Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Գնացեք, այսուհետև աշխատեցեք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որ հավիտենական կյանքի համար է»

«Գնացեք, այսուհետև աշխատեցեք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որ հավիտենական կյանքի համար է»
28.06.2016 | 11:52

Քրիստոսից ավելի մեծ հանդուրժող և մարդու իրավունքները պաշտպանող չկա, Քրիստոսից զատ, բոլոր նմանատիպ բաներ քարոզողները կեղծ են և սատանայական:
Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, հանդուրժողականություն... Աշխարհը այսօր, թողած Քրիստոսին, սատանայի գիրկն է վազում՝ իր կեղծ ու անմարդկային արժեքներով: Ժողովրդավարությո՞ւն են ուզում, Քրիստոսից կատարյալ ժողովրդավար չկա:


Ողորմած Աստված ծնվեց Սուրբ Կույսից, մեծացավ և հասակ առավ ինչպես բոլոր մարդիկ, մտավ ժողովրդի մեջ, նրանց հոգսերը ընկալեց, ցավերը դարմանեց... Ասացեք խնդրեմ, սրանից առավել ժողովրդավարություն կա՞:


«Օրենսգետներն ու փարիսեցիները բերեցին շնության մեջ բռնված մի կին և նրան մեջտեղ կանգնեցնելով՝ ասացին Հիսուսին. «Հանցանքի մեջ բռնված այս կինը հայտնապես շնացել է, իսկ Օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, Դու դրա մասին ի՞նչ ես ասում»: Նրանք այս ասում էին՝ Նրան փորձելու համար, որպեսզի Նրան ամբաստանելու պատճառ ունենան: Իսկ Հիսուս, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր: Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրայ: Եվ դարձյալ ցած նայելով՝ գետնի վրա գրում էր: Եվ այս լսելով՝ մեկ առ մեկ ելնում գնում էին՝ տարիքավորներից մինչև փոքրերը: Եվ Հիսուս միայն մնաց ու կինը՝ կանգնած նրա առաջ: Հիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»: Եվ սա ասաց՝ ո՛չ, Տե՛ր: Եվ Հիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր» (Հովհ. 8, 3-11):


Տերը չդատեց, բայց և պատվիրեց, որ այլևս մեղքի մեջ չընկնի և նման բան չանի:
Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով ու նմանությամբ, աշխարհը եղծում է այդ պատկերը, անճանաչելիորեն այլանդակում, հափշտակում, ոչնչացնում: Աստված Իր արարչության հոգատար Տերն է և խնամակալը, Իր զավակների սիրող և նվիրված Հայրը: Աշխարհը մի անելանելի զնդան է ազատ ու երջանիկ ապրելու նպատակով ստեղծված մարդու համար, մի անբեկանելի դատավճիռ՝ իրենք իրենց այդ զնդանին դատապարտածների համար: Բայց եթե մեկը կամենա ելնել այդ զնդանից, բանալին իր ձեռքերում է, եթե ինքնակամ չի հրաժարվել դրանից: Հայրենիքի կարոտը, վերադարձի փափագը, անգամ առանց բանալու, կարող են թույլ տալ ազատվել զնդանից՝ կոտրելով ճաղերն ու կողպեքը: Աստված սիրում է մարդուն, սակայն ատում է նրան Իրենից բաժանող մեղքը, որը անդունդի նման ձգվում է իրենց միջև: Այդ անդունդը անէության ու չգոյության անհատակ անդունդն է, որի վրա Աստված գցեց իր սիրո կամուրջը՝ Խաչը, առանց որի Նրա կանչին արձագանքողները դատապարտված էին գլորման և կորստյան:


