Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Մեր հետնորդներին թողնենք մաքուր հոգի, մաքուր գաղափար, մաքուր աշխարհայացք

Մեր հետնորդներին թողնենք մաքուր հոգի, մաքուր գաղափար, մաքուր աշխարհայացք
25.12.2015 | 00:39

Արագագիր դպրի` ժամանակի ձեռքն իր ընդարձակ մատյանում արձանագրեց, թե մի տարի էլ պակասեց մեր կյանքից, մի քայլ էլ արինք առաջ, դեպի մահ այն ճամփով, որ ընկած է մեր օրորոցի ու մեր գերեզմանի միջև, որ միացնում է կյանքի վերջնական սահմաններում կանգնած այդ կետերը։
Սկսում ենք մի նոր քայլ` մեր դեմքերը դարձյալ դեպի մեր կյանքի արևմուտքն ուղղած։ Եվ առանց զարմանքով լցվելու, կարծես մահը կյանքից գերադասելով` մենք դեռ խինդ ու ժպիտ ցանված դեմքերով իրար գուրգուրում-կանչում ենք` շնորհավոր այս նոր քայլը, շնորհավոր նոր շրջան, շնորհավոր Նոր տարի։
Մեզ թվում է, թե այսպիսի հակասությունը մարդկային հոգուն չպիտի հատուկ լինի, չի կարող մահը ցանկալի լինել և նրա մերձենալը` շնորհավոր։ Ապա ուրեմն կա մեր կյանքի, մեր շնորհավորության մեջ մի բան, մի գաղտնիք, որ չի գիտակցվում, բայց զգացվում է։
Բարձրագույն ճշմարտություններ կան, որոնք մեր մտքին մատչելի չեն իրենց պարզությամբ, բայց ըմբռնելի են մեր հոգեկան այն կարողությամբ, որ կես-գիտակցություն կամ բնազդ է կոչվում։
Անտարակույս, մայր բնությունն ազդում է մեր սրտին, մեր հոգուն, թե` մահ չկա. այն մահը, որ սարսափեցնում է մեր գիտակցությունը, լոկ առաչոք է, լոկ ամենանուրբ տեսակը կյանքի, հնացածի կենդանի մասնիկը, նոր կյանքի սաղմը։ Եվ մենք այս բնազդական ճշմարտության թափով շնորհավորում ենք նոր քայլը, նոր շրջանը, նոր տարին։
Հետզհետե հին տարիները մաշելով և նորերին շնորհավորանքների ծափերով ընդառաջ ելնելով, մենք սակավ առ սակավ զտվում, մաքրվում ենք հոգով, մտքով, կամքով։ Փորձառության բովը հալում է մեզ, որպեսզի գերեզմանի բերանում ձույլ ոսկի դառնանք` հետզհետե մեր հետևում թողնելով չանչքը, թերությունը, անպետք խառնուրդը։
Գերեզմանի բերանում, մաքրված հոգիների վերջին հևոցից առաջ թռած խոսքը կյանքի մեջ մնում է որպես առաջնորդող գաղափար, որպես փորձառությունից քամված անմահական մաքուր ցող, որպես միակ գերազանց ժառանգություն հետնորդներին։
Անմահության այս բնազդն ենք մենք շնորհավորում նոր տարիների գալու-գնալու պայմանական վայրկյաններին, կատարելության այս միակ ճանապարհը, որ մեզ առաջնորդում է դեպի վեհը, դեպի վսեմը, դեպի սուրբն ու գերագույնը, որոնք ի վերջո պիտի թագավորեն աշխարհիս վրա` երկիրը երկինք դարձնելով, որպես խաղաղության, հավասարության վայր, ուր ամեն ոք աստղերի ազատությամբ, իր փայլով պիտի շողա, ուր չի լինի այլևս ո՛չ ցավ, ո՛չ հեծություն։
Այս խորհրդածություններով ենք մենք շնորհավորում մեր սիրելի ժողովրդի Նոր տարին, բյուր անգամ ցանկանալով, որ հին-հին տարիների փորձառությամբ զտված հոգով ճշմարիտ կատարելության ուղին անշեղ բռնենք և երբ գերեզմանական աշխարհի շեմը կոխենք, մեր հետնորդներին թողնենք մաքուր հոգի, մաքուր գաղափար, մաքուր աշխարհայացք, որոնք մեզնից մնացած ամենաընտիր ժառանգությունը և գրավականը կլինեն հայ ազգի հավիտենական կենդանության։
Շնորհավո՜ր Նոր տարի։


ԲԵՆԻԿ ՎԱՐԴԱՊԵՏ
1908 թ.

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