Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Ինչո՞ւ է ծեծում մեր դուռը

Ինչո՞ւ է ծեծում մեր դուռը
28.11.2014 | 10:08

Հիսուս ծեծում է մեր դուռը, Իր հովվական գավազանը ձեռքին: Ինչո՞ւ է ծեծում մեր դուռը, ի՞նչ է ուզում Նա մեզնից: Երբ ձեր տան դուռը ծեծում են, արդյոք բացո՞ւմ եք այն, թե՞ նայում եք ու ձեզ անծանոթ մեկին տեսնելով, չեք ուզում բացել, շառից, փորձանքից հեռու: Իսկ եթե հանկարծ Հիսուս ձեր տան դուռը ծեծի ու դուք տեսնեք Նրան, արդյոք կբացե՞ք ձեր դուռը Նրա առջև, թե՞ կմտածեք՝ ժամանակները անցել են, Նա եկավ երկու հազար տարի առաջ, ինչ որ պետք էր արեց, այլևս անելիք չունի, ինչո՞ւ բացեմ դուռս Նրա առջև, ինչո՞վ Նա կարող է ինձ օգնել: Հիսուս իրապես ծեծում է մեր բոլորի դուռը ու սպասում պատասխանի: Ոմանք կիսաբաց են անում, ոմանք՝ ուղղակի ներսից պատասխանում են, իսկ ոմանք էլ՝ ամենահամարձակները, հավատով ու սիրով լայնորեն բացում են Նրա առջև թե՛ իրենց դռները, թե՛ իրենց սրտերը: Եվ Հիսուս հաղթականորեն մտնում է նրանց լայն բացած դռներից ներս, ու այնտեղ տիրում է մեծ ուրախություն, խաղաղություն և հանգստություն: «Ես եմ կյանքը, ճանապարհը և ճշմարտությունը»,- ասաց Հիսուս: Բացենք մեր դռներն ու սրտերը Նրա առջև և կատարենք Նրա ճշմարիտ պատգամները՝ «Սիրեցեք միմյանց», «Սիրեցեք իրար, ինչպես երկնավոր Հայրն է ձեզ սիրում»: Հիսուս Իր սերն է բերում մեր ընտանիքներին: Լայն բացենք մեր դռներն ու սրտերը Նրա առջև:

Ի՞նչ է սերը

Կ. Պոլսի պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Նարոյեանի խոսքերով. «Սերը մեր հավատի ոգին ու իմաստն է»:
Իսկ ըստ Պողոս առաքյալի` «Սերն է ամենակարևորը...», որովհետև այդ է, որ միայն կարող է գոյատևել, քանի որ Աստված Սեր է և Կյանք: Հետևաբար Սերը հավիտենական է և գերազանց, բացառիկ մի արժանիք՝ տրված մարդկանց, մարդ-աստվածներին, որոնք գիտեն ապրել քրիստոնեավայել ու աստվածահաճո մի կյանք, ավելի ճիշտ պիտի լիներ ասել մարդ-աստվածային մի կյանք: Սերը չափ և կշիռ չունի ու միայն ինքը կարող է իրեն սահմանել և բացատրել: Այդ պատճառով Պողոս առաքյալը գրում է կորնթացիներին. «Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն առնելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները շրջելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ» (Ա. Կորնթ. 13:1-3):
Աստված սիրում է յուրաքանչուրիս: Նրա սիրո ապացույցն Իր նախախնամությունն է:
Աստծո սիրով ապրող հավատացյալը չի կարող երկյուղել չարի երկրային ոչ մի ներգործությունից, այլ կապրի համարձակ՝ աղոթքի զորությամբ:
Ոչ թե սիրո Աստվածը, այլ Աստծու սերը փրկեց մարդուն մեղքից: ՈՒր կա սեր, այնտեղ չի կարող լինել վախ, որը ծնում է մեղք, իսկ վերջինս՝ մահ:
Սերը պետք է ճանաչենք Քրիստոսով, Ով Իր կյանքը տվեց, և Նրա հանդեպ մեր սերը կատարյալ է, եթե միմյանց սիրենք:
Կ. Պոլսի պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Նարոյեանը իր քարոզներից մեկում այս ձևով է ներկայացնում Սիրո իմաստը. «Սիրո կյանքը հավատի ծաղկումն է: Հավատը սիրո շնորհիվ է աշխատում ու կյանքում շարունակվում, ինչպես արյունը մարմնի մեջ: Հավատը մեռած է, եթե նրա հետ զուգընթաց չէ Սերը՝ կյանքի երջանկությունը: Ամեն մարդ պետք է իր անձից, իր տաղանդից, իր հարստությունից մի բան զոհի, նվիրի իր ընկերոջը: Որով «Սերը մեր հավատի ոգին ու իմաստն է»:
12-րդ դարի մեր նվիրյալ հայրապետներից Ներսես Շնորհալին սիրո մասին այս գեղեցիկ խոսքը ունի, որ վերցրել եմ «Առաւօտ լուսոյ» շարականից:
«Սեր անուն Հիսուս, սիրով քո ճմլիր մեր քարեղեն սրտերը, որպեսզի հավատալով, հուսալով, բայց առավել սիրով մեր ծնկները ծալվեն Քո առջև, ու մեր շրթներից դուրս եկող աղոթքի մրմունջին ուկնդիր լինելով՝ օրհնես մեր կյանքը: Որպեսզի նախանձի, ամբարտավանության, գոռոզության, անվայել վարմունքի ու եսասեր փնտրտուքի ընթացքը երբեք չհեռացնի մահկանացուներիս միմյանցից, այլ համբերությամբ, ներողամտությամբ, ճշմարտության համար ուրախության բերկրանքով լի հույսով ու հավատով յուրաքանչյուրս լծվենք մեր գործին՝ թե ռամիկ, թե իշխան, թե հոգևորական և թե աշխարհական՝ հայրենական և եկեղեցական սրբազան առաքելությանը»:

Հոգու ուժը


Գերագույն Արարիչը, ստեղծելով մարդուն և կանխատեսելով նրան սպառնացող անընդհատ աճող բացասական գործոնների ազդեցությունը, նրան զինել է մի հզոր և անպարտ զենքով՝ հոգով: Նա բոլորիս մարմնի մեջ տեղադրել է այդ երկնային գործիքը, և մենք պարտավոր ենք իմանալ ոչ միայն, թե ինչպես պահպանենք մեր հոգու մաքրությունը, որպես Աստծու գերագույն պարգևը, այլև թե ինչպես և ինչ ձևով հզորացնենք մեր հոգու ուժը, որ դիմակայենք առաջացող դժվարություններին և վերջին հաշվով դառնանք կատարյալ մարդ՝ մեծատառով:
Հարց է առաջանում, թե «մեր ամենօրյա հոգսերով ծանրաբեռնված կյանքում ինչպե՞ս հզորացնել մեր հոգու ուժը, ինչպե՞ս դառնալ հոգեպես հզոր, որը մարդու անվտանգության, բարեկեցության և երջանկության նախապայմանն է»:
Ինչպես մեր մարմինն է կարիք զգում ամենօրյա սննդի, այնպես էլ մեր հոգին կարիք է զգում ամենօրյա, կարելի է ասել՝ ամենժամյա սննդի: Ինչպես նյութական սնունդը պետք է լինի որակյալ և առանց մոլախոտերի, նույնպես էլ հոգևոր սնունդը պետք է լինի որակյալ, այսինքն՝ մաքուր, բյուրեղյա և անկեղծ:
Երբ մենք նյութական սնունդը ստանում ենք մայր հողից և երկրի ընդերքի հարստություններից, ճիշտ այդպես էլ մեր հոգևոր սնունդը ստանում ենք երկնքից, Տիեզերքից, Մեծ Արարչից՝ Աստծուց:
Եվ բանն այն է, որ հոգևոր սննդի ստացման որակն ու քանակը կախված են միմիայն մեզնից, թե մենք որքան անկեղծ, անկողմնակալ, անմիջական ու խոր հավատով ենք դիմում Մեծ Արարչին՝ աղոթքի կամ խնդրանքի միջոցով և Նրանից ստանում ու մեր հոգու խորքում ներդնում այն անսպառ հոգեկան ուժն ու սնունդը, որին մեզնից յուրաքանչյուրը արժանի է ըստ Աստծուն իր նվիրվածության։
Նա, ով իսկականից և անկեղծորեն հավատում է Աստծու զորությանը, հոգևոր ուժի միջոցով սերտ, անխզելի և հզոր կապ է ստեղծում երկրի և երկնքի միջև՝ իր մարմնական և հոգեկան գոյը դարձնելով այդ շղթայի հուսալի բազմահազար օղակներից մեկը: Եվ հակառակը՝ անհավատի մոտ այդ կապը խզված է և նա ապրում է որպես սովորական մի մարդ, իր ամենօրյա հոգսերով, անլուծելի խնդիրներով ու դժվարություններով, որը վերջին հաշվով կարող է բերել անհաջողությունների և դժբախտությունների:
Մեր հոգու մաքրության համար անհրաժեշտ է, որ մեր միջից հանենք նախանձի, փառասիրության, գոռոզամտության, անհամեստության և այլ բացասական երևույթները, որպեսզի հոգով մաքրվենք, և այդ մաքրությունը հնարավորություն ընձեռի մեր հոգևոր ուժը հզորացնելու:

Խմելը մե՞ղք է

Հարբելը, խայտառակ լինելը և ընտանիքն անպատիվ անելն է մեղք:
Աստված կողմ է ամուսնությանը, դեմ է շնությանը: Կողմ է սնվելուն, դեմ է որկրամոլությանը (շատակերությանը- Հ.քհն.): Կողմ է լավ ապրելուն, դեմ է զեխությանը (ճոխությանը-Հ.քհն): Կողմ է ազնիվ բերկրանքներին (ուրախություններին- Հ.քհն.), դեմ է մեղսավոր հաճույքներին: Կողմ է գինի խմելուն, դեմ է հարբեցողությանը: Կողմ է արժանապատվությանը, դեմ է մեծամտությանը:
Այս խոսքը Արամայիս Սահակյանինն է։ Լույս իջնի նրա հոգուն:
Հիանալի է ասված և տեղին: Երանի՜ մարդիկ գիտակցեին ու հասկանալով ապրեին աստվածահաճո մի կյանք, որն իրենց կբերեր և՛ ֆիզիկական հանգստություն, և՛ հոգեկան խաղաղություն:
Երբեմն ինձ հարցնում են.
-Տե՛ր Հայր, խմելը մե՞ղք է:
Հիսուս Իր առաջին հրաշքը գործեց Գալիլիայի Կանա քաղաքում հարսանիքի ժամանակ ջուրը գինու փոխելով:
Ավետարանում պատմվում է. «Եվ երրորդ օրը Գալիլիայի Կանա քաղաքում մի հարսանիք կար: Հիսուսի մայրն էլ այնտեղ էր: Հարսանիքին հրավիրված էր նաև Հիսուս՝ նույնպես և իր աշակերտները: Եվ երբ գինին պակասեց՝ մայրը ասաց Հիսուսին. «Գինի չունեն»: Այնտեղ կային քարե վեց թակույկներ, լվացումների համար՝ ըստ հրեաների սովորության։ Հիսուս նրանց ասաց. «Լցրեք այդ թակույկները ջրով»: Եվ նրանք լցրին բերնեբերան: Եվ ասաց նրանց. «Հիմա առեք և տարեք սեղանապետին»: Եվ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չգիտեր, թե որտեղից է, խոսեց փեսայի հետ ու ասաց. «Ամեն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, և երբ հարբած են լինում, այն ժամանակ վատ որակ ունեցողը: Իսկ դու ընտիր գինին մինչև հիմա պահել ես» (Հովհ. 1-11):
Եթե խմելը մեղք լիներ, ինչո՞ւ Հիսուս ջուրը գինու պիտի վերածեր և տար հարսանքավորներին: ՈՒրեմն, խմելը մեղք չէ, այլ հարբելը, հավասարակշռությունը կորցնելը, հասարակության մեջ խայտառակ լինելը, ուրախությունը փչացնելը և ընտանիքն անպատիվ անելն է մեղք: Խմելուց առաջ մտածեք` կարո՞ղ եք խմել, եթե ոչ, ավելի լավ է նույնիսկ մեկ բաժակ չխմելը:

Ես մի անցորդ եմ

«Գանձեր մի դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողերը պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցեք ձեզ համար երկնքում, որտեղ ոչ ցեց և ոչ ժանգ չեն ոչնչացնում, և ոչ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում, քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6:19-21)։
Մի ճգնավոր ապրում էր քարայրերից մեկում: Պատահական մի անցորդ ձմռան բքից պաշտպանվելու համար մտնում է այս ճգնավորի քարայրն ու նրան տեսնելով` հաճելի զրույցի է բռնվում:
Ճգնավորի՝ Աստծուն նվիրված կյանքի մասին լայն տեղեկություններ ստանալուց հետո, անցորդը զարմանքով տեսնում է, որ ճգնավորի քարայրում բնակության համար նվազագույն պայմաններ ստեղծելու իմաստով ոչինչ չկա: Հետաքրքրվելով նա հարցնում է ճգնավորին, թե կարո՞ղ է նա մի ուրիշ քարայր ունի, որտեղ բնակվում է, իսկ այստեղ՝ միայն աղոթում: Սակայն ճգնավորը պատասխանում է, որ սա է իր բնակության և աղոթքի վայրը: Անցորդը զարմանքով ասում է.
- Ինչպե՞ս կարելի է ապրել առանց առարկաների և կյանքի համար անհրաժեշտ պիտանի գույքերի:- Փոխանակ ճգնավորը նրան ուղղակի պատասխան տալու, նույն հարցը տալիս է նրան:
- Իսկ որտե՞ղ են քեզ անհրաժեշտ գույքերը:
- Ես մի անցորդ եմ, իսկ դու այստեղ մշտապես ես բնակվում,- ասում է հյուրը:
- Ես էլ մի անցորդ եմ այս կյանքում,- պատասխանում է ճգնավորը:
Ահավասիկ անցավոր կյանքի երկու պանդուխտներ, որոնցից մեկը գիտակից է այս աշխարհի վրա իր պանդխտության, իսկ մյուսին այնպես է թվում, թե հավիտենապես պիտի ապրի այս կյանքով, որի համար անհրաժեշտ են թանկ ու էժան գույքեր, ունեցվածք և հարստություն:
Մտածենք այս մասին: Բոլորս էլ անցորդ ենք, գալիս ենք ու գնում: Սեր թողնենք այս կյանքում:

Էջը`

Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆԻ

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