Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Վկայող հոգին

Վկայող հոգին
25.03.2016 | 08:01

Աննա մարգարեուհին (եբր. շնորհք, շնորհալի, շնորհընկալ, շնորհակալ - Ղուկաս 2.36–38) Հակոբ նահապետի որդիներից մեկի` Ասերի ցեղից էր: Բաբելոնյան գերությունից հետո, հավանաբար, հայրենիք վերադարձան միայն հայրերը Փանուէլի, որի դուստրն էր Աննան: Նա ընդամենը յոթ տարի էր ամուսնացած եղել, հետո այրիացել էր և իր կյանքն ամբողջովին նվիրել էր Աստծուն ծառայելուն: Նա 84 տարեկան էր և իր երկարամյա կյանքի ընթացքում շատ այրիների համար էր օրինակ եղել` իր նվիրվածությամբ, դժվարությունները հաղթահարելու եռանդով, Աստծո հանդեպ հույսով ու հավատով: Հավանաբար կարիք չկա մանրամասնելու, թե ինչ ծանր էր այրիների, հատկապես` գերության ու պայքարի մեջ գտնվող Իսրայել ժողովրդի այրիների վիճակը:

Աննայի ընտանեկան կյանքն ու անձնական երջանկությունը շատ կարճ են տևել: Ամուսնուն կորցնելու դառնությունը շատ անգամ կարող է վնասել ու քարացնել կնոջ սիրտը` դարձնելով նրան չարակամ, ոխակալ ու նախանձ, Աստծո դեմ ըմբոստ ու խռովահույզ: Սակայն ինչ վերաբերում է Աննային, կատարվեց ճիշտ հակառակը: Անդառնալի կորուստն ու ծանր վիշտը նրան ավելի խոնարհ, ավելի փափուկ ու հեզ, ավելի բարեպաշտ ու աստվածավախ դարձրին: Նա հավատում էր, որ Աստված բարի Հայր է, որբերի ու այրիների Աստված ¥Ել. 22.22, Օր. 10.17-18, Սղ. 68.5¤, և Նրա օրենքների ու պատվիրանների մեջ ընթանալը պատիվ ու օրհնություն կբերի ցանկացած այրու: Նա պատկանում էր հոգով ուժեղ կանանց թվին, ովքեր Աստծուն սիրում էին իրենց ողջ էությամբ, հոգով, մտքով ու կարողությամբ, նաև այն կանանց թվին, ովքեր, անկախ բոլոր հանգամանքներից, իրենց հույսը դնում են Աստծո վրա, բոլոր իրավիճակներում Նրան են փառաբանում:
Աննայի տարիքի շատ կանայք հազիվ են շարժվում, հազար ու մի ցավերի տակ կքած` տառապում են հոգու և մտքի տկարությամբ: Անհավատ ծերերը, որ իրենց կյանքի խոր մայրամուտն են ապրում, կորցնում են արտաքին հմայքը, ֆիզիկական ուժը, մտքի ճկունությունը, դառնում են մռայլ, դժգոհ: Սակայն Աստծո հանդեպ հույս ու հավատ ունեցող ծեր կանայք, ովքեր Նրա հետ մշտական կենարար հաղորդակցության մեջ են և հարատևում են Նրա խոստումների մեջ, նրանց միտքը հստակ է, խոսքը` իմաստուն, աչքերը` պայծառ, հոգին` ցնծացող: Հիշենք Աստվածաշնչի այն հերոսներին, ովքեր մինչև կյանքի վերջին վայրկյանը Աստծո հետ են եղել, և կհամոզվենք, որ տարիքը էական չէ Աստծուն ծառայելու համար: Ի հավելումն այս ամենի` հիշենք սաղմոսերգուի խոսքերը. «Տիրոջ տան մեջ տնկվածները Աստծո սրահներում կբուսնեն, ծերության մեջ էլ պտուղ կբերեն, պարարտ ու դալար կլինեն, որ պատմեն թե ուղիղ է Տերը» (Սաղմ. 92.13-16):
«Պտղաբեր» էր նաև Աննա մարգարեուհին: Նա թեև խոր ծերության էր հասել, սակայն հոգևորապես ծաղկում էր և բարի պտուղներ էր տալիս: Չնայելով Իսրայելի պատմական ծանր ժամանակներին` Նա հավատում էր Աստծո խոստմանը, որ Մեսիան` Օծյալը պիտի գա, ուստի օրեցօր Աստծուն օրհներգելու, փառաբանելու նոր կորով, նոր ուժ ու եռանդ էր զգում: Նրա համար ծերությունը ոչ թե մայրամուտ էր, այլ պայծառ լուսաբաց, ոչ թե վերջ, այլ մեծ հույսի իրականացման սկիզբ: Նա վստահում էր Աստծո ամենագիտությանն ու ամենատեսությանը, հավատարմությանն ու նախախնամությանը:
