Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

«Առաջին իսկ հանդիպման ժամանակ զգացի, որ Եդեսիան նաև իմն է դառնալու, ես պարտք եմ եդեսիացիներին»

«Առաջին իսկ հանդիպման ժամանակ զգացի,  որ Եդեսիան նաև իմն է դառնալու,  ես պարտք եմ եդեսիացիներին»
21.11.2014 | 11:34

Հրաչյա
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Կան մարդիկ, որոնք տեղանուն են հիշեցնում։ Ոչ միայն մեծերը, անմահները, այլև... Չեմ ասում։ Եդեսիա անունը լսելիս առաջինը դուք ո՞ւմ անունն եք հիշում։ Ողբ Եդեսիոյ։ Ո՞վ գրեց էդ ողբը։ Անուններ, տեղանուններ։ Երանի նրանց, ովքեր իրենց անունով հիշեցնում են ոչ միայն իրենց ծննդավայրը, այլ հենց երկիրը, ժողովուրդը։ Ասա Դսեղ և հասկացիր Թումանյան, ասա Թումանյան և հասկացիր Լոռի։ Կարող ենք շարունակել օրերով։ Ռուբեն Սիմոնյանը, որը ճանաչված լրագրող է, իր ծննդավայրի` Կիրանցի կենսագիրն է, հրաշալի գիրք է գրել։ Նրա «Կիրանց» գիրքը ամբողջովին պատմություն է, բանահավաքչական լուրջ աշխատանք` լցված որդու սիրով։ Նույն սիրով նա գրել է «Տավուշի մարզ» ուղեցույցը, ապա պատմությունը, ապա` տեղեկատվությունը, ապա` լրամշակված պատմությունը։ Ապա գրքեր է նվիրել Ենոքավանին, Լուսաձորին, Մելիքգյուղ-Ծաղկավանին։ Բնական է, որպես լրագրող, հրապարակախոս, որպես «Հայաստան» թերթի սեփական թղթակից, իր գրելիք նյութերի թեմաները պիտի քաղեր իր եզերքից։ Իհարկե, վատ երևույթների դեմ աչք չի փակել` կծու բաներ նույնպես շատ է գրել, բայց բնության պես իր սիրտն է բացել մարդու առաջ։ Եթե ձեր ձեռքն ընկնի հեղինակի «Անուշ ծաղկունք Հայաստանի» գիրքը, խնդրում եմ` բաց չթողնեք, կարդացեք, խնամքով կարդացեք նաև «Ճռաքաղիկ» բաժինը, ուր երևում է իսկական գրողը, բանահավաքը։ ՈՒրեմն` Ռուբեն Սիմոնյան ասելով ես հասկանում եմ Իջևան, Կիրանց, հենց Տավուշ։ Եվ ուրախ եմ, որ ճանաչված գիտնականներ Հուսիկ Մելքոնյանը, Գագիկ Սարգսյանը, Արամ Քալանթարյանը, Արմեն Կարապետյանը, շատերը ջերմորեն, հպարտությամբ են իրենց սրտի խոսքն ասել Ռուբեն Սիմոնյանի մասին։ Եվ նորեն Ռուբեն Սիմոնյան ասելով ես հասկանում եմ սիբիրյան քաղաքներ, ուր երկու-երեք անգամ գնացել է «Անդրանիկ. Սիբիրական վաշտի ոդիսականը» ապագա գրքի հերոսների հետքերով, և Եդեսիա եմ հասկանում Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կուրսկոյ շրջանում գտնվող Եդեսիա (աղավաղված` Էդիսիա, Էդիսեա)։ Նրանք որպես թրքախոս հայեր են եկել, 1797 թվականին իրենց հատկացված զուտ ամայի տարածքում հիմնել էս գյուղը ու հիմնականում թրքախոս էլ մնացել։ Թեկուզ աղավաղված` պահում են անունը։ Մայրենին կորցրած ու թրքախոս գյուղում ծերունազարդ Համազասպ Ղազարյանը ուրախանում է, որ եկող հյուրը հայ է, Հայաստանից (զուր տեղն էլ թուրքերեն բառերով նրան դիմավորեց իր տան շեմին) և սկսեց նախնյաց անուշ բարբառով խոսել։ Առաջին հարցը սա է` ո՞նց է Արցախի վիճակը (հիշեցնեմ, որ թղթակիցը կորուսյալ աշխարհ Եդեսիայում է եղել 1989-ի հոկտեմբերին)։ Եդեսիա, էլ ի՞նչ Եդեսիա, երբ դարձել են ազգային և կրոնական հալածանքների զոհեր։ Մայրական լեզվից կարողացել են զրկել, բայց ի պատիվ եդեսիահայերի, կարողացել են պահպանել հայեցի մտածողությունն ու ազգային սովորույթները։ «Մենք հայեր ենք, բայց մեր մայրենի լեզուն ռուսերենն է, դպրոցը ռուսական է, իսկ առօրյա խոսակցական լեզուն թուրքական ինչ-որ խառնուրդ է»։ Այո, պիտի ծերունական իր հառաչանքը հանի հոգու խորքից, հիշի, որ մի ժամանակ հայերեն էին անցնում, թատերական խմբում ինքն էլ է խաղացել։ Լավ Սեյրան է եղել։ Ամեն ինչ հեշտ ու հանգիստ գնաց, կորավ։ Նորից` դուրսը թուրքերեն, ներսը` թուրքերեն։ Պատիժ ու անեծք խառնվել են իրար։ Թաթար-մոնղոլներից ցնկնածներից ավելի վատթարները, 18-րդ դարում տեր դառնալով նաև բնիկ հայերի հողին, բռնել էին նրանց մահմեդականացնելու ճամփան։ Նրանք կարողացան կուլ տալ աղվանական ցեղերի, ինչ խոսք, նաև հայերի պատմական Կապաղակում, Կասպից ծովի արևմտյան Խաչմաս և Քիրվար գյուղերը: Հայերը` մահվան սպառնալիքի տակ, մոռացել էին մայրենին, ավելի զգալով, թե ինչ է սպասում իրենց, դիմել են Ռուսաստանին` խնդրելով բնակության վայր։ Ռուսական կայսրության ուզածն էլ դա էր։ Հարավային սահմանները քրիստոնյաներով ամրացնելուց ավելի լավ բան ի՞նչ կարող է լինել։ Այո, թույլ են տալիս հիմնել Կասաևա Յամա գյուղը։ Հաշտվեցին շատ դժվարությունների հետ, հաղթահարեցին, բայց խորթ մնաց գյուղի անունը։ Իշխանությունները թույլ տվեցին, որ նոր բնակավայրը կոչվի Հայաստանի Եդեսիա քաղաքի անունով։ Էլի այլազգիներ, էլի հարամություն. Եդեսիան կամաց-կամաց դարձավ Էդիսիա, Էդիսեա։ Եդեսիայից ոչ շատ հեռու հիմնադրվում է նաև Արարատ գյուղը։ Հիմա չկա այդ գյուղը։ Նրա զավակները, ըստ Ռուբեն Սիմոնյանի հավաստի տվյալների, կուլ գնացին կովկասյան հանքային ջրերին։ Ամեն տեղ քաղաքը գյուղին, մանավանդ թույլ գյուղին, ուտում է։ Բայց Եդեսիային ուրիշ ճակատագիր էր տրված։ Պետք է պայքարել և ապրել։ Անդրկովկասի մահմեդականների բռնություն-ճնշումներից մի կերպ ազատված հայերը Եդեսիա ասացին ու հասան այնտեղ, նոր թաղեր ավելացան գյուղում։ Թաղամասերը կոչեցին իրենց հին գյուղերի անուններով։ Գյուղն էնքան ուժ ունեցավ, որ 1830-ին կառուցեց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ 1865-ին եկեղեցուն կից բացվեց ծխական դպրոց, ուր թրքախոս փոքրիկներին դարձի բերել էր փորձում Կարապետ մանկավարժ Վլասյանը։ Մեսրոպյան սուրբ այբուբենը և հայոց պատմությունը մեծ ազդեցություն են գործում, բայց... Պատերը ճեղք են տվել` հայերենը կաթկթում է, չի հորդում։
