Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Օրհնենք, որ օրհնվենք, ու անեծքները չեն հասնի մեզ

Օրհնենք, որ օրհնվենք, ու անեծքները չեն հասնի մեզ
08.07.2014 | 11:01

Իհարկե, բոլորս գիտենք, թե ինչ է օրհնանքը և ինչ է անեծքը, քանի որ հաճախ ենք օգտվում դրանց զորությունից։ Այո, ճիշտ կարդացիք՝ զորություն, քանի որ դրանք իսկապես հոգևոր զորություններ են, որոնց հետ պետք է զգուշությամբ վարվենք, ինչպես կրակի, որից կարող ենք կամ ջերմանալ, կամ այրվել։ Քանի որ օրհնանք և անեծք բառերը աստվածաշնչյան ծագում ունեն, ուրեմն փորձենք դրանց արմատներին հասնել Աստծո Խոսքի միջոցով, որպեսզի չշփոթենք մեկը մյուսի հետ, անցանկալի հետևանքից էլ խուսափենք։
Արարչագործության հենց սկզբում Աստված օրհնեց նախ արարված կենդանիներին. «Աստուած ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ, և երկրի վրայ ու երկնքի տարածութեան մէջ թող թևաւոր թռչուններ լինեն»: Եւ եղաւ այդպէս: Աստուած ստեղծեց խոշոր կէտեր, կենդանութեան շունչ ունեցող ամէն տեսակի զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, և ամէն տեսակի թևաւոր թռչուններ՝ ըստ տեսակների: Աստուած տեսաւ, որ լաւ է: Աստուած օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք և լցրէ՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրայ» (Ծննդոց 1.20-22): Նույնանման օրհնանքի արժանացան նաև Ադամն ու Եվան. «Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց: Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ» (Ծննդոց 1.27-29): ՈՒշադիր եղա՞ք, որ մարդկային սերնդի բազմացումը ի սկզբանե օրհնանքի է արժանացել, այնպես որ, շատերի կարծիքը, թե իբր Ադամն ու Եվան երբ մարմնապես հարաբերվեցին միմյանց հետ, դա էլ պատճառը եղավ դրախտից վտարվելու, սխալ կարծիք է, քանզի Տերը օրհնել է սերնդի շարունակումը, բայց մեղք է համարել անօրինական կապերը։ Աստված երկրորդ անգամ օրհնեց, ինչքան էլ զարմանալի թվա, ոչ թե կենդանիներին կամ մարդուն, այլ օրը. «Աստուած օրհնեց եօթներորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը Աստուած հանգստացաւ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել» (Ծննդոց 2.3): Իսկ այդ օրը, ինչպես արդեն հասկացաք, քրիստոնյաներիս համար Կիրակին է, որի մեջ, ըստ Աստծո խոսքի ոչ միայն օրհնանք կա պահված, այլև սրբություն, որին կարող ենք հաղորդ լինել, եթե դադարենք մարմնավոր գործերից ու հոգևորին հետևենք, քանզի մենք միայն մարմին չենք, այլ հոգի, որ մարմնում է բնակվում։ Ըստ իս, մեր ազգի աղքատության պատճառը նաև այն է, որ երբ մենք անարգում ենք Աստծո սուրբ կիրակիները, զրկվում ենք նաև Աստծո օրհնանքից ու այդպիսով անսուրբ մնում։ Ես հատուկ այս մասին հետաքրքրվել եմ ու տեղեկացել, որ բարգավաճ ազգերը կիրակիները պատվում են որպես Աստծո օր, իսկ հրեաները, որոնք դեռևս Մովսիսական օրենքի համաձայն են շարժվում և շաբաթներն են պատվում որպես Աստծո օր, նույնպես բարգավաճում են Տիրոջ օրհնանքով։ Հիմա տեսա՞ք, թե Աստծո օրհնանքն ինչ մեծ նշանակություն կարող է ունենալ, նույնիսկ ազգային բարեկեցության հարցեր լուծել։
