Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Երեսպաշտության բանաձևը

Երեսպաշտության բանաձևը
07.11.2017 | 00:51

Հիսուս իմացավ նրանց կեղծավորությունը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր» (Մարկ. 12.15)։
Ավետարանում բազմաթիվ են այն դեպքերը, երբ շատերը մոտենում էին և փորձում Հիսուսին, որ մի հակասություն գտնեն և դատապարտեն Նրան:
Ոչինչ չի փոխվել այն օրերից. հիմա էլ նույնն է կատարվում: Մարդը կատարյալ չէ, և դա լավ գիտեն սատանան ու նրան ունկնդիր մերօրյա փարիսեցիները, որոնք, ականջալուր լինելով կորստյան որդու ձայնին, դառնում են նրա կամակատարը և գործակիցը: Անօրեն բանսարկուն ի սկզբանե չարախոս է, և ով չարախոսում է իր բարեկամին, ընկերոջը, ծառայակցին..., նա իր բերանը բանսարկուի բերան է դարձնում, իսկ ով բարեխոսում է, նմանվում է Քրիստոսին, որը բարեխոսն է Հոր մոտ մեզ համար (Ա Հովհ. 2.1), և սրբերին, քանզի բարեխոսությունը հատուկ է նրանց: Քրիստոսն անապատում փորձությունից հետո էլ Իր երկրային կյանքի ողջ առաքելության մեջ բազմիցս ենթարկվեց փորձության, և սա օրինակ է բոլոր քրիստոնյաներին: Յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա անհնար է, որ փորձության չենթարկվի: Մեր կյանքը կարծես Սավուղի և Դավթի հակամարտությունը լինի, որտեղ հաղթողը եղավ Աստծո ընտրյալ Դավիթ մարգարեն, իսկ Սավուղը անարգ կորստյան պսակը կրեց: Աստծո ընտրյալները միշտ են հաղթում:


Երբ սատանային ականջալուր ամբոխը խաչեց Քրիստոսին, և նրանք, և նրանց այդ քայլին դրդողները մտածեցին` վե՛րջ, ամեն ինչ ավարտվեց, բայց եղավ Հարության լուսաբացը, և կարկամեցին նրանց բերանները: «Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կլինի մեզ դեմ»,- ասում է Դավիթ մարգարեն: Քրիստոսը յուրաքանչյուր ճշմարիտ հավատավոր զավակի հետ է Իր անսուտ Խոսքով. «Ես ձեզ որբ չեմ թողնի», «Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը», և այս խոսքերին ապավինողը մշտապես կհաղթանակի Քրիստոսով: Մենք պետք չէ, որ նրանցից վրեժխնդիր լինենք, քանզի աստվածախոս Պողոս առաքյալն ասում է. «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թո՛ւյլ տվեք, որ Աստծո բարկությունը կատարի այն. որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, և ես կհատուցեմ»,- ասում է Տերը: Կարկուտի ամպեր կկուտակվեն, բայց կարկուտ չի տեղա, որովհետև Աստված, որ երևելիների և աներևույթների ստեղծողն է, կխնայի իր զավակին նման անօրենների ձեռքից: Տիրոջ առաքյալը մեր ժամանակների մասին հստակ ասել է. «Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմ. 3. 1-5):


Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկը մատնիչ և բանսարկուի կամակատարը եղավ: Հուդան առաքյալ էր` կոչված Քրիստոսի ճշմարիտ Խոսքի լուսակիրը լինելու, բայց խավարեց ընչաքաղցության պատճառով: Այս վերջին ժամանակներում հուդաները ավելի շատ են, քան առաքյալները, և ձվի մեջ մազ որոնելն ու այն իբրև չարագործություն ներկայացնելը վերադասներին կամ հանրությանը այսուհետ անխուսափելի է, ուստի մեզ մնում է ապավինել Աստծո ողորմությանը և արդար դատաստանին, տքնել, չարչարվել, երբեմն էլ ենթարկվել բանսարկուակիր «քրիստոնյա» ստրկամիտ երեսպաշտների մատնությանը, բայց և հաղթել Աստծով, գործել ի փառս Աստծո, ի զորացումն մեր առաքելական Սուրբ Եկեղեցու և ի փրկություն մեր հոգիների Երկնքի Արքայության մեջ։ Ամեն։

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