Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»

«Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»
18.09.2015 | 00:18

Երբ մարդու առջևից անէանում է նրա աչքերը ծածկող շղարշը և բացվում է իրական կյանքի ճշմարտությունը, և մարդը սկսում է արժևորել հոգևոր կյանքի իմաստը, որն աստիճանաբար բացահայտում է երկնային իրականության անպատմելի անսահմանությունը, անհատը հաղորդակից է լինում կյանքի հարատևության զորությանը: Բայց սա նոր չափանիշ է մարդու համար և հին էությամբ այլևս հնարավոր չէ հաղորդակցվել այս բարձրագույն իրականության հետ: Ինչպես ծղոտն է այրվում կրակի հետ հաղորդակցումից, այդպես էլ հին էությամբ մարդն ի զորու չէ ոտք դնելու այս հոգևոր տարածության մեջ: Դրա համար մարդուն անհրաժեշտ է փոփոխություն, ամբողջական փոփոխություն, որն իրականություն կդառնա Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը, երբ յուրաքանչյուր անհատ հարություն կառնի, և նրանք, ովքեր լույսի որդիներն են, կարժանանան նորագույն քաղաքակրթության քաղաքացի լինելու կոչմանը, բայց մինչ այդ ամենը Ավետարանն ասում է. «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3.2):
Ի՞նչ է ապաշխարությունը: Հունարեն այն կոչվում է մեթանոյիա, որը հայերենում թարգմանվել է ապաշխարություն: Նշանակում է փոփոխություն, որն իր մեջ ներառում է միտքը, սիրտը և կամքը: Ապաշխարությունը շրջադարձ է որևէ բանից և ընթացք է նոր ուղղությամբ: Արդ, մարդուն անհրաժեշտ է ապաշխարել: Այն ամբողջ կյանքի ընթացքում տևող խորհուրդ է, որովհետև մարդն ամեն պահի սխալվում, մեղքի մեջ է ընկնում: Ապաշխարությունը հոգևոր կյանքի վերանորոգումն ու զարթոնքն է: Եթե չլինի այս փոփոխությունը անձի կյանքում և չվերանորոգվի նրա էությունը, անհատը չի կարողանա հաղորդակից լինել երկնային զորությանն ու հարատև կյանքին:
Մի քանի խորհուրդներ վկայակոչենք ապաշխարության վերաբերյալ հոգևոր հայրերից, որոնք հոգեշահ են ու կարևոր: Նրանք ասում են. «Երբ տեսնում ես, որ չես ուղղվում, այլ միայն մեղքին մեղք ես ավելացնում, անհրաժեշտ է ջանալ դրանց համար ապաշխարել: Շտապիր հոգևոր խոցերդ բացել Տիրոջ առջև և փնտրել ներում և լուծում: Եվ եթե ներումից հետո կրկին նույն մեղքի մեջ ես ընկել, կրկին ապաշխարիր և այսպես մինչև վերջ: Եվ Աստված, տեսնելով քո չարչարանքները, քո ապաշխարությունը, քեզ չի թողնի առանց Իր գթության և ողորմության: Եթե Նա մեզ ավանդել է զղջացող եղբորը ներել յոթ անգամ յոթանասուն, մի՞թե մեզ ավելի շատ չի ների, երբ ապաշխարելով դիմենք Նրան: Իսկ որ մեղքերը չեն նահանջում, դա Աստծո տնօրինությամբ է»:
Սուրբ հայրերը գրում են, որ «կրքերն ու անկումները խոնարհեցնում են մարդուն, նրան բերում սրտի զղջման, դրանով իսկ դեպի նրան են ձգում աստվածային գթասրտությունը»: Սակայն մարդը չպետք է կարծի, թե այսօր մեղք գործեմ ու մեղավոր ցանկություններին հագուրդ տամ, որևէ խնդիր չկա, վաղը կապաշխարեմ և Աստծուց թողություն կստանամ: Սբ. Իսահակ Ասորին զգուշացնում է, որ լիովին անթույլատրելի է ապագայում ապաշխարելու և թողություն ստանալու հույսով մեղք գործելը, նա ասում է. «Ով ապաշխարության վրա հույս դնելով ընկնում է երկրորդ անգամ, նա խորամանկություն է անում Աստծո առաջ: Նրա վրա հանկարծակի կհարձակվի մահը, և նա չի հասնի այն ժամանակին, երբ հույս ուներ կատարելու առաքինության գործեր»: ՈՒստի, չպետք է այդպիսի ընթացք