Երրորդ օրհնանքը ստացան Նոյն ու իր սերունդը, քանզի միայն նա արդար և աստվածավախ գտնվեց ամբողջ մարդկային ցեղից ու փրկվեց աշխարհակործան ջրհեղեղից։ Աստծո չորրորդ օրհնանքին արժանացավ Աբրահամ նահապետը, ով առաջինը համատարած կռապաշտության մեջ փնտրեց ու գտավ միակ Աստծուն և այս օրհնանքին արժանացավ. «Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, պիտի փառաւորեմ քո անունը, և դու օրհնեալ պիտի լինես: Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, իսկ քեզ անիծողներին պիտի անիծեմ: Քեզնով պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ժողովուրդները» (Ծննդոց 12.2-3): Չնայած որ Աբրահամը 99 տարեկանում սերունդ ունեցավ իր կնոջից, այն էլ ընդամենը մեկ զավակ, դա չխանգարեց Աստծուն իր օրհնանքը մինչև վերջ իրագործելու ու նրան մեծ ցեղի՝ հրեա ազգի նախահայրը դարձրեց։ Իսկ այն, որ իսկապես Աբրահամի միջոցով օրհնվեցին աշխարհի բոլոր ժողովուրդները, դա գիտենք նրանից, որ Աբրահամի սերնդից, Դավթի ցեղից ծնվեց Հիսուսը՝ աշխարհի Փրկիչը, ՈՒմ միջոցով նաև մնացած հեթանոս ազգերը, որոնցից առաջինը մենք՝ հայորդիներս:
Իսկ հիմա տեսնենք, թե երբ անեծքը աշխարհ մտավ։ Աստվածաշունչն ասում է, որ առաջին անեծքին արժանացավ սատանան, որը խաբեց Եվային. «Տէր Աստուած ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ: Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես: Թշնամութիւն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը» (Ծննդոց 2.14-15): Իսկ զարմանալին այն է, որ հաջորդ անեծքին արժանացան ոչ թե մեղանչած Ադամն ու Եվան, այլ երկիրը, որտեղ պետք է բնակվեր մեղանչած մարդկությունը. «Աստուած Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառի պտղից, որից միայն քեզ պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին: Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, և դու դաշտային բոյսերով սնուես: Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետև հող էիր և հող էլ կը դառնաս» (Ծննդոց 2.17-19): Այնպես որ ադամական անեծքն ու մարդկանց մեղքերն են պատճառը, որ աշխարհում երբեմն երաշտներ ու սովի տարիներ են լինում, իսկ դրանցից խուսափելու միակ ճանապարհը Աստծո պատվիրանների համաձայն ապրելն է։ Մեկ լրացում ևս այս մասին. քրիստոնեությունը խորհուրդ է տալիս ուտելուց առաջ աղոթել և խնդրել, որ Աստված օրհնի Իր իսկ տված կերակուրը, քանի որ առանց օրհնանքի այդ կերակուրը դեռևս մնում է անեծքի տակ, որ Ադամի պատճառով է եղել։ Ինչպես ասացինք արդեն, առաջինը սատանան անիծվեց, իսկ մարդկանցից առաջինը անիծվեց Կայենը, որ առաջին մարդասպանը դարձավ. «Արդ, անիծեալ լինես երկրի վրայ, որը բացեց իր բերանը եղբօրդ՝ քո ձեռքով թափած արիւնն ընդունելու համար» (Ծննդոց 4.11):
