Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Ճարտարապետի փառքը

Ճարտարապետի փառքը
02.12.2014 | 09:54

Մի թագավոր հրամայեց փարոս կառուցել, որպեսզի նավավարները գիշերը նավարկելիս չմոլորվեն ծովում: Նա կարգադրեց ճարտարապետին, որ փարոսի վրա իր թագավորական զինանշանը փորագրվի: Բայց ճարտարապետը, դժգոհ թագավորի փառասիրությունից, նախ իր անունը փորագրեց ժայռակերտ փարոսի վրա, իսկ հետո այն ծեփելով՝ վրան թագավորի զինանշանը դրեց: Տասնյակ տարիներ անցան ու ծեփը թափվեց: Պատի վրա երևաց ճարտարապետի անունը, և նրա ծեփված փառասիրությունը ի հայտ եկավ:
Ես երիտասարդ սկսնակ լրագրող էի… ՈՒշ երեկո էր: Հերթական հոդվածը պատրաստ էր, և վերջակետն էլ դրված:
Եվս մեկ անգամ ամբողջությամբ կարդացի հոդվածն ու այն ինձ շատ դուր եկավ, չնայած նման բան հազվադեպ է լինում:
Միշտ էլ հնարավորություն կա ինչ-որ բան փոխելու, ավելացնելու կամ ձևափոխելու, հատկապես դա նկատում ես, երբ նյութն արդեն տպագրված է լինում, բայց այդ ժամանակ այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ: Եվ այդպես, ես նայեցի համակարգչի էկրանին և գոհ էի արված աշխատանքից:
Հետաքրքիր է, Աստվա՛ծ,- մտածեցի,- ես սա արեցի քո փառքի համա՞ր, թե՞ ինքս ինձ փառավորելու համար: Եվ մի՞թե խաղաղությունս պայմանավորված չէ նրանով, որ հոդվածը շատ լավ է ստացվել, և ներքևում էլ իմ ազգանունն է գրված:
Պատասխանը սպասել չտվեց՝ «Հեռացրո՛ւ քո ազգանունը»:
Այսպես կարճ ու կոնկրետ։
Ո՛չ, դա երկնքից ամպրոպի պես իջած ձայն չէր, և Աստված չէր խոսում ինձ հետ վառվող թփերի միջից: Բայց, եթե գեթ մեկ անգամ Նա խոսել է քո սրտի հետ, դու կհասկանաս՝ ինչի մասին եմ գրում:
Հիսուս Քրիստոս կատարյալ ծառայության լավագույն օրինակն է: Նա PR ծառայությունների, ահռելի գովազդային վահանակների կամ էլ մարդկանց կարիք չուներ, ովքեր Նրա համար դրական նկարագիր կստեղծեին:
Նա եկավ իրականացնելու Հոր կամքը, ինչն ամենակարևորն էր: Ավելին՝ հաճախ մարդու Որդին արգելում էր ուրիշներին պատմել Իր և Իր արած գործերի մասին:
Եվ ի՞նչ ստացվեց արդյունքում։
«Եվ նրա համբավը ավելի ու ավելի էր տարածվում և բազում ժողովուրդ էր հավաքվում լսելու նրան ու իրենց հիվանդությունից բժշկվելու: Իսկ նա խույս էր տալիս դեպի ամայի տեղեր և աղոթքի կանգնում» (Ղուկաս 5.15-16):
Պողոս առաքյալը գրում էր. «Ինչպես չճանաչվածներ, բայց լավ ճանաչվածներ… ինչպես աղքատներ, բայց շատերին հարստացնողներ, ինչպես թե ոչինչ չունեցողներ, բայց ամեն բան ունեցողներ» (2 Կորնթացիս 6.9-10):
Իսկ Հիսուս ասում էր՝ «Այնպես էլ դուք, երբ որ բոլոր ձեզ հրամայված բաներն անեք, ասացեք, թե մենք անպիտան ծառաներ ենք, որովհետև այն ենք արել, ինչ որ պարտական էինք անելու» (Ղուկաս 17.10):
Երբ մենք իսկապես չենք փնտրում մարդկային փառքը և ցանկանում ենք փառավորել Աստծուն, Նա ինքը կարող է մեզ փառավորել, ինչպես, օրինակ՝ Հիսուս Քրիստոսին, Պողոս առաքյալին…
Հեռացրո՛ւ քո ազգանունը։
Տվյալ պահին ես պատրաստ էի դա անելու, և անձամբ ինձ համար դա ոչինչ չէր նշանակում: Ես վստահ էի, որ այդ հոդվածը կփառավորի Հիսուսին՝ անկախ այն բանից՝ դրա տակ գրվա՞ծ է իմ անունը, թե՞ ոչ… Դա իսկապես ուրախացնում էր ինձ:
Բայց Աստված շարունակում էր խոսել իմ սրտի հետ. «Պարտադիր չէ, որ դու դա անես: Ինձ համար կարևոր է իմանալ քո սրտի դիրքը՝ պատրա՞ստ ես դրան, թե՞ ոչ»:
Մերօրյա քրիստոնեության մեջ շատ է տարածված, այսպես կոչված, «աստղայնությունը», և որոշ նման աստղերի փայլի ներքո ոչ միայն այլ մարդկանց, այլև Աստծուն է դժվար լինում տեսնել:
Սա ոչ թե նախատինք է՝ ուղղված ինչ-որ մեկին, այլ փաստերի հաստատում:
Հնարավոր է, որ քո ծառայությունը չի լցնում դահլիճներ, հնարավոր է՝ դու անհայտ հեռուստաավետարանիչ ես կամ էլ վեց մայր ցամաքներում ոչ այնքան հռչակավոր հովիվ: Բայց ինչպիսին էլ լինի ծառայությունդ՝ պատրա՞ստ ես արդյոք դուրս հանելու քո ազգանունը բոլոր այն գործերից, որոնք անում ես:
Արդյոք նպատակդ Նրան փառավորե՞լն է, թե՞ պարզապես Նրա հաշվին ուզում ես ինքդ քեզ փառավորել:
Փորձի՛ր սիրտդ: Սա շատ պարզ թեստ է։


Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