Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Պետրոս առաքյալի վկայությունը

Պետրոս առաքյալի վկայությունը
21.03.2017 | 11:45

Ավետարանում Տերը խոստացավ Պետրոս առաքյալին դրախտի և դժոխքի բանալիները:
Թե ինչու Տերը Պետրոսին տվեց հիշյալ բանալիները, այսօր այդ մասին չխոսենք: Միայն ասենք, որ այդ բանալիները Պետրոսը նաև գրվածքով արտահայտեց: Թե՛ դրախտը, թե՛ դժոխքը տեսնելով` պատմեց լսողներիս` հստակ ու ազդու պատկերելով, որ մենք դրանցից օգուտ և իմաստուն խրատ քաղենք:


Այսօր, մանավանդ պահքի ժամանակ, կարծում եմ, օգտակար դեր ունի Պետրոս առաքյալի Հայտնությունը ևս հիշելը, որ վկայություն է դրախտին ու դժոխքին արժանացած ննջեցյալների հոգիների մասին:
Պետրոսի Հայտնությունը Արտակ Մովսիսյանի թարգմանությամբ տպագրել էր «Գարուն» ամսագիրը: Մոտ երկու տասնամյակ առաջ, տեսնելով, որ մեր ժամանակների մարդուն օգտակար է, խմբագրությանը խնդրեցի առանձին բուկլետով հրատարակել: Եվ ամսագիրն ու «Նաիրի» հրատարակչությունը համատեղ այդ աշխատանքը հանձն առան: Եվ շնորհակալություն հայտնեցի իմ ընկերներին` Վարուժան Այվազյանին ու Հրաչյա Թամրազյանին (Աստված նրանց հոգիները լուսավորի), որ հրատարակությունը ձրի իրականացրին` որպես նվեր հայ հավատացյալին:


Պետրոսի վկայության մեջ Հիսուսը առաքյալին ցույց է տալիս դրախտն իր բնակիչներով և դժոխքն իր տանջարաններով ու պատժվողներով: Այսինքն` յուրաքանչյուրս մեր վարքով մեր ընտրած ճանապարհի վաղվա պատասխանատուն ենք այսօր, քանի որ Աստծո առջև աչառություն չկա:
Մեջբերենք Պետրոսի վկայությունից դրախտի և դժոխքի մասին հատվածներ.


ԴՐԱԽՏ
«Եվ Տերը ցույց տվեց այս աշխարհից դուրս մի հսկա տարածություն՝ գերպայծառ լույսով փայլող, օդն այնտեղ փայլատակում էր արևի ճառագայթմամբ, հողը ծաղկել էր անթառամ ծաղիկներով, լի էր բուրմունքով և օրհնյալ պտուղներ տվող գեղեցկածաղկուն հավերժ բույսերով: Եվ ծաղկումն այն աստիճանի առատ էր, որ բուրմունքն այնտեղից հասնում էր մեզ: Իսկ այդտեղի բնակիչները հրեշտակների լուսավոր զգեստներ էին զգեցել, և նրանց հագուստը նման էր իրենց երկրին: Այնտեղ, նրանց միջև, ճախրում էին հրեշտակները: Այդպիսին էր գեղեցկությունը նրանց, ովքեր ապրում էին այնտեղ, և նրանք միաձայն փառաբանում էին Տեր Աստծուն՝ ուրախանալով այդ տեղում... Տերը մեզ ասում է. «Սա ձեր՝ քահանայապետերի, բարեպաշտ մարդկանց տեղն է»։


