Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Դևերը հավաքվում են հարստությունը կուտակելիս, իսկ հրեշտակները՝ այն բաշխելիս»

«Դևերը հավաքվում են հարստությունը կուտակելիս, իսկ հրեշտակները՝ այն բաշխելիս»
18.12.2015 | 00:05

Սրբազանի այս քարոզ-հոդվածը, որ արտատպվում է վերջերս լույս տեսած նրա «Հավատի և բանականության հետքերով» ստվարածավալ գրքից, յուրովի մեկնությունն է «Տվեք, և կտրվի ձեզ» կամ «Ինչ սերմեք, այն էլ կհնձեք» անփոփոխ սկզբունքի, սկզբունք, որը հաստատված է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր աշխարհում:

«ՏՎԵՔ, ԵՎ ՊԻՏԻ ՏՐՎԻ ՁԵԶ»
Տալու առաքինության մասին հոյակապ են լիբանանցի գրող Ջիբրան Խալիլ Ջիբրանի (1883-1931) մտքերը, որոնք համաշխարհային արժեք են ներկայացնում: Սակայն նրանից շատ դարեր առաջ մեր Տերը՝ Հիսուս, մի շատ հակիրճ արտահայտությամբ իմաստավորել է տալը, ասելով՝ «Տվեք և պիտի տրվի ձեզ»: Նա այս թելադրանքն արել է ոչ միայն հարուստներին, այլև Իր բոլոր հետևորդներին, քանզի ամեն մարդ իր հնարավորության սահմաններում կարող է մի բան տալ, և դա չի վերաբերում միայն նյութական նպաստներ բաշխելուն: Չկա մեկը, որ լինի այնքան թշվառ և չկարողանա մի բան տալ: Ով ի վիճակի չէ դրամական օգնություն կատարելու, կարող է իր ունեցած ժամանակից տրամադրել և մեկուսի չթողնել աղքատին, սեր ցուցաբերել նրա նկատմամբ, իր ունեցած գիտելիքներից կամ սեփական արժանիքներից տալ, մի կտոր հաց կիսել, հալածանքների և նեղությունների ժամանակ կարեկցանքի մի քաղցր խոսք ասել, սիրազեղ մի ժպիտ պարգևել, ամառվա տոթին մի բաժակ սառը ջուր մատուցել, իսկ ձմեռվա ցրտին արևի մի ջերմացնող ճառագայթ դառնալ: Երբ մեկի սիրտը լեցուն է քրիստոնեական սիրով, նա չի կարող անտարբեր լինել իր նմանների նկատմամբ: Քրիստոնեական սերը համամարդկային է, գործուն է և արդյունաբեր:
Գործուն սերը արտահայտվում է միայն այն ժամանակ, երբ մենք մեր ունեցածից, ըստ հարկի՝ նյութական կամ բարոյական, բաժին ենք հանում ու տալիս կարիքավորներին: Այստեղ կարևորն այն է, որ կարողանանք մեր սիրտը դնել առատաձեռնության մեր յուրաքանչյուր արարքի մեջ:
Իսկ տալով՝ ի՞նչ բան կտրվի մեզ. հիմնականում այն անփոխարինելի և բերկրալի զգացումը, որ ազնիվ հոգիներն ունենում են մեկ ուրիշին երջանկացնելու առթիվ:
Մյուս կողմից էլ՝ կյանքում արժեք ներկայացնող ամեն բան բաշխվելիս բազմապատկվում է, ինչպես ասում է մեր Տերը. «Տվեք, և պիտի տրվի ձեզ»: Տալու ժամանակ եթե մտածենք և ափսոսանք, որ մի բան ենք կորցնում մեր ունեցածից, ուրեմն դա չի համարվում իսկական տալ, և ընծան էլ բազմապատկվելով չի վերադառնում մեզ: Դրա համար էլ Պողոս առաքյալը թելադրում է. «Սրտով տալ և ոչ թե հարկադրաբար, տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է ուրախությամբ տվողին» (Բ Կորնթ. 9.7):
Կուտակելով հարստությունը մեծանում է, սակայն եթե այն միայն ինքնանպատակ է, եթե այն շարժման մեջ չէ՝ ստանալու և տալու հարաբերությամբ, մնում է ապարդյուն, լճացած, որը ժամանակի ընթացքում վերածվում է ապականված ճահճի, որի գոյությունը վնասաբեր է և՛ բնությանը, և՛ մարդկանց առողջությանը: Այդպիսի մի հարստություն օգուտ չի տա, երջանկություն չի բերի առաջին հերթին իր տիրոջը: Այս մասին հարկ է ընթերցել Քրիստոսի պատմած առակը անմիտ մեծատան մասին, ով միայն կուտակելով զբաղվեց և երբ կարծում էր, թե այլևս երկար տարիների համար ամեն ինչով ապահովված է, վրա հասավ անակնկալ մահը: Նույն առնչությամբ կարդում ենք Սիրաքի Իմաստության գրքում. «Ով հարստանում է ժլատությամբ և կուտակելով, նրա վարձի բաժինը այս է լինում. երբ նա ասում է, թե՝ «Հանգիստ գտա և այսուհետև պիտի վայելեմ իմ հարստությունը»,- սակայն չգիտի, թե ինչքան կապրի, գալիս է օրհասը, նա այլոց է թողնում կուտակածը և մեռնում» (11.18-20): Իսկ մեր մատենագիրներից Եզնիկ Կողբացին (Ե դար) գրում է. «Դևերը հավաքվում են հարստությունը կուտակելիս, իսկ հրեշտակները՝ այն բաշխելիս» (Եղծ աղանդոց, Երևան, 1970, էջ 185):

ՏԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԿԵՐՊԸ
Տալու ժամանակ ամենից կարևորը դիտավորությունն է:
Ոմանք տալիս են ի ցույց մարդկանց, որպեսզի մարդիկ լավ կարծիք ունենան իրենց մասին: Այսպիսով՝ նրանք բարի դիմակով են ներկայանում ուրիշներին: Այդպիսիք տալիս են իրենք իրենց համար: Դրանով նրանք պաշտում են ոչ թե Աստծուն, այլ իրենց սեփական անձերը:
ՈՒրիշներն էլ տալիս են ոչ թե որպես ցուցադրություն մարդկանց, այլ հանդարտեցնելու համար իրենց խիղճը: Իրենց կատարած կեղեքումների կամ այլ մեղքերի փոխարեն մի բան տալիս են Եկեղեցուն կամ որևէ մեկին: Այստեղ էլ նպատակը անձնական է, լավ ու հանգիստ զգալն է, կեղծ արդարացումը: Սա էլ մի տեսակ սեփական անձի պաշտամունք է:
Հիսուս ընդվզում է՝ տեսնելով Իր ժամանակվա հրեաների տալու ձևն ու նրանում թաքնված դիտավորությունը: Որպեսզի մեկը պարտավորվեր առատ ընծաներ տալու և շոյելու համար նրա սնափառությունը՝ քահանաները քաջալերում էին ժողովրդի ներկայությամբ կատարվող նվիրատվությունը: Կարգն այսպիսին էր. ժողովարանում պաշտամունքից հետո նվիրատուն մեջտեղ էր գալիս և բարձրաձայն հայտարարում իր տալիք գումարի չափը: Եթե այդ գումարը մեծ էր, ապա տվյալ անձը բեմ (եբր. բեմա) էր հրավիրվում, տեղ էր զբաղեցնում քահանայի կողքին և պատիվների արժանանում: Այնուհետև դպիրներից մեկը շեփոր էր հնչեցնում, որպեսզի բարեգործի վրա հրավիրեր նաև երկնքի ուշադրությունը: Ապա այդ թատրոնը շարունակվում էր նաև ժողովարանից դուրս՝ փողոցում կամ հրապարակում:
Մեր Տերը բացարձակապես անընդունելի է համարում աղմուկ-աղաղակով կատարվող հրապարակային բարեգործությունը՝ ասելով, թե՝ ձախ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում աջը (Մատթ. 6.3), այսինքն՝ բարեգործությունը չպետք է լինի ուշադրություն գրավելու կամ անձնական փառք հետապնդելու նպատակով:
Իսկական տալը միայն ու միայն դիմացինին երջանկություն պատճառելն է: Բացարձակ անշահախնդրության և անձնուրացության դեպքում է, որ բարեգործությունը դառնում է արգասիք մի իսկական սիրո (ագապեի): Վերևից միայն Աստված է տեսնում տվողին և նրան շնորհում մի անկողոպտելի երջանկություն, նույնիսկ տրված մի բաժակ ջրի վարձը չի կորչում (Մատթ. 10.42): Մյուս կողմից էլ՝ մենք մեր հերթին շնորհակալ պետք է լինենք այն բանի համար, որ նախ արժանացել ենք ունեցվածքի և ապա՝ առիթ է շնորհվել մեզ մեկին օգնելու: Դրանով խրախուսվում է մեր առատաձեռնությունը և հաղթահարվում մեր եսասիրությունը: Անշուշտ նաև զգույշ պետք է լինենք մեր բարի դիտավորության մեջ, որպեսզի զոհ չդառնանք խաբեբաների և իսկական կարիքավորների արդար բաժինը նրանց չհանձնենք: Ներսես Լամբրոնացին այս մասին ասում է. «Պահել հարստությունը՝ հարբեցողության համար խնդրողներից և անկոչ պնակալեզներից, իսկ դուրս հանել բաժանելու համար աղքատներին» (Մեկնություն Ժողովողի, 3.6):
Արդարև ինքնախաբեության վտանգը, անազնիվ նպատակների հետապնդումը ոչ մի ժամանակ այնքան ահավոր չափանիշների չեն հասնում, որքան ցուցադրական բարեգործությունների ընթացքում, երբ բարեպաշտական ընծաների պիտակի ներքո թաքնված են անբարեպաշտ զգացումներ՝ ցուցամոլության, սնապարծության, ինքնագոհության և գոռոզամտության, այն սխալ ենթադրությամբ, թե իրենք՝ իբրև նվիրատու, ուրիշներից ավելի լավ են: Մինչդեռ այդպիսիք թշվառության և կարիքների մեջ տվայտողների կողքով անխղճաբար կանցնեն, իրենց ունեցվածքից առանց նույնիսկ մի փշրանք տալու նրանց, եթե հրապարակավ պատիվների և շքանշանների պիտի չարժանանան: Այս իսկ պատճառով մեր Տերը զգաստության է հրավիրում մեզ, որպեսզի արժանի դառնանք մեր մարդկային կոչմանը բարեգործություն անելով, ողորմություն տալով:

ՏԱԼՈՒՑ ՉՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԵՆՔ
Աստված մեզ տալիս է, որպեսզի մենք էլ ուրիշներին տանք: Դրանով նախ հավատարիմ ենք լինում մեր մարդկային կոչմանը, ապա զգում ենք, որ մեր կյանքն իմաստավորվում է, այն զուր տեղը չի անցնում, քանզի ինչ-որ չափով նպաստում ենք որևէ մեկի երջանկությանը:
Տալու տրամադրություն կամ զգացում չունենալը ինքնին բացահայտում է անձնասեր մարդու իսկական թշվառությունը, անկախ նրանից, որ նա կարող է նյութապես շատ ապահով վիճակում լինել: Տալ չգիտենալը մարդուն մղում է դեպի ներքին և մշտական դատարկություն, երբ սկսում է մտածել, թե ոչ ոք չի սիրում և չի գնահատում իրեն, մինչդեռ իրականում ինքն է, որ չի սովորել ուրիշներին սիրել կամ գնահատել:
ՈՒրեմն՝ իսկական աղքատը ոչ թե նա է, որ քիչ ունի, այլ նա, որ զուրկ է տալու և բաշխելու վեհ զգացումներից:
Ոմանք էլ չեն ուզում որևէ բան տալ կարոտյալին՝ պատճառաբանելով, թե շատերը, որ ժամանակին վայելել են իրենց բարիքները, ապերախտ են գտնվել իրենց նկատմամբ: Թեև ճշմարիտ տալը չպետք է ակնկալի որևէ հատուցում, սակայն, մյուս կողմից էլ, ապերախտությունը, լինելով մարդկային նկարագրին պատկանող մի շատ վատ և անբացատրելի երևույթ, իսկապես ցավ է պատճառում: Այնուհանդերձ տվողը պետք է մտածի, որ բոլորն էլ չեն կարող այնքան ապերախտ լինել, որ իր արած բարիքի փոխարեն չարիք հատուցանեն իրեն, իսկ հատուցելու դեպքում էլ չպետք է այնքան մտահոգվի, քանզի նրանց փոխարեն մեկ ուրիշը նեղության ժամանակ օգնության ձեռք կմեկնի իրեն: Կյանքում չկա ոչինչ, որ ստանա իր արժանի վարձը: Ինչ սերմանես, նույնն էլ կհնձես: Կատարած բարիքդ էլ կվերադառնա քեզ տարբեր առիթներով և տարբեր անձերի միջոցով:

ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ՉԷ
Ասել, թե հարստությունն ինքնին վատ բան է, դա մի անարգանք է Աստծո հասցեին, որովհետև Նա է տվել մեզ Իր շնորհները՝ իմաստության, առողջության, աշխատասիրության, որպեսզի դրանցով կարողանանք վաստակել մեր հացը և արժանի դառնանք ունենալու նաև արդար հարստություն: Այստեղ խոսքն անշուշտ վերաբերում է արդար ճանապարհով կուտակած հարստությանը, որի իսկական տվիչն է Աստված:
Հարստությունը, ինչպես նաև աղքատությունը, կարող է լինել թե՛ աղբյուր առաքինությունների, թե՛ կործանման պատճառ: Մեղքը ոչ թե հարստության մեջ է, այլ դրանից կախվածության և դրա հանդեպ եղած պաշտամունքի, ագահության և անհագ կուտակման մեջ, որի համար էլ Հիսուսն ասաց, թե՝ անհնար է միաժամանակ ծառայել երկու տերերի՝ Աստծուն և դրամին:
Այս մասին եկեղեցական հայրերից Կյուրեղ Երուսաղեմացին (323-386) գրում է. «Հարստություն, ոսկի և արծաթ չեն պատկանում սատանայի իշխանությանը, ինչպես կարծում են շատերը»: Աստված մարգարեի միջոցով ամենահստակ կերպով հայտնում է. «Իմն է արծաթը, Իմն է ոսկին» (Անգե 2.9):
Միայն թե ճիշտ օգտագործիր դրամը և դրանից հետո այն ոչնչով դատապարտելի չի լինի: Երբ դու մի լավ բան վատ ձևով օգտագործես, այն ժամանակ կսկսես անհավատի նման հայհոյել այդ բանը հնարողին, փոխանակ դատապարտելու դրա օգտագործման եղանակը: Երկրավոր բարիքների համար մարդ նույնիսկ շնորհակալ պետք է լինի, որ արժանի է դարձել ունենալու դրանք, քանզի ինչպես երևում է այդ ժամանակավոր բարիքների ակնարկությամբ է գրված. «Քաղցած էի և Ինձ ուտելիք տվիք, մերկ էի, և Ինձ հագցրիք» (Մատթ. 25.35-36): Կուզենայի՞ր իմանալ ավելին. այդ երկրավոր գանձերն են, երբ ծառայում են իրենց իսկական նպատակին, կարող են բացել Երկնքի արքայության դռները... Դու, սակայն, չպետք է գերին լինես երկրավոր գանձերի, ոչ էլ դրանք պետք է թշնամի համարես: Արդարև Աստված դրանք տվել է քեզ, որպեսզի ծառայեն քեզ, և ոչ թե դու՝ դրանց: Հետևաբար, երբեք մի՛ ասա, թե երկրավոր գանձերը պատկանում են սատանային (Cyrill von Jerusalem, Taufkatechese 8, 6-7, Bdk. III, էջ 389-390):