Անօրինության որդին արդեն աշխարհում է, և աշխարհը լցված է նրա թունավոր շնչով: Այսօր ոտնատակ են տրվում աստվածադիր բարոյական օրենքները, շրջանցվում են և անտեսվում մարդկային օրենքները, կազմաքանդվում են անհատը, ընտանիքը, ազգը, պետությունը: Անօրինությունը հաստատվել է որպես միջազգային նորմ: Շատերը չեն հասկանում, թե ինչ սարսափելի ընկած վիճակում էր աշխարհը մինչև Քրիստոս, և թե ինչ հականեխիչ աղ ու խավարը փարատող լույս եղավ քրիստոնեությունը աշխարհի համար: Սակայն դա Քրիստոսին չճանաչող աշխարհն էր, իսկ հիմա աշխարհը մերժում է իրեն հայտնված Փրկչին և Նրա տված փրկությունը՝ հաշտությունը Հոր հետ: Անօրենի անունը Հակաբուդդա կամ Հակամուհամմեդ չէ, այլ Հակաքրիստոս է: «Լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը Նրան չնվաճեց»,- այս ավետիսով է սկսվում Հովհաննես աստվածաբան Ավետարանչի ավետարանը. խավարը Լույսին չնվաճեց: Չի ասում՝ խավարը չի կարող նվաճել, կամ՝ չի կարողանալու նվաճել, կամ՝ չի նվաճելու, այլ որպես փաստ՝ չնվաճեց: Լույսը միշտ լուսավորում է հաղթության ճառագայթներով: Ի՞նչն է մարդուն անզգա դարձնում այդ ճառագայթների լույսի ու ջերմության դեմ. սեփական էության՝ խավարին հարազատ մասը կամ խավարի հարազատ մասը կազմող սեփական էությունը՝ նայած ախտահարության աստիճանին: Եթե մարդը իր մեջ Լույսից մաս չունի, նրա համար Լույսը կլինի խորթ և օտար, ոչ անհրաժեշտ, անգամ վտանգավոր:


Աշխարհի զավակների համար տերության, իշխանության, ազատության ու ապահովության խորհրդանիշը ոսկե հորթն է՝ մամոնան, որ իսրայելացիները պատրաստեցին եգիպտական գողացված ոսկուց: Երբ իր պաշտամունքի առարկայի մեջ մարդը ներդրված է տեսնում իր համար թանկ ու կարևոր իրողություններ, նա չի բաժանվի նրանից: Եթե մարդը Հիսուս Քրիստոսի անձի մեջ է տեսնում ամենաթանկն ու ամենակարևորը, նա չի լքի իր պաշտելի Տիրոջը, քանզի այլընտրանք չկա Միակ Ճշմարտության համար:


Աշխարհի խաբեպատիր, ստվերային իրականության հետ մարդուն կապում են նրա ցանկությունները, և նրա կամքն է միայն, որ կարող է խզել այդ հիվանդագին, չհագեցնող, չբավարարող, ուժասպառ անող և սպանող կապը: Այդ կապը պաշտոնապես հաստատվեց Եկեղեցու և պետության ապահարզանից հետո: Աստծո տիրությունը մերժելուց հետո սկսվեցին «ինքնիշխան» մարդու նոր կերպարի կերտման աշխատանքները: Նա առաջացավ կապկից, զրկվեց բանական հոգուց և նրա բնական պահանջները բավարարելու ձգտման իրավունքից, կապվեց իր համար միակ ընկալելի նյութական իրականությանը, դարձավ իր մարմնավոր ցանկությունների գերին և ապականող աշխարհի ստրուկը:


Ժամանակակից մարդը այսպիսի «էվոլյուցիայի» ծնունդ է: Բարոյականությունը և սրբությունը հոգևոր իրողություններ են, հետևաբար ավելորդ ու անարժեք են սեփական հոգու գոյությանը անտեղյակ ու գինը չիմացող մարմնավոր, նյութական արժեքներով մխիթարվող և դրանց հանդեպ կապվածությամբ ղեկավարվող էակների համար: Այդպիսի էակների ամբողջությանը՝ ամբոխին, կերակրելը և ղեկավարելը հեշտ է, պետք է ընդամենը թելադրել նրանց իրենց իսկ պահանջները և շտապել բավարարել դրանք: Եվ շատ շուտով նրանք կպահանջեն սեփական կորուստը, կործանումն ու մահը, ինքնաբացարկ կհայտարարեն, ինքնաոչնչացում կվանկարկեն ու, կուրացած ինքնանպատակ տենչանքի մոլուցքից, կքայլեն դեպի անդունդը:
Այդպիսի մարդիկ էին հետևում Քրիստոսին Նրա կողմից բժշկություններից, հրաշքներից, մանավանդ հացի բազմացումից հետո: Այսօր էլ այդպիսի մարդկանց Հիսուս հորդորում է. «Գնացեք, այսուհետև աշխատեցեք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որ հավիտենական կյանքի համար է»: Այդպիսի մարդիկ են այսօր տոլերանտ վերաբերմունք պահանջում հասարակության ամեն տեսակի տականքների հանդեպ՝ առանց գաղափար անգամ ունենալու, թե ինչ է դա: Լսել են ու կրկնում են:


