Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Եթե դուք ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների

Եթե դուք ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների
24.11.2017 | 00:32

Ներողամտության հոգին մարդու մեջ աստվածադիր է, և Քրիստոսն Իր քարոզչության ընթացքում խրատներով փորձում էր արթնացնել մարդկանց մեջ այդ թմրած հատկանիշը:
Աստվածանման մարդկային պատկերի կարևոր արտահայտություններից են մարդասիրությունն ու ներողամտությունը: Մարդասեր լինել նշանակում է նմանվել Աստծուն: Ցավոք, խորապես քննելով մեր ներաշխարհը, պետք է խոստովանենք, որ մեր մարդասիրության շրջանակները խիստ նեղ են և ներառում են միայն ծնողներին, զավակներին, բարեկամներին, հարազատներին ու ընկերներին: Այսպիսով մենք դառնում ենք ծնողասեր, որդեսեր, ընկերասեր, բարեկամասեր, բայց ո՛չ մարդասեր:


Տերը` մարդասիրության գագաթնակետը, կատարելության աստիճանը համարեց թշնամիների հանդեպ սերը: Այս ճանապարհով Նա փորձում էր մեր մեջ դաստիարակել մարդասիրության նոր չափանիշներ: Եթե մինչ Փրկչի գալուստը հրեաներն էին համարվում Աստծո ժողովուրդը, ապա Քրիստոսով բոլորը մեկ դարձան. այլևս տարբերություն չկա, ասում է Պողոս առաքյալը. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք. ուրեմն խտրություն չկա ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ազատի, ո՛չ արուի և ո՛չ էգի. որովհետև դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս» (Գաղ. 3. 27-28):
Նույն այդ տիեզերական մարդասիրության ու ներողամտության ոգին Տերը դրսևորեց Իր երկրային կյանքի ողջ ընթացքում: Նա չխորշեց մաքսավորների ու պոռնիկների հետ շփվելուց, խոսեց հրեաների կողմից պիղծ համարվող սամարացի կնոջ հետ և Մեսիայի հանդեպ հավատի լույսով լուսավորեց, հասարակությունից վտարված ու մերժված բորոտների վրա ձեռք դրեց ու բժշկեց: Եվ ի վերջո հանձն առավ խաչվել ողջ մարդկության` ամենավերջին հանցավոր մարդասպանների և իրենց արդար կարծող փարիսեցիների մեղքերի համար:
Քրիստոս ասում է նաև. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13), ուստի գործով իրագործեց Իր իսկ Խոսքը` մատնվելով անարգ խաչի մահվան հանուն մարդկության փրկության:
Ներողամիտ լինելու Տիրոջ պատգամն իրագործեցին առաքյալները` հալածանքների մեջ գոհություն հայտնելով Տիրոջը, որ Նրա անվան համար նեղությունների են ենթարկվում: Մարդասիրության պատերազմում հավատքի հաղթող մարտիկներ եղան հատկապես մարտիրոսներն ու նահատակները:


Նույնպիսի կենցաղավարություն դրսևորեցին նաև կրոնավորները, անապատական միայնակյաց սուրբ հայրերը:
Ընկերոջը չդատելու Քրիստոսի պատվիրանը խորապես ըմբռնելով ու կատարելով` նրանք դարձան քրիստոնեական կենդանի հավատի ջահակիրներ և լուսավորեցին ու առաջնորդեցին ոչ միայն իրենց աշակերտներին, այլև հետագա դարերի բազմաթիվ սերունդների:
Ներելու ու ներվելու համար կարևորագույն պայմաններ են զղջումը և ապաշխարությունը. «Եթե քո եղբայրը մեղանչի քո դեմ, հանդիմանիր նրան: Եվ եթե ապաշխարի, ներիր նրան: Եվ եթե օրը յոթն անգամ քո դեմ մեղանչի և յոթն անգամ քեզ մոտ դառնա և ասի` ապաշխարում եմ, ների՛ր նրան» ¥Ղուկ. 17. 3-4¤, իսկ Մատթեոս ավետարանիչը ավելի շեշտադրված ներկայացնում է ներելու պայմանները. «Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանիր նրան, երբ դու և նա մենակ եք. եթե քեզ լսի, քո եղբորը շահեցիր: Իսկ եթե քեզ չլսի, առ քեզ հետ մեկին կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատվի ամեն ինչ: Իսկ եթե նրանց էլ չլսի, կասես եկեղեցու մեջ, իսկ եթե եկեղեցուն էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպես հեթանոսը և մաքսավորը» (Մատթ. 18. 15-17):


Եսասեր ու եսակենտրոն կեցվածքը դեմ է ավետարանի ճշմարտություններին: Բոլորս էլ երբեմն, որպես քրիստոնյա, կամա-ակամա սայթաքում ենք, ու հետո Տերը մեր խղճի միջոցով ասում է. «ՈՒ՞ր ես»: Ահա այդ ձայնը լսելուց է, որ պետք է սթափվել ու ապաշխարել, որ մեր արարքը չվերածվի բնավորության, սովորության և մեզ կործանման տանի: Առանց այդ էլ աշխարհն այսօր բյուր որոգայթներ է հյուսում մեր դեմ սկսած «ID» կոչվող անհատական համարանիշից, որի մասին գրված է Հայտնության գրքի 13-րդ գլխում, պոռնկության, ագրեսիայի, ընտանեկան ինստիտուտի քայքայման, թմրամոլության, խաղամոլության, աղանդավորության քարոզից, վերջացրած ԼԳԲՏ ազգապիղծների լկտիությունների վրա աչք փակելով: Սրանք պատահական երևույթներ չեն, այլ հեռահար ծրագրեր, որոնց վերջնական նպատակը դրանց օրինականացումն է, որին պետք է հետևի ազգի կործանումը:
Պետք է խորշել մեղքերից, պայքարել դրանց դեմ և թույլ չտալ, որ դավադիրների ձեռքով պղծվի և Աստծո պատուհասների ենթարկվի մեր սուրբ երկիրը:


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2032

Մեկնաբանություններ