Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Միքայել եպիսկոպոս Աջապահյանի պատասխան նամակը Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակին

Միքայել եպիսկոպոս Աջապահյանի պատասխան նամակը Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակին
02.12.2014 | 17:09

Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի պատասխան նամակը Երուսաղեմի Պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակին


ԱՄԵՆԱՊԱՏԻՎ Տ. ՆՈՒՐՀԱՆ ԱՐՔԵՊՍ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հայ Պատրիարք Երուսաղեմի
Երուսաղեմ
Ամենապատիվ պատրիարք Հայր,
Սրբազան Եղբայր,
Ձերդ Ամենապատվության կողմից համացանցով տարածված անթվակիր և անստորագիր նամակն անշուշտ հասավ նաև ինձ: Ասել, թե շանթահար և ապշահար եղա Երուսաղեմի Առաքելական Ս. Աթոռի գահակալի ոճից, բառապաշարից և նվազագույն պատշաճություններն իսկ միտումնավոր կերպով խախտելու անկաշկանդ և անզուսպ «ազատությունից» (ինձանից հատուկ ջանքեր պահանջվեցին, որպեսզի չօգտագործեի «լկտիություն» բառը), կնշանակեր` ոչինչ չասել: Իմ ամենավատ երազում իսկ չէի կարող երևակայել այն, ինչ ես ընթերցեցի մեսրոպատառ հայերենով:
Անկեղծ ասած, հաջորդող օրերին մնայուն տատամսումի մեջ էի` պատասխանե՞լ, թե՞ չպատասխանել Ձերդ Ամենապատվության նամակին` ի մասնավորի իմ անձին ուղղված սին մեղադրանքներին և անարգական արտահայտություններին: Ընդհանրապես, 26 տարվա իմ հոգևոր ծառայության մեջ խիստ հազվադեպ են եղել ինձ ուղղված գրավոր հրապարակային մեղադրանքները, որոնց պատասխան տալու անհրաժեշտություն երբեք չեմ զգացել: Բայց ինչպես բխում էր Ձերդ Ամենապատվության նամակից, իմ լռությունը կարող էր Ձեր կողմից ընկալվել իբրև համաձայնության նշան…
Սակայն, մյուս կողմից, Ձերդ Ամենապատվության նամակի «տրամաբանությունը» նաև այն կանխավարկածն էր առաջ քաշում, որ Ձեր իբրև թե «կուռ և կշռադատված» մեղադրանքներին կհամարձակվեն պատասխանել սոսկ Վեհափառ Հայրապետի «մանկլաւիկները»` այն էլ պարզապես «տարուած գրպաններու ապահովութենէն»…
ՈՒրեմն ի՞նչ անել, երբ մի դեպքում Ձերդ Ամենապատվության կողմից ընկալվելու էի իբրև համամիտ (Աստված մի արասցե) Ձեր տեսակետին, մյուս դեպքում` իբրև «մանկլաւիկը» Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ոչ այնքան երկար մտորումներից հետո ի վերջո եկա այն համոզման, որ Վեհափառ Հայրապետի «մանկլաւիկ» որակվելը շատ ավելի մեղմ վիրավորանք կարող է լինել ինձ համար, քան Ձերդ Ամենապատվության հետ համամիտ նկատվելը: Իսկ իմ սիրելի եղբայրներ Բագրատ և Հովակիմ սրբազանների բաց նամակներից հետո լուռ մնալն արդեն պարզապես անհասկանալի կլիներ: ՈՒստի և սկսում եմ իմ զրույցը Ձերդ Ամենապատվության հետ…
Ամենապատիվ Պատրիարք Հայր, Սրբազան Եղբայր,