ունենալ` կարծելով, թե ինչ էլ անեմ, միևնույն է, Աստված կների և շարունակել մեղավոր նույն ընթացքով ապրել: Սուրբ Եփրեմ Ասորին պատկերավոր ու տպավորիչ է նկարագրում Աստծո մոտեցումը ապաշխարող մարդուն. «Ով մեղավոր, եթե կյանքիդ ընթացքում յոթանասուն անգամ յոթ ես մեղանչել, և թե անթիվ են քո չարիքները, քան երկնքի աստղերը, կամ անհամար են քո անօրենությունները, քան ծովի ալիքները և կամ շատ են, քան տիեզերքում տարածված ավազը և թե ավելի հաճախ են, քան անձրևի շիթերը, կամ բազում են, քան մանրագույն փոշիները, որոնք համատարած տարուբերվում են օդում: Եվ եթե մեծ ու ծանր են քո չարիքները, քան երկրի երեսին եղած բոլոր լեռները: Եվ թե անօրենություններդ երկնքից էլ բարձր են կամ երկրի ծագերի սահմաններից էլ ավելի լայն են կամ տարածված են եթերական օդի շրջաններից այն կողմ: Արդ, եթե քո մեղքերը և չարիքները ասածիս չափ լինեն, եթե զղջաս` աչքերիդ թարթումից և շնչիցդ և արտաշնչումիցդ, արեգակի ճառագայթների արագությունից և օդում կայծակի երևումից և մտքիդ ընթացքից առավել` Ես բյուրապատիկ արագ քավություն կշնորհեմ քո մտքերի ամբողջ բազմությանը, քանզի ամենակարող Արարիչ եմ և մեղքերդ ներելու համար ժամանակի կարիք չունեմ: Ո՛վ մեղավոր, իմացիր, որ դու չափավոր մարդ ես, և մեղքերդ թեկուզ շատ թվան քեզ, սակայն այն էլ է չափավոր, ըստ քո նմանության: Այնպես որ, իմացիր, որ Ես Աստված եմ անսահման, նմանապես, ըստ իմ անչափության, և իմ ողորմությունն անսահման է: Արդ, դու, որժամ քո մեղքերը խոստովանության միջոցով իմ անչափ ծով ողորմության մեջ գցես, այնպես և հեշտությամբ կհանգչի, ինչպես մի փոքր կայծ համատարած ծովի մեջ: Արդ, ինչպես բազմազան են մեղքերը, նույնպես և զանազան են ապաշխարության դեղերը, քանզի ոմանք հող ու մոխրով արդարացան, ոմանք լալով ու արտասուքով Տիրոջը հաշտեցրին: Ոմանք միայն պահքով ու աղոթքով ապրեցին, ոմանք ողորմությամբ ողորմություն գտան Ինձնից: Ոմանք մարդասիրությամբ և տկարներին ծառայելով, ոմանք խոնարհությամբ մեղքերի թողություն ստացան: Եվ դու ընտրիր սրանցից մեկը, որը քեզ թվում է հեշտ ու թեթև, նրանով կարող ես բժշկել քո մեղքերի բոլոր հիվանդությունները: Ոչ թե տարիների թվով և կամ բազում ժամանակով, այլ միայն ուղիղ դարձով և ճշմարիտ սրտով չարիքներից հեռանալով կարող ես արդարանալ»: Իսկ ճգնակյաց Հովհաննես Սանդուղքը հետևյալ կերպ է գրում ապաշխարության մասին. «Ապաշխարությունը մկրտության վերստին նորոգումն է: Ապաշխարությունը կյանքն ուղղելու վերաբերյալ ուխտ է Աստծո հետ: Ապաշխարությունը խոնարհության ավազան է: Ապաշխարությունը ինքնադատապարտման խորհուրդ է և արտաքին հոգացողություններից ազատ հոգացողություն սեփական անձի մասին: Ապաշխարությունը հույսի դուստրն է և հուսահատության մերժումը: Զղջացողը չխայտառակված դատապարտյալ է: Ապաշխարությունը նախկին մեղքերին հակառակ կատարված բարի գործերի միջոցով հաշտեցում է Տիրոջ հետ: Ապաշխարությունը խղճի մաքրագործումն է: Ապաշխարությունը բոլոր վշտերին կամավոր համբերելն է»:
Արդ, կարդալով հոգևոր հայրերի խրատներն ու խոսքերը ապաշխարության վերաբերյալ, տեսնում ենք, թե քրիստոնյայի համար ինչքան էական նշանակություն ունի այն: Եվ չմոռանանք Հիսուս Քրիստոսի խոսքերն ուղղված մեզ. «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 4.17):


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 3511

Մեկնաբանություններ