնարավոր ձևավորել առողջ քաղաքականություն: Եվ երկնավոր քաղաքականությամբ է ձևավորվում առավել լավ երկրավոր քաղաքականությունը: Նժդեհն իրավամբ դժգոհում է հայ կուսակցություններից, մանավանդ նրանց աստվածաճանաչ չլինելու, նրանց «կրոնական պաղության» պատճառով.
«Կեղծ եվրոպականության գերի հայ կուսակցությունները կրոնական պաղություն մտցրին մեր ժողովրդի մեջ: Մարդկության թշնամի է ամեն «գիտնական», որ թութակում է. «Գիտությունը ո՛չ կրոն ունի, ո՛չ էլ հայրենիք»: Մեր երկրագնդի վրա անհայրենիք, անցեղ և անաստված է մարդկային տկարությունը՝ ստորությունը միայն» (Նժդեհ, հ. 1, Երևան, 2002):
Կուսակցության և կուսակցամոլության մասին նժդեհյան խոսքը խորապես ավետարանական պատվիրանի իրագործման որդիական արտահայտություն է՝ ըստ Հիսուսի այն խոսքի, որ «եթե մի տուն ինքն իր մեջ է բաժանվում, նման տունը չի կարող կանգուն մնալ»: Իսկ կուսակցությունները հաճախ կամ գրեթե միշտ են միմյանց դեմ, այսինքն՝ բաժանված: Իսկ մի փոքր ժողովրդի մեջ, որ մերն է, այդքան տարաբաժանումն արդեն վտանգավոր է և աղետաբեր:


Նժդեհը որոշ ժամանակ կուսակցական է եղել և եկել է այն հետևության, որ կուսակցություններ ամենևին հարկավոր չեն, մանավանդ հայ ժողովրդին.
«Հասկանանք, որ հայը պատճառ չունի կուսակցականանալու: Իսկ մեր ժողովրդի թվական տկարությունը, մեր հայրենիքի աշխարհագրական դիրքը և երեկվա մեր եղեռնը կը բավեն գիտակցելու, որ հայը կուսակցականանալու նաև իրավունք չունի» (Նժդեհ, հ. 1, Երևան, 2002):


Յուրաքանչյուր կուսակցություն ծանր կշռաքարն իր կողմը ձգելով, սկսում է անտեսել համազգային արժեքները: Եթե համազգային մի մարդ անդամակցում է այս կամ այն կուսակցությանը, մյուս կուսակցությունները ողջ ազգի առաջ հաճախ նվաստացնում, նսեմացնում, սևացնում են այդ մարդու արժանիքը, որպես հակառակորդ կուսակցության անդամի, դրանով իսկ խոչընդոտելով այդ մշակի համազգային աշխատանքը: Այս էր պատճառը, որ հոգևոր Նժդեհը իրավամբ դեմ է համազգային նշանակություն ունեցող պաշտոններ կամ կոչում ունեցող մարդկանց որևէ կուսակցության անդամ լինելուն: Մեր օրերում ասվածը վերաբերում է նաև նախարարներին և պատգամավորներին, բազմաթիվ այլ կարևոր պաշտոնյաների, որոնք, ցավոք, հաճախ խիստ կուսակցականացված են: Նմանները ուզած-չուզած խտրական են` կամա-ակամա իրենց կուսակցության մասնակին առավել դասելով հայրենիքի ընդհանուր շահերից: Եվ ամենևին խելամտություն չէ կուսակցականացված պաշտոններ ունենալը, երբ ժողովրդի մեջ հարկավոր մարդն այլ կուսակցությունից կարող է լինել կամ անկուսակցական, սակայն, ցավոք, պաշտոնին տիրում է ահա խիստ համեստ արժանիքների կուսակցական և հայրենիքի համար շնորհների աճը պռատում, կասեցնում, այդպես իսկ վնասելով ընդհանուր ժողովրդի շահերին:
«Եկեղեցական, ուսուցիչ, գրող, գիտնական, զորական, գործիչ ահա ընտրանին: Սրանց կոչումը հրամայողաբար պահանջում է ամբողջական և ներուժ կյանք: Օրգանապես ապաքաղաքական է ընտրանին, որով բացարձակապես անկուսակցական պիտի լինի...» (Խօսակցութիւն մը զօրավար Գ. Նժդեհի հետ», «Ռազմիկ», 1943 թ.):


