Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Փոքրիկների հետ իրենց լեզվով խոսելու համար պիտի մանկանաս»

«Փոքրիկների հետ իրենց լեզվով խոսելու համար պիտի մանկանաս»
14.02.2017 | 10:17

ՄԵՀՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ փոքրիկ ընթերցասերների դատին է հանձնել «Գառնուկը» աստվածաշնչյան իրապատումը: Ինչպես նշվում է գրքի անոտացիայում` այս գրքույկը գրվել է մեկ նպատակով, որպեսզի սկսած մանուկ հասակից առաջին քրիստոնյա մեր ազգի զավակները ճանաչեն Արարիչ Աստծուն, Նրա Որդի Հիսուս Քրիստոսին, Ով մեզ համար փրկության ծրագիր ունի և Աստծո Արքայության խոստում բոլոր Իրեն հավատացող մանուկների համար, որոնց Ինքը այնքան շատ է սիրում, որ մի անգամ ասել է. «Ով այս մանուկների նման չլինի, չի կարող ժառանգել Աստծո Արքայությունը»:

-Գրքի հերոսները` մատիտները, պատմում են մարդկանց մասին, վերջին օրերի մասին, աշխարհի վերջի, Հիսուսի և փրկության: Ինչպե՞ս ծնվեց այս պատմությունը, ինչո՞ւ որոշեցիք խոսել մատիտների միջոցով:
-Երեխաները մատիտներ շատ են սիրում, իրենց ծանոթությունը աշխարհի հետ ներկերի ու մատիտների միջոցով է նաև: Որոշեցի ասելիքս փոխանցել երեխաներին հարազատ կերպարների` մատիտների միջոցով:
-«Գառնուկը» իրապատում է հեքիաթի՞ ձևաչափով:
-Հեքիաթները իրականություն չեն դառնում, բայց իրապատումը ներկայացրել եմ հեքիաթի նման, որ նրանք կարդան, տեսնեն, որ դրանք պետք է իրականություն դառնան:
-Կրոնական ուղղվածություն ունեցող գրքերը ընթերցող կգտնե՞ն:
-Քրիստոնեական հասարակության մեծ մասը մի տեսակ դրականից իջել է դեպի զրոյական առանցք և նույնիսկ շեղվել դեպի բացասական առանցք` տուրք տալով կախարդություններին, հմայություններին, գուշակություններին, որոնք վարակում են նաև երեխաներին: Մի անգամ գրախանութում տեսա, որ մայրը երեխայի ծննդյան առթիվ գիրք էր ուզում գնել: Երեխան նկատեց «Սասունցի Դավիթ» էպոսը և ասաց. «Սասունցի Դավիթ» եմ ուզում: Մայրն ասաց` ի՞նչ Սասունցի Դավիթ, Հարրի Փոթեր եմ գնելու քեզ համար: Երեխան հնազանդվեց, որովհետև այն տարիքում չէր, որ ընդվզեր: Այսինքն, ծնողների ուղղվածությունը շեղում է նաև երեխաներին: Առաջին անգամ գրվել է հոգևոր գիրք, որ հեքիաթանման է, բայց կապ ունի իրականության հետ: Այնպիսի պատկերներ, կերպարներ են տրված, որ երեխան կարդա, ծանոթանա ու ինքն ընտրի` ով է օրինակելի, ում հետևել ու ընդօրինակել կյանքում: Հիսուսը` որպես Տեր ու Փրկիչ, Արցախում մարտնչած հերոսը` որպես խաղաղասեր, երեխաներին սիրող, հավասարակշռված անձնավորության, ով ամեն օր Աստվածաշունչ է կարդում:
-Ձեր կարծիքով` ո՞ր տարիքից երեխան պետք է ծանոթանա կրոնական թեմաներին:
-Եկեղեցու հայրերն ասում են, որ երբ երեխան սկսում է խոսել, նրա հենքը պիտի լինի «Հայր մերը»: Երբ տառաճանաչ է դառնում, մանկական, հոգևոր մատչելի գրականություն պետք է տան կարդալու, մինչև երեխան կարողանա ինքնուրույն կարդալ «Մանկական Աստվածաշունչը»: Ցանկալի է նաև, որ ծնողները երեխաներին իրենց հետ պատարագի տանեն: Ես հաճախ եմ պատարագի ժամանակ երեխաների տեսնում: Վստահ եմ, որ նրանք օրինակելի և հայրենասեր զավակներ կլինեն:
-Ինչպես մատիտներն են վկայում` իսկապե՞ս մարդիկ շատ են փոխվել ու գնալով ավելի վատն են դառնում:
-Գետը քանի գնում պղտորվում է, չի մաքրվում` մինչև որ չմաքրենք: Հիմա մաքրելը մեր ձեռքում է, կախված է նրանից, թե մենք ինչ կընտրենք ազգովին: Աշխարհի 15 քրիստոնեական երկրներ օրինականացրել են միասեռականների ամուսնությունը: Ընդունել են օրենք, որ դեմ է Աստծո խոսքին: Նշանակում է` ժողովուրդը կհետևի իշխանավորներին: Դրա համար եկեղեցու և անհատների դերը ավելի է կարևորվում: Երբ խավարը մեծանում է, լույսն ավելի վառ է երևում: Տա Աստված, որ այս գրքի միջոցով մի քանի մանուկներ ընտրեն երկնային ճանապարհը` մերժելով մեղքի ճանապարհը:
-Ավելի հեշտ է մեծահասակների՞ համար գրել, թե՞ փոքրահասակների:
-Մեծահասակների, որովհետև փոքրիկների հետ իրենց լեզվով խոսելու համար դու էլ պիտի մանկանաս, ինչը շատ դժվար է: Այս գիրքը մոտ 15 տարի իմ մեջ խմորվել է` մի քանի տարբերակով: Ի վերջո հնարավորություն ունեցա հրատարակելու:
-Ձեր առաջին գեղարվեստական գո՞րծն է:
-Մոտ 10 գիրք ունեմ, որոնցից առաջինը Սուրբ Աստվածածնի մասին է, Ով ամենաշատն է հոգում, որ ամենքն իր որդուն ճանաչեն որպես Տեր ու Փրկիչ: Երկրորդը Աստծո տասը պատվիրանների մասին է, առանց որոնց մարդը չի կարող կյանքի ընթացքը բարի ավարտի հասցնել: Երրորդը վերնագրված է «Խաչապատում», քանի որ խաչի փրկարար զորության մասին է, որ աղանդավորները մերժում են: Հաջորդը Երուսաղեմի մասին է, որտեղ մենք որպես առաջին քրիստոնյա ազգ չափազանց ազդեցիկ դիրք ունենք: Եթե ընթերցողին հետաքրքրում է, այդ և մյուս գրքերս առկա են գրախանութներում: «Գառնուկը» առաջին գեղարվեստական գործն է` հասցեագրված մանուկներին: Մի գիրք էլ է խմորվում, որը դրախտի պարտեզի մասին է, ինչին ձգտում են մեր բոլորի հոգիները:
-Ի՞նչ կասեիք փոքրիկ ընթերցողին ու նրանց ծնողներին:
-Քանի որ նախ ծնողները պետք է կարդան, կուզեի, որ հասկանային, թե ուր են ուղղորդում իրենց երեխաներին` դեպի երկի՞նք, թե՞ դեպի երկիր, որը նաև դժոխքի խորհուրդն ունի, քանզի ծնողները պատասխան պիտի տան Արարչին, ով այդ երեխաներին «նվիրել» է նրանց: Այժմ ինքներդ տեսեք` ինչեր են կատարվում երկրի վրա. շուրջբոլորը արյունահեղություն, ապստամբություն, երկրների ավերածություն: Ժամանակն այնքան չար է, որ Աստված ինչպես ժամանակին ջրհեղեղով մաքրեց երկիրը և Նոյի միջոցով ապրեցրեց մարդկությանը, հիմա էլ հրով է մաքրելու աշխարհը: Տա Աստված, որ մեր ազգը անկորուստ դուրս գա այդ հրի միջից` ոսկու, արծաթի նման մաքրված, ոչ թե փայտի ու եղեգի նման այրվելով:
-Ինչպե՞ս է գիրքը հասնելու ընթերցողին:
-Արդեն առկա է երևանյան գրախանութներում: Նպատակ ունեմ նաև դպրոցներին տրամադրելու: Նոր է լույս տեսել, դեռ «ինչպես հասցնելու» ճանապարհը չեմ որոշել:

Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