ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

Հոգևոր ուրախություն, աղոթք և գոհություն ի Քրիստոս

Հոգևոր ուրախություն, աղոթք  և գոհություն ի Քրիստոս
25.11.2014 | 11:51

Հաջողության և երջանկության գրավականներից մեկը ներքին ներդաշնակություն ունենալն է: Եվ, ընդհանրապես, առանց ներդաշնակության ամբողջ տիեզերքը գոյություն ունենալ չի կարող, որտեղ համաչափորեն մոլորակները շարժվում են` չբախվելով միմյանց ու տիեզերական օրենքի առաջնորդությամբ ուղղորդվելով: ՈՒստի ներդաշնակությունը ենթադրում է կարգավորություն: Հին կտակարանը մարդու համար այդ կարգավորությունը տալիս է պատվիրանների միջոցով, իսկ Նոր կտակարանում կարգավորության ամբողջությունը սիրո պատվիրանի գիտակցությամբ է ամբողջանում: Ըստ էության պատվիրաններն ընկերային կարգի հիմունքները կարգավորող օրենքներ են և Աստծո հետ հաղորդակցությունը պահպանելու առհավատչյա, ինչպես նաև անհատի հոգու և մարմնի ներդաշնակ կեցության ուղեցույց:
Հոգևոր ներդաշնակություն ունենալ նշանակում է ունենալ ներքին զորություն, որը դրոշմված է աստվածային խաղաղությամբ և Արարչի հետ հաղորդակցմամբ: Ոչինչ չի կարող այնքան արժեքավոր լինել, որքան ներքին ներդաշնակության հասնելը, որը ձևավորվում է առաքինությունների միջոցով, իսկ այդ ամենի խարիսխը աստվածային սերն է: Կարող ես ունենալ բազմաթիվ արտաքին հաջողություններ` փող, իշխանություն, փառք և այլն, սակայն հոգու խորքում հատվում ես մի սահմանագծի, որտեղ անհունության մեջ կորչում են այդ բոլոր ձեռքբերումների առկայությունները, և մարդը դատարկություն է զգում, որովհետև չկա հարատև հոգեկան գոհունակություն և բավարարվածություն այդ ամենի մեջ: Նյութական հաջողություններն այդ բոլորը պարգևում են կարճատև, որովհետև անշունչ են, նրանց մեջ չկա այն կենսական կյանքը, որը մարդու հոգուն տալիս է հավերժության կեցության գարնանային լույսը: Արդ, գիտակցաբար, թե ենթագիտակցաբար մարդը փնտրում է ներքին ներդաշնակության բանալին: Բայց հարցն այն է, թե մարդն ինչ արժեքների վրա է կենտրոնացած` կամա, թե ակամա կամք գործադրելով ունենալու համար այդ արժեքները: Եթե նրա միտքն ու սիրտը կենտրոնացած են մեղավոր, մարմնավոր արժեքների վրա, ապա նրա ուղին ուղղորդվում է մեղավոր մտածումներով, ցանկություններով և բնազդներով: Սա մարդուն տանում է անտեսանելի անդունդը, որի սարսափելի անհունությունը շատ հաճախ նա ոչ պատկերացնում է և ոչ էլ տեսնում, որովհետև մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը` կյանք և խաղաղություն (Հռոմ. 8.7): Սա ինքնաոչնչացման անտեսանելի ուղի է, որովհետև այստեղ մարդը գտնում է ոչ թե ներդաշնակություն, այլ խաբկանք, պատրանք, թվացյալ վիճակ, հոգևոր իրականության ոչ ճիշտ գնահատում, կատարած արարքների համար պատասխանատվության կորուստ: Անհրաժեշտությունը դառնում է ոչ թե առաքինությունը, այլ մոլությունը, որովհետև գործում ես այն, ինչն իրապես անհրաժեշտ է, ոչ թե ինչը թելադրում են մեղավոր ցանկությունները և հավաստիացնում, թե անհրաժեշտը դա է, իսկ իսկության մեջ թույն է, պատկերավոր ասած, որի պարունակության տարայի վրա գրված է «կյանք»: Մարդուն թվում է, թե ինքն ապրում է կենսական բավարարություն և գոհունակություն` խմելով այն և դիտարկելով որպես կյանք, բայց այդ թույնը ներգործում և քայքայում է մարդու հոգին և մարմինը, որն իրականում կոչվում է մեղք, ոչ թե կյանք: Այս ամենը տարբերելու համար մարդը պետք է փոխի իր մտածողության համակարգը, ինչպես ասում է առաքյալը, որ մեղքի մեջ թաղված աշխարհի կերպարանքով մի կերպարանվեք, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը և թե ինչն է Աստծո կամքը` բարին և հաճելին և կատարյալը (Հռոմ.12.2): Մարմնավոր մարդու համար տեսանելի չեն իրական ազատությունն ու կյանքը, որովհետև նա գտնվում է կրքերի ու ցանկությունների շրջանակներում փակված, որից այն կողմ ի վիճակի չէ տեսնելու հոգեղեն իրականությունը: Նրա համար էականը մարմնավորը և բնազդայինն են: Խավարի մեջ գտնվողն ինչպե՞ս կարող է տեսնել լույսը: Արդ, խավարի մեջ մնացողը և այդ ուղղությամբ ձգտողը շարունակաբար քայլում է դեպի կենդանական օրենքն ու աշխարհը, որտեղ աղճատվում է երկնային կարգավորությամբ հաստատված մարդու ներդաշնակ վիճակը, և նա հայտնվում է իր էության ամբողջական խաթարման առջև: Բայց ի՞նչն է Աստծո կամքը մեզ համար: Շատերին թվում է, թե Աստծո կամքը կյանքի սահմանափակում է կամ պարտադրանք: Վստա՛հ եղեք, ամենևին այդպես չէ: Սբ. Պողոս առաքյալն ասում է. «ՈՒրա՛խ եղէք միշտ, անդադար աղօթեցէ՛ք, ամէն ինչում գոհութի՛ւն մատուցեցէք, որովհետեւ ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս» (Ա Թեսաղ. 5:16-18): Երեք բանալիներ` հոգևոր ուրախություն, աղոթք և գոհություն ի Քրիստոս: Ահա այս բանալիների իսկության խորհուրդը հասկանալով և դրանցով ապրելով մարդն իր հոգու և մարմնի ներդաշնակության ուղին է կերտում, քանի որ այս պարագայում նա հայտնվում է տիեզերական անսահման երջանկության և ազատության մեջ: Դրա համար էլ առաքյալն ասում է. «Հեռո՛ւ վանեցէք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականուած է խաբեպատիր ցանկութիւններով. նորոգուեցէ՛ք ձեր մտքով եւ հոգով ու հագէ՛ք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու` արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ» (Եփես 4.22-24):


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1930

Մեկնաբանություններ