Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց…»

«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ  անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց…»
11.11.2014 | 12:03

Այս խոսքը ես վերցրել եմ Մատթեոս ավետարանչի 7-րդ գլխի 12 համարից: Ի՞նչ ճանապարհ է ցույց տալիս մեզ մեր Տերը այս գեղեցիկ և ուսանելի պատգամով:
Ինչպես կարդում ենք Մատթեոսի 5-րդ գլխում, մեր Տերը Իր աստվածային ճշմարտությունները քարոզեց ներկաներին Լեռան վրա: Ինը «երանի»-ների շարքը, որ Հիսուսը սովորեցրեց, շատ ուսանելի էին, հիշենք մի քանիսը. «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը», «Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մատթ. 5:3-8) և այլն, հույս և հավատ ներշնչեցին ներկաներին ու կարծես հոգեպես նետահարեցին նրանց սրտերը, ու նրանցից շատերը իսկույն որոշեցին հետևել Նազովրեցի Վարդապետի ուսուցումներին, որովհետև Նա այս աշխարհի բազմապիսի տառապանքների և չարչարանքների դիմաց խոստանում էր երանավետ մի կյանք Աստծու ներկայությամբ՝ հանդերձյալ կյանքում:
Հիսուս, տեսնելով այս ծարավի ժողովրդի պատրաստակամությունը, մեծապես քաջալերված՝ ինը երանիներից հետո, նրանց տվեց գործնական պատվերներ, որպեսզի դրանք կարողանան գործադրել իրենց առօրյա կյանքում ու ապա հայտարարեց Ավետարանի ոսկե օրենքը. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև այդ իսկ են օրենքն ու մարգարեները»:
Բոլոր ժողովուրդների կյանքում բարոյականի ըմբռնման ու գործադրման եղանակը մեծապես ազդել է նրանց պատմության ապագայի կառուցման վրա:
Եկեք թարմացնենք մեր հիշողությունը. ո՞ւր են այսօր իրենց ժամանակաշրջանի ամենահզոր և բարձրագույն մշակույթ ունեցող՝ բաբելացիների, պարսիկների, ասորեստանցիների, եգիպտացիների, հռոմայեցիների կայսրությունները: Պատմությունը ցույց տվեց, որ նրանք բոլորն էլ քայքայվեցին ու կործանվեցին, որովհետև բարոյապես մեռան:
ՈՒրեմն կարելի է վստահ ասել, որ բարոյականությունը ազգերի գոյատևման հիմքն է:
Ավետարանից մեջբերված այս ոսկե օրենքն իր մեջ մեծ իմաստ ունի, որովհետև, երբ մարդ միայն իր անձի մասին է մտածում և սպասում, որ բոլորն իրեն գովաբանեն ու փառաբանեն, այդպիսին հիվանդ է:
Ապրում ենք գերզարգացած, խառնաշփոթ մի դարում, և դժբախտաբար, կան մարդիկ, որոնք Հիսուսի այս ոսկե օրենքը չկատարելու համար առանձնանում են, քաշվում իրենց պատյանի մեջ, ապրում են մեկուսացված մի կյանք, վախենալով ուրիշների ընկերությունից, հեռանում են բարեկամների շրջապատից: Հարց է առաջանում` «Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը»: Պատասխանը ավելի քան պարզ է, որովհետև նրանք նախանձում են իրենց նմանին, չեն ուզում մի լավ բան անել և իրենց ստորացած ու նվաստացած են զգում, երբ տեսնում են նրա հաջողությունները:
Այսօր, դժբախտաբար, մեր սպասածից ավելի է թիվը այն քրիստոնյաների, որոնք Հիսուսի այս ոսկե օրենքը չեն գործածում իրենց կյանքում. քարոզում են, խրատում, սովորեցնում, ցույց են տալիս դրա ճանապարհը, բայց դժբախտաբար իրենք չեն կատարում:
Եթե մարդիկ իրապես տրամադրված լինեն հետևելու մեր Տիրոջ դրական ուսուցումներին, խրատներին և մանավանդ այս ոսկե օրենքին, նրանց սրտերը կլցվեն Հիսուսի սիրով, և այն նրանց կմղի անկեղծ սրտով սիրելու, ներելու և օգնելու իրենց նմաններին: Ահա այդ ժամանակ մարդու սրտում կմեռնի «ես»-ը, և բոլորս ուրախությամբ ու ցնծությամբ կդիմավորենք մի նոր մարդու, կյանքի հանդեպ լցված նոր ծրագրերով, նոր մտահղացումներով և բարոյական մեծ ուժով ու մաքրությամբ։ Պատկերացնում եք, եթե այսպիսի մեծ ուժով և քրիստոնյայի պարտականության գիտակցությամբ օժտված մարդկանցով լցված լինի աշխարհը՝ ինչ երանություն, ինչ դրախտային կյանք, նույնիսկ երազել չի կարելի: Բայց դժբախտաբար իրականությունն այլ է: Ճանապարհը բաց է բոլորիս առաջ կատարելու Ավետարանի ոսկե օրենքը: Փորձեք այսօրվանից, ինչո՞ւ չէ, հենց հիմա, ու միացեք ձեզ նման բազմահազար քրիստոնյաներին և մտեք աշխարհիկ կյանքի մեջ, հոգսերի ծանրության տակ, հիշեք ու հետևեք Հիսուսի հրաշալի պատգամին. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև այդ իսկ են օրենքն ու մարգարեները», և երբ կարողանաք իրագործել այն, կտեսնեք, թե ինչքան թեթև, հանգիստ ու խաղաղ ձևով պիտի շարունակեք ձեր կյանքը:

Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3325

Մեկնաբանություններ