Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Աստծո թագավորության ավետիսը

Աստծո թագավորության ավետիսը
18.03.2016 | 10:01

Այս տարի մարտի 20-ին նշվում է Ծաղկազարդի գարնանազարդ տոնը: Այն հիշատակում է Հիսուս Քրիստոսի հանդիսավոր և հաղթական մուտքը Երուսաղեմ: Հին աշխարհի քաղաքակրթությունը սպասում էր Աստծո թագավորության հաստատմանը: Երուսաղեմը սպասում էր Մեսիայի գալստյանը, որպեսզի ազատագրվի հռոմեական տիրապետությունից: Հռոմեական կայսրության և Պարթևական տերության միջև շարունակվում էին անդադար պատերազմները, որոնք Մերձավոր Արևելքի ժողովրդի կյանքի անդորրը խաթարում էին ու մշուշոտ դարձնում: Եվ հրեաները, լեցուն ազատագրության հույսով ու մեծ սպասումով, կարծում էին, թե Հիսուսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ իրենց երկրի ազատագրության ազդարարումն է: Սակայն տեսնում ենք, որ Հիսուսն իր հոգևոր առաքելության իրականացումն էր շարունակում, ոչ թե հրեաների ազգային-քաղաքական երազանքը: Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական Ալեքսանդր Մենը տպավորիչ նկարագրում է այդ իրադարձությունը: Նա գրում է, թե Զատկից տասն օր առաջ Հիսուսը աշակերտներին հայտնում է, որ մտադիր է Երուսաղեմում լինել տոնից առաջ։ Արագությամբ պատրաստվում են ճանապարհվելու, գնում համարյա կանգ չառնելով։ Հիսուսը, ասես, շտապում էր մահվանն ընդառաջ։ Նրա մռայլ մտասուզությունը առաքյալներին սարսափ էր ներշնչում, բայց գնալով Նրա հետևից, նրանք, այնուամենայնիվ, մտածում էին, որ մոտենում են հաղթանակին։ Ճանապարհը գալարվում էր զառիվայր բլուրների միջով։ Ինչ-որ տեղերից Երուսաղեմ ուղևորվող մարդիկ են հայտնվում։ Գալիլիացիների թվում էր նաև Կույս Մարիամը, բայց Նա հնազանդորեն Իրեն հեռու էր պահում Որդուց։ Աստիճանաբար Քրիստոսը հայտնվեց ուխտավորների մեծ բազմության առջև։ Շատերը ճանաչեցին Նրան և ուրախ ողջունեցին։ Ոմանք մոտենում և խնդրում էին ընդգրկել իրենց աշակերտների կազմում, բայց Հիսուսն անմիջապես նրանց ասում է զոհաբերությունների մասին, որոնք հարկավոր է անել Աստծո Արքայության համար և այն մասին, որ վարանելու ժամանակ այլևս չի մնացել։ Մի մարդ, որ ուզում էր Հիսուսին միանալ, ասաց, որ նախ պետք է հորը թաղի։ «Թող որ մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին»,- եղավ պատասխանը։ Մի ուրիշն ուզում էր հրաժեշտ տալ հարազատներին, Հիսուսը զգուշացրեց. «Ո՛չ ոք իր ձեռքը մաճի վրա կդնի և ապա հետ կնայի, եթե հարմար է Աստծո Արքայությանը»։ Գնալով մեծանում էր Քրիստոսի հետևից շարժվողների թիվը։ Երթը վերածվում է իսկական փրկչական արշավանքի։ Երիքովի մոտ կտրում-անցնում են գետը։ Քաղաքում բնակիչները վիճում էին, թե ով կընդունի Նրան, բայց Հիսուսն ընտրում է ոչ թե բոլորի կողմից հարգամեծար, պատվելի ընտանիք, այլ մաքսապետ Զակքեոսի տունը: Դարպասների մոտ նստած կույր մուրացիկը աղաղակում է. «Դավթի՛ Որդի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»։ Նրան սաստում են, բայց Քրիստոսը, մոտենալով նրան, ասում է. «Նայի՛ր, քո հավատը քեզ փրկեց»: Այդ հրաշքը բոցավառում է ժողովրդի խանդավառությունը։ Իշխանությունների բոլոր սպառնալիքները մոռացվում են։ Նա վերստին իրենց գալիլիական Փրկիչն է, աշխարհ եկած Դավիթ թագավորի Որդին։ Ամենուր լսվում էին բացականչություններ. «Օրհնյալ է Տիրոջ անունով Եկողը»։ Առաքյալներն արդեն չէին կասկածում, որ «Աստծո Արքայությունը շուտով հայտնվելու է»։ Այդ հրաշալի իրադարձության մերձավորությունը նրանց համար դարձավ այնքան իրական, որ Սաղոմեն՝ Հովհաննեսի և Հակոբոսի մայրը, Տիրոջը խնդրեց իր որդիներին նստեցնել Իր գահի աջ և ձախ կողմերում, երբ Ինքը լինի «փառքի մեջ»։ Դառնալով եղբայրներին, Հիսուսը հարցրեց.
-Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը Ես խմելու եմ կամ՝ մկրտվել այն մկրտությամբ, որով Ես մկրտվելու եմ։
