Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը

Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը
19.06.2015 | 09:41

(սկիզբը` այստեղ)

5. ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԿԱՄՔՆ ԱՄԵՆԱԶՈՐ ԱՍՏԾՈ


Երբ Տերը բացեց մեղավորիս միտքը և ցույց տվեց «Վահագնի ծնունդը» բանաստեղծության իրական խորհուրդը, հաջորդ օրն աշխատանքից անմիջապես հետո բարձրացա վերնատուն՝ մեծագույն նկարիչ Արամայիս (Մայիս) Մխիթարյանի արվեստանոց: Նկարիչը, Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Երվանդ Քոչարի և մեր ժողովրդի այլ մեծերի նման թողնելով իր ծննդավայրը, ընտանիքի հետ մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել էր հայրենիք՝ իր ժողովրդի հետ անցկացնելու հայրենիքի անկախության հերթական հաստատումից հետո երիտասարդ հանրապետության կայացման դժվարին տարիները: Սուրբ Հովհաննես Մկրտչի «Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրուած չէ» խոսքերի գիտակցումով է ստեղծագործում վարպետը՝ ծնված յուրաքանչյուր կտավի վրա գրելով «Աստծու փառքի համար» բառերը: Վարպետի արվեստանոցում հաճախակի ենք հանդիպում և նրա «Խորհրդավոր ընթրիք» տիեզերախորհուրդ կտավի առաջ զրուցում տարբեր՝ որպես կանոն աստվածաշնչյան թեմաների շուրջ: Եվ երբ նրան ներկայացրի բանաստեղծության իմ տեսած խորհուրդը՝ բառերը, որ դուրս թռան նրա շուրթերից, սրանք էին. «Փառքդ շատ, Տե՛ր Աստված»: Այնուհետև շարունակեց.
-Օրեր առաջ, ժամեր շարունակ նկարելուց հետո, սկսեցի ճեմել արվեստանոցում՝ փորձելով անցկացնել հոգնածությունս և ավարտին հասցնել կտավը: Ճեմելու ընթացքում աչքերիս առջև մի տեսարան եկավ, որն անպայման ցանկանում եմ կտավին փոխանցել:
-Ի՞նչ տեսարան,- զարմացած հետաքրքրությամբ հարցրի վարպետին:
-Հիսուսի երկրորդ գալուստը,- պատասխանեց նա:
-Փառքդ շատ, Տե՛ր Աստված,- ապշահար արձագանքեցի ես:
Նրանք, ովքեր չեն հավատում, որ աշխարհի արարչագործության սկզբում Տերն է կանգնած՝ թերևս ասվածը կհամարեն պատահականություն, իսկ նրանք, ովքեր իբրև անառարկելի ճշմարտություն ընդունում են, որ աշխարհի արարչագործության սկզբում Տերն է կանգնած, որ Նա է կանգնեցրել երկինքն ինչպես կամար, ձգել ինչպես վարագույր և հիմնել երկիրը՝ նրա մեջ բնակվելու համար, և որ Տիրոջ խոսքի զորությամբ է պահվում տիեզերքը բովանդակ, ասվածը կհամարեն կամքն Ամենազոր Աստծո:
Սարսափելով Բարձրյալի առջև հաշվետու լինելու մտքից և լավ իմանալով, որ ունեցողին պիտի տրվի և պիտի ավելացվի, իսկ չունեցողից պիտի վերցվի ունեցածն էլ, ահա այս փոքրիկ գրքույկի տեսքով, իբրև շահույթով գործադրված քանքար, ներկայացվում է «Վահագնի ծնունդը» բանաստեղծության մեջ պարառված մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան խորհուրդը՝ պատկերազարդված, վարպետին տեսիլքով տրված «Հիսուսի երկրորդ գալուստը» կտավով:
Շնորհակալ ենք Տե՛ր, աննշաններիս՝ մանանեխի հատիկներիս վստահված քանքարների համար:

Երանի այն ժողովրդին,
որը գիտակցում է Քո օրհնութիւնը, Տէ՛ր…
Սաղմոս 88.16
(Օրհներգ եւ աղօթք հաւատարիմ Աստծուն)

