Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Հարիսան այս տարի պիտի եփվի 99 կաթսաներում

Հարիսան այս տարի պիտի եփվի 99 կաթսաներում
09.09.2014 | 11:06

Զարկեց թմբուկը հաղթական, ու հնչեց զուռնան Մուսա լեռան ստորոտում գտնվող Վաքըֆ հայկական գյուղում, որտեղ ապրում է 135 մարդ: Այն թուրք-սիրիական սահմանից հեռու է ընդամենը 30 կմ, այստեղ էր, որ ապաստան տվեցին այս տարի Քեսաբից տարհանված տարեց հայերին: Հիրավի մարդկային լավագույն հատկություններով օժտված հայեր են այստեղ ապրում: Հաթայի քահանա Ավետիս Թաբաշյանը օրհնում է խաղողը։ Թմբուկ-զուռնայի հնչյունների տակ էլ սկսվեց մուսալեռցիների սերունդների հերոսական խրոխտ պարը, որում ուժ կար, ըմբոստացում, հավատ, հպարտություն, միասնություն: Նրանք եկել էին աշխարհի տարբեր անկյուններից, և ինքնամոռաց մայր ու մանուկ, ահել ու ջահել պարում էին իրենց հերոսական պարերը և իրենց բարբառով երգում էին ռազմի երգերը:
Մասնակցում էինք նաև մենք` Մուսա լեռան ավանդական հարիսայի օրհնությանը Հայաստանից «Նարեկավանք տուր» ընկերության հետ ուխտագնացության մեկնածներս, որ, երջանիկ պատահականությամբ, այդ նշանավոր օրը հայտնվել էինք այդտեղ: ՈՒշ երեկոյան յոթ հսկայական կաթսաների տակ վառվեցին օջախները, և սկսեց եփվել ավանդական հարիսան: Այն բացառապես տղամարդիկ էին եփում:
Օգոստոսի 17-ի առավոտյան տեղի Ս. Աստվածածին եկեղեցում, որ 1910-ի կառույց էր և հիմնանորոգվել էր 1997-ին, պատարագ մատուցվեց, նշվեց Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնը, որ իրականացրեց Հաթայի (Անտիոք) գավառում 2011-ից Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի կողմից նշանակված քահանա Ավետիս Թաբաշյանը: Այնուհետև տեղի ունեցավ խաղողօրհնեքի ծիսական արարողությունը, օրհնվեց նաև հարիսան և բաժանվեց բոլոր ներկա գտնվողներին: Տոնվում էր նաև Մուսա լեռան հերոսամարտի օրը:
Առաջին աշխարհամարտից հետո Մուսա լեռան հայկական գյուղերը` Յողունօլուքը, Խդրբեկը, Վագըֆը, Հաջի Հաբիբլին, Բիթիասը, Քաբուսիեն անցել էին Ֆրանսիայի մանդատի տակ գտնվող Սիրիային, սակայն 1939-ին Հաթայը տրվեց Թուրքիայի Հանրապետությանը, և այնտեղ բնակվող 5 հազար մուսալեռցի հայերը գաղթեցին Լիբանան, ուր հիմնեցին Անճար գյուղաքաղաքը:

ՄՈՒՍԱԼԵՌՑԻՆԵՐԻ ԻՆՔՆԱՄՈՌԱՑ ՊԱՐԸ
Մուսալեռցիները 1908-ից սկսած զենք էին գնում Քեսաբում, որից հետո գաղտնի տեղափոխում էին Մուսա լեռ: 1915-ի եղեռնի օրերին արդեն 100 հունական հրացան և 10 ատրճանակ ունեին: 1915-ի գարնանը թշնամին հարյուրավոր զինվորներով մեծ խուզարկություն իրականացրեց, բայց ոչինչ չգտավ: Երբ Քեսաբում հրաման եկավ ժողովրդին գաղթվելու, մուսալեռցիները միջգյուղական գաղտնի ժողով արեցին Վաքըֆ հայկական գյուղում, տեր Աբրահամ քահանայի տանը: Ժողովականները երկու խմբի բաժանվեցին` հրամանին ըմբոստացողների և համակերպվողների: Մեծամասնությունը որոշեց չենթարկվել հրամանին և բարձրանալ Մուսա լեռ, չնախընտրելով գաղթը դեպի սիրիական մահաբեր անապատները: Բավականին կռվող երիտասարդներ կային Հալեպից, որ թաքնվել էին լեռան կածաններում: Երբ տրվեց գաղթի հրամանը, ամեն ինչ պատրաստ էր պաշտպանվելու համար: Յողունօլուք, Խդրբեկ, Վագըֆ գյուղերի բնակիչները սկսեցին կազմակերպված լեռը բարձրանալ, իրենց հետ տանելով մթերք, տնային օգտագործման իրեր: Եվ սկսվեց նոր կյանք Մուսա լեռան մշուշապատ խորհրդավոր լեռան վրա:
Օգոստոսի 7-ին թուրքերը սկսեցին հարձակումը, սակայն տասնյակ զոհեր և վիրավորներ տալով հետ քաշվեցին: Բախումը տևեց 5 ժամ: Օգոստոսի 10-ին թշնամին դարձյալ հարձակվեց, այս անգամ 5-հազարանոց զորքով: Կռիվը տևեց 12 ժամ: Թշնամին դարձյալ մեծաքանակ զոհեր և վիրավորներ տալով խուճապահար փախավ: Մերոնք 4 զոհ ունեցան այդ ծանր պայքարում, լեռն ամբողջովին մշուշոտ էր և տեղում էր տեղատարափ անձրև: Օգոստոսի 15-ին արևածագից առաջ թշնամին սկսեց իր հարձակումը 4 ուղղություններով 5-հազարանոց զորքով և նույնքան էլ անկանոն ուժերով: Պայքարը թեժ էր, թվում էր ամեն ինչ վերջացած է: Կանայք պատրաստ էին երեխաների հետ նետվելու լեռան բարձունքներից, միայն թե գերի չընկնեին: Մեր մարտիկները պատրաստ էին մինչև մահ պայքարելու: Թանձր մշուշը պատեց լեռը, մերոնք անցան թշնամու թիկունքը և սկսեցին կրակել: Թշնամին խուճապի մատնվելով սկսեց ինքն իր վրա կրակել և դիմել փախուստի: Մուսալեռցիներն արդեն ունեին 12 զոհ և 10 վիրավոր: Սեպտեմբերի 5-ին երկար, անորոշ սպասումից հետո մուսալեռցիները հսկա խարույկներ վառեցին, սավանները դրոշ դարձրին և ամրացրին ծովահայաց բարձունքներին, մեկի վրա կարմիր խաչ էր, մյուսի վրա գրված էր «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցե՛ք»: Ֆրանսիական «Կիշեն» ռազմանավն անցնելիս անձնակազմը նկատում է սպիտակ դրոշները, ապա մակույկով ներկայացուցիչներ են մոտենում ափին, իրողությունն իմանալու համար: Մուսալեռցիները ֆրանսերեն թարգմանած իրենց նամակ-աղերսագիրը հանձնում են նրանց: Հետո մերոնց ստույգ տվյալների հիման վրա ֆրանսիական նավը գնդակոծում է թուրքերի զորանոցը և եկեղեցին, որտեղ թուրք զինվորականներ էին կուտակված: Այս ռմբակոծությունը ոգևորում է ժողովրդին: Սեպտեմբերի 7-ին թուրքերի հարձակումը դարձյալ կրկնվում է և հետ է շպրտվում մեր ոգևորված մարտիկների կողմից: Թշնամին շատ կորուստներ է տալիս: Մերոնք` ոչ մի վիրավոր: Դեռ Ֆրանսիայում պետականորեն որոշումը չէր հասցրել կայանալ, երբ ֆրանսիական նավը մոտեցավ Մուսա լեռան ափին և սկսեց կանանց ու երեխաներին տեղափոխել, իսկ մարտիկներին պարեն և զինամթերք տրամադրվեցին: Նորից պայքար սկսվեց, այս անգամ տևեց 7 ժամ: Խուժանը լրիվ պարտության մատնվեց: Այդ օրը մուսալեռցիները 2 զոհ ունեցան և 1 ծանր վիրավոր, նա էլ նավի վրա մահացավ: Սեպտեմբերի 5-ից ֆրանսիական նավն ամեն օր գալիս էր կանգնում ափին, կարծես մերոնց ոգևորելու համար: Հետո նավը դարձյալ ռմբակոծում է թուրքական զորանոցը, ապա զինվորների կենտրոնացման այլ վայրեր, հետո էլ թուրքական գյուղը, որ զորանոցի էր վերածվել: Մուսալեռցիները ցնծության մեջ էին: Փրկության ժամը եկել էր: Որոշվեց սեպտեմբերի 12-ին մնացյալ ժողովրդով հավաքվել ծովեզերքին, որտեղ 5 ֆրանսիական նավ խարիսխ էր գցել: Այդ օրը 3 հազար մարդ պիտի փոխադրվեր, իսկ հաջորդ օրը` մնացած ժողովուրդն ու մարտիկները: Եվ 53 օր հերոսական պայքար մղելուց հետո ըմբոստ մուսալեռցիներին նավերը Անտիոքի ծովախորշից տեղափոխում են Եգիպտոս` Պորտ Սաիդ:
Այսպես էլ պատմության մեջ մուսալեռցիները մնացին որպես հայրենասիրության, անհնազանդության, սխրանքի, միասնության վառ օրինակ:
Հայաստանի Մուսալեռ գյուղում էլ են ապրում մուսալեռցիների ժառանգներից, և ամեն տարի սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Մուսալեռ գյուղում նույնպես ավանդական հարիսայով նշվում է հերոսամարտի տոնը: Հարիսան այս տարի պիտի եփվի 99 կաթսաներում ու այդ օրը տոնը կրկնակի է` նշվում է նաև Հայաստանի անկախության 23-ամյակը:

Կարինե ԱՂԱԲԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 2973

Մեկնաբանություններ

¢Å¡Ã¨Â¤Â³/archives" rel="nofollow">Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 16.10.2024