ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

Կյանքի, հաղթության և հարության նշանը

Կյանքի, հաղթության և  հարության նշանը
12.09.2014 | 11:44

Աստծո և մարդու միջև բարեկամության մեծագույն խորհրդանիշը Սբ. Խաչի խորհուրդն է: Այն կյանքի, հաղթության և հարության նշանն է, բայց այս ամենից ավելի Աստծո անսահման սիրո և նվիրումի խորհրդանիշն է մարդկության հանդեպ: Հովհաննես Ավետարանիչն ասում է, որ Աստված այնքան սիրեց մարդուն, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա (Հովհ. 3.16): Ահա Սուրբ Խաչի մեծագույն խորհուրդն է ամփոփված Ավետարանչի այս տողերում: Եվ ահա թե ինչու է խավարն այդքան սարսափում Խաչի նշանից, քանի որ Սուրբ Խաչը ճառագում է աստվածային սիրո լույսի անսահման զորությունը, կյանքով ու լույսով լցնում ամեն մի էակի էությունը, ով մոտենում է քրիստոնեական այդ նշանին: Երբ Հիսուսին տանում էին դեպի Գողգոթա, դեպի տանջալից մահը, շատերն այդ ժամերին ակնկալում, սպասում էին տեսնել Քրիստոսի գերբնական ուժն ու զորությունը, Նրա տիեզերական ահռելի իշխանությունը, ով նույնիսկ մեռյալներին էր հարություն տալիս ու քայլում ծովի վրայով: Սակայն, թե երկնայինները, թե երկրայինները տեսան, թե ինչպես է Նա խաչի վրա վեր հառնում, թե ինչպես է խաչը վեր բարձրանում` իր վրա կրելով արեգակն ու տիեզերքը ստեղծողին, ով ոչ թե իր դատաստանն է տեսնում` կրելով անարդարության, ֆիզիկական ցավի և բարոյական տառապանքի բաժակը, այլ մեկ անգամ ևս իր սերն ու հոգատարությունն է արտահայտում ու սփռում ամենուր` ասելով. «Հայր, ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23.34): Արդ, խաչի խորհուրդը քրիստոնյան դրոշմելով իր հոգում, կրում է Քրիստոսի սերն ու հոգևոր խոնարհությունը և հաղորդակից դառնում աստվածային լույսի ներկայությանը իր կյանքում: Սբ. Պողոս առաքյալը զուր չէր ասում, թե եթե պարծենամ, ապա միայն Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ` աշխարհի (Գաղ. 6.14): Մարդու հոգևոր կյանքի նորոգությունը սկսվում է խաչի խորհրդից, երբ մարդ իր հին մեղավոր էությունը բարձրացնում է խաչի վրա` խաչելով այն, որպեսզի ապրի հարություն առած Քրիստոսով, ով այդժամ մարդու կյանքը լցնում է անսպառ կյանքի նորոգության շնչով: Առաքյալն ասում է, թե իմացեք, որ մեր հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս չծառայենք մեղքին: Եվ ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի Աստծու համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսով (Հռոմ. 6.6-11): ՈՒստի Սուրբ Խաչի նշանը մեր կյանքում ամենուր է և մեծ դեր ունի համայն քրիստոնեական աշխարհում: Նրան նվիրված ամենամեծ տոնը Խաչվերացն է:
«Խաչվերաց» բառը նշանակում է խաչի բարձրացում` կանգնեցում, գրաբար` «վերացումն խաչի»: Այն Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:
Տոնի սկզբնավորման ակունքները կապված են 7-րդ դարի պատմական իրադարձությունների հետ: Թեև խաչը բարձրացնելու և փառավորելու առաջին իրողությունը վերագրվում է առաքելական դարաշրջանում Տեառնեղբայր (Տիրոջ եղբայր) Հակոբոս առաքյալին: Նա եղել է Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը և, խաչը ի տես ժողովրդի բարձրացնելով, «Խաչի քո, Քրիստո՛ս, երկրպագեմք» օրհնությունն ու աղոթքն է ասել: Ենթադրվում է, որ Հակոբոսը ոչ թե Քրիստոսի բուն խաչն է բարձրացրել, այլ նրա նմանությամբ պատրաստված քառաթևով է այդ արարողությունը կատարել: Իսկ 7-րդ դարի սկզբին` 614 թ., Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում, մեծ թվով մարդկանց գերեվարում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում տասնչորս տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մեծ բանակով հարձակվում է պարսիկների վրա, սակայն սկզբնական շրջանում հաջողություն չի ունենում: Ըստ ավանդության` Հերակլ կայսրը երեք օր շարունակ աղոթում է Աստծուն` Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը խնդրելով: Չորրորդ օրը նրան տեսիլք է երևում, որ հաղթելու է: Դրանից հետո բյուզանդական բանակը ազատագրում է խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տալիս նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Սուրբ խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Ավանդությունն ասում է, որ կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ. Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվում և սկսվում է մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը:
Հայոց Սահակ Գ Ձորոփորցի կաթողիկոսը (677–703) կարգավորել է Խաչվերացի արարողությունը` գրելով նաև այդ առթիվ երգվող շարականներ: Հայոց եկեղեցում այս տոնը նշում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Տոնի հաջորդ օրը` երկուշաբթի, ննջեցյալների հիշատակի օր է: Հայ առաքելական եկեղեցում Խաչվերացի տոնը նշում են գիշերային հսկումով: Երեկոյան կատարվում է Սբ. Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն և անդաստանի կարգ: Արարողությունն սկսվում է ռեհաններով ու ծաղիկներով զարդարված խաչը հանդիսավոր թափորով եկեղեցու բակ դուրս բերելով: Զարդարված խաչով թափորապետը խաչակնքում և օրհնում է աշխարհի արևելյան, արևմտյան, հյուսիսային և հարավային կողմերը` բարեկարգություն ու խաղաղություն հայեցելով Աստծուց, և վարդաջուր ցողում հավատացյալների վրա, որից հետո խաչը ներս է տարվում եկեղեցի և դրվում Սբ. սեղանի վրա: Հանդիսավոր թափորի ժամանակ, Մայր աթոռ Ս. Էջմիածնում, ի տես ժողովրդի, բարձրացվում է Քրիստոսի Խաչափայտի մասունքով ճաճանչավոր մի խաչ, որը սրբությամբ պահվում է Մայրավանքի թանգարանում: Այսպիսով, մեծ շուքով նշվում է Խաչվերացի տոնը: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Ո՞րն է խաչի փառաբանության իմաստը: Այն, որ Քրիստոս հանուն ինձ ընդունեց ծառայի կերպարանք, հանուն ինձ տառապանքներ կրեց, հանուն ինձ, որ ծառա էի, թշնամի և անշնորհակալ. և այնպես սիրեց ինձ, որ իրեն մահվան մատնեց: Ի՞նչ կարելի է գտնել սրան հավասար»:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