Աննան այրի դառնալուց հետո միշտ Տաճարում էր եղել: Նա շարունակում էր Մովսեսի քույր Մարիամի (Ել.15.20), Դեբորայի (Դատ. 4, 5) և Օլդայի (Դ Թագ. 22.14) մարգարեական ծառայությունը, աղոթքն ու փառաբանությունը: Մարգարեները հիմնականում տղամարդիկ էին, ուստի կին մարգարե լինելը մեծ պատիվ էր: Կինը, որ մյուս մարգարեների պես համարձակ խոսում էր Աստծո անունից, անկասկած, ընտրյալ էր` հանդիմանելու կամ հուսադրելու ժողովրդին: Աննան, որ ապրում էր Հիսուս Քրիստոսի ծննդյան օրերին, ասես թե Հին և Նոր ուխտերի մեջ միջին դիրք էր գրավում: Աստված նրան հնարավորություն տվեց դառնալու այն կինը, ով կարող էր ժողովրդին հայտնել Իր կամքը:
Ղուկասը նշում է, որ Աննան «չէր հեռանում Տաճարից, գիշեր ու ցերեկ ծառայում էր Աստծուն` ծոմերով ու աղոթքներով»: «Չէր հեռանում տաճարից» արտահայտությունը չի նշանակում, թե նա տաճարում էր ապրում: Տաճարի մեջ շատ երկար մնալ չէր թույլատրվում, սակայն տաճարին կից մասնաշենքեր կային, որտեղ ապրում էին իրենց կյանքն Աստծուն նվիրած կանայք և աղջիկները, որոնցից մեկն էլ Աննան էր: Եվ իր սենյակում, մենության մեջ նա աղոթում էր Աստծուն ոչ միայն իր հոգևոր վիճակի, այլև ժողովրդի փրկության, Աստծո կամքի իրականացման, Մեսիայի գալստյան համար:
Իսրայելն այն ժամանակ Հռոմի տիրապետության տակ էր, ծանր ժամանակներ էին, ստրկատիրական բռնի ուժը կեղեքում էր հրեա ժողովրդին, սակայն Աննան իր հույսը չէր կորցնում, սպասում էր խոստացված Փրկչին, ուստի կարելի է ենթադրել նրա աղոթքների ու ծոմապահության գլխավոր նյութն ու նպատակը:
Չուշացավ Աննայի` ծոմապահությամբ ամրացված աղոթքների պատասխանը: Աննան, ինչպես և բարեպաշտ Սիմեոն ծերունին, ծառայում էր Երուսաղեմի տաճարում, երբ Հովսեփն ու Մարիամը նորածին Հիսուսի հետ այնտեղ եկան: Աննան ոչ միայն ճանաչում էր Սիմեոն ծերունուն, այլև վստահ էր, որ նա լցված է Աստծո Սուրբ Հոգով: ՈՒստի, ներկա գտնվելով մանուկ Հիսուսի օրհնելուն ու լսելով մարգարեությունները, Աննան հասկացավ, որ Մանուկը աշխարհի Փրկիչն է, երկար սպասված Մեսիա` Թագավորը: Աննան, ցնծալով ուրախությամբ, դուրս եկավ Տաճարից և փառաբանում էր Աստծուն` Փրկչի հայտնության լուրը վկայելով ամենքին, որ սպասում էին Նրա գալստյանը:
Աննայի ամենակարևոր հատկանիշն այն էր, որ նա վկայող հոգի էր: Քրիստոսի աշխարհ գալու լուրը նա մարդկանց էր փոխանցում` նրանց ուրախացնելու, մխիթարելու, նրանց սրտում հույս ու հավատ արթնացնելու համար: Փույթ չէ, թե որոշ մարդիկ Մանուկի մեջ ոչ թե հոգևոր, այլ մարմնական թագավոր էին տեսնում, ով պիտի ազատեր իրենց հռոմեական լծից և հաստատեր Իսրայելի թագավորությունը:
Աննան երբեք այդքան ուրախ չէր եղել: Աստծո Որդին Իր այցելությամբ բժշկեց նրա կոտրված սիրտը ու լցրեց երկնային բերկրանքով ու ցնծությամբ:
Ի պատասխան Աննայի հավատարմության, աղոթքների, ծոմերի ու բարեպաշտության` Տերը օրհնեց նրան: Ինչպես Սիմեոն ծերունին, այնպես էլ Աննան, տեսան աշխարհի Փրկչին: Որպես կյանքի նպատակ` սգալու և տրտնջալու փոխարեն նա ընտրեց լավագույնը` ծառայել Աստծուն և Աստված լավագույնս վարձատրեց նրան` Մեսիային տեսնելու երազանքը կատարելով:

Հրապարակման պատրաստեց
Զինա ՈՍԿԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