Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Ժամանակավոր ու անցողիկ է այս աշխարհում ամեն ինչ

Ժամանակավոր ու անցողիկ է այս աշխարհում ամեն ինչ
07.11.2014 | 12:40

Սբ. Ներսես Շնորհալին թողել է հարուստ հոգևոր ժառանգություն: Ապրել և ստեղծագործել է 12-րդ դարում: Իբրև հայոց կաթողիկոս նրա անդրանիկ կոնդակն է եղել «Թուղթ ընդհանրականը», որն ուղղել է համայն հայոց ժողովրդին: Անդրադարձել է տարբեր խավերի ներկայացուցիչներին, ինչպես նաև երկրի իշխաններին ու հարուստներին: «Թուղթ ընդհանրականը» ներկայումս նույնպես այժմեական է, որտեղ Շնորհալին փորձում է ցույց տալ Աստծո մշտնջենավոր օրենքների անփոփոխելիությունը բոլոր ժամանակների համար և պատասխանատվությամբ առաջնորդվելու կարևորությունը: Նա հիշեցնում է երկրի ղեկավարներին ու հարուստներին, որ, ի վերջո, այն, ինչ ընձեռված և տնօրինված է իրենց, ժամանակավոր է, ինչպես ժամանակավոր ու անցողիկ է այս աշխարհում ամեն ինչ, և ամեն ոք իր կատարած բոլոր լավ կամ վատ արարքների համար անխուսափելիորեն հաշիվ է տալու Աստծո առջև՝ այսպիսով զգաստության և արթնության կոչելով և զգուշացնելով, որ թվացյալ է, թե մարդ կարող է Աստծուն ոչ հաճելի կյանքով ապրել և գործել ու այդ ամենի համար պատասխանատվություն չկրել: Սակայն Շնորհալին նաև նշում է, որ այն ղեկավարներն ու հարուստները, ովքեր արդարությամբ են ուղղորդվում, Աստծո օրհնությունն ու աջակցությունն են ստանում: Նրա այս երկը յուրահատուկ էթիկայի ուղեցույց է մարդկանց համար: Այս առումով հարկ է ներկայիս ղեկավարներին և ունևորներին հիշեցնելու դարերի խորքից մինչ այսօր հնչող այս նշանավոր հայոց հայրապետի արդիական խոսքերը, որոնք լույս են սփռում մարդու կյանքում տեսնելու Աստծո կամքը և ունենալու Նրա հավիտենական օրհնությունը:

«Աստվածային պատվիրանների խրատը ուղղենք նաև ձեզ՝ աշխարհիկ կենցաղավարություն ունեցողներիդ: Նախ և առաջ՝ իշխաններիդ, որ մեր այս դժվար ժամանակներում տարբեր վայրերում տիրում եք զորքերի և գավառների վրա՝ շատ, թե քիչ: Աղաչում եմ՝ անհնազանդ մի եղեք Աստծո օրենքներին, այլ, ինչպես դուք կցանկանայիք, որ ձեր ծառաները ձեր հրամանները հնազանդությամբ և անթերի կատարեն, և ովքեր հրամայվածներից, եթե որևէ բան անկատար թողնեն, կպատժվեն ձեր կողմից, նույնպես և դուք Տիրոջը ծառայեցեք երկյուղով և հնազանդությամբ, քանզի բնությամբ Աստծո ծառաներ եք, որպեսզի իբրև Տիրոջ դեմ ապստամբածներ չպատժվեք, այլ որպես մտերիմ ծառաներ պատիվ ընդունեք երկնավոր Թագավորից: Արդ, առաջինը այս պատվիրանն ենք ավանդում ձեզ, անիրավությամբ մի վարվեք հպատակների հետ՝ ծանր և դժվարակիր հարկեր դնելով, որոնք չեն կարող կրել, այլ յուրաքանչյուրին օրենքով և ըստ իր կարողության դատեք. հիշեք, «որ դուք էլ տեր ունեք երկնքում, և Նրա առջև աչառություն չկա» (Եփես. 6.9), ինչպես ասում է առաքյալը: Ոչ ոքի մի զրկեք և մի նեղեք աղքատներին ու տնանկներին, որպեսզի Աստծո առջև չբողոքեն ձեր դեմ, և Աստված էլ լսի նրանց բողոքը, ինչպես Սողոմոն իմաստունն է ասում. «Աղքատին քեզ անիծելու պատճառ մի տուր» (Առակ. 30.10), որպեսզի նրա Արարիչը, նրան լսելով, քեզ չհարվածի: Ձեր երկրի վրա չար և անիրավ գործավարներ և գավառապետեր