Նժդեհը մեծ իմաստասեր էր և մեծ հայրենասեր և երբ ընդհանրապես կուսակցությունն էր վնաս դիտում մեր ժողովրդի համար, բնականաբար, առավել ևս անհանդուրժելի էր տեսնում կուսակցամոլությունը. այսինքն՝ նեղ շահերի այն կիզակետը, որ կամա-ակամա հակազգային դիրքերի էր մղում կուսակցականին: Այդ էր նաև պատճառը, որ Անդրանիկ Զորավարը միմյանց նսեմացնող կուսակցամոլներին հանդիմանեց, ասելով.
«Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է»:
Իրենց նեղ շահերն ունենալով, անկարելի է, որ կուսակցությունները կատարյալ լինեն: Սակայն ինչու՞ մեր ազգի շատ մեծեր, թե՛ երեկ և թե՛ այսօր, ներգրավվել ու ներգրավվում են կուսակցությունների մեջ: Կրկին, եթե միամտորեն ամենադրականը վերցնենք, ազգային ազատագրական հարցերի համար են այդ արել ու անում, քանի որ կուսակցությունները խոստումներ, դրամական միջոցներ և ծուռ կամ շիտակ հնարավորություններ, լծակներ են ունենում, որոնք պետք են ազգանվեր անհատներին: Սակայն այս անվանիներն էլ վերջում տեսնում ու վկայում են, որ կուսակցամոլները որոշակիորեն խոչընդոտել, խանգարել են իրենց` ժողովրդի համար առողջ ու լիարժեք պտուղներ տալու խնդիրներում:
Փոքր ազգի մեջ բաժանումները կամ միմյանց դեմ լարվելն ու դրդվելը, մեղմ ասած, ամենևին մեր օգուտի մասին չեն խոսում, բայց վնասն ակնհայտ ու ցայտուն, հաճախ նույնիսկ անուղղելի հանցանք է դառնում: ՈՒ նաև այդ կերպ ընդհանուր հակառակորդի առջև դարձնում է մեզ արդեն ազգովին նկուն ու ջլատված, միմյանց որոգայթող գաղափարական մտքի պատերազմից խիստ տկարացած, սակավամտացած ու ջղագրգիռ, հաճախ միմյանցից բզկտված, պատրաստ կեր դրսի ուժերին: Ինչպես այսօր բավականաչափ ջլատվածություն ունենք մեր Հայրենիքի ընդհանուր թշնամու՝ բաբելոնացման, այն է՝ Աստվածաշնչի նշած և արդեն նաև մեր երկրում էլ ոտք պնդել ջանացող մեծ խառնակության վտանգի առաջ: Վերջապես լավ է լավ հիշենք, սիրով հիշենք Տիրոջ խրատը թե. «Ինքն իր մեջ բաժանված տունը չի կարող կանգուն մնալ»:


Բնականաբար, դրսի ոչ բարի ուժերն են ջանում մեր կուսակցություններին որոգայթելով իրենց կամքը նրանց թելադրել: Կամ մեր կուսակցությունների թիվն ավելացնել` հայ ժողովրդի ներքին բաժանումներն ավելի մեծացնել ջանալով և այդպես մեզ առավել ջլատելով: Սակայն, երբ կուսակցությունների առատությունը խոսում է նաև մեր տարաբաժանումների մեծացման մասին, սա արդեն փաստում է, որ մեր ազգային միաբանությունը հնարավոր է միայն մայր եկեղեցու և ավետարանի լայն ծավալով քարոզության գրավականով: Ինչպես որ դարեր ի վեր ունեցել ենք: Քանի որ.
«Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն... Այս երկուսի ճակատագիրը նույնացած է», ասում է հոգևոր Նժդեհը:


Այս է բնականը և բանականը և մեր միաբանության, միմյանց սիրելու բանալին: ՈՒստիև՝ հարկ է, և աղոթենք, որ մեր բոլոր կուսակցություններն ընդունեն Քրիստոսին որպես ամենքի ՈՒսուցիչը, Խաղաղարարը, Փրկիչը, Թագավորն ու Տերը: Սուրբ Ավետարանի իմաստությունները դարձնելով իրենց գործունեության նպատակը, շարժառիթն ու հենարանը, քանի որ միայն Ավետարանն է կարող փոքր ժողովրդի համար առողջ ծրագիր և աներեր հենման արքայական վստահարան լինել:
Թերևս չկա մեկը մեր ազգության, գուցեև՝ մարդկության մեջ, որ կուսակցամոլների նեղ ըմբռնումներն ու վնասները, նրանց արթնացրած վտանգներն ամենքի համար այնքան հասկանալի քննությամբ ներկայացրած լինի, որքան հոգևոր Նժդեհը, որ հայտնապես խոսեց նրանց բերած ազգային մեծ վտանգների, աղետալի արք ու բարքի մասին: ՈՒստի և Նժդեհը ոչ միայն քննեց մարդու համար այդ վտանգավոր արատը՝ կուսակցամոլությունը, այլև արձանագրելով՝ ժառանգություն թողեց (համոզված եմ՝ ոչ միայն հայ ազգի կուսակցականներին, այլև ողջ մարդկության կուսակցականներին էլ), որ զգույշ լինեն և այդ արատներին ամենևին տեղի չտան: Մեջբերենք նժդեհյան այդ զգուշացում-ոսկիներից մի քանիսը.
«Չկա ավելի մեծ չարիք, ավելի մեծ աղետ ժողովրդի համար, քան կույր կուսակցամոլությունը: Այդ տարամերժ ոգիի համար չկան բացարձակ ճշմարտություններ, նրա համար չկա հասարակական շահ, պետական-բարոյական: Նրա համար օտար է այն ամենը, ինչ որ իր կուսակցության կնիքը չի կրում, ինչ որ իր կուսակցության ծնունդը չէ (նրա համար)` անընդունելի է ու անհանդուրժելի...» (Նժդեհ, Էջեր իմ օրագրէն):
«Սևմորթին ավելի հեշտ է ճերմակցնել, քան սրան (կուսակցամոլին) ընդունել տալ ամենապարզ ճշմարտությունը...» (Նժդեհ, Էջեր իմ օրագրէն):
«Կուսակցամոլության չար ոգին աստիճանաբար մթագնում է սրանց բանականությունը, կլանում խիղճը, և վերջ ի վերջո, ի սպառ սպանելով այդ դժբախտի բարոյական կարողությունները, դարձնում է սրան բարոյական ապուշ» (Նժդեհ, Էջեր իմ օրագրէն):
«Քաղաքական ստախոսություն, հայհոյանք, կեղծիք, բանսարկություն, ահա սրա «կուսակցաշէն գործունէությունը» (Նժդեհ, Էջեր իմ օրագրէն):


«Նա թունավորիչն է ազգային կյանքի: Նա թշնամանք, ատելություն, անհամբերություն է սերմանում միևնույն ժողովրդին պատկանող անհատների և խմբակցությունների միջև» (Նժդեհ, Էջեր իմ օրագրէն):
«Նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ույժերը» (Նժդեհ, Էջեր իմ օրագրէն):
«Կուսակցամոլության ախտով բռնված ժողովրդի ներկան տխուր է, ապագան՝ անհուսալի: Այդ ախտով հիվանդ ժողովուրդը միշտ էլ ներքուստ պառակտված է, միշտ էլ պատրաստի որս՝ իր գիշատիչ հարևանների համար» (Նժդեհ, Էջեր իմ օրագրէն):
«Կուսակցամոլություն, կուսակցական եսականություն, անհամերողություն. այս զզվելի ախտերը հետևանք են երկու բանի. առաջինը հոգեկան աղքատ կուլտուրայի, երկրորդը ազգային և հասարակական զգացումների տհասության» (Նժդեհ, Էջեր իմ օրագրէն):
«Պետությունը դա ես եմ, ահա՛ նրա պետական բարոյականը» (Նժդեհ, Էջեր իմ օրագրէն):
«Նահատակնե՜րը... այդ մեծ մեռելները ամենեն քիչ իրենց և իրենց կուսակցությանց կը պատկանին, ամբողջովին՝ իրենց ցեղին և պատմության: ...չկան կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա ու կմնա ազգային մարտիրոսագրությունը և հերոսականը:
Սակայն այդպէ՞ս է հասկացել մեր ժողովուրդը, ո՛չ, դժբախտաբար:
Հետեւանքը: Մեր նկուն ու ողբալի վիճակը:


