Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»

«Հուդա՛, համբուրելո՞վ ես  մատնում մարդու Որդուն»
10.11.2017 | 00:01

Քրիստոսի Խոսքի արձագանքը ղողանջում է նաև մեր ժամանակներում:
Ոմանք զգում են իրենց արած չարագործությունը, զղջում, ապաշխարում, իսկ ոմանք էլ, իրենց նմանին «վնասելով», ցնծում են իրենց ապիկար գործի հաջողությամբ և կորչում անապաշխար, թեպետ վերջիններիս պահվածքը անհասկանալի է, թե ինչպես կարող է մարդ, առավել ևս, իրեն «Քրիստոսի զինվոր» համարողը չարությամբ մատնել, նենգությամբ դավ նյութել իր նմանի դեմ ու հետո հանգիստ քնել, առանց խղճի խայթ զգալու, այստեղ տեղին է հիշել Պողոս առաքյալի խոսքը. «Նրանց խղճմտանքը դաղված է»: Մարդու չարությունը սահման չունի:


Հուդայի կատարած մատնությունը կոչ է՝ ուղղված այս կարգի մարդկանց, որպեսզի սթափվեն ու գնան ոչ թե իրենց փչացած ու նենգ ցանկությունների հետևից, այլ հետևեն Աստծուն: Կան ցանկություններ, որոնք Տիրոջից չեն, և Աստվածաշունչը դրանք կոչում է ամբարիշտ ցանկություններ:


Հուդան, որը մատնել էր նրան, տեսնելով, որ նա դատապարտվեց, խղճի խայթ զգաց և երեսուն կտոր արծաթը վերադարձրեց ավագ քահանաներին ու երեցներին` ասելով. «Ես մեղք գործեցի, արդար արյուն մատնեցի» (Մատթ. 27. 3- 4):
Պողոս առաքյալը մեզ հորդորում է հեռու մնալ նախանձ, կռիվ, հայհոյություններ, չար կասկածներ, խարդախություններ ծնող մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանցից, որոնք շահի աղբյուր են համարում աստվածապաշտությունը, և հավելում. «Իրոք, աստվածապաշտությունը շահի մեծ աղբյուր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից. որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել: Այլ ունենք կերակուր և հանդերձներ ու դրանցով էլ բավականանանք: Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դեպի կործանում և դեպի կորուստ, որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մեջ» (Ա Տիմ. 6.6-10):


Ինչու Հուդան մատնեց համբույրով. միգուցե նա այնքան էլ վստահ չէր Հիսուսի մեղավորության մեջ և նրա արդարանալու դեպքում չէր ուզում սևերես մնալ, կորցնել նրա աչքերին նայելու հնարավորությունը, բայց սրտագետ Աստված հարցրեց` համբույրո՞վ ես մատնում: Եվ երբ նա հասկացավ, որ իր դավադիր համախոհները Հիսուսին արդարացնելու մտադրություն չունեն, զղջաց, սակայն, իր արածը չկարողանալով ինքն իրեն ներել, ինքնասպան եղավ: Մատնությունն ընդհանրապես ստոր արարք է, մատնիչները` ստորագույն արարածներ, որոնք երբեք ներման չեն արժանանում, նրանք իրենք իրենց են դատապարտում, որովհետև ընկնում են այնքան ցած, որ այլևս անհնար է բարձրանալ. պարզապես նրանց ոչ ոք ձեռք չի մեկնում, նրանք մնում են միայնակ, որովհետև չեն սիրում, չեն ողորմում, չեն կարեկցում, այլ միայն քծնում են, շողոքորթում, հաճոյանում` իրենց շահը հետապնդելով, բայց վերջում գտնում են միայն կորուստ ու կործանում: ՈՒրացողը միայն իրեն է վնասում, իսկ մատնիչը` նաև իր զոհին: Ցավալին, սակայն, այն է, որ մատնիչը միշտ մեկն է, ով կողքիդ է ու բարեկամ է համարվում:


Երեսուն արծաթը, ըստ քահանայապետերի` Հիսուսի Արյան գինն էր: Հուդան էլ համամիտ էր, քանի որ առանց սակարկելու համաձայնեց նրանց առաջարկած գումարին, բայց մենք գիտենք, որ մեր Տիրոջ Արյունը անգին է: Նա այդքան գնահատեց ոչ միայն իր` քահանայապետերին արած «ծառայությունը», այլև այն նոր ու հրաշալի կյանքի հնարավորությունը, որ տվել էր նրան Հիսուս: Երեսուն արծաթը այն գինն է, որով մեղավոր մարդը գնահատում է Աստծո` իր համար արված զոհողությունը: Երեսուն արծաթը այն գինն է, որ աշխարհը սահմանել է քո հոգին իրեն տալու դիմաց, և եթե դու ագահ ես, չես հրաժարվի ավելորդ 30 արծաթից: Հուդայի՝ ագահությունից կուրացած կերպարը բացահայտում է Հովհաննես առաքյալը (Հովհ.12.4-6):
«Ով ունի, նրան կտրվի և կավելացվի, ով չունի, նրանից կվերցվի ունեցածն էլ» (Ղուկ. 19.26). ունի նա, ով գոհանում է իր ունեցածով, իսկ չբավականացողը ամբողջ տիեզերքով էլ չի գոհանա: Քահանայապետերին պետք էր ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանել, և ցանկալի էր, որի այդ ձեռքը երբևէ բռնած լինի Հիսուսինը, այսինքն՝ պետք էր Նրան մոտ կանգնած մեկը: Մի բան հստակ է. մատնության, դավադրության, դավաճանության և ուրացության հիմքում շահն է, ավելի ճիշտ` շատ կոնկրետ փողը, դրամը, մամոնան, բարեկեցիկ կյանքի սովորական ու մարդկային թվացող ձգտումը, որը մոռացության է մատնում այն փաստը, որ տիեզերքի թագավորը ծնվեց ախոռում և տաքացավ անբան անասունների շնչով, որովհետև բարեկեցիկ պայմաններով ապահովված բանական մարդիկ չցանկացան նրա հետ կիսել իրենց տան ջերմությունը:
Մեզնից յուրաքանչյուրի մեջ ծպտված հուդա կա, մենք ոչնչով նրանից լավը չենք, բայց դեռ կարող ենք նայել Հիսուսի աչքերին. չկորցնենք դեռևս մերը հանդիսացող այդ հնարավորությունը:


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2446

Մեկնաբանություններ