Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Չփնտրենք ջատագովություն, կամ բանավիճային ուսուցողական միտում

Չփնտրենք ջատագովություն, կամ բանավիճային ուսուցողական միտում
22.03.2016 | 11:41

Կանոնական երկրորդ Ավետարանի հեղինակ Հովհաննես-Մարկոսը (Հովհաննես` հրեական և Մարկոս` հռոմեական անուն), թվում է, եղել է Երուսաղեմի քրիստոնյա: Նրա անունը չի հիշատակվում չորս ավետարաններում, բայց բազմիցս հանդիպում ենք «Գործք առաքելոց»-ում և Պողոսի ու Պետրոսի նամակների մի քանի հատվածներում: Նրա կենսագրության մեծ մասը հնարավոր է վերականգնել` հենվելով ինչպես աստվածաշնչյան տվյալների, այնպես էլ բանավոր ավանդույթի վրա: Առաջին անգամ նրան հանդիպում ենք 41 և 44 թթ. շրջակայքում, երբ Հուդայի երկրում իշխում է Հերովդես Ագրիպպասը: Մարկոսը որդին է ոմն Մարիամի, ում տունը Երուսաղեմում դարձել էր առաջին քրիստոնյաների հավաքատեղին: Գուցե մայր և որդի հավատքի են եկել Պետրոսի քարոզով (Գործք 12 և Ա Պետր. 5.13): Նոր կտակարանի մասնագետների մեծ մասի կարծիքով, Ավետարանի (14.51-52) հատվածի փախչող մերկ երիտասարդի մասին պատմող դիպվածում, խոսքը, հավանաբար, Հովհաննես-Մարկոսի մասին է: Ելնելով այս էպիզոդից, որոշ հավանականությամբ, կարելի է հաստատել հետևյալ ժամանակագրությունը: 30 թվին Մարկոսը մասնակցում է Գեթսեմանիի տեսարանին: 45 թ. նա ուղեկցում է Պողոսին ու Բառնաբասին` քարոզչական առաջին ճանապարհորդության ընթացքում: Այդ ժամանակ նա մոտավորապես 30 տարեկան է (Գործք 13): Քրիստոսի խաչելության ժամանակ նա հավանաբար 15 կամ 20 տարեկան է եղել: Պետրոսին ազատելու նպատակով կազմակերպված աղոթքի հավաքույթը տեղի ունեցավ նրա տանը, որը Երուսաղեմի քրիստոնյաների համար կարևորագույն հավաքատեղիներից էր: Որոշ աստվածաբաններ ասում են, թե «Վերջին ընթրիքի» վայրը նույնպես եղել է Մարկոսի տունը: Աշակերտները, հավանաբար, այստեղ էին հավաքվել Հոգեգալստյան առավոտյան, որտեղ և տեղի ունեցավ Սբ. Հոգու Էջքը: Մարկոսի ընտանիքն ունևոր է եղել, քանի որ նրա մայրն ուներ ծառաներ: Բառնաբասը նրա զարմիկն է: Նա նույնպես ունևոր էր և, համաձայն «Գործք»-ի 4.37 հատվածի վկայության, մեծ սեփականություն ուներ: Անկասկած, թե՛ մեկը, թե՛ մյուսը ծագումով Կիպրոսից էին, որտեղից եկել էր Բառնաբասը: Շատ հավանական է, որ երիտասարդ Մարկոսը դաստիարակվել է կիրթ և միևնույն ժամանակ բարեպաշտ միջավայրում: Գործունեության մեջ նրան մտցրել է Բառնաբասը` Պողոսի ուղեկցությամբ Երուսաղեմ այցելելուց հետո (Գործք 11.30): Քարոզչական առաջին ճանապարհորդության ժամանակ երիտասարդ Մարկոսը երկու ավագներին ծառայում է որպես օգնական: Նրանց հետ մնում է Կիպրոսում, բայց երբ ավագները թողնում