Տոլերանտ բառի բացատրությունը. տոլերանտ վերաբերմունք. բժշկագիտական տերմինաբանության մեջ օգտագործվող հասկացություն է: Նշանակում է իմունային համակարգի՝ վնասակար մակաբույծների և օտարածին մարմինների նկատմամբ դիմադրողականության անկարողությունը: Այս վիճակը ձեռք է բերվում թունավոր նյութերի հարատև ազդման միջոցով, որը բերում է իմունային համակարգի հյուծմանը և անկարող է դարձնում տարբերել օտարածին մարմինները և պայքարել դրանց դեմ: Իմունային համակարգի անտարբերություն: Ե՛վ ֆիզիկական, և՛ բարոյական իմաստով դա կործանարար և վտանգավոր է: Այս ճանապարհով էլ մարդկանց մեջ «հայտնագործվում է» ՄԻԱՎ «վարակը» և սկսվում է «բուժումը»:


Հաճախակի վանկարկվող և չարաշահվող հաջորդ բառն է հանդուրժողականությունը: Հանդուրժողությունը նշանակում է համբերատարություն, ներողամտություն, զիջողություն, բարեհաճություն, ողորմածություն: Այս երևույթը առողջ հասարակության մեջ մարդկային հարաբերություններում ապահովում է փոխզիջում, փոխօգնություն, սրտացավություն, հոգատար վերաբերմունք՝ օգնելու համար միմյանց ավելի կատարելագործվել. «Արդ, աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար բանտարկվածս, որ ընթանաք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին կոչվեցիք. կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ և համբերությամբ, հանդուրժեցե՛ք միմյանց սիրով, ջանացե՛ք պահել հոգու միությունը խաղաղության կապով. մե՛կ մարմին և մե՛կ հոգի, ինչպես որ մե՛կ է ձեր հույսը, որին Աստված կոչեց մեզ» (Եփես. 4;1-4): Սակայն եթե այդ հասկացությունը դիտարկվում է որպես որևէ վնասակար երևույթի հանդեպ վտանգավոր անտարբերություն՝ գնահատելու, ընդունելու կամ հակազդելու անընդունակություն, բարոյապես անկյալ միջավայրում, ապա այն համարժեք է դառնում տոլերանտությանը:

ՏՈԼԵՐԱՆՏՈՒԹՅՈՒՆ
(առակ)
Մի անգամ ճիճուները, որդերը և պարազիտները մարդու օրգանիզմում հավաքվեցին քաղաքական խորհրդակցության:
Առաջինը ելույթ ունեցավ ասկարիդը: Նա հայտնեց մեծ ժողովին, որ պրոգրեսը արդեն հետ դարձնել հնարավոր չէ, անցան այն ժամանակները, երբ որդերի և ճիճուների դեմ պայքարում և հալածում էին անմարդկային ձևով: Արդեն պետք է վերջ դնել ճիճուների հանդեպ խտրականությանը մարդու օրգանիզմում: Քանի որ գլոբալացման պրոցեսները պահանջում են դրսևորել տոլերանտ վերաբերմունք:


Ամեն տեսակի որդերն ու ճիճուները սկսեցին ոգևորված ելույթ ունենալ և պահանջներ դնել: Ոմանք պահանջում էին լյարդի բջիջների հետ հավասար իրավունքներ: Մյուսներն ասում էին, որ հիմա արդեն ոչ մեկը կասկածի տակ չի կարող դնել ճիճուների հավասար սնունդ ստանալու իրավունքները և ինքնորոշման ազատությունը օրգանիզմի մեջ: Ճնշել որդերին ու ճիճուներին տարբեր դեղորայքներով և բժշկական միջոցներով ոչ մեկին թույլատրված չէ: Ամեն կերպ անհրաժեշտ է արմատախիլ անել հակակրանքը ճիճուների նկատմամբ: Որովհետև որդերն ու ճիճուները հավասար են օրգանիզմի բոլոր օրգանների հետ և հարիր չէ պրոգրեսին հակառակ կանգնել:


Պարազիտ մանրէների մի խումբ առաջարկություն արեց իմունային համակարգը հայտարարել շովինիստական, իսկ մարդու այն օրգանները, որոնք ճիճուներ չեն պարունակում, հետամնաց և ոչ առաջադեմ: Առաջարկն ընդունվեց բարձր ժողովի կողմից: Լյարդի վնասակար մակաբույծը պահանջեց արյան մատակարարումը գլխուղեղի հետ հավասար:


Ամենավտանգավոր ճիճուներից մեկն առաջարկեց օրենք հրապարակել, որը կարգելի ոչ տոլերանտ և շովինիստական արտահայտությունները: Այսուհետ, «ճիճու» բառի փոխարեն պետք է օգտագործել «ինքնավար մարդկային օրգան», իսկ «պարազիտ» բառի փոխարեն օգտագործել «երկրորդ կարգի սիմբիոտիկ»: Այս գաղափարն ընդունվեց բուռն ծափողջույններով:


Բոլորը չափազանց գոհ էին և ուրախ՝ հաստատված լիբերալ հասարակարգով, և արդեն ուզում էին կազմակերպել ճիճուների, որդերի և մակաբույծների շքերթը: Սակայն հանկարծ բոլոր հավաքվածները սկսեցին զգալ, որ ուժեղ ցրտեց: Եվ թթվածինն ու սնունդը խիստ պակասեցին: Եվ որոշեցին արդեն կազմակերպել բողոքի ակցիա այսպիսի ճչացող դիսկրիմինացիայի դեմ: Բայց չհասցրին: Մարդը մահացավ: Օրգանիզմը չկարողացավ դիմադրել պարազիտներին: Բեռը չտարավ: Ոչ սնունդ մնաց, ոչ էլ ապրելու պայմաններ: Սատկեցին նաև բոլոր ճիճուները:


Ահա և մերօրյա ժողովրդավարության փայլուն օրինակ: Ժողովրդավարությունը քողարկված դիկտատուրա է, անիշխանության, կամապաշտության, սպառողական մտածողության գեներացիայի և մանիպուլյացիոն կառավարման լծակներով հագեցած համակարգ: Մարդու կամքը և ազատ ընտրության իրավունքը նենգափոխվում և զրկվում են իրենց սկզբնական բովանդակությունից, դրանք փաստացի ճնշվում են կամ անտեսվում, փոխարենը մարդկանց պարտադրվում է մի իրականություն, որը նրանք ո՛չ ընտրել են, ո՛չ կամեցել, ո՛չ էլ անգամ երևակայել:
Արյուն թափելու չափ մեղքին հակառակվելով՝ պահենք մեր մեջ այն ամենը, ինչի դեմ պայքարում է աշխարհը, պահենք մեր մարդկային դեմքն ու տեսակը, մեր քրիստոնեական բարքն ու նկարագիրը, հետևենք Հիսուսին գոնե ա՛յն մարդկանց նման, ովքեր Նրա մեջ միայն հրաշագործ էին տեսնում, որի հրաշքները, սակայն, նպատակային էին՝ կերակրում էին և դարմանում, սփոփում էին ու մխիթարում, հաստատում էին հույսի, հավատի ու սիրո մեջ: Արդարություն պահանջելով չէ, որ պիտի արդարանանք կամ արդարություն հաստատենք, այլ Միակ Արդարին հետևելով:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2450

Մեկնաբանություններ