Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Ոգեղեն կյանք

Ոգեղեն կյանք
08.12.2015 | 01:19

…Հայաստան առաջին անգամ այցելեցի 1945 թվին, հայ պատգամավորության կազմի մեջ` մասնակցելու համար Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններին: Ընտրվեց, ինչպես գիտեք, Գևորգ 6-րդ կաթողիկոսը, 76 տարեկան ծերունազարդ, պատկառելի անձնավորություն:
Ինձ վրա Հայաստան այցելելը արտակարգ տպավորություն թողեց. Հայաստանը շատ տխուր վիճակի մեջ էր այդ օրերին, շատերը սգավոր էին, կորուստներ ունեին պատերազմի դաշտերում: Սննդամթերքի պակաս կար: Հիմա, որ գանգատվողներ կան, պիտի հիշեն, որ 1945-ի գարնանը Հայաստանում տասնապատիկ ավելի վատ վիճակ էր: Չեմ ուզում տնտեսական այդ կողմին ծանրանալ: Ես մի քանի գյուղեր այցելեցի և տեսա ինչպիսի թշվառ վիճակում է ապրում մեր գյուղացիությունը: Ոչ մի երեխա չտեսա, որ կոշիկ ունենա, ոչ մի երեխա չտեսա, որ կարգին հագուստ ունենա: Ինչևէ:
Մի օր, այդ կուզեմ պատմել, որն ինձ վրա շատ ուժեղ ազդեցություն թողած է: Արտասահմանից եկած բոլոր պատգամավորներիս` 80-100 հոգի, հոգևորականներ ու աշխարհականներ, համաձայն ծրագրի, տարին մեզ զբոսապտույտի Սևանա լիճ: Կես ճանապարհին մեր ավտոբուսները կանգ առան Էլարում: Հիմա, կարծեմ, Աբովյան է կոչվում:
Մի փոքրիկ գյուղ էր՝ մեծավ մասամբ փայտաշեն խրճիթներով: Այնտեղ ինչ-որ աղբյուր կար` ջուր խմելու համար: Ես, որ մի քիչ համարձակ էի, շուրջս նայեցի, մի 100-150 մետր հեռու տեսա խրճիթանման շենքեր կան փոքրիկ` տախտակից շինված: Վազեցի դեպի վերև, մենակ, ուզեցի հանդիպել տեղացիների հետ: Մեզ միշտ շրջապատում էին «Ինտուրիստի» աշխատողները և շատ չէին թողնում, որ հանդիպենք, հարաբերվենք տեղացիների հետ: Այդպիսի հսկողության տակ էինք, մի տեսակ:
Ես փախա այդպես, գնացի: Այնտեղ փոքրիկ մի տախտակաշեն, փայտաշեն տնակում մի մարդ, երկաթագործ էր, աշխատում էր, երկաթ էր ծեծում: Գնացի ներս: Նա ինձ տեսավ, տեսավ հոգևոր հագուստով, զգաց, որ արտասահմանցի եմ և գիտե՞ք ինչ արեց... մուրճը թողեց, ձեռքերը վեր բարձրացրեց.
-Տե՛ր հայր,- ասաց,- ե՞րբ պիտի գա ազատությունը:
Այնքան հուզվեցի… հասկացա մարդու ամբողջ ողբերգությունը և մեր երկրի վիճակը այդ ատեն:
Ես այնքան հուզվեցի, որ չկարողացա պատասխան տալ: Բայց անմիջապես հետևիցս վազելով եկավ «ինտուրիստի» ներկայացուցիչը՝ վախենալով, թե ես ինչ եմ խոսում այդ մարդու հետ:
Եկավ ներս, ասաց.
-Այդ մարդը ի՞նչ ասաց Ձեզ:
Ասացի.
-«Բարով եք եկել», ասաց:
-Հա՞:
-Այո,- ասացի:
-Լավ, եկեք, ավտոբուսները պիտի երթան, հրամմեցեք:
Այդ պահը ինձ համար շատ հուզիչ մի պահ եղավ իմ կյանքի այդ օրերին: Անդրադարձա, թե մեր ժողովուրդը ինչպիսի հոգեկան վիճակի մեջ է ապրում այդ շրջանին:


Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