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ՎԱՃԱՌԻՐ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ՈՒՆԵՍ, ԵՎ ՏՈ՛ՒՐ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ»
Մի անգամ հարուստ մի երիտասարդ մոտենալով Հիսուսին, հարցնում է. «Ի՞նչ բարիք պետք է գործեմ, որ հավիտենական կյանք ունենամ»: Հիսուս ասում է նրան, թե պետք է պահել Աստծո բոլոր պատվիրանները: Երիտասարդը, որ ջանացել էր մանկուց ի վեր պահել այդ պատվիրանները, չի գոհանում այդ պատասխանով. «Իսկ ուրիշ ի՞նչ է պակաս»,- հարցնում է: Հիսուս պատասխանում է. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա, վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս. և դու արի Իմ հետևից» (Մատթ. 19.16-22)։ Երիտասարդը, այս խոսքերի վրա տրտմած, թողնում-հեռանում է, որովհետև,- ասում է Ավետարանը,- շատ հարստություն ուներ:
Վերոհիշյալ երիտասարդը չէր բավարարվում միայն նրանով, որ մարդ պետք է պահի Աստծո պատվիրանները, այլ կամենում էր պարտադրված Օրենքից դուրս, ազատ սիրուց դրդված, ինչ-որ մի բան անել: Դրա համար էլ ուզում էր իմանալ, թե ուրիշ ինչ բան պակաս էր իրեն ձեռք բերելու համար այն հավիտենական կյանքը, որին ինքը հավատում էր: Հիսուս իր մեկ նայվածքով իսկ հասկացել էր, թե դեռ ինչ էր պակաս երիտասարդին: Նա տեսնում էր, որ երիտասարդը այնքան բուռն սիրով էր կապված իր հարստությանը, որ այն նրա համար դարձած էր պաշտամունքի առարկա, նույնիսկ փոխարինում էր Աստծուն: ՈՒրեմն նրան միայն մի բան էր պակասում, որ ամենից գլխավորն էր, բոլոր պատվիրանների մեծագույնը՝ ամբողջական նվիրվածությունն ու սերը Տեր Աստծո հանդեպ: Դա է պահանջվում Քրիստոսին հետևող ճշմարիտ աշակերտից, դա պատրաստակամությունն է խաչը ուսերին առնելու և Տիրոջ հետևից գնալու: Եվ Հիսուս կամենում էր այդ երիտասարդին Իր աշակերտը դարձնել, սակայն դրվագը գալիս էր փաստելու, որ նա նախընտրում էր հարստությունը Աստծուց: Դրա համար էլ նա խիստ տրտմում է Տիրոջ խոսքերից:
Կղեմես Ալեքսանդրացին (140-211) այս առնչությամբ գրում է. «Վաճառի՛ր, ինչ որ ունես» (Մատթ. 19.21). ի՞նչ է նշանակում այս: Տերը չի հրահանգում այդ անձին, ինչպես շատերն են մակերեսային կերպով հասկանում, դեն գցել իր ունեցվածքը, կամ հրաժարվել նրանից, այլ ուզում է, որ նա իր հոգուց արտաքսի հարստության վերաբերյալ մտահոգությունները, դրա հանդեպ ունեցած կրքոտ սերը, ուժգին ձգտումը, հիվանդագին տագնապը, հոգսը, երկրային կյանքի փշերը, որոնք խեղդում են հավիտենական կյանքի սերմը:
Արդարև, ինքնին վսեմ բան չէ և ոչ էլ ցանկալի բոլորովին հրաժարվել ունեցվածքից, եթե դա հանուն հավիտենական կյանքի չի կատարվում: Այլապես նրանք, ովքեր ընդհանրապես ոչինչ չունեն և իրենց հանապազօրյա կարիքները մուրացկանությամբ են հոգում, ովքեր նստում են ճանապարհների եզրերին, ոչինչ չգիտեն Աստծո և Նրա արդարության մասին, սակայն միայն նրա համար, որ բոլորովին աղքատ են և իրենց կյանքը երկարաձգելու համար ոչինչ չունեն, նույնիսկ զրկված են նվազագույնից, հանդիսանում են այն միակ երանելիները, որ բոլորից էլ ավելի սիրվում են Աստծուց և արժանանում հավիտենական կյանքի» (Klemens von Alexanderien, Welcher Reiche wird gerettet werden? Bdk. էջ 383):
Այնուհետև Կղեմեսը գրում է բավարար նյութական միջոցներ ունենալու կարևորության մասին, որպեսզի դրանցով նախ ուրիշների վրա բեռ չլինենք, և ապա՝ կարողանանք օգտակար լինել կարիքի մեջ գտնվողներին, այլապես,- ասում է նա,- Տիրոջ այս թելադրանքը կհակասի Նրա մյուս ուսմունքին, թե՝ «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկ. 16.9):
Հենց ինքը՝ Հիսուս, հյուրն է եղել հարուստ մաքսավորների՝ Զաքեոսի, Ղևիի և Մատթեոսի, բայց երբեք չի պատվիրել նրանց հրաժարվել իրենց հարստությունից, այլ պահանջել է դրա արդար օգտագործումը՝ դատապարտելով միայն հարստության պատճառած անիրավությունները: Իսկ իր ինչքերի մի մասը աղքատներին բաժանելու և իր կողմից զրկվածներին քառապատիկ հատուցում տալու պատրաստակամություն ունեցող Զաքեոսը արժանանում է Տիրոջ գնահատականին և օրհնությանը, համաձայն այն արտահայտության, թե՝ «Արդարև այսօր այս տան համար փրկություն եղավ» (Ղուկ. 19.9):

ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐԺԱՆԻ ԵՆ ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆԸ
Երբ Հիսուսն ասում է. «Ինչքան դժվար է Աստծո արքայություն մտնել նրանց համար, որ հարստություն ունեն»,- աշակերտներն այս խոսքերի վրա շատ են զարմանում, սակայն Տերը անմիջապես պարզաբանում է միտքը. «Ինչքան դժվար է Աստծո արքայություն մտնել նրանց համար, որ իրենց հույսը դրել են հարստության վրա» (Մարկ. 10.23-24): Սրանից հայտնի է դառնում, որ Հիսուս չի դատապարտում բոլոր հարուստներին, այլ միայն նրանց, ովքեր իրենց հույսը դրած են իրենց հարստության վրա և դրա գերիները դարձած, մանավանդ, երբ չգիտեն դրանից բաժին հանել աղքատներին:
Ավետարանում հիշվում է մի մեծահարուստ մարդ՝ Հովսեփ Արիմաթացի անունով, ով Հիսուսի գաղտնի հետևորդներից էր՝ զգուշանալով հրեաների հալածանքից: Սակայն Տիրոջ խաչելության և մահվան ժամանակ նա ցուցաբերում է քաջարի կեցվածք. դիմում է հռոմեացի կուսակալ Պիղատոսին՝ խնդրելով Հիսուսի մարմինը, որպեսզի նախքան հրեաների համար սահմանված շաբաթ օրվա հանգստի սկսվելը կատարի Նրա թաղումը: Թաղմանը, ըստ Հովհաննու Ավետարանի, մասնակցում էր նաև մի այլ հրեա մեծահարուստ իշխանավոր՝ Նիկոդեմոս անունով, որ մի գիշեր գնացել էր Հիսուսի մոտ՝ ծանոթանալու Նրա վարդապետությանը:
Հովսեփ Արիմաթացին խաչից վար է առնում Հիսուսի մարմինը, օծում անուշաբույր խնկերով, փաթաթում մաքուր կտավով և դնում գերեզման, որն իր սեփականությունն էր: Դրանով նա ցույց է տալիս իր անսահման սերը Հիսուսի նկատմամբ, Ով դատապարտվել էր մահվան՝ իբրև հանցագործ, սակայն այժմ արժանանում է իշխանական թաղման:
Ահավասիկ մի մեծահարուստ, որի մասին արձանագրված է Սուրբ գրքում, թե բարեգործ էր և արդար (Ղուկ. 23.50), որն իր կյանքը վտանգելու գնով մատուցում է իր խորին հարգանքը Տիրոջ մարմնին:
Ավետարանում հիշվում է նաև մի շատ աղքատ այրի կին, ով մի օր իր ունեցած երկու լուման՝ չնչին մի բան, գցում է Տաճարի գանձանակը: Այդ օրը շատերն էին ընծա տալիս Տաճարին և շատ ավելի մեծ գումարներ, սակայն Հիսուս, որ այնտեղ էր, ուշադրության է արժանացնում և բարձր է գնահատում միայն այդ համեստ այրի կնոջ տվածը, քանզի նա, թելադրված իր բարեպաշտությունից և անձնազոհ զգացմունքներից, իր ամբողջ օրապահիկն էր տվել և ոչ թե ուրիշների նման իրենց ավելացածից:
Տերը նայում է տվողի մաքուր և անկեղծ դիտավորությանը և գնահատում այն անկախ նրանից, թե տվյալ անձը հարուստ է, թե աղքատ: Յուրաքանչյուրն իր կարողությամբ, սակայն սրտի միևնույն առաքինության ու ազնվության չափանիշով: Ըստ առածի՝ Աստուած ոչ հայի յորքանն, այլ՝ յորպէսն:

Տալու մասին մի հատված Ջիբրան Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» գրքից.

Երբ տալիս եք ձեր ստացվածքից՝
շատ քիչ բան եք տված լինում,
միայն երբ տալիս եք ձեր անձից՝
ճշմարտապես տված եք լինում:

Մարդիկ կան, որ տալիս են
քիչն իրենց մեծ հարստության,
այն չափով միայն, որ փառաբանվեն,
և իրենց այդ ծածուկ ցանկությունը
դարձնում է տրված ընծան անարժեք:

Լավ է տալ, երբ խնդրում են ձեզանից,
Իսկ ավելի լավ է տալ առանց խնդրանքի՝
գիտակցելով կարիքներն ուրիշի:
Եվ առատաձեռն էակի համար
որոնումը նրա, որ կարիք ունի,
շատ ավելի մեծ ուրախություն է,
քան տալը ինքնին:
Ինչ որ ունեք՝ մի օր պիտի բաշխվի,
ուրեմն տվեք հիմա,
որպեսզի տալու օրերը պատկանեն ձեզ
և ոչ թե վաղվա ձեր ժառանգորդներին:

Հակոբ արքեպիսկոպոս
ԳԼՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1784

Մեկնաբանություններ