են կղզին` Փոքր Ասիա վերադառնալու համար, Մարկոսը չի ուղեկցում նրանց, այլ վերադառնում է Երուսաղեմ: Դրա պատճառը հայտնի չէ: Կարծիքներ կան, որ նրան, հավանաբար, չի հետաքրքրել առաքելությունը հեթանոսների մեջ: Բայց եթե այդպես է, ինչո՞ւ է գրել մի գործ, որը նախատեսված է հենց հեթանոսների և մասնավորապես հռոմեացի ընթերցողների համար: Լուրջ անհամաձայնություն առաջացնելով Պողոսի և Բառնաբասի միջև, Մարկոսն անհետանում է Նոր կտակարանի պատմությունից և կրկին հայտնվում միայն տասը տարի անց: 52 թ. Երուսաղեմի ժողովից հետո, նա Բառնաբասի հետ վերադառնում է Անտիոք, քանի որ Պողոսը հրաժարվում է նրան տանել իր հետ քարոզչական երկրորդ ուղևորության (Գործք 15.36-39): Մարկոսը գնում է հիմնելու Եգիպտոսի եկեղեցին (համաձայն Եվսեբիոսի և Հերոնիմոսի վկայությունների), մի բան, որը, թվում է, հաստատվում է հռոմեացիներին ուղղված տեքստի 15.18-23 հատվածով: 54-61 թթ. Մարկոսը Պետրոսի օգնականն է: Նա առաքյալին հետևում է մինչև Անտիոք (Գաղ.2.11), նրա հետ այցելում է Փոքր Ասիայի եկեղեցիները (Ա Պետր. 5.13): 62-63 թթ. Պողոսի հետ աշխատում է Հռոմում (Կողոս.4.10, Փիլիմոն 1.24): Պարզ է, որ հին վեճը լուծվել էր, և հեթանոսների մեծ առաքյալն իր երիտասարդ գործընկերոջը երաշխավորում է աշխատել այդ քաղաքի եկեղեցիներում: Տիմոթեոսին ուղղված երկրորդ թղթում Պողոսը նրան օգտակար է համարում միջնորդ գործունեության համար: 63 թ. Մարկոսը վերադառնում է Փոքր Ասիա (Կողոս.4.10): 64 թ. գտնվում է Հռոմում, որտեղ գրում է իր Ավետարանը և, ըստ եկեղեցական Հայրերի, վերադառնում է Եգիպտոս, որտեղ էլ շարունակում ու վերահսկում է սկսած գործը: Անորոշ ժամանակ Եգիպտոսում մնալուց հետո, հավանաբար, մահացել է Ալեքսանդրիայում հուզումներից մեկի ժամանակ: Եթե անգամ Մարկոսն անձնապես մեծ դեր չի խաղացել, այնուամենայնիվ, կապ է հանդիսացել քարոզչական երեք ոլորտների միջև. Ասիա (Պետրոս), Եվրոպա (Պողոս), Աֆրիկա (Բառնաբաս): Պետրոսի առաջին թղթի 5.13 տողի համաձայն, Պետրոսը նրան համարում է իր «որդին», մի բան, որը ցույց է տալիս այդ առաքյալի հետ խիստ մտերմիկ հարաբերությունը և որով էլ բացատրվում է նաև նրա Ավետարանի պետրոսյան շատ որոշակի հնչեղությունը: Երկրորդ Ավետարանի հեղինակի մասին ամենահին տեղեկությունները տալիս է Եվսեբիոսը` իր «Եկեղեցու պատմության» մեջ: Մարկոսի ավետարանը գրվել է ավելի շատ հեթանոսական ծագում ունեցող ընթերցողների համար: Մարկոսի հետաքրքրությունը նույնը չէ, ինչ Մատթեոսինը` ցայտուն դարձնելու այն շեշտված աղերսը, որը Հիսուսին կապում է հրեա ժողովրդին և հրեաների միջոցով Հին կտակարանին: Հիսուսն այստեղ չի հայտնվում իբրև Հին կտակարանի իրականացում: Բազմաթիվ հատվածներում, որոնք նույնն են, ինչ Մարկոսի մոտ, Մատթեոսն ավելացնում է այն ամենը, ինչն ընդունակ է ցույց տալու հայտնության հրեական, ինչպես Հիսուսի անձի ու գործի մեսիական բնույթը: Այս բանը Մարկոսի մոտ բացակայում է: Այսպիսով, Մարկոսի մոտ հրեական տարրերի բացակայությունը վկայություն է այն մասին, որ իր Ավետարանը շարադրելիս, նա նկատի է ունեցել ոչ հրեա ընթերցողների: Այդուհանդերձ, Մարկոսի ավետարանի շրջանակն ամբողջապես պաղեստինյան է: Հրեական «ենթատեքստը» հայտնվում է ամենուր, այնպես որ, ոչ հրեա ընթերցողը չէր կարողանա հասկանալ ներկայացված իրադարձությունների ու քարոզների իմաստը` առանց Մարկոսի բացատրությունների: Մարկոսը ոչ մի ցուցում չի տալիս իր Ավետարանի ստեղծման տարեթվի մասին: Իսկ ինչ կարող ենք ասել այս առումով, այն է, որ կազմվել է Մատթեոսի և Ղուկասի ավետարաններից առաջ: Այսուհանդերձ, կան արտաքին ակնհայտ հատկանիշներ, որոնք թույլ են տալիս մոտավոր ձևով որոշել նրա ստեղծման տարեթիվը: Իրենիոսը գրում է, որ Մարկոսն իր ավետարանը ստեղծել է Պետրոսի մահից հետո: Մյուս կողմից` Կղեմես Ալեքսանդրացին նշում է, որ այն գրվել է Պետրոսի կենդանության օրոք: Պարզ է, որ շարադրանքը կապվում է Պետրոսի անվան հետ` լինի այն առաքյալի մահից առաջ, թե հետո: Ընդհանուր ընդունված է, որ Պետրոսը հավանաբար մահապատժի է ենթարկվել Ներոնի իշխանության օրոք` 64 թ.: Երբ մենք հաշվի ենք առնում այդ փաստերը, ինչպես նաև Մատթեոսի և Ղուկասի ավետարանների` Մարկոսի ավետարանի հետ ունեցած կապը, ապա դրանից ենթադրում ենք, որ Մարկոսի ավետարանը պետք է որ գրված լինի ոչ ուշ, քան մինչև 65 թ.-ը: Հին մի ավանդույթի համաձայն, Մարկոսի ավետարանի ստեղծման վայրը Հռոմն է: Պատճառը դարձյալ Պետրոսի և նրա գործունեության հետ ունեցած սերտ առնչությունն է: Կղեմես Ալեքսանդրացին և Իրենիոսը նույնպես կարծում են, որ ավետարանը գրվել է Հռոմում կամ Իտալիայում: Մարկոսի ավետարանում կարելի է գտնել էական տարրեր, որոնք հանդիպում են Մատթեոսի և Ղուկասի ավետարաններում: Դրանով են բացատրվում երեք գրքերի նմանությունները: Միշտ հեշտ չէ սահմանել ու շարադրել Մարկոսի ավետարանի հետապնդած նպատակը: Իրոք, թվում է, թե այս ավետարանը գրվել է ոչ թե ինչ-որ արդյունքի հասնելու համար, այլ ավելի շուտ Հիսուսի կյանքի պատմությունից առաջացած շատ մեծ հուզմունքի մղումով: Այս պատմության մեջ չփնտրենք ջատագովություն, բանավեճային կամ ուսուցողական միտում, այլ պարզապես Փրկչի անձի նկատմամբ հիացմունքով լի ոգևորության ինքնաբուխ արտահայտություն:

Ըստ Ահարոն Կայայանի
«Նոր կտակարանի ընդհանուր ներածություն» գրքի


հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1727

Մեկնաբանություններ