Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Առաջինը, որ ասաց Օծյալ...

Առաջինը, որ ասաց Օծյալ...
11.03.2016 | 11:32

Աննա մարգարեուհին (եբր. «շնորհալի», «ողորմած») Սամուել մարգարեի մայրն է (ընթերցման հատված՝ Ա Թագավորաց.1, 2.1-10):

Վաղ առավոտյան Ղևիի ցեղից Եղկանայի մեծ ընտանիքը եռուզեռի մեջ էր: Բոլորը պատրաստվում էին ճանապարհ ընկնելու: Ամեն տարի Եղկանան ամբողջ ընտանիքով գնում էր Սելով՝ Աստծուն երկրպագություն մատուցելու, քանի որ այնտեղ էր Խորանը՝ ՈՒխտի տապանակը: Սելով հասնելու համար նրանք պետք է մեկ օրվա ճանապարհ անցնեին Եփրեմի լեռնային տարածքով: Նման տոները առիթ էին Աստծով ուրախանալու, քանի որ հենց այդ նպատակով էին դրանք հաստատվել (Օրինաց 16.15): Աննան նույնպես պատրաստվում էր ճամփորդությանը՝ փորձելով չկենտրոնանալ իր հոգսի վրա: Աննան անկասկած մանկուց սիրում էր Տիրոջ տոները, սակայն վերջին տարիներին նրա կյանքում ամեն ինչ փոխվել էր: Ճիշտ է, Աննան սիրող ու հոգատար ամուսին ուներ, բայց քանի որ ինքն ամուլ էր, Եղկանան ուրիշ կին էլ ուներ, որի կյանքի միակ նպատակն ասես Աննային վշտացնելը լիներ: Փենանան նույնիսկ այնպես էր անում, որ Աննան ոչ թե ուրախություն ստանար տոներից, այլ խոր ցավ ապրեր: Աննան գիտեր, թե Փենանան ինչպես կարող էր իր հետ վարվել ճամփորդության ընթացքում, սակայն Աննայի համար դա պատճառ չէր, որ տանը մնար: Նա հիանալի օրինակ է Աստծո այսօրվա ծառաների համար: Անմտություն կլինի թույլ տալ, որ ուրիշի սխալ վարքը խանգարի մեզ երկրպագել Աստծուն, որովհետև եթե այդպես վարվենք, չենք ստանա այն մեծագույն օրհնությունները, որոնք մեզ անհրաժեշտ են նաև դժվարություններին դիմանալու համար:
Ինչ խոսք, ցանկացած կնոջ համար, որն ուզում է երեխա ունենալ, անհնարին է համակերպվել ամուլ լինելու մտքին, քանի որ նրա օրերում, ինչպես այսօր, երեխա ունենալը շատ կարևոր էր, որպեսզի շարունակվեր ազգատոհմը: Աննան գուցե կարողանար հանդարտ կրել այդ «նախատինքը», եթե չլիներ Փենանան: Բազմակնության պատճառով ընտանիքում միշտ շատ խնդիրներ էին ծագում: Մրցակցության ոգին, լարված մթնոլորտն ու վիրավորված զգացմունքները սովորական բնույթ էին կրում բազմակին ընտանիքներում: Մինչդեռ մենամուսնության դեպքում, որը հաստատել էր Աստված Եդեմի պարտեզում և վերահաստատվեց Տեր Հիսուսի պատվերով, ընտանիքը պետք է զերծ լիներ նման խնդիրներից: Հստակ է, որ Աստվածաշունչը մռայլ գույներով է ներկայացնում բազմակնությունը, և Եղկանայի ընտանիքի պատկերն էլ զերծ չէր այդ գույներից:
Համաձայն հրեական կրոնի՝ Եղկանան սկզբում Աննայի հետ էր ամուսնացել, և անշուշտ ժառանգորդի որդեծնությունն էր եղել պատճառը, որ Եղկանան որոշ ժամանակ անց կնության էր առել Փենանային: Ակնհայտ էր, որ Եղկանան ավելի շատ Աննային էր սիրում, իսկ Փենանան նախանձում էր Աննային և միջոցներ էր փնտրում նրան ցավ պատճառելու: Փենանան երեխաներ էր ծնում և ամեն երեխայի ծնվելուց հետո ավելի էր մեծամտանում: Փոխանակ Աննային խղճալու և մխիթարելու՝ Փենանան նրա վերքի վրա աղ էր լցնում՝ նրան զայրացնելով ու վշտացնելով: Ինչո՞ւ Աննան ամուսնուն չէր պատմում Փենանայի արարքների մասին: Արդյո՞ք Աննայի ամուլ լինելը ցույց էր տալիս, որ նա չուներ Աստծո հաճությունը։
