Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Թուրքական թերթերն արդեն գրում են, որ կազմաքանդվում, կազմալուծվում է Հայոց պատրիարքարանը»

«Թուրքական թերթերն արդեն գրում են, որ կազմաքանդվում, կազմալուծվում է Հայոց պատրիարքարանը»
17.02.2017 | 00:43

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ս. թ. մարտի 6-10-ին անցկացվելու է Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված ժողով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանն արդեն հրապարակայնորեն տեղեկացրել է, որ օրակարգում նաև Պոլսի հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հարցն է: Ի դեպ, Աթեշյանը, որ մասնակցելու է ընդլայնված ժողովին, ստիպված է լինելու նաև բացատրություն տալ, թե Սահակ սրբազանի հետ իր հարաբերություններն ինչու են այդպիսի ընթացք ստացել, իմա՝ ինչո՞ւ է Պոլսի միաբանության անդամ, Պոլսի պատրիարքարանի կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը 2017 թ. փետրվարի 13-ին հանդես եկել հրաժարականի նամակով: Ենթադրելի է, որ նա Արամ Աթեշյանի ու նրա գործունեության վերաբերյալ շատ տեղեկությունների է տիրապետում, երկար ժամանակ լռել է, համբերել, ինչպես ասում են՝ ամեն ինչ «կուլ տվել», բայց, ի վերջո, այլևս չի դիմացել, նյարդերը տեղի են տվել, ու ժայթքել է հրաբխի նման: Անգամ մեղադրել է բոլորին. «Հոգևորականնե՛ր, ղեկավարնե՛ր և ժողովո՛ւրդ, ինձ միայնակ եք թողել։ Պարտության ճիչ է սա։ Սակայն միայն ես չեմ պարտվել, բոլորդ էլ պարտված եք։ Եվ նորից միայն մեկ հոգի է հաղթողը։ Աստվա՛ծ մեզ օգնական»։
Հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի մեկնաբանությամբ, Աթեշյանն ունի նեցուկ՝ հանձինս Թուրքիայի Հանրապետության ու նրա նախագահ Էրդողանի, դրա համար էլ արհամարհում է հայաստանյան հասարակության կարծիքը:


«Այս մարդը շուտով գալիս է, նրան պետք է այստեղ դիմակազերծ անի ողջ Հայաստանը, ողջ հայ ժողովուրդը, որ հասկանա՝ ում հետ գործ ունի,- համոզված է Ս. Հացպանյանը:- Տեղի մամուլը չբարձրաձայնեց, բայց Ստամբուլի թուրքական մամուլը տեղեկացրեց, որ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն այդ նույն օրը՝ ամսի 13-ին, ցուցադրաբար լքել է կրոնական ժողովը, ասել է, որ չի մնա այդտեղ, որ այդտեղ ամեն ինչ կեղծ է: Դուրս գալուց հետո գնացել է մեր (հայկական) հիմնադրամների համակարգող մարմին, որի նախագահն է Պոլսո ազգային հիվանդանոցի վարչության նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Գնացել է տեղի ժողովին ամեն ինչ ասել Արամ Աթեշյանի հասցեին: Նրա «բնութագրումներն» արդեն լույս են տեսել թուրքական մամուլում: Ասել է՝ այդ մարդը (Արամ Աթեշյանը) այնքան նյութական կուտակում ունի՝ միլիոնների հասնող, թող գնա իր համար երջանիկ ապրի, այդ փողերը մսխի, ծախսի, ինչ ուզում է, անի: Ասել է, թե նա խայտառակում է պատրիարքարանը, Պոլսո միաբանությունը, և պետք է հրաժարական տա, պետք է հեռանա:


Թուրքական թերթերն արդեն գրում են, որ կազմաքանդվում, կազմալուծվում է Հայոց պատրիարքարանը, սա թուրքերի համար հիանալի առիթ է, հիմա անվերջ կփնովեն մեզ: Ասել է՝ Արամ Աթեշյանն իր վարքագծով նաև մեր Եկեղեցու հեղինակությանն է վնասել, թուրքերն արդեն ձեռառնոցի պիտի խաղան, թե՝ եղած-չեղած, երկու եպիսկոպոս են Թուրքիայի Հանրապետության տարածքում, և տեսնում եք՝ ինչ վիճակ է… Սա, իրոք, աններելի բան է»:


Ըստ Հացպանյանի, մարտի 3-ին, թե 4-ին Աթեշյանը լինելու է Հայաստանում, և մինչև ամսի 10-ը հիշյալ հարցը պետք է վերջնական լուծում ստանա: Ասել է՝ Հայաստանում պետք է լուծվի Արամ Աթեշյանի հարցը: Վերլուծաբանի համոզմամբ, լավ կլիներ, որ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, մինչ հիշյալ ժողովը, անպայման գար Էջմիածին, կաթողիկոսին երես առ երես պատմեր ամեն ինչ, կամ եթե հիմա 3-էջանոց նամակ է գրել, թող նստի, ասենք, 60-էջանոց մի զեկույց պատրաստի: Սա Հացպանյանի հորդորն է Սահակ սրբազանին, որ բոլոր եկեղեցականներն իմանան, թե ով է Արամ Աթեշյանը:


«Ես կարող եմ այդ բանն անել, ես Արամին ավելի լավ գիտեմ, քան ցանկացած մարդ, բայց երբ ես եմ նման քայլ անում, ասում են՝ Հացպանյանն է: Կարծում եմ՝ հիմա Սահակ Մաշալյանը պետք է ի նպաստ եկեղեցու նման քայլ անի: 3 շաբաթ ժամանակ կա: Յուրաքանչյուր հայ հոգևորականի նա մանրամասն պետք է բացատրի հիմնախնդրի բուն էությունը, որ Արամ Աթեշյանը չգա ու իր լոլոներն ասի՝ Թուրքիան դժվար պետություն է, դուք չգիտեք թուրքերի մեջ աշխատանքն ինչքան դժվար է և այլն: Այդ լոլոները թող գնա ուրիշին պատմի, մենք համայնքը հիանալի գիտենք ու գիտենք Թուրքիայում ապրող մարդկանց կարգավիճակը»:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. -Խնդրի մասին ավելի մանրամասն կարդացեք «Իրատեսի» հաջորդ՝ փետրվարի 21-ի համարում:

Դիտվել է՝ 1436

Մեկնաբանություններ