Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Ով ինչ անի, իրեն կանի

Ով ինչ անի, իրեն կանի
10.02.2017 | 12:07

Կա ողորմություն, որ չի օգնում, կա էլ, որ հազարապատիկ հատուցում ունի (Սողոմոն Իմաստուն)։
Բարեգործությունն առանց հավատի ունայնություն է, քանզի Բարերարն Աստված մարդկանց ողորմում է ըստ մարդու գիտակցության և պահանջում, որպեսզի յուրաքանչյուր ոք իր ունեցվածքից բաժին հանի Եկեղեցուն:


Սակայն, ցավոք, այսօր պատկերն այլ է. կան ոմանք, որոնք կարծում են, թե առանց Աստծո, առանց եկեղեցու զորացմանը նպաստելու, սեփական սին փառքի համար բարերարություններ անելը բարիք է և գնահատելի: Իհարկե, այսօրվա «բարերարությունները» հենց այսպիսի բնույթ են կրում. հանուն ընտրությունների, հանուն մարդկային փառքի, հանուն ցանկացած բանի, բայց ո՛չ ի փառս Աստծո: Սողոմոն Իմաստունը այսպես է ասում. «Ով բարձրացնում է իր տունը, պատճառ է դառնում նրա կործանման»: Տալիս հարկ է գիտակցել` ում ենք տալիս, ինչ և ինչ նպատակով: Մարդիկ տալիս են նորից ստանալու նպատակով, ոմանք ստանալիքը ակնկալում են Աստծուց, ոմանք` մարդկանցից, և հատկապես նրանցից, որոնց իրենք լավություն են արել:


Մարդիկ հիմնականում տալիս են չորս պատճառով.
1. սեփական փառքի համար,
2. գեհենից փրկվելու հույսով,
3. արքայության սիրուց,
4. հանուն Աստծո փառքի։


Այս պատճառներից ամենագովելին, իհարկե, վերջինն է, սակայն այն վերջինն է նաև տարածվածությամբ. շատ քչերն են տալիս այդ նպատակով, և շատերը նախընտրում են առաջին երեքը, որոնք իրականում անիմաստ են, քանզի Աստծուց է սկիզբ առնում և Նրանում է գտնում իր հանգիստն ու վախճանը ամենայն ինչ: Աստծո փառքը գերապատիվ է ամեն ինչից, քանզի Նա է մեր լինելության երաշխիքը. «Նրանով ենք ապրում և շարժվում և կանք», Նա մեր լինելության հավիտենական երաշխիքն է, այնինչ «մարդու կյանքը նման է խոտի, իսկ մարդու փառքը` խոտի ծաղկի. խոտը չորանում է, իսկ ծաղիկը` թափվում»: Սեփական փառք հետապնդող մարդը նման է նրան, ով վազում է տեղում, սակայն կարծում է, թե առաջ է շարժվում: Երբ մարդը բարեգործություն է անում` նյութական շահ հետապնդելով, ինքն իրեն է խաբում, քանզի տալիս ու կրկին ձեռք է բերում անցողիկը, այն դեպքում, երբ ունի մեն-միակ հնարավորություն` ստանալու հոգևոր ու հավիտենական բարիքներ: Ինչ օգուտ ունի մարդը, եթե ողջ աշխարհը շահի, սակայն կորցնի իր անձը: Այդպես է նաև այն բարեգործը, ով կարծում է, թե փառք ձեռք բերեց, բայց իրականում ձեռք է բերում կորուստ ու կործանում: Այդ պատճառով Փրկիչը հատուկ անդրադառնում է ողորմությանն ու բարեգործությանը. ողորմությունն անհրաժեշտ է անել ծածուկ, այն է` սեփական անձը չփնտրելով, այնժամ միայն կարելի է հատուցում ակնկալել ողորմած Աստծուց, իսկ բարեգործությունը պետք է անել հանուն Աստծու, քանզի «ոչ ոք բարի չէ, այլ միայն Աստված»: Տերը ավելացնում է. «Եթե դուք, որ չար եք, կարողանում եք բարի բաներ տալ ձեր զավակներին, որքան առավել ձեր երկնավոր Հայրը»: Աստված այսօր մարդկանց մեջ ներկա է իր Եկեղեցու միջոցով, և Նրան մոտենալ, ճանաչել ու պատվել կարելի է միայն Եկեղեցու միջոցով. պատվել հոգևորականներին և խնամել ու հոգ տանել Քրիստոսի Եկեղեցու հավատավոր անդամներին: Երբ մենք բարեգործություն անենք հանուն Աստծո փառքի, այնժամ մենք ինքներս ճշմարտապես կփառավորվենք, մեզ չի սարսափեցնի գեհենի երկյուղը, և չի սպառվի արքայության հասնելու մեր հույսը, այսինքն, կիմաստավորվի մեր կյանքի վերջավոր ընթացքը, և կարդարացվի մեր գործերի հատուցման հույսը, որով ձեռնամուխ ենք լինում զանազան բարերարությունների:

Ինչ պատճառից էլ որ մարդը դրդված բարիք գործի, ումից էլ ակնկալի հատուցում, միևնույն է` նրա ակնկալիքներն իրականում արդարացնում է Աստված: Այդու, որևէ բարեգործ կամ բարերար պետք է խորապես գիտակցի և ընդունի, որ այդ բարձրագոչ կոչումները սեփականելով` անհրաժեշտ է նաև համապատասխանել դրանց: Այս մեղավոր աշխարհում բարի լինել նշանակում է Աստծուն նմանվել. սա շատ լուրջ է ու պատասխանատու: Ոչ ոք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվի և կարծի, թե ինչ-որ «բարի» գործեր ի ցույց անելուց հետո կարող է հույս ունենալ լավագույն հատուցման: Մի երկրի թագավոր իր հպատակներին` արքունիքին ու հասարակ ժողովրդին, հատուկ հրովարտակով հրամայում է. այսուհետև թագավորության սահմաններում բոլորը` ծառա, թե ազատ, ենթակա են միակ` սիրո և մոռացության օրենքին. բոլորը պետք է անձնուրաց կերպով սիրեին միմյանց, ընդհուպ մինչև սեփական կյանքը ընկերոջ համար չխնայելը` մոռանալով ընկերոջ թերացումները և չհիշելով սեփական բարերարությունները` առանց կեղծիքի ու ցուցամոլության, առանց չարության ու չկամության: Առաջին օրինազանցները երկար չեն սպասեցնում:

Պալատ կանչված իշխանավորը արքայի առաջ հանդգնում է արդարացնել իրեն ու, թվարկելով իր «բարերարությունները», հայտարարում է. «Մի՞թե այդքան զրկանքներից հետո արժանի չեմ մեծարանքի իմ ենթակաների կողմից և քո կողմից` մե՛ծն արքա, գնահատման և հատուցման` ըստ արժանվույն»: Թագավորը պատասխանում է` իհա՛րկե, կանչում է իր սպասավորներին և հրամայում. «Հատուցեք նրան իր ծախքը և... իրեն այրեք կրակի վրա»: Բարության ու բարեգործության չափանիշները մեր օրերում շատ են փոխվել: Մանուկները, իհարկե, շատ են սիրում բարի Ձմեռ պապին կամ Սանտա Կլաուսին, որ այցելում են բնակարանները և փոքրիկներին նվերներ բաժանում։ Փոքրիկները չգիտեն, որ այդ նվերները իրականում գնում են իրենց ծնողները: Իսկ Սանտայի պատմական նախատիպը` Սուրբ Նիկողայոսը, ծպտված շրջում էր ժողովրդի մեջ, ծանոթանում մարդկանց կարիքներին և գիշերները պատուհանից ներս էր գցում փոքրիկ քսակով ոսկի, որ օգնի հատկապես դեռատի աղջիկներին` օժիտի ու ամուսնության հարցում, այն է` մեծապես օժանդակում էր երիտասարդ ընտանիքների կազմավորմանը և եկեղեցու հաստատմանը:


«Հացդ ջրին տուր` թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն» (Ժող. 11.1), որովհետև այն պիտի վերադառնա քեզ բարեբեր անձրևի տեսքով: Եթե այդպես է, ապա եթե մենք կիսենք մեր «հացը» մեզ նմանի հետ, Աստված մեզ կհատուցի իր շնորհների անձրևով: Պետք չէ մոռանալ` ով ինչ անի, իրեն կանի. լավ, թե վատ, մարդու ամեն մի արարք մի օր անպայման վերադառնում է իրեն:


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 3912

Մեկնաբանություններ