մի նշանակեք, որպեսզի նրանց գործած անիրավությունների պատճառով դուք էլ նրանց հետ չդատվեք Աստծուց, այլ մարդկանց վրա գործավարություն անելու համար արդարամիտ ու արդարադատ մարդկանց ընտրեք: Անիրավությամբ մի դատեք որևէ մեկին, այլ ուղիղ դատաստան արեք, որպեսզի Աստված էլ ձեզ քաղցրությամբ դատի և ոչ խստությամբ: Կաշառքը, կողմերից մեկին սիրելը, ատելությունն ու ոխակալությունը կամ որևէ մեկից սպասվելիք պատիվը թող պատճառ չլինեն, որ դատի ժամանակ անիրավին արդարացնեք և արդարի իրավունքները խեղաթյուրեք, որպեսզի սրանց պատճառով ձեր հոգիները արժանի չլինեն Աստծո օրենքների անեծքին: Մի անտեսեք այրու և աղքատի իրավունքները, երբ ձեր առջև բողոքեն իրենց զրկողներից, այլ որբի դատը տեսեք և այրու իրավունքը տվեք, ինչպես Աստված է պատվիրում մարգարեի միջոցով (Եսայի 1.17): Անսացեք նրանց աղաղակին, փրկեցեք նրանց իրենց կեղեքիչներից, անիրավների կողմից նրանց հափշտակված ինչքերը վերադարձրեք, և այն ժամանակ Աստված էլ ձեր աղաչանքները կլսի և կկատարի ձեր սրտի խնդրածները: Ձեր իշխանության ենթակա մարդկանց մի ծառայեցրեք անբան կենդանիների նման, որոնք բնությամբ ծառա են մարդկանց, և խիստ ու անտանելի գործեր մի տվեք նրանց, ինչպես փարավոնն էր անում Իսրայելի որդիներին, ոչ էլ առանց կերակրի թողեք նրանց, այլ ներողամտությամբ և քաղցրությամբ վարվեցեք: Աշխատաժամերը պակասեցրեք, առատ կերակուրներով գոհացրեք նրանց աշխատանքի ընթացքում և չափից ավելի մի ծանրաբեռնեք, որպեսզի կարողանան իրենց վաստակով իրենց աղքատ տների և զավակների կյանքն ապահովել և արքունական հարկերը վճարել: Ձեր աշխատավորների վարձը բռնությամբ մի կտրեք, որպեսզի չնմանվեք նրանց, որոնց առաքյալներն ու մարգարեները ամբաստանում են. «Ձեզանից զրկվածն աղաղակում է, և հնձողների աղաղակները հասան զորությունների Տիրոջ ականջին» (Հակ. 5.4): Թող ձեզ բավ լինի, որ նրանց վաստակով հարստանում եք և չափից ավելի փափկանում, քանզի նրանց բնությունը տարբեր չէ, այլ նույն կավից ու շաղախից եք ստեղծված. նույնն են տերերի և ծառաների, հարուստների և աղքատների աշխարհ գալու սկիզբը և աշխարհից ելնելու վախճանը: Ամենքն էլ զուգահավասար ծննդյամբ են աշխարհ գալիս և մահով ելնում այստեղից: Իսկ հարստությունն ու աղքատությունը, բարձրությունն ու խոնարհությունը, բարեբախտությունն ու պանդխտությունը ծննդյան և մահվան միջև պատահող բաներ են, որոնք երազի են նմանվում. սա փորձով հայտնի է բոլորին՝ և՛ իմաստունին, և՛ տգետին: Սրանցից ոչ մեկը հաստատ չէ: ՈՒստի անցավոր այս կյանքի համար մի կորցրեք հավիտենական կյանքը: Քանզի թեև Քրիստոս ուղտի ասեղի ծակից անցնելու օրինակով ասաց, թե հարուստները դժվարությամբ երկնքի արքայություն պիտի մտնեն (Մատթ. 19.24), սակայն եթե ձեր հարստությունը Աստծո կամքի համաձայն գործածեք, դժվարինը ձեզ դյուրին կլինի: Աբրահամն էլ հարուստ էր, բայց ոչ միայն արքայության արժանացավ, այլև նրա գիրկը Աստծո արքայություն եղավ և կոչվեց բոլոր արդարների օթևան, նույնպես էլ Հոբը և բոլոր արդար հարուստները, ինչպես վկայում է Տերը. «Կտեսնեք Աբրահամին, Իսահակին, Հակոբին և բոլոր մարգարեներին Աստծո արքայության մեջ» (Ղուկ. 13.28): Դուք էլ նրանց օրինակով