6. ԱՀԱԶԱՆԳ
(վերջաբանի փոխարեն)
Տե՛ր, Սուրբ Դանիել մարգարեն, որ Քեզ տեսնելուն պես գետնին ընկավ երեսնիվայր և քարացավ, Սուրբ Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալները, որոնք մինչև մահ ճաշակելը տեսան Աստծուդ արքայությունը և զարհուրեցին, Սուրբ Հովհաննես Մկրտիչը, որից մեծը կանանցից ծնվածների մեջ չի եղել, իրեն արժանի չէր համարում անգամ արձակելու Բարձրյալիդ կոշիկների կապերը, ի՞նչ ենք լինելու երկրորդ գալստյանդ մենք՝ մեղքերով բեռնավորվածներս, պատվիրանազանցներս, որ սուտը, կեղծիքը, խաբեությունը, գողությունը, շնությունը և ցավոք նաև սպանությունը դարձրել ենք ամենօրյա հանդիպող երևույթներ՝ բռնելով անդառնալի կորստյան անհատակ անդունդը տանող ճանապարհը: Պիտի թաքնվենք քարայրների ու ժայռերի ծերպերում և սարսափահար բղավենք լեռների վրա՝ ասելով. «ընկէ՛ք մեզ վրայ, եւ բլուրներին, թէ՝ ծածկեցէ՛ք մեզ. որովհետեւ եկաւ Նրա բարկութեան մեծ օրը. եւ ո՞վ կարող է կանգնել Նրա առաջ»:
Մեզնից յուրաքանչյուրը նկատած կլինի, որ երբ երեկոյան տանը վառում ենք լույսը, միջատներն անմիջապես դուրս են գալիս խավարից և սկսում են պտտվել լույսի շուրջը:
Բայց մենք, որ երկնքի փեշերից կախված կապույտ ծոպաթելերի նման մեր աչքերի առջև ունենք աստվածաշնչյան լեռն Արարատ՝ իբրև մշտագո լուռ վկայություն մեղքերով պարուրված երկրի ողողման և արդարի ու նրա ընտանիքի փրկության,
մենք, որ գրում և կարդում ենք Ա-Աստծով սկսվող ու Ք-Քրիստոսով ավարտվող և սուրբ Մեսրոպ Մաշտոցի միջոցով մեզ փոխանցված առաքելախորհուրդ 36 տառերով՝ իբրև վկայություն, որ Տերն է Առաջինը և Վերջինը, որ Նա է, որ Է, որ Էր և որ գալու Է,
մենք, որ դարեր շարունակ ուխտի և աղոթքի ենք գնում Տիրոջ իջման վայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը տեսիլքով Տերն Ինքը ցույց տվեց մեր հավատքի Վեմին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչին,
մենք, որ գերությունից փրկվածների օրինակով սերնդից սերունդ մեր մեղքերի համար զոհաբերվող կենդանիների արյունով նշան ենք անում մեր երեխաների ճակատներին ու ձեռքերին՝ իբրև խորհուրդ մեր մեղքերի համար Տիրոջ խաչելության և Նրանով փրկվելու,
մենք, որ զորավար Նէեմանի լվացվելու և մաքրվելու օրինակով սերնդից սերունդ Վարդավառի տոնի միջոցով միմյանց ենք փոխանցում մաքրվելու և ջրով մկրտվելու խորհուրդը,
մենք, որ Սուրբ Եսայի մարգարեի կրակի կայծով սրբվելու օրինակով սերնդից սերունդ Տյառնընդառաջի տոնի միջոցով միմյանց ենք փոխանցում մաքրվելու և Սուրբ Հոգով ու կրակով մկրտվելու խորհուրդը,
մենք, որ «Վահագնի ծննդի»՝ հավիտենությունն իր մեջ պարառած այս փոքրիկ բանաստեղծության միջոցով մեր շուրթերով անդադար հնչեցնում ենք մեր Տիրոջ երկրորդ գալստյան և Նրա արդար դատաստանի իրականացման ահազանգը, մի՞թե չենք տեսնում կենաց լույսը՝ Արարչին արդար, Ով իբրև արեգակ, Իր գթառատ ողորմությամբ երկնքից ծագեց մեզ համար, որպեսզի ով հավատա, խավարում չմնա: Տերն Ինքը, լինելով հավիտենության թագավոր, մարդացավ, որպեսզի խավարում գտնվողներիս կանգնեցնի խաղաղություն տանող ճանապարհին, իբրև զվարակ տարավ մեր մեղքերի լուծը և զոհաբերվելով խաչափայտի վրա՝ վեր խոյացավ արծվի նման՝ հաղթելով մահվանն ու խավարին:
Հետևաբար առավել քան անհրաժեշտ է, որ գիտակցենք մեր մեղքերի ծանրությունը, զղջանք և ապաշխարենք և հավատով լի մեր հայացքները վեր հառենք դեպի Տերը ողորմած.
ինչպես անապատում օձերից խայթվածները, որոնք փրկվում էին հավատով նայելով Մովսեսի բարձրացրած պղնձե օձին,
ինչպես հոր ունեցվածքի՝ իրեն հասանելիք բաժինը վատնած անառակ որդին, որը գիտակցելով իր ապրած կյանքի սխալականությունը՝ զղջաց և ապաշխարեց՝ արժանանալով հայրական անսահման սիրուն ու ներողամտությանը,
ինչպես Տիրոջ հետ խաչված չարագործը, որը հավատալով մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ արժանացավ նույն օրը Արարչի հետ դրախտում լինելու պատվին:
Քանզի Տերն աշխարհ եկավ ոչ թե աշխարհը դատապարտելու, այլ փրկելու համար, որպեսզի ով հավատում է Նրան, չկորչի, այլ արժանի լինի հավիտենական կյանքին:
Ների՛ր մեզ, Տե՛ր,
Քանզի Քո ստեղծածն ենք, Տե՛ր,
Եվ լցրո՛ւ մեր հոգիները, սրտերն ու մտքերը Աստվածային փառքով Քո,
Ինչպես որ Քո անվան համար կառուցված Սողոմոնյան Սուրբ Տաճարը,
Քանզի Քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն:

Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի,
ոչ էլ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ:
Ղուկաս 8.17
(Ճրագի առակը)

7. «ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ» ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՄԵԿՆՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓԱԹԵՐԹ


Երկնում էր երկինք,
երկնում էր երկիր,
Երկնում էր և ծովը ծիրանի.
Երկունքը բռնել էր ծովում
Նաև կարմրիկ եղեգնիկին:
Յիսուս տաճարից դուրս ելած` գնում էր. եւ աշակերտները մօտեցան` Նրան ցոյց տալու տաճարի շինութիւնները: Եւ Նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնայ քար քարի վրայ, որ չքանդուի»: Եւ մինչ դեռ նստած էր Ձիթենեաց լերան վրայ, աշակերտները առանձին մօտեցան Նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, այդ ե՞րբ կը լինի, եւ կամ Քո գալստեան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի. որովհետեւ շատերը կը գան Իմ անունով ու կ’ասեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կը մոլորեցնեն: Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժեր: Սակայն այս ամէնը սկիզբն է երկանց»:
Մատթէոս 24.1-8

Եղեգնի փողովը ծուխ էր ելնում,
Եղեգնի փողովը բոց էր ելնում
Եվ բոցիցը դուրս էր վազում
Մի պատանեկիկ.
Բայց Սիոն լերան վրայ փրկութիւն կը լինի,
եւ այդ վայրը սուրբ կը դառնայ:
Յակոբի տոհմը կը տիրանայ իր ժառանգութեանը:
Յակոբի տունը կրակ կը դառնայ,
Յովսէփի տունը` բոց,
իսկ Եսաւի տունը` եղէգ.
նրանք կը վառուեն նրա շուրջը եւ կ’ուտեն այն,
եւ Եսաւի տանը կրակ անող չի մնայ,
քանի որ Տէրը խօսեց:
Աբդիու 1.17-18

Վազում էր խարտյաշ մի պատանեկիկ,
Նա հուր մազեր ուներ, (ապա թե)՝
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ:
Դարձայ այդ ձայնի կողմը՝ տեսնելու համար, թէ ո՛վ է ինձ հետ խօսողը: Եւ իմ դառնալու ժամանակ տեսայ եօթը ոսկէ ճրագակալներ. եւ եօթը ճրագակալների մէջտեղում՝ մէկին, նման մարդու Որդուն՝ մինչեւ ոտքերը հասնող երկար պատմուճան հագած եւ կրծքին ոսկէ գօտի կապած. եւ Նրա գլուխն ու մազերն էին ինչպէս սպիտակ բուրդ եւ ինչպէս ձիւն. եւ Նրա աչքերը՝ ինչպէս կրակի բոց. եւ Նրա ոտքերը՝ նման հնոցի մէջ ծխացող հրաշէկ պղնձի. եւ Նրա ձայնը՝ ինչպէս առատահոս ջրերի ձայն: Եւ Իր աջ ձեռքում ունէր եօթը աստղեր. Նրա բերանից ելնում էր սրած երկսայրի սուր, եւ Նրա երեսը փայլում էր ինչպէս ճառագայթող արեգակը:
Յայտնութիւն 1.12-16


Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