Աշխարհի բոլոր ազգերն էլ օգտվում են կա՛մ օրհնանքից, կա՛մ անեծքից, բայց խոստովանենք, որ մեծամասնությունը օգտվում է անեծքից, մանավանդ կինարմատները, որոնց լեզուները չափազանց ճկուն են այս հարցում: Մինչդեռ Տերը պատվիրել է. «Ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին և աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրայ և անձրև է թափում արդարների և մեղաւորների վրայ: Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում» (Մատթեոս 5.44-47)։ Մարմնավորների համար այս տողերը ցնդաբանություն են թվում, բայց հոգևորների համար սա բարձրագույն հոգեվիճակ է, որի բարձունքին հասնելու համար բազում փորձություններով պետք է անցնել, ինչպես լեռնագնացներն են անում, նույնիսկ կյանքի գնով երկրային բարձունքներ մագլցելով։ Հիմա մի հոգևոր գաղտնիք բացեմ վերոշարադրյալ տողերի վերաբերյալ։ Ասենք թե մեկը թշնամացել է քո դեմ, ու գիտես, որ հայհոյում, չարախոսում ու անիծում է քեզ։ Ի՞նչ կանես նրա արարքի դեմ, բռո՞ւնցք կբարձրացնես, կհայհոյե՞ս կամ ինքդ էլ կանիծե՞ս. ուրեմն արդեն պարտված ես, քանզի խավարի դեմ մահակ ես ճոճում ու դրանով իսկ պարտությունդ ես կնքում, մինչդեռ խավարի դեմ ընդամենը հարկավոր էր մի մոմ վառել։ Այդպես էլ անեծքի դեմ. երբ օրհնում ես քեզ անիծողներին, դրանով իսկ հոգևոր մոմ ես վառում, որը ցրում է դեպի քեզ եկող չարի անեծքի զորությունը, որն ուղղված էր սրտիդ։ Այնպես որ, Աստծո յուրաքանչյուր խոսք հոգևոր զենք է չարի դեմ, իսկ տվյալ դեպքում, օրհնելով մեզ անիծողներին, բարություն անելով մեզ ատողներին և աղոթելով մեզ չարչարողների համար, մենք պաշտպանվում ենք չարի բոլոր մխացող նետերից, որոնք ուղղված էին մեր սրտերին՝ Աստծո բնակարանին։ ՈՒրեմն օրհնենք, որ օրհնվենք, ու անեծքները չեն հասնի մեզ։
Եթե թերթելու լինենք մեր ժողովրդական բանահյուսության էջերը, կհանդիպենք ավելի շատ անեծքների տարատեսակների, քան օրհնանքի. դա չէ՞ նաև մեր բազում թշվառությունների պատճառը, քանզի անիծելով, պարտվել ենք չարից: Որպես օրինակ առանձնացնենք դրանցից մի քանիսը Սարգիս Հարությունյանի «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» գրքից. «Աստված, դու էդոր պատիժը տաս»։ «Աստված, դու սրա հոգին առնես, ես ազատվեմ», «Գյուլլախորով ըլնես», «Դատածդ բարձիդ տակ ուտես», «Ընենց հիվանդանաս, որ բամբակով ջուր կաթեցնեն բերանդ», «Մազիդ համբարքովը մին տնքաս»։ Երբեմն էլ անմիտ մարդիկ անեծքը երդման հետ են խառնում ու առավել մեծ մեղքի դուռ բացում. «Թե սուտ խոսեմ, երկու կտոր ըլնեմ», «Թե դու տանիցդ ես գալիս, ես Աստծո պատժին գամ» և այլն։ Կա նաև մի այլ տարածված չար սովորություն, մանավանդ տգետ մայրերի մոտ, որոնք իրենց երեխաներին դաստիարակության դժվարությունների ժամանակ անեծքի այնպիսի շարան են հեղում, որ խեղճ երեխաների դիմաց դժբախտության դուռ են բացում մնացած ողջ կյանքի համար, քանզի խոսքը, ինչպես գիտենք, մեծ զորություն ունի։ Հայոց բանահյուսության մեջ նաև նման անեծքների օրինակներ են մնացել, ու