ԴԺՈԽՔՆ ԻՐ ՏԱՆՋԱՐԱՆՆԵՐՈՎ
«Ես տեսա դրա դիմաց և այլ, շատ խավար մի տեղ: Դա պատժելու տեղն էր: Այնտեղ պատժվողներն ու պատժող հրեշտակները ունեին այդ տեղին պատշաճող մթին հագուստներ: Ոմանք այնտեղ կախված էին լեզուներից: Դրանք արդարության ճանապարհը հայհոյողներն էին, նրանց տակ վառվում էր բոցկլտացող կրակն ու տանջում էր նրանց: Եվ այնտեղ մի լիճ կար՝ լի բոցավառվող տիղմով, այնտեղ գտնվում էին արդարությունը խեղաթյուրողները: Նրանց հսկիչ էին նշանակված տանջող հրեշտակները: Այդ եռացող տիղմի վրա կային նաև կանայք՝ կախված իրենց մազերից: Դրանք այն կանայք էին, որ զուգվում էին շնանալու համար, իսկ նրանք, ովքեր զուգակցվում էին նրանց հետ պոռնկության ապականությամբ՝ կախված էին ոտքերից, իսկ նրանց գլուխները ընկղմված էին տիղմի մեջ, և նրանք ասում էին. «Մենք չէինք կարծում, թե կընկնենք այստեղ»... Եվ ես տեսա մարդասպանների ու նրանց հանցակիցների` նետված մի զնդան, որը լիքն էր չար սողուններով, այդ գազանները կրծում էին նրանց՝ տանջանքների մեջ գալարվողներին, և արգանդները նրանց փակվել էին խավարի ամպերի նման: Եվ սպանվածների հոգիները՝ կանգնած ու հետևելով մարդասպանների պատժին, ասում էին. «Աստված, արդար է դատաստանը Քո»: Այդ տեղի մոտ տեսա մեկ ուրիշ նեղ տեղ, ուր թափվում էին պատժվողների արյունն ու անմաքրությունները և կազմում լիճ: Այնտեղ մինչև վիզը արյան մեջ նստած էին կանայք, իսկ նրանց դիմաց նստել ու լաց էին լինում երեխաներ, որոնք ծնվել էին ժամանակից շուտ: Նրանցից ելնում էին հրո ճառագայթներ և խփում կանանց աչքերին։ Դրանք ապօրինի հղիացածներն ու պտուղը ոչնչացնողներն էին: Այնտեղ կային էլի տղամարդիկ ու կանայք՝ մարմինների կեսը կրակի մեջ: Նրանք նետված էին մթին տեղեր: Նրանց խարազանում էին չար ոգիները, որդերը խժռում էին նրանց ներսը: Դրանք այն մարդիկ էին, որ հետապնդել էին արդարներին ու մատնել նրանց: Նրանց կողքին ևս կային տղամարդիկ ու կանայք, որ կծում էին իրենց շրթունքները, նրանք տանջվում էին և շիկացած երկաթով հարված ստանում աչքերին: Դրանք բարեպաշտության ճանապարհը հայհոյողներն ու անարգողներն էին: Իսկ նրանց հակառակ կողմում կային ուրիշ տղամարդիկ ու կանայք ևս, որոնք կծում էին սեփական լեզուն և նրանց բերանը լցված էր կրակով: Դրանք սուտ վկայողներն էին: Իսկ մի այլ տեղում կային թրերից ու նիզակներից էլ սուր կայծքարեր, որոնք շիկացած էին, և կանայք ու տղամարդիկ, որ հագած էին կեղտոտ փալասներ, տառապագին թավալվում էին նրանց վրա: Դրանք այն հարուստներն էին, որոնք ապավինել էին իրենց հարստությանը՝ չկարեկցելով որբերին ու այրիներին և արհամարհել էին Աստծո պատվիրանը: Մեկ այլ մեծ լճում, որ լի էր կրակով, արյամբ ու եռացող տիղմով, մինչև ծնկներն ընկղմված էին տղամարդիկ ու կանայք: Դրանք վաշխառուներն ու տոկոսների դիմաց տոկոսներ գանձողներն էին: ՈՒրիշ տղամարդիկ ու կանայք` հսկա ժայռերից վայր նետվելով, ընկնում էին ցած, իսկ նրանց վրա կարգված հսկիչները կրկին քշում էին նրանց և ստիպում բարձրանալ ժայռն ու նորից գահավիժել ներքև. և նրանք հանգիստ չէին ստանում այդ տանջանքի մեջ: Այդ նրանք էին, որոնք դառնալով կանանց պես՝ պղծում էին իրենց մարմինները, իսկ նրանց միջի կանայք նրանք էին, որ պառկում էին միմյանց հետ, ինչպես տղամարդը` կնոջ: Իսկ այդ ժայռի մոտ կար մի տեղ՝ հզոր կրակով լեցուն, և նրա մոտ կանգնած էին մարդիկ, որոնք սեփական ձեռքերով պատրաստել էին կուռքեր իրենց համար՝ Աստծո փոխարեն: Նրանց մոտ այլ տղամարդիկ ու կանայք հրե գավազաններով հարվածում էին միմյանց՝ չդադարեցնելով այդ պատիժը... Նրանց մոտ կային այլ տղամարդիկ ու կանայք ևս, որոնց այրում, տանջում ու խորովում էին. դրանք Աստծո ճանապարհը թողածներն էին»:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3150

Մեկնաբանություններ