Հայերը սկսել են արարել, հայավարի ապրել։ Պետք է մտահոգվել ու բռնել ազգային-լուսավորչական, մշակութային զարգացման ուղին։ Ճարտարապետ Ավշարյանի նախագծով 1914-ին հին եկեղեցու տեղում կառուցվում է նոր եկեղեցի, որը, ասես, թելադրում է նոր կյանք, նոր մտածողություն։ Պետք է ազատագրվել, թոթափել ամեն մի ճնշող բան, ապրել գեղեցիկ և լիարժեք կյանքով։ Բայց դեռ աչք չբացած` պատերազմ է սկսվում, որին հաջորդում է անտեր հեղափոխությունը։ Հետո` ստալինյան սարսափներ։ Որբացավ նաև եկեղեցին։ Զրկվեց զանգերից։ Ձեռագիր, տպագիր արժեքավոր շատ գրքեր, սրբապատկերներ, նաև եկեղեցու գույքը, նաև գյուղի պատմության վավերագրերը թեժ խարույկի բոցին ու շեղջին արժանացան։
Հետո` պատերազմ։ Հաղթանակ, թե ինչ, ամեն ինչի հետ` ուսուցիչների և հայերեն դասագրքերի պակասություն։ Փակվեցին հայոց դասարանները, հայոց ազգանունների «յան»-երը հեշտ ու հանգիստ դարձան «և» կամ «ով»։ Դժվար է հայախոս միջավայր ստեղծելը։
Զգում ես, թե տողետող ոնց է նեղսրտում մեր հեղինակը։ Մարդիկ հայերեն թերթ չեն ստանում, հայերեն ռադիոհաղորդում չեն լսում, գիտության, արվեստի գործիչների հետ շփում չունեն։ Էսքան մեծ գյուղ ու մեծ հոգսեր։ Հայրենիքից շատ է կտրված։ Էդիսեա գոյություն չունի Հայկական խորհրդային հանրագիտարանում։ Եվ իր առաջին իսկ հոդվածով, ապա, ինչպես ասում են, գնալ-գալով Ռուբենը կարողանում է հոգևոր կամուրջ ստեղծել։ Գյուղ է, արթուն գյուղ է։ Միայն 12 հազար հեկտար վարելահող ունի, 12 հազար ոչխար, 4 հազար խոշոր եղջերավոր անասուն։ Չորս հազար բնակչություն ունեցող գյուղը միայն հայրենիքի կարոտի պակասն ունի։ Երբ երկրաշարժի լուրը հասավ Եդեսիա, առանց հապաղելու Կիրովական ուղարկեցին տասնյակ տոննաներով ալյուր, կարտոֆիլ, կաղամբ, ձեթ, վրաններ, կիսամուշտակներ, մղան, էքսկավատոր... Փրկարարներ, գազաեռակցողներ շտապեցին։ Շտապ հավաքվեց 30 հազար ռուբլի։ Նրանք լավ գիտեն, թե ինչ է նշանակում դժվար կյանք, դժբախտություն։ Աստված նման բաների կարոտ պահի։ Տնտեսության երիտասարդ տնօրեն Ռաֆայել Սարկիսովը լրագրողին ասում է, որ առանց հայրենիքի զգացողության դժվար է ապրել։ 5100 հեկտար ցորեն են ցանել, հեկտարից ապահովել են 41 ցենտներ հացահատիկ։ Շեշտում է, որ իրենց վերջերս հայտնաբերել են «Հայգազարդ» արտադրական միավորման ղեկավարները, և իրենց իսկ նախաձեռնությամբ գազիֆիկացվում է հեռավոր տափաստանում կորած մեր գյուղը։ ՈՒրիշ դարդ ու ցավ էլ չունենան, ամոթ է, որ շարունակում են թրքախոս մնալ։ Գյուղի համայնքը կազմակերպել է բազմամարդ հավաք։ Պետք է հայոց լեզու դասավանդել դպրոցում, իսկ մեծահասակները թող սովորեն խմբակներում։ Գյուղին, դպրոցին մասնագետներ են հարկավոր։ Ամեն տեղ գնում են, ամեն գործ էլ անում են։ Թող գան երիտասարդ ուսուցիչներ, ընտանիք կազմեն։ Գուցե մեզ մոտ ավելի վաստակեն, քան մեկնում են ուր ասես, ամեն գործ էլ անում են։ Հանգուցյալ մանկավարժ Մանուկ Համբարձումյանի տունն ու այգին ազատ են։ Եկեք, ծխացրեք հանգած օջախը։ Եկեք կանգնեք մատաղ սերնդի առջև և հայերեն սովորեցրեք նրանց։ Ծնողներից, գյուղի ղեկավարներից առաջ դուք կարժանանաք հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ, վերջին մոհիկաններ, թոշակառուներ Սեդրակ Դեմիրխանյանի և Հայկազ Սարգսյանի օրհնանքին։ Մտածում ես` Րաֆֆին ու Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանն ու Ռափայել Պատկանյանը, շա՜տ շատերը ուր ասես, որ չէին գնում ուսուցչի իրենց գործն անելու, սերունդներին հայեցի կրթելու, դաստիարակելու, իսկ այսօրվա շրջանավարտները... 1176-տեղանոց դպրոց, գուցե լավագույնը Ստավրոպոլի երկրամասում, լուսավորության բարեշեն մի օջախ, ուր եղել է նաև Ռուբեն Սիմոնյանը, դրա համար վկայում է, որ դպրոցը հրաշալի պայմաններ ունի մանուկ եդեսիացիների մտավոր և ֆիզիկական դաստիարակության համար։ Այո, մարդիկ արթնացել են. հոգևոր թմբիր չի լինում, հոգևոր զարթոնք է լինում։ Ղարաբաղյան շարժումը շարժեց նաև եդեսիացիներին։ Երեխաները Հայաստա՜ն, Հայաստան էին ասում, հայրենիք էին կանչում։ Ղարաբաղ էին ասում։ Երազում էին։ Եվ դպրոցի տնօրեն Արտյոմ Միհրանյանն ասում է. «Նամակ գրեցինք «Պիոներ կանչ» թերթի խմբագրությանը` խնդրելով օգնել մեր հայրենակարոտ երեխաներին` «Հայկական Արտեկ» ճամբարում հանգստանալու համար 20 ուղեգիր ձեռք բերել։ Շնորհակալ ենք, թերթն օգնեց։ Մեր երեխաները գրեթե մեկ ամիս եղան հայկական միջավայրում, սովորեցին խոսել հայերեն, երգել ու պարել։ Նրանք տուն դարձան անմոռաց տպավորություններով` իրենց հետ բերելով «Արևիկ» այբբենարաններ։ «Արևիկը» շատ լավ դասագիրք է, դրանից հարկավոր է գոնե 150 օրինակ։ Տարեցները նույնպես ցանկանում են սովորել տառերը, գրել-կարդալ իմանալ»։ Ի՞նչ են խնդրում եդեսիացիները` այբբենարաններ, ցածր դասարաններում հայոց լեզու դասավանդելու մեթոդական ձեռնարկներ, ուզում են, որ Հայաստանի հայկական որևէ դպրոցի հետ աշակերտների փոխանակում անեն, ցանկանում են այսօրվա մեջ տեսնել մեր վաղվա օրը` Հայաստանի մանկավարժական համալսարան-ինստիտուտներում անհրաժեշտ տեղեր հատկացնել` մրցույթից դուրս ընդունելության համար։
Ես հանդիպում եմ իմ գրչեղբորը` սիրելի Ռուբեն Սիմոնյանին, որը նոր է վերադարձել, իր ասելով, իր երկրորդ ծննդավայրից` Եդեսիայից։
-Ռուբեն, «Անդրանիկ. Սիբիրական վաշտի ոդիսականը» հոդվածը, ապա և նույնանուն գիրքը գրելու համար քանի՜ անգամ գնացիր Սիբիր, քանի՜ քաղաքների արխիվներում եղար և անգամ նվիրյալ անդրանիկագետներին զարմացրիր քո նոր անդրանիկասիբիրավաշտի հայտնությամբ։ Դրա մասին` հետո։ Իսկ այժմ ուզում եմ «Եդեսիա. կորուսյալ աշխարհ» հրապարակման վերջին պարբերությունը հիշեցնել. «Հիմա Էդեսեան սպասում է հայաստանյան բարի լուրերի, գրքերի, թերթերի, ուսումնական ձեռնարկների, մտավորականների և գեղարվեստական ինքնագործ խմբերի այցի, որոնցից միշտ զուրկ է եղել հանիրավի։ Նա երկար է սպասել, պահպանել իր ազգային գիտակցությունն ու սովորույթները, մինչև նպաստավոր դարում վերադառնա իր ծնող ժողովրդի գիրկը»։ Թեև նոր էիր, ինչպես ասում են, ծանր վիրահատություն տարել, բժիշկները արգելել էին թեկուզ երևանյան երթևեկը, բայց դու չանսացիր, որովհետև ընդունել էիր եդեսիացիների հրավերը` մասնակից լինել հարյուրամյա Սուրբ Աստվածածին եկեղեցու տոնակատարության արարողությանը։ Մինչև հարցիս պատասխանելը նախ կներես, որ 25 տարի առաջ տպագրածդ ակնարկից շատ մեջբերումներ արեցի։ Հիմա ի՞նչ վիճակում է Եդեսիան։ Նույն հարուստ գյո՞ւղն է, նույն թրքախո՞սն է, դե, դպրոցը ռուսական է, ինչպե՞ս է առաջին դասարանցիների, ցածր դասարանցիների հայերենի ուսուցման վիճակը, որևէ մեկը արձագանքե՞ց, գոնե մի երկու տարով մեկնե՞ց Եդեսիա, դարձա՞վ, արդյոք, ուսուցիչ, բացի քեզնից որևէ մտավորական, ինքնագործ խումբ եղա՞վ Եդեսիայում, գյուղի բնակչությունը նույն աշխատասե՞րը, ստեղծո՞ղն է մնում, թե՞... Հարցերը շատ ու շատ են, բազմաթիվ, բայց պտտվում են նույն առանցքի շուրջը։ Ասեմ, որ ես շատ եմ հարգում արձակագիր, լրագրող Սերգեյ Վարդանյանին։ Հիշո՞ւմ ես, ժամանակին նա գրեց «Հայաստանի մայրաքաղաքները» գիրքը, որն ունեցավ երկրորդ հրատարակություն։ Եղավ մի ժամանակ, որ մեր գրողներից ոչ քչերը, այդ թվում նաև Սերո Խանզադյանը, իրենց համար նոր աշխարհ բացեցին` համշենահայությունը։ Կարելի է ասել` Երևանը բացվեց նրանց դեմ։ Համշենահայ գրողները գրքեր տպագրեցին մայր հայրենիքում, իրենց ուրույն երգ ու պարով զարմացրին բոլորիս։ Հիշում եմ նաև Կարեն Սմբատյանին, որը համշենահայերի դիմանկարներ էր ստեղծել։ Համշենահայության ճակատագիրը անբաժան մնաց Սերգեյ Վարդանյանից։ Գրեց ու գրում է, սպառել չկա։ Մեն-մենակ նաև ամսաթերթ է հրատարակում, ձրի բաժանում։ Ի՜նչ լավ զրույցներ է վարում տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդկանց հետ։ Մի խոսքով, դա առանձին թեմա է, պարզապես քո եդեսիասիրությունը, կասեի նվիրվածությունը, ինչպես դու ես ասում, քո երկրորդ ծննդավայրին, նույնպես հուզում է ինձ։ Շա՞տ ես գնացել Եդեսիա։ Ամեն անգամ, երբ գնում ես, ի՞նչ ապրումներ ես ունենում...