արդարության ճանապարհով գնացեք, որովհետև նրանք ո՛չ նեղում էին, ո՛չ որևէ մեկի ունեցվածքը հափշտակում, ո՛չ որևէ մեկին անիրավություն կամ նենգություն անում, այլ իրենց արդար վաստակով քաղցածներին կերակրում էին, մերկերին՝ հագցնում, հյուրերին՝ ընդունում, կարոտյալների պետքերը հոգում, նեղյալներին՝ մխիթարում և տկարներին՝ զորացնում, աղքատներին և տնանկներին ոչ միայն չէին նեղում, այլև փրկում էին կեղեքիչներից: Եվ ինչպես որ նրանց մարմնավոր փարթամությունը արգելք և խոչընդոտ չեղավ՝ երկնքի արքայությունը ժառանգելու, նույնպես էլ ձեր հարստությունը ձեզ չարիքի պատճառ չի լինի, եթե նրանց պես արդարությամբ վարեք այն, մանավանդ առիթ կլինի բարիքի՝ ըստ Սողոմոն Իմաստունի, որ ասում է. «Մարդու կյանքի փրկանքն իր հարստությունն է» (Առակ. 13.8): Իսկ նա, ով փոխանակ իրենը կարոտյալներին տալու, նրանց ունեցածն է հափշտակում և կողոպտում, և փոխանակ հյուրընկալ և հոգնած ճամփորդներին օգնելու, գողակից է դառնում գողերի և ճանապարհին դարանակալ նրանց, ովքեր անմեղությամբ գնում են իրենց ուղիղ ճանապարհով, և իր տունը լցնում է անիրավ այդ ստացվածքներով և այդ կերպով հարստանալ ձգտում, էլ չեմ խոսում այն աններելի հանցանքների մասին, որով ոչ միայն անմեղների ունեցվածքն են հափշտակում, այլև նրանց արյունն են հեղում, որպեսզի նրանք վկա չլինեն ունեցվածքը հափշտակողներին, և չեն մտաբերում, որ ամեն ինչ իմացող մեկ այլ Դատավոր կա, ՈՒմից չեն կարող պահել իրենց գաղտնի չարագործությունները: Այսպիսի հարուստների մասին է, որ Քրիստոս իրավամբ ասում է, թե դժվար պիտի մտնեն երկնքի արքայություն, նրանց օթևանը արքայությունը չէ, այլ գեհենի հուրը, ասպնջական անքուն որդը և հավիտենական տարտարոսը: Եվ ճշմարիտ է սա, որ իրենց արդար ունեցվածքից չեն կերակրում քաղցածներին, չեն հագցնում մերկերին և չեն հյուրասիրում օտարներին, Դատաստանի օրը Քրիստոսից պիտի լսեն. «Գնացեք Ինձնից, անիծյալներ, հավիտենական հուրը» (Մատթ. 25.41), հապա նրանք, որ աղքատի առավել քաղցի պատճառ են լինում, տառապյալի՝ մերկության, օտարի՝ ունեցվածքի և անձի կորստյան պատճառ են դառնում և փոխանակ բանտարկյալներին տեսնելու և խոսքով և գործով մխիթարելու, նպաստում են, որ անմեղ արձակվածները բանտի և կապանքի մատնվեն, ո՞ւր և ի՞նչ չափով պիտի պատժվեն արդյոք, եթե ոչ՝ սատանայի և նրա արբանյակների հետ, որոնց կամքն էլ կատարեցին: Հետևաբար, աղաչում եմ ձեզ՝ բոլորիդ, որ հեռանաք կորստական այս գործերից: Ոչ ոք թող չարդարացնի մեղքերի պատճառները՝ ասելով. «Եթե չզրկենք և չհափշտակենք, մեր իշխանությունը չենք կարող հաստատուն պահել»: Այս մասին նախ հետևյալն ենք ասում. եթե իշխանություն ունեցողներին անկարելի լիներ Աստծուն հաճո լինել, ապա ինչպե՞ս Սուրբ գրքում հիշված թագավորներից և իշխաններից շատերը գովելի եղան Աստծո և մարդկանց առաջ: Դարձյալ՝ եթե, ըստ ձեր ասածի, անկարելի լիներ առանց զրկելու իշխել, այն ժամանակ իմաստունը պետք է փախչեր անցավոր իշխանությունից՝ անանց տանջանքներով սատանայի հետ չտանջվելու համար: Սակայն անհնարին չէ առանց անիրավության իշխանությունը վարել, այլ դյուրին և հեշտ՝ սիրողի և կամեցողի համար: Եթե մեկն իր տունը մաքուր պահի զրկանքներից և