միտումնավոր մի քանիսը հիմա պիտի շեշտեմ, որ շատ ծնողներ իրենց լեզուներին կապանք դնեն։ Ամենատարածված մայրական անեծքներից. «Թաղեմ բոյդ», (այսինքն, այլևս չմեծանաս), «Խողը դրվիս» (այսինքն, մեռնես, թաղվես), «Արևդ թաղեմ» (այսինքն, կուրանաս), «Ցխեմ գլուխդ» (այսինքն, գլուխդ ջարդեմ), «Արնոտ շապիկդ գա» (այսինքն, օտարության մեջ սպանեն) ու նման շատ դիվական անեծքներ, որոնցով շատ մայրեր բարկության ժամանակ թունավորում են իրենց զավակներին. պապանձվե՛ք, նման «մայրական» շուրթեր, քանզի անեծքն ապագա դժբախտությունների դռներ է բացում հենց քեզ համար, քանզի սաղմոսներից մեկում (109. 18) ասվում է. «Անեծք սիրողների վրա անեծք է գալու: Որովհետև օրհնություն չուզեց, անեծքը պիտի մտնի իրենց փորը»։ Այսինքն, որովայնիդ պտուղին պիտի հարվածի։ Անիծող բերաններն իրենց սրտի չարությունը իրականացնելու համար օգնության են կանչում սատանային ու դրանով իսկ նրա հետ կապի մեջ մտնում ու գերության տարվում։
Անեծքի զորությունն այնքան մեծ է, որ նույնիսկ ավստրալացի աբորիգենների մեջ երկար տարիներ կիրառվել է որպես պատժի հատուկ միջոց։ Պարզամիտ մարդիկ այնքան են հավատացել այդ պատժի ուժին, որ անիծվածը մի քանի օրվա ընթացքում մահացել է:
Երբեմն էլ անեծքի պատիժը, որպես սաստման միջոց, օգտագործվել է նաև Հայաստանում՝ կրոնական, հոգևոր հաստատություններին արված նվիրատվությունների արձանագրություններում։ Այսպես օրինակ. Իվանե Օրբելյան սպասալարը, ուխտի գալով Սանահին, նվիրատվություն է անում, որի հրովարտակում գրել է տալիս հետևյալ անեծքը. «Ով որ հանդգնի և հանել ջանա սուրբ Աստվածածնի եկեղեցու մեր պատկան հողերը, 318 հայրապետներից նզովյալ լինի, պատիժն Հուդայի ու Կայենի առնի, սուրբ Աստվածածնի խռովանքին գա, նեռից անիծվի, Քրիստոսի դատաստանին մեզ պարտական լինի ու սևերես մնա»։ Այնպես որ, անեծքը որպես սաստման ու երկյուղի միջոց, պետություններն ու իշխանավորներն էլ են օգտագործել։ Բայց կան նաև անեծքներ կամ բանադրանքներ, որոնք գործածել են նաև հոգևորականները, այն էլ՝ բացառիկ ծայրահեղ դեպքերում։ Նման կաթողիկոսական անեծքաբանադրական թղթերով միջնադարում հայտնի էր Դավիթ կաթողիկոսը, ով 1803 թ. բանադրանքի թուղթ է հղում Ալաշկերտի Ս. Բարդուղիմեոս վանքի առաջնորդին, որը համաձայնել էր ՈՒչքիլիսայում Էջմիածնին հակաթոռ հիմնել։ Հին գրականությունից հայտնի է նաև Ներսես Մեծի անեծքի մասին։ Իսկ կաթողիկոս Սահակ Ջահկեցու նզովքի մասին կա մի ամբողջ գիրք, որտեղ նկարագրվում է Անի մայրաքաղաքի ցոփ ու մեղսալից բարքերի և Հովհաննես Երզնկացի Պլուզի անեծքի մասին, որի հետևանքով էլ կործանվեց Անին։ Այդ մասին, եթե առաջնորդություն լինի, կգրվի հետագայում, իսկ այժմ կարդանք մի վկայություն Հրաշագործ Սուրբ Շարբել գրքից, քանզի շատ ժամանակ անեծքը ուժ է ստանում դիմացինի մեղքի պատճառով։
(շարունակելի)


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 13314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