Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Պատռելով իմ իսկ դիմակը

Պատռելով իմ իսկ դիմակը
23.12.2014 | 10:25

Մարդը մինչև հասցնում է ճանաչել իրեն, ավարտվում է կյանքը։ Հազար ասում ու հազար լսում ենք՝ նրան տասը մատիս նման եմ ճանաչում։ Բայց մի հարցնող լինի՝ ճանաչո՞ւմ ես դու քո տասը մատը, գոնե՝ ճկույթը։ Ճանաչո՞ւմ ես դու քո սիրտը։ Ճանաչո՞ւմ ես դու քո խիղճը։ Ճանաչո՞ւմ ես դու քո արյունը։ Ճանաչո՞ւմ ես դու քո ծնողին։ Ճանաչո՞ւմ ես դու քո զավակին։ Ճանաչո՞ւմ ես դու քո երկիրը... Կարելի է շարունակել օր ու ժամերով, հենց քո ապրած կյանքի բոլոր ժամերով ու տարիներով։ Ամենապարզը մարդն է։ Ամենասիրելին մարդն է։ Ամենաատելին մարդն է։ Ամենաանճանաչելին մարդն է։ Թե ուզում ես ճանաչել մարդուն, սկսիր քեզնից ու նախ քեզ համար պարզիր՝ դու քեզ չես ճանաչում, ինչ մնաց, որ ճանաչես մարդուն։ Մարդուն ու Աստծուն ճանաչելու համար պիտի Նարեկացի լինես, Թումանյան լինես, վանք ու խաչքար լինես։ Հազար մարդ ես ճանաչում՝ անուն-հայրանուն-ծննդավայր-սոցիալական վիճակ-կրթություն-բնավորություն-պաշտոն-ընտանիք-հոգս ու ցավ-երջանկություն-տխրություն-մտածմունք, շատերի հետ մի փութ աղ ու հաց ես կերել, հազար վերստ ճանապարհ ես անցել։ Բայց... ժամանա՞կն է փոխում մարդուն, թե՞ մարդն է փոխում իր ժամանակը։ Մարդաբանությունը գիտություն է։ Եղանակի պես փոփոխական լիքը մարդիկ են։ Ասում են՝ պաշտոն տուր՝ ճանաչիր մարդուն։ Պաշտոնը կառուցում է մարդուն, բայց ավելի շատ քանդում է մարդուն, անգամ կառուցող մարդուն է քանդում։ Դեռ չեն ասում, բայց մի օր կասեն՝ անկախություն տուր ու փորձիր ճանաչել քո ազգին, քո ժողովրդին, քո երկիրը։ Աշխարհում ձրի ոչինչ չկա։ Անգամ արևը ձրի չի ծագում։ Աստծո տված-պարգևած, ընծայած կյանքը նույնպես ձրի չի տրվում։ Ո՛չ վայելքն է ձրի, ո՛չ էլ տառապանքը։ Եվ ոչ մի սեր էլ ձրի չէ։ Մարդը կործանվում է ավելի շուտ, եթե չի ճանաչում ինքն իրեն։ Ժողովուրդը կործանվում է անգամ էն հզոր ժամանակ, եթե չի ճանաչում ինքն իրեն, չի ճանաչում իր առաջնորդին, և առաջնորդը չի ճանաչում իր ժողովրդին։ Դաժան բան է, երբ իշխանավորը չի ճանաչում իր ժողովրդի լեզուն։ Նմանները հեշտ են իմաստազրկում էն ճանապարհը, որով անցնում են իրենք։ Նրանք ճանապարհից վերցրած օգուտի տերն են։ Իսկ ժամ ու օրվա բերած շահը կործանում է անգամ հնամենի ժողովրդին։ Հազար ու հազար իրավունք ունի մարդը։ Անգամ երազելու իրավունք։ Սարսափելի է, երբ զրկվում ես երազելու իրավունքից։
Եթե դու չես դառնում քո խելքի տերը, ո՞նց ես փորձում խելքի բերել անսանձ ժամանակը։ Դու ոչինչ չես արել քեզ համար։ Քո ապրած ժամանակի համար։ Քո ժողովրդի համար։ Ոչինչ չես արել, բայց ուզում ես վայելել։ Ո՞վ վայի, ո՞վ վայելի։ Եթե խեղճ ես, պիտի քո դիմակը պատռես։ Եթե անխիղճ ես ու բութ ու անհասկացող, պիտի հասկանաս, որ մի օր քո դիմակը պիտի պատռվի։ Սարսափելի պիտի լինի դիմակավորված ապրելն ու ավելի սարսափելի է ապրել նրանց հետ, ովքեր ծնված օրից զինվորագրվել են թալանչիական, երկրի ողնուծուծը խժռելու նվիրական գործին։ Ավելի պարզ ասեմ. եթե դու գրող ես, եթե գոնե երկու հոգի քեզ ճանաչում է որպես գրողի, հանուն նրանց արժե պայքարել արդարության համար։ Ի՞նչ է մնում քեզ։ Զինվել, մինչև վերջ, զինվել բառերով ու մտնել պայքարի մեջ։ Հրաշք պիտի լինի, եթե դու ինքդ տեսնես քո պայքարը։ Կարող է զոհվես մինչև պայքարի մեջ մտնելը։ Կարող է տեսնես էն պահը, երբ աչքիդ առաջ վիրավորվի քո զինվոր-բառը, ու դու տեսնես, թե ինչպես է բառի սրտից արյուն ծորում։ Բառ է, ոչինչ, թող վիրավորվի, թող երկու կաթիլ արյուն կորցնի։ Հենց բառի տված երկու կաթիլ արյան համար արժե զոհվել։ Եթե թաքցնում ես որևէ բան, եթե չես ասում էն, ինչ մտածում ես, ուրեմն դու կրկնակի դիմակավորված ես։ Մի նեղացիր և ոչ մեկից. հենց երկիրը, հենց մարդկությունն են դիմակավորված։
Իմ իսկ դիմակը պատռելով՝ ուզում եմ ճանաչել ինքս ինձ։ Ինձ ճանաչելով՝ ուզում եմ ճանաչել ժողովրդին։ ՈՒզում եմ մտնել ժողովրդի մեջ ու հուսահատ, տխուր, անբառ, ջղային, անհաց ժողովրդի մեջ տեսնել ու ճանաչել ինձ։ Աղքատների մեջ ապրելը հեշտ է։ Նրանք միշտ էլ ճանապարհ են գտնում, ելք են որոնում։ Ի՞նչ պիտի անեն խեղճ ու կրակ, անհոգի, թշվառ հարուստները, իշխանավորները, օլիգարխները։ Աղքատների մեջ եմ որոնում իմ կորցրած հայրենիքը, իմ էսօրվա ու գալիք հայրենիքը։ Աղքատները երկու բառ ավելի ունեն՝ հող և հայրենիք։ Ես պաշտում եմ իմ հայրենիքը, որը դիմացել է ամեն զրկանքի, մի օր դիմանալու է նաև շքեղության։

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