...Մի ամբողջ օր լեռնային ոլորուն ճանապարհներով անցնելուց հետո նրանք վերջապես մոտեցան Սելովին՝ բլրի գագաթին բազմած քաղաքին՝ շրջապատված բարձր բլուրներով: Մինչ նրանք մոտենում էին, Աննան մտորում էր, թե ինչ պետք է ասի Աստծուն իր աղոթքում: Նույն օրը Տիրոջը երկրպագելուց հետո, ճաշի նստելուց առաջ Եղկանան Փենանայի զավակներին բաժին տվեց, իսկ Աննային՝ կրկնակի: Փենանան կրկին սկսեց Աննային նեղել՝ հիշեցնելով նրա անզավակ լինելը և Աննան ոչինչ չկերավ: Եղկանան նկատեց, որ իր սիրելի կինը տխուր է և չի ուտում, ուստի փորձեց նրան սփոփել՝ ասելով. «Աննա, ինչո՞ւ ես լալիս ու ոչինչ չես ուտում, ինչո՞ւ է քո սիրտը տխուր, մի՞թե ես քեզ համար տասը որդուց ավելի լավը չեմ»: Ինչ խոսք, Եղկանան լավ ամուսին էր, հասկացավ, որ Աննայի տխրության պատճառը ամուլ լինելն է և վստահեցրեց նրան իր սիրո մեջ: Աննայի համար, անշուշտ, մեծ նշանակություն ունեին սիրո այդ խոսքերը: Բայց Փենանայի վատ վերաբերմունքի մասին ոչ Եղկանան խոսեց և ոչ էլ Աննան: Հավանաբար նա հասկանում էր, որ Փենանայի արարքների մասին պատմելով՝ միայն ավելի կսրեր իրավիճակը: Կկարողանա՞ր ամուսինը ինչ-որ բան փոխել: Մի՞թե Փենանան ավելի մեծ ատելությամբ չէր լցվի Աննայի հանդեպ, ու մի՞թե նրա երեխաներն ու ծառաները չէին հետևի նրա օրինակին: Աննան իր տանը իրեն կզգար ինչպես մի վտարանդի: Անկախ նրանից՝ Եղկանան ամեն բան գիտեր Փենանայի վատ վերաբերմունքի մասին, թե ոչ, Աստված ամեն ինչ տեսնում էր:
Աննան արցունքն աչքին Տիրոջ խորանը գնաց: Հեղի քահանայապետը նստած էր խորանի մուտքի մոտ, սակայն Աննան իր հոգսով էր տարված: Խորանում նա իրեն ավելի վստահ էր զգում: Նա համոզված էր, որ Տերը կլսի իր աղոթքը: Եթե նույնիսկ ոչ ոք չկարողանար հասկանալ, թե ինչ թշվառ վիճակում է ինքը, իր երկնային Հայրը անպատճառ կհասկանար: Աննան այլևս չկարողացավ զսպել սրտի մորմոքը և սկսեց լաց լինել: Հեծկլտոցից ցնցվում էր նրա ողջ մարմինը: Նա աղոթում էր, շուրթերը դողում էին, երբ իր ցավն էր պատմում Աստծուն: Նա երկա՜ր աղոթեց՝ սիրտը դատարկելով Հոր առաջ: Աննան խնդրեց Աստծուն, որ օրհնի իրեն՝ զավակ պարգևելով: Սակայն նա ոչ միայն օրհնություն խնդրեց, այլև ուխտեց՝ երդվեց, որ եթե որդի ունենա, կնվիրի Աստծուն, որպեսզի ողջ կյանքում որդին Նրան ծառայի:
Աղոթելու հարցում Աննան հրաշալի օրինակ է Աստծո բոլոր ծառաների համար: Աստված հրավիրում է Իր առջև բացելու մեր սիրտը և պատմելու մեր բոլոր մտահոգությունները, ինչպես որ երեխան է վստահում իր սիրելի ծնողին ու նրան ամեն ինչ պատմում (Ա Թեսաղ. 5.17): Պետրոս առաքյալը հետևյալ մխիթարական խոսքերը գրեց. «Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա գցեք, որովհետև Նա հոգ է տանում ձեր մասին» (Ա Պետ. 5.7):
