Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Գանձեր դիզեցեք երկնքում»

«Գանձեր դիզեցեք երկնքում»
28.07.2015 | 12:05

«Պակասամիտ մարդն արհամարհում է ընկերներին»
(Առակ. 11:12)

Ընթերցողներիս հետ այսօր խոսելու եմ մի նյութի շուրջ, որը միշտ էլ հետաքրքրել է մարդկանց: Խոսելու եմ արհամարհանքի մասին։ «Ի՞նչ է արհամարհանքը, ինչո՞ւ են մարդիկ մեկը մյուսին արհամարհում, ի՞նչն է դրա պատճառը, որո՞նք են դրա հետևանքները, ինչպիսի՞ մարդիկ են արհամարհում»։
Արհամարհանքը և անարգանքը նույն իմաստն ունեն. երկուսն էլ նշանակում են իր նմանին նվաստացնել ու անտեսել։ Եթե մեկը Աստծու ստեղծած էակին իրենից ցածր է դասում, ինքնին արդեն մեղանչում է Աստծու դեմ։
Այն մարդիկ են արհամարհում, ովքեր կարծում են, թե իրենք ավելին արժեն, քան դիմացինը: Այդպիսիները չարաչար սխալվում են։
Կարելի է մի օրինակ բերել. ադամանդը արժեքավոր նյութ է, իսկ արծաթը՝ քիչ։ Երկուսը նույն տեղում դնելով, ոչ մեկի արժեքը չի փոխվի, ամեն մեկը կպահի իր արժեքը։
Մարդկանց պարագայում էլ նույնն է։ Ամեն մարդ իր շնորհքը կամ շնորհներն ունի։ Չենք կարող մեկը մյուսի հետ շփոթել կամ տարբերություն դնել, ամեն մեկն իր տեղն ունի։ Դիմացինին արհամարհելով կամ անարգելով քո հեղինակությունը չես կարող բարձրացնել, ընդհակառակը՝ նրան ցավ պատճառելով, Աստծու մոտ այդ անձը ավելիով պիտի նվաստանա։ Մարդը մեծ է իր սրտով, ոչ թե իր գրպանի ունեցածով։ Կան մարդիկ, որ եթե գրպաններում մի քիչ դրամ ունեն, այնպես են իրենց ցույց տալիս, կարծես նրանք երկնքում լինեն, իսկ մյուսները՝ երկրի վրա։ Երբեմն զարմանում ես այդպիսիների վրա և փորձում ես նրանց խորհուրդ տալ, որ մեկ անգամ գոնե գնան գերեզմաններ, հիշելու համար, թե ո՞ւր պիտի գնան և ի՞նչ պիտի դառնան։
Առակաց գրքի 11-րդ գլխի 12 համարում գրվածքն ասում է. «Պակասամիտ մարդն արհամարհում է ընկերներին»։ Ընկերներիդ արհամարհելով դու ինքդ քեզ չես կարող բարձրացնել, այն ես, ինչ կաս։
Առակաց գիրքն ասում է. «Ամբարիշտն արհամարհում է չարիքները, երբ հասնում է դրանց խորքերը, բայց իր վրա էլ անարգանք ու նախատինք են հասնում» (Առակ. 18:3):
Արհամարհանքը կամ անարգանքը նկարագրի թերություն է և մեղքի տեսակներից մեկը։ Չի կարելի արհամարհել նույնիսկ աննշան թվացող մեկին։
Սողոմոն իմաստունի փղի և մրջյունների պատմությունը դրա վառ վկայությունն է։
Սողոմոն թագավորը մի փիղ ուներ: Այնքան հսկա էր, որ ամեն ինչ քարուքանդ էր անում, բայց քանի որ թագավորի սիրած փիղն էր, անպատիժ էր մնում: Մանավանդ մեծ վնաս էր հասցնում մրջյուններին. պառկում էր և մի պալատ մրջյուն ջնջում, կնճիթով քաշում էր ու երկինք փչում:
Ստիպված մրջյունները գնում են Սողոմոն թագավորի մոտ ու ասում.
-Իմաստուն թագավորն ապրած կենա, քո փիղը մեր տներն ավերում ու մեր ցեղը ջնջում է, արգելի՛ր:
-Ի՞նչ,- գոռում է թագավորը,- մրջյուններն ովքե՞ր են, որ նրանց համար իմ փղի առաջ արգելք դնեմ:
Երկրորդ, երրորդ անգամ գնում են գանգատվելու, սակայն թագավորը դարձյալ լռում է: Եվ տեր թագավորից հույսները կտրած` մրջյունները որոշում են մեծ ժողովի հավաքվել: Գալիս են աշխարհի բոլոր մրջյունները` մեծ ու փոքր, առողջ ու տկար, թույլ և ուժեղ, անգետ ու գիտուն: Գալիս են, խելք խելքի տալիս ու փղին հաղթելու հնարը գտնում: Մրջնավարի լուռ` գործի են անցնում ու փղին վայել գերեզման փորում: Ծանր փնչոց ու խուլ ոտնաձայներ են գալիս` մրջյունները ձայները կտրում են: Դո՛փ, դո՛փ. դո՛փ: Փիղը գալիս էր ավերելու: ՈՒ մեկ էլ թրըմփ … հսկան փոսն է ընկնում, ոտքերը տնկում ու այդպես էլ մնում:
Օրերն անցնում են, փիղը չկա: Թագավորը ծառաներին ուղարկում է փնտրելու: Այստեղ փիղ, այնտեղ փիղ, փիղը չկա: Մրջյունների մոտից ծանր ժանտահոտ է գալիս։ Գնում են, տեսնում, որ փիղը սատկել է: Ծառաներն այս մասին հայտնում են Սողոմոն իմաստունին.
-Մեր թագավորը շատ ապրի, մրջյունները թակարդ են սարքել, փիղն ընկել է մեջը, սատկել:
Սողոմոն իմաստունը ողբում է իր փղի մահը, ափսոսում, բայց և մտածում է իրենից հետո եկողների մասին ու ասում.
-Թշնամիդ թեկուզ մրջյուն էլ լինի, մի արհամարհիր:
Հիանալի և Սողոմոն իմաստունին վայել մտածում:
Պողոս առաքյալը Կորնթացիներին գրած իր նամակում խորհուրդ է տալիս մեզ բոլորիս հետևել այս պատգամին. «Ոչ ոք նրան թող չարհամարհի, և նրան ճանապարհ դրեք խաղաղությամբ, որ գա ինձ մոտ, քանզի նրան սպասում եմ եղբայրներով հանդերձ… Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք: Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա. Կորնթ. 16:11, 13-14)։ Ամեն։