արդար վաստակածը միայն հավաքի այնտեղ, թեև թվա, թե սակավ է, ավելի շահեկան կլինի և պատճառ՝ հարստության, քան անիրավաբար ձեռք բերած շատը: Սողոմոն իմաստունը ևս նույնն է հայտնում՝ ասելով. «Անեծք կա ամբարիշտների տանը, իսկ արդարների հարկերն օրհնված են» (Առակ. 3.33): Քանզի անիրավությամբ ձեռք բերվածը կրակի նման այրում և ապականում է և աղքատների անեծքի հետ Աստծո անեծքն էլ է մտնում զրկողի տունը: Իսկ արդարի, որ մաքուր է զրկանքից և կերակրող՝ քաղցածների, աղքատների օրհնության հետ Աստծո օրհնությունն էլ, ծածուկ և անհայտ մտնելով այնտեղ, սակավը բազմացնում է: Անմիտներն ու մարմնասերները, տեսնելով, որ զրկողները և ամբարիշտները բազում ունեցվածքներ ունեն, իսկ արդարությամբ ստացողները՝ սակավ, թող չծաղրեն մեր խոսքը: Այդպիսին թող լսի աստվածահայր Դավիթ մարգարեի խոսքը. «Ավելի լավ է արդարի քիչը, քան մեղավորի հարստությունը» (Սաղմ. 36.16): Նույնն է ասում նրա որդին՝ Սողոմոնը. «Արդարի համար աշխարհը լի է ինչքերով, իսկ ամբարշտի համար մեկ գրոշ իսկ չկա» (Առակ. 17.4), և դարձյալ՝ «Ավելի լավ է կերակրվել բանջարով՝ հանդարտությամբ, քան թե մեծամեծ զվարակներով՝ անիրավությամբ» (Առակ. 17.17): Ճշմարիտ է սա, քանզի նրանք, ովքեր իրենց իրավացի և արդար ունեցվածքից են կերակրվում, ոչ մի պատիժ չեն կրում Աստծուց, իսկ նրանք, ովքեր զրկելով, գողությամբ կամ հափշտակությամբ են լցնում իրենց սեղանները, Դատաստանի օրը տոկոսով պիտի հատուցեն այն բոլորի համար, ինչը ուրիշներից առնելով, առատապես վայելում են: Դարձյալ ասենք նաև այս, որ ստությունն ու խաբեությունը, որոնք ըստ Քրիստոսի, չարից՝ սատանայից են, թեև բոլորին են վնասում, բայց առավելապես՝ մեծամեծներին և իշխաններին, քանզի փոքրը ջանում է ստությամբ իր խոսքը հաստատել և հավատացնել, որովհետև անզոր է, իսկ մեծը, որ իշխանաբար կարող է իր ուզածն անել, ավելի հանցավոր է լինում, երբ արհամարհում է իրավունքը: Դարձյալ՝ ռամիկ մարդը, երբ ստում է կամ մի այլ վատ բան գործում, այնքան ակնհայտ չի լինում, ոչ էլ հրապարակայնորեն նախատվում է, իսկ մեծի պարագայում փոքր սխալն իսկ պատճառ է դառնում, որ մերձավորներն ու հեռավորները հայհոյեն և թշնամություն անեն: Մեծերի պատվիրանազանցությունները նաև առիթ են տալիս, որ չարը սիրողները չարության օրինակ առնեն նրանցից: ՈՒստի, աղաչում եմ՝ մի՛ խաբեք և մի՛ ստեք՝ ոչ ձեր հպատակներին, ո՛չ էլ օտարներին, այլ երբ որևէ մեկին խոսքով բարիք խոստանաք, նույնը գործով կատարեցեք, քանզի այն հաճո է և՛ Աստծուն, և՛ մարդկանց, և բոլոր բերաններից ձեզ գովության պատճառ կլինի: Այս պատվերը ևս ավանդում ենք ձեզ. վրիժառու և քենախնդիր մի եղեք, որի համար Եսայի մարգարեն նախատում է Իսրայելի իշխաններին (Եսայի 1.23), այլ, ըստ Քրիստոսի պատվիրանի, եղեք ներող և համբերող բոլոր նրանց հանդեպ, ովքեր ձեր դեմ մեղանչել են, որպեսզի դուք էլ քաղցրություն և բարերարություն ընդունեք Նրանից՝ ըստ խոսքի, թե՝ «Մի դատեք և չեք դատվի ¥մի պատժեք և չեք պատժվի¤, որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով, որ չափվեք, նրանով կչափվի ձեզ համար» (Մատթ. 7.1):

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2060

Մեկնաբանություններ