Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Մեռածներն ի՞նչ են մտածում իրենց հարազատների մասին և ի՞նչ են սպասում նրանցից

Մեռածներն ի՞նչ են մտածում իրենց հարազատների մասին և ի՞նչ են սպասում նրանցից
25.03.2016 | 08:01

«Մեռելոցը» կամ եկեղեցական տոներին հաջորդող երկուշաբթին ընդունված է որպես գերեզման գնալու և հիշատակի օր: Իրենց մեռած հարազատների գերեզմաններին այցելողներն ուզում են իմանալ, թե նրանք ինչ են մտածում իրենց` ողջերի մասին և իրենցից ինչ են սպասում: Մենք սահմանի մի կողմում ենք, նրանք` մյուս: Նրանք գիտե՛ն, թե ինչ ենք մենք մտածում, քանի որ եղել են այստեղ, մենք` ոչ: Աստված չի ուզում, որ մարդիկ մնան հոգևոր խավարի և տգիտության մեջ, ուստի Աստվածաշնչի էջերում բացահայտում է հանդերձյալ կյանքի մասին ողջ ճշմարտությունը, թե ինչ է կատարվում մահից հետո, և թե այնտեղ փոխադրվածներն ինչ են մեզնից սպասում, որ անենք:

ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ ՄԻ ԱՆԳԱՄ ՄԻ ԴԵՊՔ ՊԱՏՄԵՑ
«Մի հարուստ մարդ կար, որ ամեն օր փառավոր զվարճություն էր անում: Մի աղքատ մարդ էլ կար, անունը Ղազարոս, որ հարուստի դռան մոտ գցված էր` վերքերով ու խոցերով լի: Նա ուզում էր կշտանալ հարուստի սեղանից թափվող փշրանքներով, և շներն էլ գալիս էին նրա խոցերը լիզում: Մի օր աղքատը մեռավ, և հրեշտակները նրան Աբրահամի գոգը տարան: Եվ մի օր հարուստն էլ մեռավ, թաղվեց և դժոխքում, մինչ տանջանքի մեջ էր, աչքերը բարձրացրեց ու հեռվից Աբրահամին տեսավ, և Ղազարոսին` նրա գոգում: Հարուստը աղաղակեց. «Հայր Աբրահամ, ինձ ողորմիր և Ղազարոսին ուղարկիր, որ իր մատը ջրով թրջի ու իմ լեզուն հովացնի, որովհետև կրակի բոցի մեջ տանջվում եմ»: Աբրահամը պատասխանեց. «Որդյա՛կ, հիշիր, որ երկրային կյանքում դու ընդունեցիր քո բարիքը, իսկ Ղազարոսը` չարչարանքները, և հիմա նա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես այդտեղ: Բացի այդ, մեր և ձեր միջև մեծ անդունդ է հաստատված, որ այստեղից ձեզ մոտ անցնել չկարողանան, և ոչ էլ այդտեղից մեզ մոտ անցնեն»: Հարուստը շարունակեց. «ՈՒրեմն, աղաչում եմ, Ղազարոսին իմ հոր տուն ուղարկիր, որովհետև ես հինգ եղբայր ունեմ, որ նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան այս տանջանքի տեղը»: Աբրահամը պատասխանեց նրան. «Նրանք Մովսեսին ու մարգարեներին ունեն, թող նրանց լսեն»: Նա էլ ասաց. «Ո՛չ, հայր Աբրահամ, այլ եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, կապաշխարեն»: Աբրահամը նրան ասաց. «Եթե Մովսեսին ու մարգարեներին չեն լսում, ուրեմն չեն համոզվի, եթե մեռելներից մեկը հարություն առնի» (Ղուկ.16.19-31):
Այս հատվածի ուշադիր ընթերցումը մի քանի ճշմարտություններ է բացահայտում, թե ինչ են մեզնից սպասում մեր մեռած հարազատները, քանի որ, ինչպես պարզվում է կարդացածից, նրանք բոլորովին էլ մեռած չեն: Մարդու մարմինը երկրի վրա է մնում, իսկ հոգին տեղափոխվում է այլ ոլորտ` պահպանելով անձին բնորոշ հատկությունները, միտքը, կամքը, բանականությունը, զգացողությունը: Բացի այդ, Ղազարոսը դրախտ չգնաց աղքատ լինելու և ոչ էլ հարուստը դժոխք` հարուստ լինելու պատճառով: ՈՒստի ո՞րն է ճշմարտությունը, ի՞նչ են մեռածները սպասում իրենց ողջ հարազատներից:

ՄԵՌԱԾՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՆ ԴԺՈԽՔԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ
Հարուստը խնդրեց. «Ղազարոսին ուղարկիր, որ ինձ ջուր հասցնի, որովհետև կրակի մեջ տանջվում եմ»: Եթե իմանայիք, որ ձեր հարազատը նույն վիճակում է, մի՞թե ամեն ինչ չէիք անի` նրան ջուր հասցնելու համար, սակայն անհնար է նույնիսկ մի կաթիլ ջուր փոխանցելը` ոչ այստեղից այնտեղ, ոչ էլ` դրախտից դժոխք: Պատասխանն անբեկանելի է. «Մեր ու ձեր միջև անանցանելի անդունդ է»: Ոչ ոք, ոչ մի դեպքում չի կարող դժոխքից դրախտ անցնել:
Սխալ է այն կարծիքը, թե բոլոր մեռնողները Աստծո մոտ են գնում: Այդ առթիվ Հիսուսն ասում է. «Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է դուռը և ընդարձակ ճանապարհը, որ կորուստն է տանում, և շատ են դրանով գնացողները: Բայց որքա՜ն նեղ է դուռը և նեղվածք է ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քիչ են այն գտնողները» (Մատթ.7.1314): Ինչպես տեսնում եք, Աստվածաշունչը փաստում է, որ մեծամասնությունը դժոխք է գնում, որից հետո նրանց դատաստան ու հավիտենական կորուստ է սպասում Կրակի լճում:

ՄԵՌԱԾՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ
Հարուստը հասկացավ, որ իր եղբայրները նույնպես դժոխք են գալու, ուստի շարունակեց. «Խնդրում եմ, Ղազարոսին հետ ուղարկիր, որպեսզի իմ հինգ եղբայրներին վկայի այս ամենի մասին, որ նրանք էլ այստեղ չգան»: Պատասխանը կրկին բացասական էր. «Ոչ, նրանք արդեն ունեն այս ամենի մասին վկայող Սուրբ գիրքը»: Հարուստը գիտեր, որ իր եղբայրները չեն հավատում Սուրբ գրքին, ուստի շարունակեց. «Եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա` կապաշխարեն»:
Պատասխանն անբեկանելի էր. «Եթե չեն հավատում Սուրբ գրքին, ապա չեն հավատա, եթե նույնիսկ ինչ-որ մեկը հարություն առնի»:

ՄԵՌԱԾՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Շատ անգամ, երբ քրիստոնյաները պատմում են դրախտի ու դժոխքի գոյության մասին, լսողներից ոմանք իրենց անհավատությունը նույն կերպ են փաստում` ասելով. «Ոչ ոք դեռ այնտեղից հետ չի եկել, ու մեզ չի վկայել հանդերձյալ կյանքի մասին, որպեսզի հավատանք»: Եվ սա ասում են այն անհավատները, ովքեր Զատկի տոնին միմյանց բազմաթիվ անգամ ողջունում են «Քրիստոս հարյավ» խոսքերով: Բայց սա միայն ողջույնի ձև չէ, այլ մեծագույն ճշմարտություն, որ Քրիստոսի հարության լուրը մինչև այսօր հռչակում են ճշմարիտ քրիստոնյաները: ՈՒստի, եթե անհավատ մարդկանց համար նշանակություն չունի Աստծո Որդու հարության փաստը, ապա ի՞նչ իմաստ կարող է ունենալ իրենց հարազատների հիշատակին նրանց գերեզմանին այցը: Մարդիկ փորձում են յուրովի բացատրել հանդերձյալ կյանքի իրողությունը, սակայն միայն Աստվածաշունչն է տալիս բոլոր հարցերի ճշգրիտ պատասխանը:

ՄԵՌԱԾՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԱՊԱՇԽԱՐԵՆ
Կարդացած հատվածի ուղերձն էր. «Նրանք օրենքի ու մարգարեների գրքերն ունեն, թող նրանց լսեն», այսինքն` թող լսեն, հնազանդվեն ու հավատան Աստվածաշնչին, որն ասում է. «Բոլորը մեղք գործեցին և զրկված են Աստծո փառքից» (Հռ. 3.23), և «Մեղքի վարձքը մահն է» (Հռ. 6.23): Երբ Աստվածաշունչը խոսում է մահվան մասին, նկատի չունի միայն մարմնի մահը: Անհավատի համար ֆիզիկական մահն ավարտ է նշանակում, իսկ հավատացյալի համար մահը Աստծուն միանալ է նշանակում, ուրեմն մահը վերջ չէ, այլ սկիզբ է:
Մահվան պահին մարդու հոգին բաժանվում է մարմնից, իսկ մարմինը հողի մեջ է ամփոփվում: Հավատացյալի հոգին գնում է Աստծո մոտ, իսկ անհավատինը` դժոխք: Այսպիսով, ֆիզիկական մահից բացի, գոյություն ունի նաև հոգևոր մահ, երբ մարդու հոգին հավիտենապես բաժանվում է Աստծուց: Առակի հարուստը թե՛ ֆիզիկապես մեռավ, թե՛ հոգեպես, այսինքն` հայտնվեց դժոխքում` ընդմիշտ բաժանվելով Աստծուց:
Հավիտենական տառապանքից ազատվելու և Աստծո հետ ընդմիշտ ապրելու համար մարդը պետք է ապաշխարի: Ապաշխարությունը չպետք է շփոթել խոստովանության հետ, դրանք տարբեր բաներ են, որովհետև մարդը կարող է անընդհատ զղջալ ու խոստովանել, սակայն չապաշխարել: Նոր կտակարանի հունարեն բացատրական բառարանը «ապաշխարել» բառը սահմանում է որպես մտածելակերպի, գործելակերպի և նպատակների փոփոխություն: Այսինքն` դժոխքից խուսափելու և Աստծո հետ հավիտյան լինելու համար մարդուն անհրաժեշտ է մտածելակերպի փոփոխություն և կյանքի արժեքների վերագնահատում, որը հնարավոր է միայն Աստվածաշունչը հետևողականորեն և խորությամբ ուսումնասիրելու արդյունքում: Մտքի փոփոխությունն իր հերթին կբերի կենսակերպի փոփոխության, որը կուղեկցվի Աստծո Խոսքին հնազանդվելով և Սուրբ Հոգու առաջնորդությանը հանձնվելով:
Մի անգամ Տեր Հիսուսը մեկին ասաց. «Հետևի՛ր Ինձ»: Նա պատասխանեց. «Տեր, թո՛ւյլ տուր գնամ նախ հորս թաղեմ»: Հիսուսն ասաց. «Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛ Աստծո Արքայությունը քարոզիր» (Ղուկ.9.60): Այս ասելով` Հիսուսն ընդգծեց, որ մեռածի և թաղողների միջև քիչ տարբերություն կա, որովհետև թաղողներն էլ մեռած են հոգեպես` մեռած իրենց մեղքերի մեջ: Նույնը Պողոս առաքյալն է գրում. «Մենք մեռած էինք մեր մեղքերում, որոնցում մի ժամանակ գնում էինք` այս աշխարհի սովորության պես, օդի իշխանի և այն ոգու պես, որ ներգործում է ապստամբության որդիների մեջ: Մենք ամենքս մի ժամանակ ման էինք գալիս մեր ցանկություններում` մարմնի և մտքի կամքը կատարելով, և բնությամբ բարկության որդիներ էինք, ինչպես ուրիշներն էլ: Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, հանուն Իր մեծ սիրո` սիրեց մեզ, երբ դեռ մեռած էինք մեր հանցանքներում, և մեզ կենդանացրեց