Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Սիրելը մարդ արարածի կոչումն է

Սիրելը մարդ արարածի կոչումն է
15.12.2015 | 00:04

ԱՍՏԾՈ ՆՊԱՏԱԿԸ


Երբ Աստված արարեց աշխարհը, սիրելիներս, Աստված կարող էր այն միանգամից լցնել մարդկանցով, սակայն Նա այդպես չվարվեց, այլ ի սկզբանե ստեղծելով մեկ տղամարդ ու մեկ կին, նրանց պատվիրեց բազմանալ ու լցնել երկիրը մարդկանցով (Ելից 1.26-28):
Պսակի սուրբ խորհրդի միջոցով մեր Տեր Հիսուս Քրիստոսն առաջարկում է բոլորիս մասնակցել աշխարհի «ընդհանրական» արարմանը: Նա վստահում է մեզ, որ ինքներս, լինելով ընդհանրական քրիստոնեական եկեղեցու մասնիկ, մեծ պատասխանատվությամբ կլուծենք այն խնդիրները, որոնք ծառացել են ու շարունակում են ծառանալ համայն մարդկության առաջ:
Սերը, որն ընկած պետք է լինի ամեն քրիստոնյա ընտանիքի հիմքում, ամեն մարդու կոչումն է, քանի որ Աստված մեզ ստեղծել է Իր պատկերով, և քանի որ Աստված Սեր է և Իր մեջ կրում է Սիրո մեծ խորհուրդը, պատվիրում է մեզ, որ մեծ պատասխանատվությամբ կառուցենք ընտանեկան սիրո ընդհանրությունը: Այսպիսով, սիրելը մարդ արարածի կոչումն է: Առաջին հերթին Քրիստոսն ուզում է, որ ամուսինները հավատարմությամբ իրար նկատմամբ դրսևորեն այնպիսի սեր, նման այն սիրուն, որ Ինքը՝ Հիսուս Քրիստոսը նվիրում է մարդկությանը՝ հանձին Իր Եկեղեցու: Այսօր անհետաձգելի խնդիրը քրիստոնյա ընտանիքների համար ամուսինների հավատարմության և Պսակի խորհրդի անքակտելիության պահպանումն է, և ինչպես ասել է Հովհաննես Պողոս 2-րդ սուրբ պապը` «Ընտանեկան խնդրի կարգավորումը այսօր համայն քրիստոնյա աշխարհի կարևորագույն խնդիրն է»:
Շատ կարևոր է, սիրելիներս, հիշել և մեծ ակնածանք տածել այն մարդկանց նկատմամբ, ովքեր, մերժված լինելով իրենց կողակիցներից, շնորհիվ իրենց քրիստոնեական հավատի և հույսի, չփորձեցին կրկին ամուսնանալ, դրանով վկայելով իրենց անվերապահ հավատարմությունը ոչ միայն Քրիստոսի Եկեղեցու նկատմամբ, այլև համայն մարդկության: Եվ այդ պատճառով այդ մարդիկ իրենց մխիթարությունը պետք է գտնեն Քրիստոսի Եկեղեցում:
Ամեն մի ընտանիք կոչված է ծառայելու Աստծուն և կյանքին: Ամուսնական սերը տղամարդուն և կնոջը դարձնում է ընդունակ նվիրումի, որի շնորհիվ նրանք դառնում են Աստծո համագործակիցները՝ փոխանցելով կյանքը նոր սերունդներին: Բայց չպետք է մոռանալ, որ նույնիսկ երբ ֆիզիկական ծնունդը անհնարին է, ամուսնական կյանքը չի կորցնում իր կարևորությունը ու արժեքը, այլ ընտանիքը կարող է իր ծառայությունը բերել` որդեգրելով զավակ կամ ցուցաբերելով օգնություն այլ ընտանիքների, ովքեր կունենան դրա կարիքը:


ՄԵՂՔԸ ԵՎ ՆՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Ոչինչ այնպես կործանարար չի ազդում ու քայքայում մարդկային հոգեբանությունը, սիրելիներս, ինչպես մեր կախվածությունը մեղքից: Մեղքը մեզ դարձնում է մեր իսկ կրքերի գերին և հետզհետե սկսում է իշխել մեզ վրա: Եվ մի օր մենք նկատում ենք, թե ինչպես մենք և մեր բազում մեղքերը այնքան են կապվել իրար, որ դրանցից ազատվելը դառնում է մեզ համար անհնարին: Չարը, որին Աստվածաշունչը անվանում է «ստի հայր», առաջին հերթին փորձում է աղավաղել մեր գիտակցության մեջ Աստծո սիրո և Նրա պատվիրանների ու խորհուրդների մասին մեր պատկերացումները: Չարը կարող է մեզ մատուցել մեղքը այնպիսի հրապուրիչ տեսքով, որ մեզ այն թվա բարի և անվնաս: Մեղքը, որ մեզ պարտադրում է չարը, ունի բազմակի ձևեր: Եվ ոչ միշտ է, որ մենք ճանաչում ենք ու հասկանում չարի ներգործության ձևերը: Կամաց-կամաց մենք այո ենք ասում տարբեր կապվածությունների, ինչը, առաջին հերթին, դրսևորվում է նրանով, որ մենք սկսում ենք անտեսել Աստծո սահմանած պատվիրաններն ու խորհուրդները:
Աստված անընդհատ հիշեցնում է մեզ սրտի սրբության և մտքի ու ֆիզիկական մաքրության մասին, որը սակայն շատ դժվար է թվում այսօր, քանի որ գայթակղությունների կարելի է հանդիպել ամենուր: Բայց դա չի արդարացնում մեզ, այլ հիշեցնում է, որ մեր օրերում առավել ևս պետք է զգույշ լինել:
Երբեք, սիրելիներս, չպետք է թուլություն դրսևորենք չարի դեմ պայքարի մեջ, եթե չենք ուզում դառնալ մեղքի գերի: Պայքարը պետք է լինի հարատև համբերությամբ և ամենայն լրջությամբ, գիտակցելով մեր մեղքը և նկատելով այն կործանիչ ազդեցությունը, որն այն արդեն հասցրել է մեզ: Խոստովանենք այն առանց երկմտելու, հաղորդվենք Հիսուսի Սուրբ Արյանն ու Մարմնին ու կայացնենք լուրջ որոշում չարին մեկընդմիշտ ոչ ասելու համար: Պայքարենք մեր մեղավոր ցանկությունների դեմ, անգործության, աննպատակ ժամանցների դեմ, սակայն մենակ պայքարել չենք կարող, այլ պետք է օգնության կանչենք Աստծուն, Ով կարող է մեզ զորացնել, առաջնորդել ու մաքրել: Երկար է թվում մեզ համար այդ պայքարը և երբեմն նաև անիրագործելի, սակայն Աստծո խոսքը ճշմարիտ է ու երբեք դատարկաձեռն հետ չի վերադառնում: Նրա խոստումները, որ մենք ստեղծված ենք Իր պատկերով և Իրեն ենք դառնալու, որպես Աստծո զավակներ, իրական են: Հավատա՛նք, ուրեմն, որ մի օր անկասկած ձերբազատվելու ենք մեր մեղքերից, և եթե ուշանում է մեր հաղթանակը, ուրեմն փորձվում են մեր հավատի կայունությունը և մեր վստահությունը Աստծո Խոսքի նկատմամբ:
Եվ սակայն, եթե նույնիսկ մի քանի անգամ պարտություն կրենք, չպետք է ընկնենք հուսահատության գիրկը և երբեք չմոռանանք, որ մեր գործած ոչ մի մեղք չի կարող խանգարել, որպեսզի Աստված մեզ ավելի քիչ սիրի, քան մյուսներին: Նա միշտ էլ սպասում է մեզ որպես սիրող Հայր։


Անահիտ-Աննա ԳԻՉՅԱՆ

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