Եդեսիա, Եդեսիա... Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմն եմ հիշում։ Էդ ողբերը երկա՜ր-երկար ժամանակ ուղեկցում են մեզ ամենուր, կպչում ու պոկ չեն գալիս։ Իմ Եդեսիան նույնպես անցել է տառապալից, բայց հերոսական ճանապարհ։ Մարդիկ տուն-տեղ են ստեղծել, լավ համբավի տեր են։ Թուրքախոսությունը տեղի կտա, դե, դպրոցը ռուսական է։ Մնում է մատաղ սերնդին զինել հայերենով։ Այդ իմաստով այնտեղ` Եդեսիայում, հրաշալի գործ է անում գյումրեցի, կոչումով ուսուցչուհի Կարինե Բաղդասարյանը։ Հայերենի համ ու հոտը նաև մեծերի լեզվին է բառեր նվիրում։ Առաջվա նման չէ. այս հրաշալի մարդկանց գյուղի դռները շուտ-շուտ բացվում են մշակույթի նվիրյալների կողմից։
-Արհավիրքների միջով անցած գյուղը կարողացել է պահել իր դիմագիրը։ Ճիշտ է, առաջին անգամ 25 տարի առաջ եմ եղել այնտեղ։ Տարբեր առիթներով, բայց նույն նպատակով էլի եմ եղել։ Առաջին իսկ հանդիպման ժամանակ զգացի, որ Եդեսիան նաև իմն է դառնալու, ես պարտք եմ եդեսիացիներին։ Չեմ կարող ասել` պարտքս փոքրիշատե մարել եմ, թե ոչ, բայց համոզված եմ, որ մարդ ինչ էլ անի, թեկուզ անհնարինը, պարտքի զգացումը շարունակելու է հետապնդել նրան։ Հենց էն մտահղացումս, որ իրագործվեց, գոհություն պատճառեց նաև ինձ. մի մեծ խումբ եդեսիացիների բերեցի Հայաստան, ուղեկցեցի տեսարժան վայրեր ¥թեև Հայաստանը տեղով մեկ տեսարժան վայր է¤ և, ամենակարևորը, մասնակիցը եղա նրանց մկրտման արարողության։ Այդ մասին հրապարակումներ եղան, ցուցադրվեց հեռուստատեսությամբ։ Իհարկե, ինչպես ասում են, տեղաշարժ կա, բայց դեռ ընտանիքներում իշխում է թրքախոսությունը։ ՈՒրախ եմ, որ ես եմ ընտրել էն պատանուն, որին օգնել եմ, որ ընդունվի, սովորի Էջմիածնի ճեմարանում։ Ավարտելուց հետո վերադարձավ իր ծննդավայրը ու հիմա ծառայում է իր հոտին։ Թեև ծանր վիրահատություն էի տարել, բայց չէի կարող մասնակիցը չլինել Եդեսիայի սուրբ Աստվածածին եկեղեցու 100-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Չգնայի, ավելի վատ էի զգալու։ Ինչպես նկատել ես, ուղիղ 25 տարի առաջ եմ գրել այս գյուղի մասին։ Հոկտեմբեր ամսին էր։ Թվում էր, թե գանձ եմ գտել, որ փորձում եմ կիսել ծանոթ-անծանոթի հետ։ Տարիներ եմ նվիրել հրաշալի այս գյուղին, նպաստել նրա դպրոցում հայոց լեզվի դասավանդման վերականգնմանը, եկեղեցու նորոգմանն ու շենացմանը։ Մասնավորապես ուրախ եմ, որ ռուսական տափաստանի անսահմանության վրա ամեն օր անուշ-անուշ ղողանջում է Հայաստանից իմ տարած զանգը։ Հանդիսության հիմնական միջոցառումը տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին, որին մասնակցում էին ոչ միայն 1400 ծուխ ունեցող գյուղի բնակիչները, այլև հյուրեր Երևանից, Մոսկվայից, Ստավրոպոլից, Կրասնոդարից, Պյատիգորսկից, Մոզդոկից, Մախաչկալայից և այլ վայրերից։ Ներկայացվեց ոչ միայն սրբատան, այլև 1797 թվականին հիմնադրված գյուղի պատմությունը։ Եկեղեցու հրապարակում մատուցվեց մատաղ, իսկ զբոսայգում տեղի ունեցավ տոնական ճոխ համերգ, որին մասնակցեց Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը։ Պաշտոնական միջոցառումներին մասնակցելուց զատ ես նաև հնարավորություն ունեցա եդեսիացիներին ներկայացնելու օգոստոսի վերջերին ռուսերեն տպագրված իմ «Անդրանիկ. Սիբիրական վաշտի ոդիսականը» գիրքը։ Ոչ ի միջի այլոց ասեմ, որ գիրքը հատուկ նպատակով եմ հրատարակել ռուսերեն, որ այն կարեցածիս չափ տարածեմ Ռուսաստանում, ավելի շատ էն քաղաքներում, բնակավայրերում, էն սիբիրներում, ուր տառապել են անդրանիկյանները։ Ռուսները թող իմանան ճշմարիտ պատմությունը։ Եվ ասեմ, որ գրքի հանպատրաստի շնորհանդեսը անցավ հայրենասիրության մթնոլորտում։
-Շատ բարի, «Եդեսիա» գիրքդ ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն լույս է տեսել 1998-ին։ Դրանից հետո շատ ջրեր են հոսել։ Միտք չունե՞ս այն նորոգելու, ինչպես լրամշակել ես «Տավուշի մարզ», «Հակոբ Սառիկյան», «Անդրանիկ. Սիբիրական վաշտի ոդիսականը» գրքերը։
-Իհարկե, նպատակներ շատ ունեմ։ Ոչ միայն «Եդեսիան», այլև կիսատ գործեր շատ ունեմ, բայց «Եդեսիա» գիրքը ոչ թե նորոգման, այլ լրամշակման խիստ կարիք է զգում։
Ինձ ի՞նչ է մնում, բարին մաղթել Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկրին ու ոսկե մեդալակրին, Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի պատվոգրին, «Զորավար Անդրանիկ» համազգային միության «Անդրանիկ Օզանյան» մեդալին, ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Կուրսկոյ շրջանի Եդեսիա գյուղի պատվավոր քաղաքացու կոչմանը, ԵԿՄ հուշամեդալին, «Պատվավոր տավուշեցի» կոչմանը, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հուշադրոշին և «ՈՒխտ Արարատի» միության պատվոգրին, ԵԿՄ պատվոգրին, ՀՀ նախագահի շնորհակալագրին, Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալին և այլ պարգևների արժանացած, իր ընթերցողն ունեցող մտավորական-գրողին մաղթել առողջություն, որ քաջի նման հսկի իր Կիրանցի, իր Իջևանի, իր Տավուշի սահմանները ու լուսավոր, հավատավոր ու պայծառ էջեր նվիրի իր ընթերցողին։

Դիտվել է՝ 2013

Մեկնաբանություններ