Քրիստոսի հետ: ՈՒրեմն` շնորհքով ենք փրկված: Աստված մեզ հարություն տվեց և երկնավորներում նստեցրեց` Քրիստոս Հիսուսի մեջ, որպեսզի եկող դարերում ու հավիտյան ցույց տա Իր շնորհքի գերազանց մեծությունը` մեր հանդեպ Քրիստոսի ցույց տված քաղցրությամբ: Շնորհքով եք փրկված` հավատի միջոցով, և սա ոչ թե ձեզնից է, այլ Աստծո պարգևն է: Ո՛չ թե գործերից, որ մեկը չպարծենա: Որովհետև Նրա ստեղծածն ենք` Քրիստոս Հիսուսով հաստատված` բարի գործերի համար, որոնք կատարելու նպատակով Աստված ի սկզբանե պատրաստեց մեզ, որ դրանցով վարվենք» (Եփես.2.18):
ՈՒրեմն, մեռածներն ի՞նչ են սպասում իրենց հարազատներից: Ապաշխարություն: Ինչպե՞ս: Աղոթքով:
Դարձի՛ եկեք, նայե՛ք Տեր Հիսուսին, խոսեք Նրա հետ հավատքով ու անկեղծությամբ։ Նա հիմա տեսնում ու լսում է Ձեզ: Կարող եք աղոթել այսպես.
«Սիրելի Տեր Հիսուս, ես գիտակցում եմ, որ մինչև հիմա ապրել եմ մեղքի ու խավարի մեջ և զղջում եմ, որ ապրել եմ առանց Քեզ: Իմ այս անհավատ և մեղավոր վիճակով ես դժոխքի եմ դատապարտված, բայց չեմ ուզում հավիտյան տառապել: Ես ապաշխարում եմ և Քեզ եմ վերադառնում: Ես հավատում եմ, որ դժոխքն ու դրախտը իրական են, և ուզում եմ հավիտյան Քեզ հետ լինել: Տեր Հիսուս, խնդրում եմ, ներիր իմ բոլոր մեղքերը, ես հավատում եմ, որ Դու իմ փոխարեն խաչվեցիր, Քեզ վրա վերցրիր իմ բոլոր մեղքերը, ցավերն ու վախերը, և ինձ փրկեցիր դժոխքից: Ես ընդունում եմ Քեզ իմ սրտի մեջ՝ որպես իմ Տեր ու Փրկիչ, Թագավոր և ՈՒսուցիչ: Ես հավատում եմ, որ Դու հարություն առած Աստծո Որդին ես և հաղթել ես մահին: Ես հավատում եմ, որ Դու հավիտենական կյանք ես շնորհում Քեզ հավատացողներին, ուրեմն Կյանք շնորհիր նաև ինձ, ես սիրում եմ Քեզ և սպասում եմ Քո վերադարձին: Շնորհակալ եմ աղոթքս լսելու համար: Ամեն»:
Եթե չապաշխարեք, հետագայում մահից հետո այլևս ոչինչ չի օգնի ձեզ և ոչինչ չի փոխվի: ՈՒստի, քանի դեռ երկրի վրա եք, ապաշխարե՛ք, որպեսզի Կյանքի պարգևն ընդունեք, ազատվեք դժոխքից և հավիտյան Աստծո հետ լինեք: Սա է Աստծո կամքը և ձեր մեռած հարազատների մեծագույն ցանկությունը:
Եվ եթե ի սրտե ընդունեցիք Տեր Հիսուս Քրիստոսին, ապա ամեն հարմար առիթի դեպքում բոլորին պատմեք Նրա պարգևած Հավիտենական Կյանքի մասին, որ անձամբ ստացել եք Նրան հավատալով: Ձեր մտերիմներին առաջնորդեք դեպի Հարուցյալ Քրիստոս, որպեսզի նրանք ևս հավատան Նրան և հավիտենական կյանքի պարգևն ընդունեն:
Փնտրեք Ձեր բնակավայրում Հիսուս Քրիստոսին ճշմարտապես սիրող մարդկանց և շփվեք նրանց հետ: Առաքելական եկեղեցի հաճախեք՝ մասնակցելով Պատարագին և Հաղորդությանը: Աստվածաշունչ միշտ կարդացեք, որպեսզի ճանաչեք Աստծուն և հաղթական կյանք ապրեք: Միշտ աղոթեք` ցանկացած ժամանակ և ցանկացած տեղ: Եվ թող Աստված օրհնի ձեզ: Ամեն։


Զինա ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