...Մինչ Աննան արտասվալից աղոթում էր, հանկարծ ձայն լսեց: Հեղի քահանայապետն էր, որ ուշադիր հետևում էր նրան: Հեղին նկատել էր, թե ինչպես են դողում Աննայի շուրթերը և ինչպես է նա հեկեկում: Սակայն հարցնելու փոխարեն, թե ինչ է պատահել՝ նա իսկույն ենթադրեց` Աննան հարբած է: Նա ասաց. «Մինչև ե՞րբ պիտի հարբած վիճակում մնաս: Սթափվի՛ր»: Այդ ծանր պահին որքա՜ն կարող էր վիրավորել Աննային այդ անհիմն մեղադրանքը, այն էլ այնպիսի մարդու կողմից, որն Աստծո առաջ պատվավոր դիրք ուներ: Այնուամենայնիվ Աննան դարձյալ հավատի սքանչելի օրինակ թողեց: Նա թույլ չտվեց, որ մարդու անկատարությունը կանգնի իր ու Աստծո միջև: Նա հարգալից պատասխան տվեց Հեղիին և բացատրեց իր վիճակը: Այդ ժամանակ Հեղին, հավանաբար հասկանալով իր սխալը, մեղմ տոնով ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ և թող Իսրայելի Աստված քեզ տա այն, ինչ խնդրեցիր Նրանից»:
Ինչպիսի՞ սրտով Աննան հեռացավ խորանից՝ սիրտը Աստծո առաջ բացելուց և Նրան երկրպագելուց հետո: Կարդում ենք. «Կինը գնաց իր ճանապարհով, սկսեց ուտել և նրա երեսից տրտմությունը վերացավ: Աննան թեթևացած էր: Ասես իր ծանր բեռը ուսերից իջեցրել ու ավելի ուժեղ մեկի՝ իր երկնային Հոր ուսերին էր դրել: Իսկ կա՞ մի բան, որ ծանր լինի Աստծո համար: Ո՛չ, չի եղել, չկա և չի էլ լինի: Երբ ընկճված ու տրտմած լինենք, մենք էլ մեր սիրտը բացենք աղոթք Լսողի առաջ: Եթե հավատով աղոթենք, մեր տրտմությունը նույնպես կփոխարինվի Աստծո խաղաղությամբ, որը գերազանցում է ամեն միտք» (Փիլիպ. 4.6-7):
Հաջորդ օրը առավոտյան, Աննան Եղկանայի հետ դարձյալ եկավ խորան: Նա անշուշտ պատմել էր ամուսնուն իր խնդրանքի և երդման մասին: Ըստ Մովսիսական օրենքի՝ ամուսինը իրավունք ուներ անվավեր դարձնելու կնոջ երդումը, որը նա տվել էր առանց ամուսնու հետ խորհրդակցելու (Թվոց 30.10-15): Սակայն այդ աստվածավախ և հավատարիմ մարդը նման բան չարեց, և փոխարենը՝ մինչ տունդարձի ճամփան կբռնեին, նա Աննայի հետ խորանում երկրպագեց Աստծուն:
Այդ օրվանից հետո Աննան այլևս տխուր չէր: Իսկ թե Փենանան երբ հասկացավ, որ ինքն այլևս չի կարող ցավ պատճառել Աննային, հայտնի չէ: Բայց մի բան պարզ է. նա շուտով տեսավ, որ իր նենգ ծրագրերը ոչ մի արդյունք չեն ունենում: Աստվածաշնչում նրա մասին այլևս չի խոսվում:
Աննան ներքին խաղաղություն էր վայելում և շատ չանցած՝ նաև մեծ ուրախություն ապրեց: Նա հղիացավ: Երբ արու զավակ ծնեց, նրա անունը Սամուել ¥Շմուել¤ դրեց, որը նշանակում է «Աստծո լսածը» կամ «Տիրոջից խնդրածս» կամ «լսված աղոթքի պատասխան»: Այդ տարի Աննան Եղկանայի հետ չգնաց Սելով, այլ երեխայի հետ տանը մնաց: Նա երեք տարի կերակրեց նրան, մինչև որ երեխան կաթից կտրվեց: Այդ ընթացքում նա իրեն նախապատրաստում էր այն օրվան, երբ բաժանվելու էր իր սիրելի որդուց:
Բաժանումը հեշտ չէր լինելու: Իհարկե Աննան գիտեր, որ խորանում ծառայող կանայք հոգ կտանեն Սամուելի մասին: Բայց չէ՞ որ Սամուելը դեռ շատ փոքր էր: Ո՞ր մայրը չէր կարոտի իր փոքրիկին: Բայց Աննան լիովին ապավինում էր Աստծուն: Որոշված օրը Աննան ու Եղկանան երեխային բերեցին Սելով երախտագիտությամբ լի սրտով: Աննան ուրախությունից ցնծում էր ոչ թե այն պատճառով, որ Փենանան այլևս չէր կարող վշտացնել իրեն, այլ որ Աստված օրհնեց իրեն: Դա երևում է այն բանից, որ նա գովերգության աղոթք արեց ոչ թե իր որդու ծնվելուց հետո, այլ երբ ամուսնու հետ նրան տարավ Սելով, որպեսզի նրան նվիրի խորանի ծառայությանը: Նրանք զոհեր մատուցեցին Աստծո տանը և Սամուելին ներկայացրին Հեղի քահանայապետին՝ հիշեցնելով նրան տարիներ առաջ Աննայի տված երդման մասին:
Դրանից հետո Աննան փառաբանության երգ ձոնեց Աստծուն, և Աստված արժանի համարեց, որ այն գրի առնվի Իր Խոսքում, ինչպես արձանագրվել են օրհներգերը Մովսեսի քույր Մարիամի, դատավոր Դեբորայի, Էսթեր թագուհու, Հուդիթի, Տիրամոր և այլոց: Ա Թագավորաց 2.1-10 հատվածն ընթերցելիս յուրաքանչյուր տողում նկատում ենք, թե ինչ մեծ հավատ ուներ Աննան: Նա փառաբանեց Աստծուն՝ թե ինչ զարմանալի կերպով է Նա օգտագործում Իր զորությունը, ինչպես է խոնարհեցնում հպարտներին, օրհնում խեղճին: Նա գովաբանեց իր Հորը՝ Նրա անգերազանցելի սրբության, արդարության և հավատարմության համար: Այո՛, Աննան ամեն պատճառ ուներ ասելու՝ Մեր Աստծո նման Վեմ չկա: Աստված վստահելի է և անփոփոխ, Նա ապաստան է բոլոր ընկճվածների և հարստահարվածների համար, ովքեր Իրենից օգնություն են խնդրում:
...Փոքրիկ Սամուելն անկասկած երջանիկ էր, որ իր մայրն այդպիսի մեծ հավատ ուներ: Նա իհարկե կարոտում էր իր մորը, սակայն երբեք իրեն լքված չէր զգում ծնողների կողմից: Ամեն տարի Աննան մի վերնահագուստ էր կարում Սամուելի համար և իր հետ բերում Սելով, որպեսզի նա հագնի խորանում ծառայություն անելիս: Այդ վերնահագուստի վրա արված ամեն մի կար խոսում էր որդու հանդեպ նրա մեծ սիրո և հոգատարության մասին: Կարող ենք պատկերացնել, թե ինչպես էր նա հագցնում որդուն նոր պատմուճանը, հետո հիացմունքով նայում նրան և քնքուշ ու քաջալերական խոսքեր ասում: Սամուելի համար իրոք որ օրհնություն էր նման մայր ունենալը: Նա էլ իր հերթին օրհնություն եղավ ոչ միայն իր ծնողների, այլև ամբողջ Իսրայել ազգի համար: Աննան նույնպես իրեն երբեք լքված չզգաց: Տերը օրհնեց նրան, և նա Եղկանայի համար հինգ զավակ ծնեց: Սակայն Աննայի ամենամեծ օրհնությունը իր և իր երկնային Հոր միջև ջերմ փոխհարաբերությունն էր, որը տարիների ընթացքում ավելի ու ավելի էր ամրանում: Թող որ ընդօրինակելով Աննայի հավատը՝ մենք էլ վայելենք Տիրոջ օրհնությունները:
Իր աղոթքում Աննան դիմում է Զորքերի Տեր Աստծուն: Աստվածաշնչում Աննան առաջինն է, ով օգտագործել է այս տիտղոսը, որը հանդիպում է մոտ 280 անգամ և ցույց է տալիս Աստծո իշխանությունը Իր անհաշիվ հրեշտակներից և որդիներից բաղկացած զորքերի վրա: Մարգարեական է Օծյալի մասին Աննայի խոսքը: Օծյալ բառը նույն եբրայերեն Մեսիա և հունարեն Քրիստոս բառն է, և Աննան առաջինն է, որ այն օգտագործել է Օծյալ Հիսուս Քրիստոս թագավորի մասին խոսելիս: Մոտ 1000 տարի անց Տեր Հիսուսի Մայր Մարիամը Աստծուն ուղղված իր փառաբանական աղոթքում այդ նույն մարգարեական աղոթքն արտաբերեց, ինչ Աննան (Ղուկ. 1.46-55):

Հրապարակման
պատրաստեց
Զինա ՈՍԿԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