Դուք Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում (անշուշտ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն էլ նկատի ունենալով) եպիսկոպոսական աստիճան ունեցող այն «միակ, եզակի և բացառիկ» հոգևորականն եք, ում հետ գլուխ գլխի զրուցելու հնարավորություն ես երբեք չեմ ունեցել (մինչ անձնական զրույցներ ունենալու առիթներ եմ ունեցել նաև երջանկահիշատակ Վազգեն և Գարեգին Ա Վեհափառների, Եղիշե, Շնորհք, Թորգոմ և Գարեգին պատրիարքների, Տիրան Ներսոյան, Սիոն Մանուկյան և Նորայր Պողարյան սրբազանների հետ): Առիթներ, անշուշտ, շատ են եղել, մանավանդ 2007 թ. Ս. Զատկին` իմ այցելության ընթացքին, սակայն Դուք մշտապես, դեռ Ձեր և իմ վարդապետության տարիներից սկսած, միշտ վերևից եք նայել ինձ` թերևս ավելորդ համարելով իջնել Ձեր բարձունքից և Ձեր կրտսեր եղբոր հետ մի քանի մտերմիկ խոսք փոխանակել: Արդ ցավում եմ, որ մեր առաջին զրույցը Ձեր իսկ սադրանքով նման երանգ և բնույթ է ստանում:
Ես, իբրև Վեհափառ Հայրապետի «մանկլաւիկ», երկար-բարակ կարող էի խոսել Ձերդ Ամենապատվության կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին տրված «գնահատականների» մասին և «զքոյս ի քոյոց քեզ մատուցանեմք» սկզբունքով իջնել Ձերդ Ամենապատվության խոսքի և գործի մակարդակին, սակայն այդ դեպքում ամեն ինչով կնմանվեի Ձեզ, ինչի ցանկությունը բնավ չունեմ: ՈՒստի այդ առումով պարզապես ի խորոց սրտի աղոթում եմ, որ Ամենակալն Աստված այնքան երկար կյանք պարգևի Ձերդ Ամենապատվությանը, որպեսզի Ձեր զղջումի և ցավի կսկիծը հնարավորինս երկար տևի` Ձեր իսկ կողմից հարուցված այն անիմաստ խնդիրների ու ցնցումների համար, որ պատճառեցիք Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն, հատկապես Մայր Աթոռին, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին և ի մասնավորի նաև հենց Երուսաղեմի Պատրիարքությանն ու միաբանությանը` ընդամենը հազիվ երկու տարվա գահակալության ընթացքում:
Սակայն մի բան պետք է լավ հիշեք (գուցե մոռացել եք), որ Ձերդ Ամենապատվությունը Մայր Աթոռի եպիսկոպոս է նաև, և իր ձեռնադրությունն ու օծումը, ինչպես նաև արքության պատիվը, ստացել է այն նույն Վեհափառ Հայրապետից, ում հասցեին այդքան շռայլորեն անպարկեշտ որակումներ է կիրառում: Առավել ևս Նիկիայի Տիեզերական Ժողովի որոշումների գիտակը պետք է լավ իմանա, որ Եկեղեցում չկա ավելի բարձր մարմին, քան Եպիսկոպոսաց ժողովը (որի զույգ նիստերին զլացաք մասնակցել սին պատճառաբանություններով), որն իրավունք ունի որևէ մեկ աթոռի գահակալի պատժել այն պատժով, ինչին վերջինս արժանի է… Իսկ Դուք, Ձերդ Ամենապատվություն, խոսքով արդեն հատել եք թույլատրելիի սահմանը, և Ձեզ խորհուրդ չէինք տա, որ այդ սահմանը խախտելու անմտությունն ունենաք նաև գործով:
Այժմ ավելի ծանրանամ իմ հասցեին հնչած «մեղադրանքների» վրա.