Արթուն և զգոն կյանքով, ժրաջան աշխատանքով ձեռք բերենք մեր ամենօրյա հացը, վայելենք մեր աշխատանքի պտուղները։ Սխալ չէ հացի մասին մտածել, դրամ վաստակել, սակայն այնքան միայն, որ անհրաժեշտ լինի ապրելու, մարմինը առողջ և ուժեղ պահելու համար։
Նման ձևով պետք է հոգատար լինենք նաև հոգու մասին, չծուլանանք բարեգործության, աղոթքի մեջ ու չտրտնջանք կրոնական պարտականությունները կատարել։ Դրանք են հոգու հացն ու հոգեկան հարստությունը։ Եվ եթե աշխարհում մեր շահած գանձերը այստեղ ենք թողնելու մեր մահվան օրը, ապա հոգևոր գանձերը մնում են հավիտյանս, ինչպես մարդու բարի անունն ու գործը։
Այս մասին Հիսուսի խրատը հստակ է. «Գանձեր մի դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողեր պատերն են ծակում եւ գողանում, այլ գանձեր դիզեցեք ձեզ համար երկնքում… քանի որ ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6:19-21):
Հույն իմաստասեր Արիստիպոսը խրատում է. «Աշխարհի վրա այնպիսի հարստություն հավաքեցեք, որ նավաբեկության ժամանակ ձեզ հետ լողա ալիքների վրա»։ Նա նկատի ուներ մարդուս գիտելիքը, ուսումն ու հմտությունները, որոնք պիտի լողային ջրերի վրա, երբ պարկերով արծաթն ու ոսկին ընկղմվելու էին ծովի հատակը։
Մեր կյանքը նման է ալեկոծ ծովի, ուր իբրև մարդ մի օր պիտի հանդիպենք մահվան փոթորկին. մարմինը իբրև ծանր կշռող բեռ ջրասույզ է լինելու, իսկ հոգին ծփալու է ալիքների վրա։
Հիսուսի այս խոսքերը երբեմն մենք սխալ ենք հասկանում: Նա ոչ թե արգելում է մեզ դրամ ունենալ, առանց որի հնարավոր չէ ապրել, այլ մեզ հորդորում է չհավաքել-չդիզել, որովհետև ցեցը և ուտիճները կարող են փչացնել, և գողերը պատերը ծակել ու գողանալ: Գանձեր հավաքեք ձեր սրտերում, այսինքն՝ Հիսուս գանձ ասելով հասկանում է մարդու բարի ու արդար գործերը:
Իսկ սիրտն այդ բարի ու արդար գործերի գանձարանն է: Հետևեք Հիսուսի ճշմարիտ խոսքերին ու կյանքը ձեզ համար կլինի թեթև, երջանիկ և ուրախ:
Մտածեք այս մասին:

Նյութերը`
տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆԻ

Դիտվել է՝ 2826

Մեկնաբանություններ