ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Կանգնիր ու լսիր

Կանգնիր ու լսիր
21.07.2017 | 00:03

Ես նորից մտա Երուսաղեմ Ոսկե դարպասներով ու 2000 տարի անց՝ ինձ ոչ ոք չկանգնեցրեց: Հազարավոր զինվորների հոգիները, որ պիտի երկնքում իմ ճանապարհը փակեին՝ քաղաք չմտնելու համար, պատշաճ հեռվից խոնարհվեցին ինձ ու ճանապարհը ցույց տվեցին: Երուսաղեմում համարյա ոչինչ չի փոխվել: Տեղանքը: Պալատները: Շենքերը: Նույն անապատն է, որտեղ անձրև չի գալիս: Պալատներից մնացել են պատերը: Մարդիկ ապրում են շենքերում: Ոչինչ չի փոխվել մարդկանց հոգում՝ նրանք քայլում են Սիոնի պարսպի վրայով ու Սիոնը չեն տեսնում: Նրանք շրջում են Ձիթենիների այգում ու աղոթք չեն լսում: Նրանք նույնիսկ իրենց ձայնը չեն լսում, որովհետև ասելիք չունեն իրենք իրենց: Նրանց ամբողջ ասելիքը ուրիշներին է ուղղված: ՈՒ դա աղքատացնում է նրանց: Անգամ Սուրբ Հարության տաճար տանող սալահատակը անցնում է արաբական շուկայով: Այդ սալահատակին կան իմ ու իմ աշակերտների ոտնահետքերը, բայց ճանապարհ չդարձավ մեր ոտնահետքերով սալահատակը, որտեղ նորից ապրում են լումայափոխները և ծաղկում է առևտուրը: Մարդկանց ու նրանց հոգիների:


Ինչո՞ւ վերադարձա: Կարոտել եմ: ՈՒզում եմ նորից մարդ լինել: Նրանք այլևս չեն խաչի ինձ, կկրակեն թիկունքից, ու ես անակնկալի կգամ նորից, որովհետև ես նրանց չեմ սովորեցրել դավադրել: Ես կմեռնեմ ու հարություն կառնեմ, որ շարունակեմ նրանց սովորեցնել, իսկ նրանք՝ չսովորել: Դա է կյանքը երկրի վրա, որ երկնքում հասկանալի չէ: Լացի պատը: Ավելի մեծ սուտ չկա: Նրանք ողբում են ու աղոթո՞ւմ: Նրանք մեղքերի թողությո՞ւն են խնդրում: Բնավ: Նրանք գիտեն, որ երբեք չեն կառուցի Սողոմոնի տաճարը ու Սողոմոնի տաճարի պատից նրանք իրենց նոր ցանկությունների կատարում են խնդրում: Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ միայն իրենց ուզածը ստանան: Այս բարկ արևը ու առանց ամպերի երկինքը՝ անհեթեթ կապույտ, բացարձակ կապույտ, չեն երևակում նրանց հոգիները, որ նույնպես Լացի պատի տակ նվնվացել են ու ոչինչ չեն ստացել, որովհետև չեն քանդել իրենց ներսի պատը ու ապավինել են դրսի պատերին: Նրանց պաշտպանությանը, իսկ այդ պատերն ամենաանհաստատն են աշխարհում: Ես հանդիպեցի իմ աշակերտներին, ու նրանք պատրաստ են նորից ինձ հետ լինել: Ես գիտեի, բայց նրանք չեն անելու ավելին՝ քան արել են: Նրանք ավելին անել չեն կարող: Հավատարմության օրենքը ապարդյուն օրենք է, երբ փոփոխություններ են պետք: Նրանք հանդգնություն չունեն ու չեն էլ ունեցել: 2000 տարի առաջ նրանք պատրաստ էին աշխարհը փոխել, բայց աշխարհը պատրաստ չէր փոխվել: Աշխարհը երբեք փոփոխություն չի ուզում, մարդիկ ուզում են ապրել՝ ոչինչ չկորցնելով: Նրանց թվում է, որ իրենք են որոշում՝ ինչ ունեն ու ինչ ունենան ուրիշները: Նրանց միշտ է այդպես թվում: Նրանք միշտ տեսնում են միայն իրենց օրը ու օրվա մեջ պարպված ժամանակը, քայլ առաջը ու ժամանակի հետ իրենց տեսնելը անհուսալի զբաղմունք է՝ սխալվելու վախը, թե ընտելանալը, գուցե ընդամենը օրն առավելագույնս ունենալու ցանկությունը նրանց կտրում է իրական գետնից ու նրանք ապրում են իրենց ստեղծած պատրանքների հետ՝ հավատացած, որ դա է իրական կյանքը: Ես նրանց հասկանում եմ, բայց չեմ ընդունում, որ նրանք կարող են հրաժարվել երազից ու հեռանկարից, նրանք ստեղծված են Աստծո պատկերով ու նմանությամբ ու միշտ պիտի հիշեն, որ բումերանգը վերադառնում է, եթե նույնիսկ իրենք չեն նետել:


Ես հանդիպելու եմ Մուհամեդին: Նա միանգամից համաձայնեց հանդիպել, բայց ասելիք չունի: Ինքն էլ գիտի, որ այլևս ոչինչ չի տնօրինում, բայց ուզում է հավասարը հավասարի հետ խոսել: Ես չեմ առարկում: Նա խաբված է իր սպասումներում, ինչպես բոլոր մարգարեները, որ գուշակում են իրական կյանքը, իսկ մարդիկ ապրում են սեփական պատրանքայինը: Մուհամեդը չէր կարող չգալ ու եկավ: Նա անհրաժեշտություն էր, ինչպես անձրևն անապատում: Նա դարձավ աստված, որովհետև մարդիկ հոգնել էին ապրել իրենք իրենց համար, նրանց պետք էր մեկը, ում վրա բարդեին իրենց արարքների պատասխանատվությունը ու արդարանային, ում խոսքով ապրեին ու հաջողության համար շնորհակալ լինեին, անհաջողության համար՝ մեռնեին:
Ի՞նչ եմ ես ուզում նրան ասել, ինչ է ուզում ինձնից լսել Մուհամեդը: Նա գիտի ամեն ինչ: Նա ելք է փնտրում: Նրա հետևորդները Ղուրանը կարդում ու չեն հասկանում: Չեն հասկանում՝ ինչ նա է ասել, հասկանում են՝ ինչ իրենց է պետք: Եվ մի՞թե դա ընդհանրական օրենքը չէ մարդկության դժբախտության ու դատապարտվածության: Ես ամեն ինչ գիտեմ, որովհետև նրանից առաջ եմ անցել ճանապա՞րհը: Ոչ: Բայց այսօր ես էլ բեկորված եմ ու չեմ ուզում երկինք նայել, արշալույսը չեմ ուզում դիմավորել ու նոր օրվա հետ հույսեր չեմ կապում ու նույնիսկ ցավին ու արցունքներին չեմ հավատում: ՈՒզում եմ բեկորները թափ տալ ու լաց լինել:


Նորից նույն պատկերը, որ քանի օր է՝ ինձ հանգիստ չի տալիս՝ կառափնարանի առաջ դահիճը կանգնած՝ ծաղիկներն է տրորում: Ոչ ոք չի տեսնում՝ ինչպես եմ խեղդվում, նույնիսկ նա, ում խելահեղ էի հավատում: Սա տրամադրություն է, կանցնի: Սիրտս անտարբեր արյուն է մղում, իսկ հոգիս քաղցած է: Այլևս կրակ չի լինի: Մուհամեդը դա գիտի, ու նա ևս ճամփաբաժանին է: Ես վերադարձել եմ, նա կվերադառնա, որովհետև կարգուկանոն է պետք երկրի վրա: Իսկ եթե չվերադառնա, միևնույն է, նա երկատված է՝ ոչ երկնքում է ու ոչ երկրի վրա:
Մարդիկ կատաղի են դառնում, երբ չգիտեն ինչպես պաշտպանվել: Իսկ նրա հետևորդները իրենց առաջին օրից չգիտեն՝ ինչպես միմյանց վերաբերվել: ՈՒ հենց այդ պատճառով ընտրել են ամենահեշտ ճանապարհը՝ ոչնչացնել իրենց ճանապարհին ամեն ինչ ու մնալ մենակ, որ հարցեր չլինեն: Մուհամեդը ավելին գիտի ու թույլ չի տալիս, որ նրանք այդ ճանապարհով տեղ հասնեն, որովհետև մենակ նշանակում է ոչինչ: Կառափնարանի առաջ դահիճը կանգնած՝ ծափերի է սպասում: Նա պատրաստ է ինքնասպան լինել, բայց ուզում է ապրել: Կյանքի ու մահվան ափերին քայլելը մարդկանց գայթակղությունն է, աստվածների ճակատագիրը հավերժությունն է: Սա տրամադրություն է, կանցնի: Ես պիտի հանդիպեմ Մուհամեդին ու առավոտից հիշում եմ Պոնտացի Պիղատոսին: Ես պիտի առաջ գնամ, բայց անցյալ եմ վերադառնում իմ իսկ ոտնահետքերով: Նրանք վաղուց չկան՝ Կայիափան, Պիղատոսը, կեսարները, բայց նրանք շարունակ վերարտադրվում են՝ նոր կերպարով ու նոր ժամանակներում, խնդիրները, որ նրանք լուծում են, նույնն են: Հիմա ո՞ւմ եմ ես հանդիպելու: Կայիափայի՞ն, որ իշխանություն էր ուզում, Պիղատոսի՞ն, որ որոնում էր աշխարհում ներդաշնակություն ու աշխարհ ասելիս Հռոմ էր հասկանում, որևէ կեսարի՞, որ կոչված էր կարգուկանոն հաստատել երկրի իրեն տրված հատվածում: Ո՞Ւմ: Ես ինքս ինձ էլ չեմ ուզում խոստովանել, որ վերադարձել եմ ինձ հանդիպելու:


Սուրբ Հարության տաճարի առաջ սալաքարերի վրա մի տղեկ էր նստած, ձեռքին հեռախոս էր, ինչ-որ մեկին արագ-արագ նամակ էր գրում, երբ քահանան հավասարվեց նրան, տղան վեր թռավ քարից ու համարյա կառչեց քահանայի փեշից: «Հայր սուրբ, մի հարց տամ էլի, միայն մի հարց»: Քահանան պատարագից հետո հոգնած էր ու գունատ, գիշերային երգեցողությունից ձայնը մի քիչ խանձվել էր ու պահ առաջ ուզում էր տուն հասնել: «Հարցրու, զավակս»,- ասաց նա ու ժպտաց, տղայի ձեռքը բռնած՝ զովություն տարածող տաճարի դռանը մոտեցրեց, որ գոնե կիզիչ արևի տակ չլինեն: «Հայր սուրբ, մենք բոլո՞րս ենք ստեղծված Աստծո պատկերով ու նմանությամբ»,- աչքերը կլորացրած հարցրեց տղան: «Այո, Աստվածաշնչում է վկայված, դու չե՞ս կարդացել»: «Կարդացել եմ, բայց չեմ հասկացել, եթե մենք բոլորս ստեղծված ենք Աստծո պատկերով ու նմանությամբ, ինչո՞ւ բոլորս նման չենք իրար»,- առանց ժպիտի նշույլի, շատ լուրջ հարցրեց տղան ու սպասողական կախվեց քահանայի հայացքից: Իսկ նա անսպասելի քրքջաց ու շոյեց տղայի գլուխը: «Իսկ դու տեսե՞լ ես Աստծուն, դու գիտե՞ս, որ նա է սկիզբն աշխարհում ամեն ինչի ու աշխարհի: Նման ենք, մենք բոլորս նման ենք նրան ու նման ենք իրար, բայց մեզ թվում է՝ տարբեր ենք: Դու ուզում ես, որ մենք արտաքո՞ւստ նրան նման լինենք: Մեր մեջ սուրբ հոգին է ապրում ու մենք բոլորս մասն ենք Աստծո: Դու մի քիչ կմեծանաս ու կհամոզվես»,-ասաց քահանան: Տղան շատ լուրջ պատասխանեց. «Իսկ ես ուզում եմ արտաքուստ էլ նման լինել: Ես նմա՞ն եմ Աստծուն, հայր սուրբ»:


Սուրբ Հարության տաճարից զովություն ու խնկահոտ էր տարածվում, հավատացյալներն ու զբոսաշրջիկները, ուխտավորներն ու անհավատները ելումուտ էին անում տաճար ու պարտադիր պտտվում՝ վերև, ներքև, շուրջբոլորը, մոմեր էին վառում, աղոթում էին, լուսանկարում ու լուսանկարվում էին, իսկ այս կապույտ աչքերով ու համարյա ծղոտի գույնի գանգուրներով տղան կանգնել էր տաճարի դռան առաջ և ուզում էր արտաքուստ Աստծուն նման լինել: Քահանայի քունը տանում էր, նա սոված էր ու արևից գլուխը թեթևակի պտտվում էր: Գրպանում միշտ օրհնված խաչեր էին լինում, հիմա չկային, իսկ նա այնպես ուզում էր, որ տղան այդ օրը հիշեր: Քահանան արծաթե խաչը հանեց պարանոցից, խաչակնքեց ու պարզեց տղային: Նա զարմացած մի քայլ հետ գնաց, հետո հանկարծ ծնկեց ու համբուրեց քահանայի աջը: Տաճարից տարածվում էր երգեցողության միալար մեղեդին, հետո թմբուկները խախտեցին խաղաղությունը՝ ղպտիներն էին: Նրանք սիրում են Աստծո հետ բարձրաձայն խոսել:


-Հայր սուրբ, հայր սուրբ, մի հարց էլ տամ, հա՞:
-Ասա:
-Իսկ դուք Աստծուն տեսե՞լ եք:
-Աստված մեզ բոլորիս տեսնում է, Աստծո աչքը միշտ բաց է մեզ վրա, գուցե մենք էլ նրան կտեսնենք, եթե…
-Եթե ի՞նչ:
-Եթե ինքը ցանկանա:
-Հայր սուրբ, շնորհակալ եմ, ես կսպասեմ նրան:
Պատմե՞մ Մուհամեդին: Բայց նա չի հասկանա, թե իմ ինչին է պետք իբրև քահանա Հարության տաճարում գիշերն անցկացնելուց հետո առավոտյան պատասխանել տղեկի հարցերին ու նրան Աստծո պատկերը նվիրել: Իսկ նա ափում ամուր սեղմում էր պարանոցից կախված խաչը ու վախենում էր մատները բացել, ես զգում էի նրա երկյուղած սպասումը, որ այստեղ ու հիմա հրաշք է կատարվելու: Նա զգում էր ու չէր հասկանում, որ հրաշքը կատարվում էր: Կապույտ աչքերով ու ծղոտի գույնի գանգուրներով տղան, որ ուզում էր արտաքուստ Աստծո նման լինել ու Աստծուն հանդիպել: ՈՒ՝ հանդիպեց: ՈՒ ոչ ոք երբեք ոչինչ չի իմանա: Նույնիսկ ինքը: Ինչո՞ւ էր այդ տղան ինձ թվում Հովհաննեսի նման: Մարդիկ հնարել են ժամացույցը և իրենց թվում է, որ սկսել են հաշվել ժամանակը: Որևէ ժամացույց երբեք չի կարող ժամանակը հաշվել, որ չափվում է երկնքում: Մատներիս միջով լույս է անցնում ու ես գիտեմ, որ լույսն անցնում է ժամանակի միջով: Տղան, որ հեռախոսով արագ-արագ նամակ էր գրում, եթե նորից նայեր հեռախոսին, տեսնելու էր, որ որևէ վայրկյանով չի կտրվել իր տառերից, որ բառ էին դառնում, որ հասնեին հեռու-հեռու ու ասեին՝ մամ, ես լավ եմ, շոգ է, բայց չեմ շոգում, քեզ համար մոմ եմ վառել ու խունկ եմ առել: Ափի մեջ էր խաչը, ու նրան թվում էր, որ արծաթից ջերմություն է տարածվում երակներում: Թվում էր՝ ղպտիները, որ թմբուկների զարկի տակ երգում էին անհասկանալի լեզվով, բոլորին ասում էին՝ գնա՝ ուր ուզում ես, ես քեզ հետ եմ: Դու մենակ չես, ես քեզ հետ եմ, և ասում էին՝ Աստծո անունից, որովհետև ղպտիներն իրականում աղոթում էին, իսկ ամեն աղոթք միշտ պատասխան է ստանում: Կանգնիր ու լսիր:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հատված «Ego eimi» գրքից

Դիտվել է՝ 2949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