Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Հավատի ուժը

Հավատի ուժը
05.09.2014 | 00:11

Հայ առաքելական սուրբ եկեղեցին սեպտեմբերի 8-ին տոնում է Սուրբ Աստվածածնի ծննդյան օրը: Այս տոնը ոչ միայն Սուրբ Մարիամի ծննդյան հիշատակման օրն է, այլև իր մեջ ամփոփում է ամուր և լուսավոր ընտանիքի յուրահատուկ խորհուրդը: Դարերի խորքից այս գեղեցիկ պատմությունը մեզ ծառայում է որպես օրինակ` մի այր և կնոջ մասին, ովքեր իրենց հայացքները հառած երկնքին, հուսավառ սպասումով երազում էին զավակ ունենալ: Պատմությունը հատկանշական է նրանով, որ Երկնավոր Հայրն իրականացնում է մարդկանց խնդրանքները, եթե մարդիկ իրապես դրսևորում են հավատի նվիրում և հույսի կամային իրագործում՝ համբերատար սպասելով աստվածային օրհնության այն ժամին, երբ Արարիչը բերկրանք կպարգևի իր որդիներին ու դուստրերին` իրագործելով հրաշքներ: Սուրբ Աստվածածնի ծնողները զավակ չէին ունենում: Սակայն նրանք չէին կորցնում իրենց հավատը, որ Աստված մի օր իրենց զավակ կպարգևի: Սուրբ Մարիամի հայրը` Հովակիմը, բարեպաշտ և աստվածավախ մարդ էր: Նա Հուդայի ցեղից էր` Դավթի և Սողոմոնի որդիներից: Նրա կինը` Աննան, խոնարհ և համեստ անձնավորություն էր, Ղևիի ցեղից, Ահարոնի զարմից, դուստրը Մատթան քահանայի: Նրանք ունևոր էին, իրենց հարստությունից բաժին էին հանում աղքատներին և Աստծուն` տաճարի համար: Նրանց համար ունեցվածքը երբևէ չդարձավ նպատակ, այլ միջոց էր՝ ծառայելու Աստծուն: Երբ մի օր Իսրայելի որդիները, նրանց հետ նաև Հովակիմը, ընծաներ էին մատուցում Աստծուն, Ռուփիմ քահանան կանգնեց Հովակիմի դիմաց և ասաց, թե դու իրավունք չունես ընծա մատուցելու Աստծուն, որովհետև դու զավակ չունես: Հովակիմը շատ տխրեց և տրտմած դուրս ելավ Տիրոջ տաճարից, բայց չգնաց իր տունը՝ Աննայի մոտ, այլ գնաց լեռները՝ հովիվների մոտ: Որոշեց չգնալ տուն, ոչ ուտել և ոչ ըմպել, մինչև որ Տեր Աստված այցելի իրեն: Աղոթքները դարձրեց իր համար կերակուր և արցունքները` ըմպելիք: Աննան` Հովակիմի կինը, նույնպես կրկնակի ողբում և կոծում էր` անզավակ լինելու պատճառով: Աննան հագավ սգո հանդերձներ և պահք էր պահում արտասուքով: Եվ մի օր իններորդ ժամին իջավ իր այգին և նստեց դափնու ծառի տակ: Աղոթում էր Տեր Աստծուն և ասում. «Հիշիր քո աղախնու տառապանքները և օրհնիր ինձ որպես օրհնեցիր արգանդը Սառայի, տալով նրան զավակ` Իսահակին»: Այսպես նա աղոթում էր, նայում էր երկինք և լալիս: Տեսավ ծառի վրա ճնճղուկների բույնը, և այն ևս բորբոքեց նրա սրտի մորմոքը: Ողբում և ասում էր. «Վա՛յ ինձ, թե ո՞վ ծնավ ինձ, կամ ո՞ր մայրը երկնեց ինձ: Վա՛յ ինձ, որովհետև անեծքի համար ծնվեցի Իսրայելի մեջ և նախատինքի` իմ ազգի դուստրերի մեջ: Վա՛յ ինձ, թե ո՞ւմ նմանվեցի ես. ոչ անգամ թռչունների նմանվեցի ես, որովհետև և երկնքի թռչունները Քո առաջ ձագեր են հանում, Տե՛ր: Եվ ծովի ձկները օրհնում են Քեզ իրենց ծնունդներով: Վա՛յ ինձ, թե ո՞ւմ նմանվեցի ես. որովհետև և երկիրը քեզ մատուցում է ազգի պտուղներ իր ժամանակին, մարդկանց որդիների համար. և օրհնում են Քեզ, Տե՛ր: Վա՛յ ինձ, թե ո՞ր մայրը երկնեց ինձ, կամ ո՞ր արգանդից ծնվեցի