Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Աղոթքից այն կողմ

Աղոթքից այն կողմ
03.06.2016 | 03:02

Սուրբ Գրիգոր Սինայեցին (1260-1340 թթ.), մի անգամ հանդիպելով մեծ ճգնավոր Մաքսիմոս Կապսոկալիվտոսին, հարցնում է՝ աղոթելիս նրա հետ որևէ աստվածային փոփոխություն կամ զմայլանք, կամ Սուրբ Հոգու որևէ այլ դրսևորում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Սուրբ Մաքսիմոսը պատասխանում է, որ հանուն Սուրբ Հոգու պարգևների հաճախակի գնացել է ամայի վայրեր և միշտ սիրել լիակատար լռությունը, որովհետև այդպես կարողացել է առավել լիարժեք վայելել աղոթքի պտուղները, այսինքն՝ Աստծու նկատմամբ գերառատ սերը և միտքն առ Աստված հափշտակվելը: Այնուհետև Գրիգոր Սինայեցին հարցնում է, թե երբ միտքը հափշտակվում է առ Աստված, նա ի՞նչ է տեսնում իմանալի աչքերով, և արդյո՞ք այդ ժամանակ միտքը սրտի հետ կարող է աղոթել:

Եվ ահա թե ինչ է պատասխանում ճգնավորը. «Ո՛չ, չի՛ կարող, քանզի երբ Սուրբ Հոգու շնորհը աղոթքի միջոցով այցելում է մարդուն, այնժամ աղոթքը դադարում է, քանի որ այդ դեպքում մտքին ամբողջովին տիրում է Սուրբ Հոգու շնորհը, և այն այլևս չի կարողանում գործել իր սեփական զորություններով ու ենթարկվում է Սուրբ Հոգուն: Եվ Սուրբ Հոգին միտքն առաջնորդում է այնտեղ, ուր ցանկանում է՝ կա՛մ աստվածային աննյութական լույսի մեջ, կա՛մ այլ անճառելի հայեցողության, կա՛մ, որ հաճախ է տեղի ունենում, աստվածային զրույցի, և կարճ ասած, ինչպես կամենում է Մխիթարողը, այնպես էլ մխիթարում է Իր ծառաներին: ՈՒմ ինչ անհրաժեշտ է, այն էլ Սուրբ Հոգին տալիս է իր շնորհով: Յուրաքանչյուրը դա կարող է ակնհայտորեն տեսնել մարգարեների և առաքյալների օրինակով, որոնք արժանացել են ամեն տեսակի տեսիլքների, թեպետ մարդիկ ծիծաղում էին նրանց վրա, համարում էին նրանց խաբկանքի մեջ գտնվողներ կամ հարբածներ: Այսպես, Եսայի մարգարեն տեսել է Տիրոջը՝ բարձր գահի վրա նստած և սերովբեներով շրջապատված: Ստեփանոս Նախավկան տեսել է բացված երկինքը և Տեր Հիսուսին՝ Հոր աջ կողմում նստած և այլն: Այդ նույն կերպ այժմ էլ Քրիստոսի ծառաներն արժանանում են տարբեր տեսիլքների, որոնց ոմանք չեն հավատում և ոչ մի կերպ ճշմարիտ չեն համարում, այլ խաբկանք, և տեսնողներին անվանում են խաբկանքի մեջ գտնվողներ: Շատ եմ զարմանում այդպիսի մարդկանց վրա և չեմ հասկանում՝ ի՞նչ մարդիկ են դրանք և ինչպե՞ս են կուրացել, որ կույրերի նման չեն տեսնում և չեն հավատում այն բանին, ինչը ճշմարիտ Աստված ուխտել է Հովելի բերանով. «Եվ այդ շնորհը Տերն իջեցրեց Իր աշակերտների վրա և այժմ էլ այն ուղարկում է և ուղարկելու է Իր հավատարիմ ծառաներին՝ մինչև ժամանակների վախճանը՝ համաձայն Իր ուխտի»:

Եվ այսպես, երբ Սուրբ Հոգու այս շնորհն իջնում է որևէ մեկի վրա, ոչ թե զգայական աշխարհի սովորական իրերից սովորական որևէ բան է ցույց տալիս, այլ ցույց է տալիս այն, ինչ շնորհի արժանացածը երբևէ չի տեսել և չի երևակայել: Այդ դեպքում նման մարդու միտքը Սուրբ Հոգուց սովորում է բարձրագույն և խորհրդավոր գաղտնիքներ, որոնք, ըստ աստվածային Պողոսի, ինքն իրեն ո՛չ մարդկային աչքը կարող է տեսնել, ո՛չ միտքը՝ հասկանալ: Եվ որպեսզի հասկանաս, թե մեր միտքը ինչպես է տեսնում դրանք, ուշադիր լսիր, ինչ եմ ասում: Երբ մեղրամոմը կրակից հեռու է, պինդ է, կարելի է վերցնել և ձեռքում պահել: Բայց հենց գցում ես կրակի մեջ, իսկույն հալվում է և կրակի մեջ բռնկվում է, այրվում և ամբողջովին լույսի է վերածվում և այդպիսով կրակի մեջ լիովին ոչնչանում է: Այդպես է և մարդկային միտքը: Երբ ինքն իր հետ է, Աստծու հետ չմիավորված, այդ դեպքում իր զորությամբ, սովորականի պես գիտակցում է շրջապատը: Իսկ երբ մոտենում է աստվածության կրակին և Սուրբ Հոգուն, այնժամ լիովին ընդգրկվում է աստվածային կրակով և ամբողջապես լույս է դառնում և այնտեղ՝ Սուրբ Հոգու բոցերում այրվում է և ողողվում է աստվածային խորհուրդներով և Աստվածության կրակի մեջ ոչ մի կերպ չի կարող մտածել իր կամ այն բանի մասին, ինչ ցանկանում է» (Հովել 2.29): Իսկ Իսահակ Ասորին ասում է այդ մասին. «Խիստ անարատության և մաքրության պատճառով հոգևոր շարժումները հաղորդակցվում են Սուրբ Հոգու զորությանը: Այդ վիճակին արժանանում է հազար մարդուց մեկը, քանի որ այն ապագա կյանքի և ապագայում մարդու հոգեվիճակի գաղտնիք է: Քանզի մարդը համբարձվում է, իսկ նրա բնությունը անգործության է մատնվում, առանց որևէ շարժումի և երկրայինի մասին մտածելու: Հոգին ոչ թե աղոթում, այլ զգայարանով զգում է ապագայի հոգևոր իրերը, որոնք վեր են մարդկային հասկացողություններից, և որոնք կարելի է հասկանալ միայն Սուրբ Հոգու զորությամբ: Իսկ դա իմանալի հայեցողություն է, բայց ո՛չ շարժում է, և ո՛չ աղոթք, թեպետ սկիզբ է առել աղոթքից: Քանզի հայեցողության միջոցով նման մարդկանցից ոմանք արժանացել են մաքրության կատարելության: Եվ չկա այնպիսի ժամանակ, երբ նրանց ներքին շարժումները աղոթքի մեջ չլինեին, ինչպես վերը ասացինք: Եվ երբ Սուրբ Հոգին թափանցում է նրանց մեջ, այդպիսի մարդկանց միշտ գտնում է աղոթքի մեջ: Եվ այդ աղոթքից նրանց բարձրացնում է հայեցողության, որը անվանվում է հոգևոր տեսողություն, քանզի նրանք երկարատև աղոթելու կարիք չունեն, ոչ էլ երկարատև ծեսերի մասնակցելու կարիք: Նրանց համար բավական է մտածել Աստծու մասին, և իսկույն գերվում են Նրա սիրով: Չնայած, նրանք չեն անտեսում նաև աղոթքը, երբ արժանին են մատուցում աղոթքին և, բացի անդադար աղոթքից, նշանակված ժամերին աղոթքի են կանգնում»:


Արդ, կարդալով ճգնավոր Մաքսիմոս Կապսոկալիվտոսի և սբ Իսահակ Ասորու հոգևոր ապրումների փորձառությունը աստվածային լույսի հետ հաղորդակցության վերաբերյալ, տեսնում ենք, որ մարդն այդ հարթության մեջ լիովին այլ իրավիճակում է հայտնվում, ուր Սբ Հոգու զորությամբ զգեստավորվում է լուսասփյուռ շնորհներով և վեր բարձրանում սովորական աղոթական կյանքի սահմաններից դեպի երկնային հաղորդակցության անսահմանությունը:


Պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1104

Մեկնաբանություններ