Սերվանտեսն իր անմահ ստեղծագործության մեջ ներկայացրել է հոգեկան հիվանդության այն տեսակը, երբ առողջ թվացող մարդն ասպարեզ է նետվում` երևակայական մարդկանց երևակայական (գոյություն չունեցող) հրեշներից և թշնամիներից փրկելու: Քավ լիցի ինձ ենթադրել անգամ, որ Ձերդ Ամենապատվությունը տառապում է նույն ախտով, սակայն որքան էլ ցանկանամ, չեմ կարող գոնե մասնակիորեն չտեսնել այդ հիվանդության ախտանիշները: Դուք ինքներդ երևակայական թշնամի եք ստեղծել (գուցե ոմանց սադրանքով) և պայքարում եք նրա դեմ: Իբրև թե Վեհափառ Հայրապետը և Ձեր թվարկած սրբազանները «խաչակրութեան ելած են» Երուսաղեմի Պատրիարքության դեմ, որպեսզի այն սովորական թեմի վերածեն: Ձերդ Ամենապատվությունը, որ այդքան նախանձախնդիր է Մայր Աթոռից եպիսկոպոսական ձեռնադրության մերժման առնչությամբ փաստեր պահանջելու մեջ, կարո՞ղ է ներկայացնել թեկուզ մեկ փաստ, որ Ձեր հիշած անձանցից որևէ մեկի «վայրահաչ» (Ձեր բառն է) բերանից հնչել է նման «տխմարություն» (սա արդեն իմ բառն է): Որքան էլ որ նվազ լինեին իմ «մտային կարողութիւնները», նման ապուշություն ես ի վիճակի չէի (և չեմ) ասելու:
Այստեղ անհրաժեշտություն եմ տեսնում անդրադառնալու ուղղակի իմ ասածներին: Եկեղեցական-«ներկայացուցչական թատերական ժողովի» (Ձեր բնորոշումն է չակերտների մեջ. Դուք եղեք Ձեզ դատավոր, թե որքանո՞վ է պատշաճ նման կերպ որակել աշխարհասփյուռ թեմերի հոգևորական և աշխարհական պատգամավորներից բաղկացած իրապես պատկառելի հավաքը) ընթացքին, ի պատասխան հ. Սամվելի հնչեցրած խոսքին, թե` «կուզեմ գիտնաք, որ այս ժողովի որոշումները պարտադիր չեն կրնար ըլլալ Երուսաղեմի համար», ես ասել եմ բառացիորեն հետևյալը. «Մի շփոթեք ինքնավարությունը (ավտոնոմիան) ինքնագլխության (ավտոկեֆալիա) հետ, Երուսաղեմի պատրիարքությունը ոչ թե ինքնագլուխ է, այլ ինքնավար»: Իրապես անսահմանափակ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի իմ այս խոսքերը թարգմանվեն իբրև պատրիարքությունը թեմի վերածելու «քաջաբար պահանջ»: Ի դեպ ասեմ նաև, որ եթե ես նույնիսկ հիմարությունն ունենայի նման «պահանջ» ներկայացնելու, ինձ առաջին լռեցնողն ու սաստողը հենց Վեհափառ Հայրապետն էր լինելու:
ՈՒրեմն սխալվում եք չարաչար, Ձերդ Ամենապատվություն, մեզ մեղադրելով «վայրահաչության» մեջ: Նախ «վայրահաչել» նշանակում է` ա. իզուր, ավելորդ խոսել, բ. չարախոսել: Գուցե բացատրե՞ք ինձ, Ձերդ Ամենապատվություն, թե ո՞ր կատեգորիայի տակ է ընկնում իմ ելույթը Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովում: Եվ Դուք պատշաճ եք համարում այդ բառի կիրառությունը չորս բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած շատ ավելի հայ հավատացյալներ ունի իր խնամքի տակ, քան Դո՞ւք: ՈՒզում եք ասել, որ այդ հազարավոր հավատացյալներն ամեն կիրակի «վայրահաչությո՞ւն» են լսում եկեղեցվո Ս. Խորանից: Կարող ե՞ք հաշվետու լինել Ձեր ասածի համար մեր հավատացյալների առջև: Դուք նախամեծար Աթոռի գահակալ եք և ըստ այդմ պատվի ու մեծարանքի արժանի, սակայն իրավունք չունեք զլանալ մեզ` մեր աստիճանին ու հանգամանքին վայել պատիվն ու հարգանքը:
Ինձ մեղադրում եք «գրպաններու ապահովութենէն թելադրուած և տարուած» լինելու մեջ: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եք Ձեզ դնում ծիծաղելի դրության մեջ: Այդ ե՞րբ և որտե՞ղ եք ականատես եղել իմ ընչաքաղցության և դրամասիրության դրսևորումներին: Ես 26 տարվա եկեղեցական եմ, որից 24 տարին ծառայել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում` բացի Հռոմում ուսանելու երկու տարիներից, որի ընթացքում ապրել եմ ամսական 100 դոլար թոշակով: Թե որքան կարող էի ապահովել իմ գրպաններն այս 26 տարում, թողնում եմ Ձերդ Ամենապատվության հաշվապահական հմտություններին, մինչ ես չեմ էլ փորձի թեկուզ մտովի պատկերացնել Ձերդ Ամենապատվության գրպանների պարունակությունը` նկատի ունենալով Ձեր բազմամյա ծառայությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում (զանց առնենք Ձեր լուսարարապետության և այժմ պատրիարքության շրջանների դրամական «նեղությունները»):
Ասում եք, որ անփույթ և անտարբեր եմ Շիրակի «թեմէն ներս ծաւալող աղանդներուն և կաթոլիկութեան անմիջական սպառնալիքի» նկատմամբ: Այսպիսի եզրակացություն կարող էր անել այն անձնավորությունը, ով իմ առաջնորդական գործունեության 15 տարիների ընթացքին թերևս մի 15 անգամ այցելած լիներ Շիրակի թեմ և բնականորեն ընդվզեր տիրող «անփութությունից և անտարբերությունից»: Ձերդ Ամենապատվությունն այդ անձնավորությո՞ւնն է: Այս բոլոր տարիների ընթացքում` նախ իբրև լուսարարապետ Ս. Աթոռի, ապա իբրև գահակալ այդ Ս. Աթոռի, Ձերդ Ամենապատվությունը գեթ մեկ անգամ այցելե՞լ է Շիրակի թեմ` ծանոթանալու աղանդների և կաթոլիկների «ծաղկմանն ու զօրացմանը» և դատապարտելու տեղի առաջնորդի «անզգամ և ապաշնորհ» կեցվածքը:
Ձերդ Ամենապատվություն, Դուք հետաքրքրված չեք Հայաստանով և հայաստանաբնակ ժողովրդով, հետաքրքրված չեք անգամ Հայաստանի եկեղեցական և մշակութային ժառանգությամբ: Ձեզ բնավ չեն մտահոգում Հայաստանում Հայ եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերները, մինչ Ձեր անտեղի և մտացածին «քննադատություններով» ինքներդ եք քաջալերում այլադավանների մարդորսական հակումները: Ձեր հետաքրքրությունների շրջանակն սկսվում և ավարտվում է հայաստանյան զվարճախոսությունների և խոհարարական հմտությունների պարունակի մեջ. ուրեմն ինչո՞ւ եք շոշափում մի թեմա, որն անգամ չի էլ հուզում Ձերդ Ամենապատվությանը: Այնուամենայնիվ, խնդրում եմ հաղթահարել Ձեր ձանձրույթը և ծանոթանալ հետևյալ թվերին. ըստ վերջին մարդահամարի տվյալների (որոնք ընդունվել են նաև օտար կազմակերպությունների կողմից), Շիրակի թեմի բնակչության 92 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, կաթոլիկները (ընդ որում՝ Շիրակը կաթոլիկների բնակության պատմականորեն հիմնական տարածքն է) կազմում են ընդամենը 3 տոկոս, մնացած բոլոր այլ դավանությունների հետևորդները միասին վերցրած (ընդ որում՝ նաև ազգային փոքրամասնությունները` ռուսներ, եզդիներ և այլն)` ընդամենը 1 տոկոս, իսկ մնացյալն էլ նրանք են, ովքեր իրենց կամ աթեիստ են համարել, կամ էլ ցանկություն չեն ունեցել որևէ դավանություն նշել: Կարծես թե անհարմար բան ստացվեց. պարզվում է, որ Ձերդ Ամենապատվությունը նաև այս հարցում է անտեղյակ և անգիտակ…
Իսկ այժմ իմ «մտային կարողութիւնների» մասին: Նախ տեղյակ չէի, որ Երուսաղեմի պատրիարքության մասին ճառելը հատուկ մտային կարողությունների անհրաժեշտություն է ենթադրում: Գուցե ինձ մատնացույց անե՞ք Երուսաղեմի զինվորյալ (անկասկած, անկախ ամեն ինչից` գերագույն հարգանքի արժանի) միաբանության մեջ այն անձին կամ անձանց, որոնց մտային կարողությունների մակարդակին պարտավոր եմ «հասնել»: Իսկ գուցե Երուսաղեմի պատրիարքությունն ըմբռնելն ավելի մեծ հմտություն է պահանջում, քան քրիստոսաբանությունն ու երրորդութենաբանությունը հասկանա՞լը: Եվ հետո` 51 տարվա իմ կենսագրության մեջ առաջին անգամ եմ վերապահություն տեսնում իմ մտային կարողությունների հանդեպ: Բոլոր ինձ ճանաչողները պիտի «շնորհակալ» լինեն Ձերդ Ամենապատվությանը, որ կարողացաք իրենց համար «բացահայտել» այն, ինչը ես այս բոլոր տարիներին այնքան խնամքով կարողացել էի թաքցնել…
Առաջին զրույցը Ձերդ Ամենապատվության հետ կարծես թե շատ երկար ստացվեց, թեև ասելիքները բնավ չսպառվեցին: Կներեք Ձեզ պատճառած ձանձրույթի համար, թեև նախաձեռնությունը Ձեզանից էր: Իբրև վերջաբան կասեի հետևյալը. Ձերդ Ամենապատվությունն սպառնում է Վեհափառ Հայրապետին, որ «հով սերմանեց և հիմա պիտի պատրաստուի անոր փոթորիկները հնձել»: Այս մեռելածին «մարգարեական» հայտարարության դիմաց թույլ տվեք հարցնել Ձերդ Ամենապատվությանը, իսկ Դուք ի՞նչ եք հնձելու, Դուք, որ Երուսաղեմի Ս. Աթոռին բարձրանալուց անմիջապես հետո անընդմեջ ուղղակի փոթորիկ ցանելով եք զբաղված: Այս մասին Չերչիլը որևէ բան չի՞ ասել: Իսկ գուցե ենթադրե՞ք: Չէ՞ որ ենթադրելը Ձերդ Ամենապատվության մոտ գերազանց է ստացվում: Չէի՞ք մտածել այս մասին: ՈՒրեմն լավ կլինի, որ սրանից հետո որևէ նամակ գրելուց առաջ մի լավ մտածեք (հոգևորականի գլուխը նախ և առաջ այդ գործողությունը կատարելու համար է, ոչ թե պարզապես թանկարժեք խույրով զարդարելու): Կարծեմ, չափազանց դժվարին կամ անհնարին բան չեմ պահանջում Ձերդ Ամենապատվությունից, այնպես չէ՞:


Մնամ Երուսաղեմի Առաքելական Ս. Աթոռի անսասանության համար
աղոթող` Միքայել եպիսկոպոս Աջապահյան
Միաբան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի
Առաջնորդ Շիրակի թեմի
Հ.Գ. Հաշվի առնելով Ձեր նախասիրությունը, սույն նամակն ուղարկում եմ համացանցով:

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