Պատճառը: Կույր և բարբարոս կուսակցամոլությունը, մի զարհուրելի ախտ, որ պիտի թուլանա, որ ուժեղանանք ազգովին:
Այս ուղղությամբ պիտ աշխատեն դպրոցը, մամուլը և ի՛նքը՝ ժողովուրդը» (Նժդեհ, Էջեր իմ օրագրէն, Պաշտամունքը մեծ մեռելների):
«Մարդասեր է հայը՝ կուսակցականանալով դառնում է անզիջող, քանզի կուսակցության մեջ նա կորցնում է մտածողության և խղճմտանքի անկախությունը և սկսում խորհել, զգալ և գործել կանոնադրորէն» (Նժդեհ, հ. 1, Երևան, 2002):
«Շոյելով կուսակցական պատկանելության զգացումը, կուսակցություններն իրենց հետևորդների մեջ տկարացրին ցեղազգային գիտակցությունը: Տկարացավ հայկականը ի հաշիվ խմբակցականի: Նրանք դարձան փակ հասարակություններ հասարակության մեջ, որով մի զատիչ պատ (դրեցին) իրենց և ազգի կենդանի ույժերի միջև» (Նժդեհ, հ. 1, Երևան, 2002):


«Եվրոպական մարդկություն» (ԺԸ և ԺԹ դարերի), «համաշխարհային մարդկություն» (Ի դարի) ես չեմ հավատում ո՛չ մեկին և ո՛չ մյուսին: Եթե գոյություն ունեցած լիներ եվրոպական մարդկություն, տեղի պիտի չունենային եվրոպականության համար դարերով ասիական խավար ույժերի դեմ ճակատած մեր ժողովրդի աննախընթաց ջարդերը» (Նժդեհ, հ. 1, Երևան, 2002):
«Տուրք տալով կեղծ եվրոպականության՝ հայ կուսակցությունները իրենց թշնամին և հակառակորդը փնտռեցին իրենց ժողովրդի ծոցի մեջ, և խախտելով ազգի հոգևոր ամբողջականությունը՝ թուլացրին ճակատագրի կապը արյունակիցների միջև» (Նժդեհ, հ. 1, Երևան, 2002):


Ինչպես տեսնում ենք՝ Նժդեհն իր գաղափարախոսությամբ որպես իմաստասեր՝ ամենևին էլ կուսակցական չէր կարող լինել, և եթե ժամանակավորապես կուսակցական էլ եղավ՝ կուսակցական լծակներով հանուն իր հայրենավանդ ծրագրերից փոքրիշատե իրագործելու նպատակով: Քանի որ եթե կուսակցություններն արդեն կային, մարդկայնորեն կամենում էր դրանց ուժերը ևս, թե հնար է՝ առավել ևս գործադրել հայրենակարոտ հայի համար, թե հայրենիքում, թե Սփյուռքում, որովհետև Հայաստանը պետականություն չունենալու պատճառով կուսակցություններն էին, որ իրենց շարքերում ներառում էին հայ գործուն մտավորականության, հայ հայրենասերների որոշակի մասի հավաք ներուժեր: Այսինքն, կա մարդ Նժդեհը, որ պայմանների բերումով նաև կուսակցական կարող էր լինել, և կա հոգևոր Նժդեհը, համամարդկային մեծություն, համամարդկային իմաստուն, որ ամենևին չի ընդունում որևէ կուսակցություն: Եվ ճշմարտության լույսը հոգևոր Նժդեհի մեջ է, մարգարե Նժդեհի:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7360

Մեկնաբանություններ