-Կարող ենք,- պարզամտորեն պատասխանեցին նրանք։
-Այն բաժակը, որ Ես խմելու եմ, կխմեք, և այն մկրտությունը, որով Ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք, բայց Իմ աջում և ձախում նստեցնելը Ես չէ, որ կտամ, այլ տրվելու է նրանց, ում համար պատրաստված է։- Մյուս աշակերտները քրթմնջացին։ Բոլորը ցանկանում էին զբաղեցնել այդ պատվավոր տեղերը։ Բայց Հիսուսն ընդմիջեց նրանց. «Գիտեք, որ ազգերի իշխանավորները տիրում են ազգերի վրա, և մեծամեծներն իշխում են նրանց վրա։ Ձեր մեջ ևս չպետք է այդպես լինի. այլ ձեզնից ով կկամենա մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. և ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի. ինչպես որ Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և Իր անձը տալու որպես փրկանք շատերի փոխարեն»։ Այնուամենայնիվ աշակերտների մտքերը կլանված էին իրենց ակնկալած հաղթանակով։ Այդ պահին Հիսուսը նրանց մեջ մենակ էր, ինչպես երբեք... Երբ շաբաթն անցավ, Քրիստոսն սկսեց պատրաստվել քաղաք մուտք գործելու։ Առաջ Նա երբեք ձիով չէր ճամփորդել, բայց այդ օրը բացառիկ էր։ Ընդ որում, ձիավորը հիշեցնում էր պատերազմի արյունալի արշավանքներից վերադարձող հնագույն արքաների՝ նվաճված Երուսաղեմի փողոցներով սիգարշավող հռոմեացի զինվորների մասին, այդ պատճառով էլ Հիսուսը ընտրեց այն կենդանուն, որը վաղուց ի վեր խաղաղության խորհրդանիշ էր։ Նա աշակերտներին ուղարկեց, որ նրանք մի քուռակ բերեն։ Տերերը, իմանալով, որ այն պետք է ՈՒսուցչին, ուրախությամբ տվեցին։ Թամբի փոխարեն ավանակի մեջքին զգեստներ դրին, և նստելով նրա վրա` Հիսուսն սկսեց իջնել Ձիթենյաց լեռից։ Նա՝ խաղաղություն ավետող Թագավորը, գալիս է անզեն, շրջապատված ուխտավորներով, որոնք բացականչում էին. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն»։ Գալիլիացիները և բեթանիացիները ջանում էին գեղեցկացնել Փրկչի հաղթանակը։ Սմբակների տակ էին գցում ձիթենու շիվեր, փռում էին հագուստներ։ Երեխաները վազում էին Հիսուսի հետևից` արմավենու ճյուղեր թափահարելով։ Առաքյալները ցնծում էին։ Վերջապես եկավ երկար սպասված օրը։ Նրանք բարձրաձայն փառաբանում էին Աստծուն՝ արձագանքելով բազմությանը։ Արևելյան դարպասներից լսվող աղմուկը շարժեց քաղաքացիներից շատերի հետաքրքրասիրությունը։ Տեսնելով երթը գլխավորող Մարդուն, նրանք զարմանքով հարցնում էին. «Ո՞վ է սա»։ ՈՒխտավորները հպարտությամբ բացատրում էին. «Սա Հիսուսն է, Մարգարե Գալիլիայի Նազարեթ քաղաքից»: Շփոթվածությունն ամբողջովին պատեց հոգևոր դասին։ Ժողովրդի սիրո այսպիսի բուռն արտահայտություն չէին սպասում։ «Ահավասիկ ամբողջ աշխարհը նրա հետևից գնաց»,- տագնապած իրար էին ասում ավագները։ Թվում էր, որ իրենց ջանքերը ապարդյուն անցան։ Հիմա արդեն Նազովրեցու դեմ չէր կարելի ձեռնարկել ոչ մի բացահայտ գործողություն։ Դա կնշանակեր ժողովրդին խռովության դրդել։ Զատկի տոնակատարությանը Երուսաղեմում ժողովվել էին հարյուր հազարավոր հրեաներ, հուզախռով մարդկանցով լի քաղաքում ցանկացած սխալ քայլը կարող էր հասցնել պայթյունի։ Այդ նույն ժամանակ Հիսուսն անցնում էր տոնական փողոցներով և ավանակից իջնելով, աշակերտների հետ մտավ Տաճարի պարիսպներից ներս։ Նրանից սպասում էին ինչ-որ արտասովոր բառեր և արարքներ, բայց Նա լուռ նայում էր սրբարանին, նման իր տիրակալությունը ստուգել ցանկացող թագավորի, իսկ գիշերը մոտենալուն պես ուղևորվեց հետ՝ Բեթանիա։ Հիսուսին ուղեկցողները, հավանաբար, որոշ հիասթափություն ապրեցին։ Ոչինչ չկատարվեց, ոչ մի նախանշանակ չեղավ։ Այնինչ նրանք հույս ունեին, որ, ընդունելով արքայական մեծարանք, Հիսուսը պետք է շուտով հանդես բերի Իր փրկչական իշխանությունը և բացի նրանց Իր հետագա մտադրությունները։


Ըստ Ալեքսանդր Մենի
«Մարդու Որդին» գրքի
Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