Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Հավատքի լուսավոր արահետներում

Հավատքի լուսավոր արահետներում
31.05.2016 | 08:44

Մարդը ցանկանում է Աստծո հետ ունենալ կենդանի հաղորդակցություն, բայց բազմաթիվ քրիստոնյաների մոտ տարբեր պատճառներով հավատքը մնում է վերացական հարթության մեջ: Եվ այդ վերացականությունը մարդուն թույլ չի տալիս ապրել հոգևոր արթնություն և լցվել աստվածային կենսական լույսով: Հետևաբար, այդպիսի անձը իրական կերպով չի զգում Աստծո ներկայությունը, և առաջանում է հավատքի ճգնաժամ: Եվ եթե նույնիսկ փորձում է Աստծուն հաղորդակից լինել, զգում է Արարչին իրենից շատ հեռու ու անմատչելի: Բայց սբ Հովհան Ոսկեբերանն ասում է` լինել Աստծուց հեռու, թե մոտ, կախված է հենց մարդուց, որովհետև Աստված ամենուր է:

Հետևաբար, այն անձի առջև, ով իսկապես փնտրում է Երկնավոր Հորը, բացվում է աստվածային նախախնամության կենսալույս հաղորդակցությունը, սակայն ժամանակակից աշխարհի մարդն առավելապես ձգտում է ունենալ հարմարավետ և տեխնոլոգիաների միջոցով բազմաթիվ հնարավորություններ ընձեռող կյանք` այն գերագնահատելով նույնիսկ կռապաշտության աստիճան և հոգու մի անկյունում թաղելով իր հոգևոր էության ու սրտի արթնության անհրաժեշտությունը: Մետրոպոլիտ Անտոն Սուրոժսկին ժամանակակից մարդու հոգևոր հետընթացի վերաբերյալ ասում է, թե գլխավոր խոչընդոտը, որ կանգնած է մեր սրտի արթնության ճանապարհին, տառապանքի հանդեպ վախն է: Մենք վախենում ենք հոգևոր դժվարություններից, նեղ ճանապարհներից և մեր սրտի սահմանները նեղացնում, սեղմում և ինքնապարփակվում ենք: Մենք վախենում ենք նայել և տեսնել, ունկնդրել և ընդունել: Մենք վախենում ենք տեսնել, թե ինչ է կատարվում մեր դիմաց կանգնած մարդու հոգում, տեսնել նրա հոգու տառապանքն ու կանչը: Արդ, մենք փակվում ենք և փակվում, դառնում այդ փակվածության գերին: Մանավանդ մեծ քաղաքների փողոցներում կարող եք նկատել, թե մարդիկ ինչպես են պարփակված իրենք իրենց մեջ և անհաղորդ միմյանց: Սակայն ի՞նչն է կյանք պարգևում: Անշուշտ, սերը և դրանից ճառագող լույսը:

Արդ, փակվելով իրենք իրենց մեջ, մարդիկ փակում են իրենց սրտում առկայծող լույսի փայլատակումը՝ անկենդան դարձնելով իրենց հոգին, սիրտը և ստեղծում կյանքի սպառողական, անհաղորդ իրականությունը, որի պատճառով անհատի հոգին հայտնվում է դատարկության և ճգնաժամի մեջ ու լույսի պես փայլելու փոխարեն, հաճախ էլ ենթագիտակցորեն իբրև իր «ես»-ի մխիթարություն, սկսում է փնտրել և քննադատել ուրիշների սխալներն ու արարքները: Երանելի Թադեոս Վիտովնիցկին ասում է՝ երբ մենք ուշադրություն ենք դարձնում այլ մարդկանց բացասական հատկանիշներին, ովքեր մեզ դիմել են կամ շփվում են մեզ հետ, չենք կարողանա ներքին խաղաղության մեջ լինել: Ինչո՞ւ է Աստված տալիս սիրո պատվիրանը, և նույնիսկ՝ թշնամիների նկատմամբ: Դա ոչ թե հանուն նրանց է, այլ հանուն մեզ: Քանի դեռ մենք մտածում ենք այն վիրավորանքի մասին, որ մեզ պատճառել է թշնամին, ընկերը, հարազատը, մերձավորը, չենք ունենա ներքին խաղաղություն, այլ կապրենք դժոխային հոգեվիճակում: Մեր կյանքը կախված է մեր մտքերից, ցանկություններից: Մենք ինքներս ենք մեր շուրջ ստեղծում ներդաշնակություն կամ աններդաշնակություն և ձախողում: Մենք մեղադրում ենք ուրիշներին, ցանկանում փոխել ամեն ինչ մեր շրջապատում, բայց երբեք հենց ինքներս մեզնից չենք սկսում:

Դա մեր մեծագույն սխալն է: Եթե յուրաքանչյուր մարդ ինքն իրենից սկսեր, աշխարհում այսքան չարություն և չարիք չէին լինի: Հակառակ դեպքում, ինչպես սբ Պաիսիոս Աթոսացին է նշում, եթե մարդը չսկսի աշխատել ինքն իր հետ, սատանան նրա համար այլ աշխատանք կգտնի, այսինքն՝ փնտրել ուրիշների բացասական հատկանիշները, սկսել դատել, քննադատել և բամբասել նրանցից: Արդ, ով աշխատում է ինքն իր հետ, այսինքն՝ սկսում է ճանաչել իրեն, թե ինչպիսին է իրապես ու ձգտում Սբ հոգու միջոցով փոխվել, այլևս ժամանակ չի ունենում մտածելու, թե մյուսներն ինչ և ինչպես արեցին, ինչ սխալներ գործեցին, նա այլևս ժամանակ չի ունենում դատելու մյուսներին, փնտրելու նրանց սխալները, համեմատելու իր հետ և իրեն ավելի բարձր գնահատելու, քան մյուսներին, այլ նա, տեսնելով իր անկյալ ու տկար վիճակը, լցված աստվածային լույսով ու խոնարհությամբ, հաղորդակից Սբ հոգուն, փայլում է որպես լույսի որդի՝ ճառագելով աստվածային սիրո շողերով՝ երբեմն ձախողվելով ու նորից ոտքի կանգնելով, որովհետև Աստծո ուղեցույց լույսի ներքո առաջնորդվում է դեպի անսահման կյանքի հորիզոնը:


Թեպետ մարդը հաճախ ձախողվում է, բայց վանահայր Նիկոն Վորոբյովը նշում է, որ մշտական հաջողությունները կարող են կործանել հոգևոր մարդուն, ուստի, աստվածային նախախնամությունը հարկ եղած դեպքում մեզ ուղարկում է փորձություններ, անհաջողություններ, վիշտ ու տառապանք, որպեսզի զանազան իրավիճակներում մարդը կարողանա տեսնել իրեն, թե ինչպիսին է ինքն իրապես, այլ ոչ թե այնպես, ինչպես պատկերացնում է իրեն, և ճանաչելով իր տկար լինելը ու քողարկումից բացահայտված մարդկային էությունը, ամբողջապես վստահի Աստծուն, հնազանդվի Նրա լուսազարդ կամքին, հավատա Նրան և քայլի Աստծու հետ, որովհետև եթե մի պահ կանգ առնենք և հետ նայենք, կտեսնենք, որ մեր կյանքը վատնում ենք ավելի շատ վիճաբանությունների, հարաբերությունների հստակեցման, հակասությունների հորձանուտներում, սակայն սարսափելին այն է, ասում է հոգևորական հայր Պողոս Գումերովը, որ կյանքն արագ անցնում է մեր կողքով: Պարզապես անհրաժեշտ է գնահատել ժամանակը, նույնիսկ երջանկության ակնթարթները: Մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր օր ուրախ լինելու և մեր սիրելի մարդկանց ուրախություն պատճառելու համար, որպեսզի հետագայում, երբ ժամանակն անցնի ու հետ նայենք մեր անցած կյանքի ուղուն, այն մեզ ցավ ու տառապանք չպատճառի:
Արդ, ինչպես Պողոս առաքյալն է ասում, միշտ ուրախ եղեք և այդ ուրախությամբ ու սիրո լույսով լցրեք ձեր շրջապատը:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