ես, որովհետև նայում եմ անասուններին, և նրանք իրենց ծնունդներով աճում են, երկնքի թռչունները, գիտեմ, որ անթիվ են իրենց երամներով, տեսնում եմ և գազաններին, որ իրենք էլ ավելանում են: Դառնում և ինձ եմ նայում, և կյանքն իմ նզովված է»: Այնժամ երևաց Տիրոջ հրեշտակը Աննային և ասաց. «Աննա՛, Աննա՛, լսեց Աստված քո աղոթքները: Եվ ահա կհղիանաս դու և կծնես աղջիկ, որի անունը կելնի ամբողջ երկրում»: Եվ ասաց Աննան. «Կենդանի է Տերն Աստված իմ, որ եթե ծնեմ մանուկ, արու կամ էգ, կմատուցեմ նրան Տեառն Աստծո իմ, և կլինի պաշտոնյա Նրան իր կյանքի բոլոր օրերին»: Եվ դարձյալ ասում է նրան հրեշտակը. «Ահա Հովակիմը, քո ամուսինը, գալիս է խոյերով, նոխազներով և հորթերով, քանզի Տիրոջ նույն հրեշտակը իջավ նրա մոտ և ասաց. «Հովակի՛մ, Հովակի՛մ, լսեց Աստված քո աղոթքները: Գնա քո տունը, և կհղիանա Աննան` կինը քո»: Հովակիմի հոգին ցնծում էր, և նրա սիրտը բերկրանքի մեջ էր: Նա օրհնեց Աստծուն և գոհացավ նրանից և ասաց իր հովիվներին. «Բերեք ինձ տասը էգ գառ` անարատ, գեր և փափուկ, և թող լինի դա հանուն Տեառն Աստծո: Բերեք ինձ տասներկու հորթ` ընտիր և գեղեցիկ, թող լինեն դրանք քահանաների և ժողովրդի ծերերի համար: Բերեք ինձ այծերից հարյուր նոխազ, թող լինի այն ժողովրդի համար»: Վեր կենալով, իջավ Հովակիմը լեռից և գնաց իր տունը: Աննան, տեսնելով Հովակիմին, ելավ նրան ընդառաջ և ասաց. «Ահա իմացա, որ ողորմեց ինձ Տեր Աստված իմ և օրհնեց ինձ մեր հայրերի օրհնությամբ. այսուհետև չեմ լինի այրի և անզավակ»: Այն օրը հանգստացավ Հովակիմը և մատուցեց իր ընծաները, և ասաց. «Այժմ իմացա ճշմարտապես, որ քավիչ Աստված քավեց ինձ և թողեց իմ մեղքերը»: Հովակիմը արդարացած իջավ Տիրոջ տնից իր տունը: ՈՒստի հղացավ Աննան և ավետիս մատուցեց Իսրայելի որդիներին: Երբ ծնվեց հրաշագեղ մանուկը, նրան անվանեցին Մարիամ, որ նշանակում է «լուսավորյալ»: Երբ Մարիամը երեք տարեկան դարձավ, նրա ծնողները նվիրաբերեցին նրան տաճարին, որտեղ նա մեծանում և սրբությամբ ապրում ու դաստիարակվում էր: Աննան արժանի եղավ տեսնելու իր թոռանը` Հիսուսին: Բայց Հովակիմը դրանից առաջ հանգավ բարի մահվամբ և միացավ հայրերին:
Սույն պատմությունը Սուրբ գրքում նկարագրված չէ: Այն մեզ հասել է սրբազան ավանդությունից: Այս պատմությունը նաև խոսում է այն մասին, որ եթե ընտանիքը հիմնված է իրապես սիրո խարսխի վրա, ինչ փորձություններ էլ լինեն, այր և կին միասնաբար, փոխօգնությամբ տանում և հաղթահարում են այդ փորձությունները, և նրանց ոչինչ չի բաժանում, իսկ Աստված էլ նրանց չի դադարում զորացնելուց և օգնելուց: Կայուն վստահությունն առ Աստված մեծ հավատի դրսևորում է: Ավետարանում Հիսուսն ասում է. «Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի» (Ղուկ.18.7-8): Այո՛, Աստված լսում է մեր աղոթքները և պատասխանում: Մեզ մնում է լսել սրտի խոնարհության, հոգու լռության և հոգևոր խաղաղության մեջ: Սակայն Հիսուս նաև ավելացնում է, թե երբ Մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞ (Ղուկ.18.8):


Պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1907

Մեկնաբանություններ