Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Աշխարհը մի ընդհանուր մուտք ունի և մի ընդհանուր ելք»

«Աշխարհը մի ընդհանուր մուտք ունի և մի ընդհանուր ելք»
24.03.2017 | 11:16

Չարացած մարդկությունը` ամբոխի վերածված, անօրեն կեցվածքով դեպի ինքնաոչնչացում է գնում` չգիտակցելով իր իսկ մոտալուտ վախճանը:
Հարուստ, թե աղքատ, շինական, բանվոր, թե իշխանավոր, բոլորն են չարացած, խնդիրների, անհանգստության, հոգեկան տառապանքի և ալեկոծության մեջ, և երբեք, ոչ ոք իրեն հարց չի տալիս` ինչո՞ւ, որտեղի՞ց այդ չարությունն ու մարդատյացությունը:
Քրիստոսն ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհ. 14.27), ահա հարցի պատասխանը: Այսօրվա մարդը խոսքով վկայում է, թե Աստված կա, բայց և ուրացել է Աստծուն, լքել շնորհը, հեռացել Լույսից:


Աշխարհային մեղք - կյանքը նման է ճահճի, ինչքան առաջ ես շարժվում, այնքան ավելի է ներքև ձգում, առավել ընկղմում մեղքի և կորստյան մեջ: Լույսից հեռացած է մարդ արարածը, Քրիստոսից լքված` իր իսկ գործած մեղքերի պատճառով, դրա շնորհիվ է, որ մարդ արարածը կորստյան ուղին է բռնել: Բոլոր մարդիկ են սխալական, և փոխանակ մեր ընկերոջ, դրացու, ենթակայի սխալը ուղղելու` մենք երբեմն նրանից գաղտնի չարախոսում ենք, մատնացույց անում նրա սայթաքումները, դատապարտում թերությունները: Մի բան պարզ է. ուրիշին դատելով` մենք ինքներս ենք մեզ դատապարտում, և այդ հուշում են մեզ գոնե մեր ենթագիտակցությունն ու խիղճը: Յո՞ երթաս, մարդ Աստծո: Կյանքը ակնթարթ է, և «աշխարհը մի ընդհանուր մուտք ունի և մի ընդհանուր ելք», մե՛նք չենք որոշում մեր ծնվելու ժամն ու ժամանակը, ազգությունն ու վայրը, մե՛նք չենք որոշում այս աշխարհից գնալու ժամանակը, բայց մե՛նք ենք որոշում, թե ինչպես ապրել` ինչ վարքագծով, և ըստ այդմ էլ, վաղ թե ուշ պատասխան ենք տալու մեր ապրած կյանքի յուրաքանչյուր վայրկյանի համար: Մուտք գործել ենք, ելքն էլ պատրաստված է ըստ ժամանակին նախախնամված յուրաքանչյուրիս համար: Մարդ իրական սիրով կարող է սիրել միայն այն ժամանակ, երբ ճանաչում է աստվածային սերը, կարող է խաղաղվել այն ժամանակ, երբ Քրիստոսի խաղաղության մեջ հաստատվի, կարող է ներել այն ժամանակ, երբ տեսնում է Քրիստոսի ներողամտությունը և կարողանում է զսպել իրեն, երբ ճանաչում է Աստծուն և տեսնում իր ունայնությունը: «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք» (Մատթ. 7. 1-2), «Ամեն ինչ, որ կամենում եք, որ ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց» (Մատթեոս, 7-12): Մեր կյանքը կարծես բումերանգ լինի, ինչպես ապրում և գործում ենք, ինչ սերմնահատիկ ցանում ենք, այն էլ հնձում ենք:

«Փտած շիվերը խոր արմատներ չեն տա, թեպետ կարճ ժամանակով կարող են ծաղկել, բայց որ խոր արմատներ չունեն, շուտով կչորանան». ահա այս է մեղավորի կյանքը: Վե՛ր հառեք ձեր մեղքերից, որ ձեր խիղճն է վկայում, գնացե՛ք դեպ հայրենավանդ հավատը, Քրիստոսից առե՛ք խաղաղության ավետիսը, որ այլևս չալեկոծվեք, չձանձրանաք, չչարանաք ու ձեր ծնված օրը չանիծեք:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1293

Մեկնաբանություններ