Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Ստամբուլում հայության նոր հուզումներն այս անգամ կարող են ավելի մասշտաբային լինել

Ստամբուլում հայության նոր հուզումներն այս անգամ կարող են ավելի մասշտաբային լինել
17.03.2017 | 01:50

Կոստանդնուպոլսի (Ստամբուլի) Հայոց պատրիարքարանում այս տարվա մարտի 15-ին, ինչպես արդեն հայտնի է, տեղի են ունեցել պատրիարքի տեղապահի ընտրություններ: Ընտրություններին մասնակցել են Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պոլսի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ինչը հուշում է, որ նա չի հրաժարվել Կ. Պոլսի պատրիարք դառնալու հավակնությունից:


Ընտրությունների ժամանակ պատրիարքարանի 34 հոգևորականի կողմից քվեարկությունն իրականացվել է դռնփակ, արդյունքում՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը խայտառակ պարտություն է կրել, իսկ ընտրողներից 23-ի քվեն ստացած Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ընտրվել է Պոլսի պատրիարքի տեղապահ, ինչն առաջացրել է մի կողմից` գրեթե ողջ ստամբուլահայության ցնծությունը, մյուս կողմից՝ թուրքական իշխանությունների դժգոհությունն ու հակառակությունը:


Արդեն հայտնի է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 23-24-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքում, որոնց մասնակցել է նաև Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ձեռք է բերվել ընդհանուր համաձայնություն մի շարք կետերի և, առաջին հերթին, հետևյալ կետի շուրջ. «Պատրիարքության Կրոնական ժողովի հրավերով Եկեղեցական համագումար ժողովը մինչև ս. թ. մարտի 15-ը կատարում է տեղապահի ընտրությունը: Տեղապահի ընտրությամբ, ըստ եկեղեցու կանոնակարգի, դադարեցվում են պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները»:


Սակայն համաձայնության այս կետը, դատելով Գարեգին սրբազանի ընտրությունից հետո ծավալված իրադարձություններից, ձեռնտու չէ Աթեշյանին ու նրա հովանավոր թուրքական իշխանություններին: Տեղապահի պաշտոնում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը, ըստ էության, անընդունելի է համարել Ստամբուլի կուսակալը, ինչն արտահայտվել է նրանով, որ սրբազանի ընտրությունից կարճ ժամանակ հետո կուսակալի անունից վերջինի տեղակալ Ազիզ Մերջանը Կ. Պոլսի պատրիարքարանին մի գրություն է ուղարկել, որում նշել է, թե «Քանի դեռ փոխանորդը (նկատի ունի Աթեշյանին) իր պաշտոնին է, իրավական առումով Պոլսի պատրիարքի ընտրություններ տեղի ունենալ չեն կարող»:
Կուսակալն այսպիսով հակադրվել է Ստամբուլում և Թուրքիայում ապրող գրեթե ողջ հայության կամքին ու ցանկությանը:
Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Թուրքիայում լույս ընծայվող հայկական «Ակօս» պարբերականի հետ զրույցում նշել է, որ Ստամբուլի նահանգապետարանից ուղարկված գրությունը ծանր և անորոշ վիճակի մեջ է դրել հայկական եկեղեցին, անհրաժեշտություն է առաջացել մոտ ժամանակներս նահանգապետից հանդիպում խնդրելու, նրանից պարզաբանումներ պահանջելու և ներկայացնելու:


«Սա կրոնական հարց է,- ասել է Սահակ սրբազանը:- Աշխարհիկ պետության կողմից սահմաններն անցնելով կրոնական գործին միջամտելը բոլորիս հիասթափեցրեց»:
Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ընդգծել է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը տեղապահի ընտրությամբ և եկեղեցական օրենքներով այլևս փոխանորդ չէ, սակայն միաժամանակ ասել է, որ «Աթեշյանի հրաժարականով ամեն բան կկարգավորվի: Հրաժարականի պարագայում կվերջանա նաև փոխանորդությունը»:


Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը նույնպես, ըստ «Ակօսի», պատրիարքի ընտրությունների հետ կապված խնդրի միակ լուծումը համարել է պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականը:
Անհասկանալի է, թե ինչ հրաժարականի մասին է խոսքն այն պարագայում, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արամ Աթեշյանը բոլորովին վերջերս տվել է իր համաձայնությունն առ այն, որ տեղապահի ընտրությամբ դադարեցվում են պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները: Կարելի է ենթադրել, որ թուրքական իշխանությունների հովանավորությունը վայելող Արամ Աթեշյանը հիմա արդեն հրաժարվում է իր տված այդ համաձայնությունից, այլապես ինչո՞ւ պետք է նորից առաջանար նրա հրաժարականի անհրաժեշտությունը:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